ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
9 հունիսի 2011 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության՝ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության ապահովման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի մայիսի 19-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության ապահովման մասին արձանագրությունն ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում:
2. Արձանագրության նպատակն է իրականացնել միասնական մոտեցումներ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կազմում Կողմերի ազգային զինված ուժերից և այլ զորքերից առանձնացված միավորումների, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառումը կազմակերպելիս, ապահովել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների արդյունավետ կառավարումը և պայմաններ ստեղծել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների տեխնիկական, թիկունքային և տեղեկատվական ապահովման պահանջների օպերատիվ կատարման համար:
3. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության ապահովման մասին արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբին ներկայացնել առաջարկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների, դրանց տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունն ապահովող չափանիշների և քանակական բնութագրերի ցանկի վերաբերյալ.
- Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների համաձայնեցրած ժամկետներում հավաքական անվտանգության բազմակողմ ուժերի և միջոցների կազմում առանձնացված իր զինված ուժերի միավորումները, զորամիավորումները, զորամասերը և ստորաբաժանումները հանդերձավորել սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների, դրանց տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունն ապահովող չափանիշների և քանակական բնութագրերի անվանացանկի պահանջները բավարարող սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներով:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված` ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից և պետության առջև դրված սահմանադրաիրավական այլ խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության՝ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության ապահովման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 9 հունիսի 2011 թ. ՍԴՈ-973
Գ. Հարությունյան