«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60411252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մայիսի 2011 թ. |
թիվ 190-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.
1. Հաստատել ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 19-ի «Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը: Ապրանքային շուկայի բնութագրիչները (ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտների կազմը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ:
2. Համապատասխան ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը հիմնված է ձեռքբերողների տեսանկյունից ապրանքների փոխադարձ փոխարինելիության վրա: Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար ընտրվում է ուսումնասիրվող ապրանքը, բացահայտվում են դրա սպառողական հատկությունները (գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները), որոնք հաշվի են առնվում ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկելիս:
3. Սույն կարգի 2-րդ կետում սահմանված հատկությունների հիման վրա ապրանքները համարվում են փոխադարձ փոխարինելի, եթե մեկ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը կարող է ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ դրա փոխարեն գնեն այլ ապրանք:
4. Ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկվում է այնքան ժամանակ, մինչև Հանձնաժողովը գալիս է եզրակացության, որ դիտարկվող բոլոր ապրանքների գների համատեղ, փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը չի կարող ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ գնեն այն ապրանքները, որոնք չեն դիտարկվում որպես համապատասխան ապրանքային շուկայի մաս:
5. Ձեռքբերողների հավանական վարքագծի մասին ուսումնասիրություններ իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում ապրանքների գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները:
6. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել ուսումնասիրվող ապրանքի պատկանելությունը դասակարգման որևէ խմբի` ԱՏԳԱԱ-ին (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկին), ԱԴԳՏ-ին (արտադրանքի դասակարգմանն ըստ գործունեության տեսակների) կամ այլ խմբի: Հանձնաժողովը կարող է օգտվել նաև այլ աղբյուրներից, այդ թվում` պետական մարմինների, տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունից, փորձագետների եզրակացություններից, հարցումներից, նախորդ ուսումնասիրության արդյունքներից կամ այլ անհրաժեշտ տվյալներից:
7. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է` հաշվի առնելով որոշակի աշխարհագրական տարածքում գնորդի համար տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման տնտեսական հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Եթե որևէ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը մի աշխարհագրական տարածքում կարող է ստիպել, որ զգալի թվով գնորդներ գնեն տվյալ ապրանքն այլ աշխարհագրական տարածքում, ապա այդ աշխարհագրական տարածքները Հանձնաժողովը դիտարկում է ապրանքային շուկայի միևնույն աշխարհագրական սահմանում:
8. Ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը բաղկացած է տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող(ներ)ից (վաճառող(ներ), մատակարար(ներ), օտարող(ներ), մատուցող(ներ), կատարող(ներ)) և ձեռքբերող(ներ)ից (գնորդ(ներ), ստացող(ներ), ընդունող(ներ), սպառող(ներ)):