Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.95
Ընդունող մարմին
Արդվու գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.11.2010
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

Արդվու գյուղական համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2010 թ. թիվ 34-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին կետով՝

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները:

2. Ուժը կորցրած ճանաչել Արդվու համայնքի ավագանու 2010 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 26-Ն որոշումը:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից:

 

Համայնքի ղեկավար`

Լ. Կիրակոսյան

 

 

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Արդվու
համայնքի ավագանու 2010 թ.
նոյեմբերի 22-ի թիվ 18-Ն որոշման

 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՎՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտը համայնքում կանոնակարգվում է ՀՀ օրենքով և սույն կանոններով:

2. Առևտրի բնագավառն ընդգրկում է հետևյալ ոլորտները.

 մեծածախ առևտուր,

 մանրածախ առևտուր:

Ըստ տեսակների առևտուրը տարանջատվում է.

 գյուղատնտեսական ապրանքների առևտուր,

 սպառողական ապրանքների առևտուր:

3. Սպառողական բնագավառն ընդգրկում է հետևյալ ոլորտները.

 հասարակական սննդի սպասարկում,

 կենցաղսպասարկում:

4. Համայնքի տարածքում տոնավաճառների և բացօթյա վաճառքի թույլտվությունները տալիս է համայնքի ղեկավարը:

5. Համայնքի տարածքում սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

 

ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Մեծածախ առևտուրն ապրանքների առուծախի այնպիսի գործունեություն է, երբ գնորդն ապրանքներ է ձեռքբերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:

2. Առևտուրն իրականացնողը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենքով, իր հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:

3. Առևտուրն իրականացնող մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:

4. Գնորդի պահանջով առևտուրն իրականացնողը ներկայացնում է՝

ա) պետական ռեգիստրում իր գրանցման վկայականի պատճենը,

բ) մեծածախ առևտրի հիմնական կանոնները,

գ) սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվեհամարը),

դ) վաճառվող ապրանքներին և մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտները և այլ նորմատիվ փաստաթղթեր,

ե) վաճառվող ապրանքների տեսականին և գնացուցակը,

զ) չափման միջոցների ստուգաչափման վկայականները:

5. Մեծածախ առևտրի մասին պայմանագիրը կնքվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով:

6. Առևտուրն իրականացնողը, վաճառվող ապրանքների նմուշների սրահի առկայության դեպքում նմուշները ցուցադրում է գնապիտակներով, որտեղ նշվում են ապրանքի անվանումը, վաճառքի առաջարկված գինը, արտասահմանյան արտադրության ապրանքների համար՝ հայերեն անվանումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ապրանքը բնութագրող այլ տվյալներ:

7. Առևտուրն իրականացնողը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) պարտավոր է բանկում ունենալ հաշվարկային հաշիվ և գնորդի պահանջով նրա հետ հաշվարկները կարող են իրականացնել ՀՀ տարածքում գործող բոլոր վճարումներով:

8. Առևտուրն իրականացնողը՝ ապրանքներ ընդունողը և վաճառողը, պարտավոր է կրել անվանաքարտ՝ լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով՝ վավերացված կնիքով:

9. Ապրանքի պահպանումը պետք է համապատասխանի տվյալ ապրանքի համար ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին:

10. Առևտուրն իրականացնողը պայմանագրային հիմունքներով գնորդին կարող է առաջարկել վճարովի ծառայություններ՝ ապրանքների ի պահ ընդունում, բեռնափոխադրում, գնորդի նշած հասցեով ապրանքների տեսակավորում (այդ թվում՝ բեռնարկղերով անմիջականորեն մանրածախ առևտրի ձեռնարկություն հասցնելու համար), տեղեկատվական գովազդի և ապրանքամատակարարման բարելավմանը նպաստող այլ ծառայություններ:

11. Արգելվում է սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների ընդունումն ու վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի տված գրավոր թույլտվության առկայության դեպքում):

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը առանց համապատասխան սերտիֆիկատների առկայության:

13. Սույն պայմանների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Մանրածախ առևտրի հիմնական կանոններում (այսուհետ` կանոններ) օգտագործվող հիմնական հասկացությունները՝

Մանրածախ առևտուր՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների առուծախ:

Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութների, տաղավարների, կրպակների, ինքնաշխատ սարքերի (ավտոմատներ), ինչպես նաև շրջիկ կետերի և շրջածախ միջոցներով (այսուհետ՝ խանութ):

Խանութ՝ մանրածախ առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող մշտական (ստացիոնար) շենք կամ շինություն:

Կրպակ՝ մանրածախ առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ չունեցող ոչ հիմնական տիպի շինություն:

Շրջիկ կետեր՝ ավտոտնակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռններ և այլն:

Շրջածախ առևտրի միջոցներ՝ վաճառասեղաններ, ձեռնասայլակներ, վաճառարկղեր, զամբյուղներ և այլն:

2. Խանութը պետք է բավարարի սահմանված տեխնիկական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերի պահանջները:

3. Խանութի ճակատային մասում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են խանութի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն, աշխատանքային ռեժիմը:

4. Խանութը, համաձայն նորմատիվ փաստաթղթերի, ապահովվում է գործունեության համար անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումներով և գույքով:

5. Խանութում օգտագործվող կշեռքները, կշռաքարերը և չափման այլ միջոցները պետք է դրոշմված լինեն սահմանված կարգով:

Խանութը պատասխանատվություն է կրում չափման միջոցների (կշեռքներ, կշռաքարեր, չափիչ տարողություններ, մետրեր և այլն) վիճակի ու ճիշտ օգտագործման համար, ապահովում է համապատասխան մարմինների կողմից դրանց ստուգումը, դրոշմումը:

6. Վաճառքի համար ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա հստակ լրացված գնապիտակ:

7. Գնորդի պահանջով նրանց տրվում է տեղեկատվություն ապրանքի ծագման և հիմնական սպառողական հատկությունների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացվում են ապրանքի համապատասխանության փաստաթղթերը:

Գնորդներին հնարավորություն է տրվում ինքնուրույն կամ խանութի աշխատողի օգնությամբ ստուգելու գնված ապրանքի քաշի, չափի ճշտությունը: Այդ նպատակով խանութում պետք է լինեն ստուգիչ կշեռքներ և չափման այլ միջոցներ:

8. ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով գնորդների հետ հաշվարկներն իրականացվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:

9. Խանութի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և աշխատատեղի սանիտարական պատշաճ վիճակը, աշխատանքի ընթացքում կրել անվանաքարտ՝ իր լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշմամբ, վավերացված՝ առևտուրն իրականացնողի կնիքով: Պարենային ապրանքները վաճառքի համար նախապատրաստողը և վաճառքն իրականացնող աշխատողները պարտավոր են սահմանված կարգով անցնել նախնական և պարբերական բժշկական զննություն:

10. Խանութում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում են սույն կանոնները և տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիան և (կամ) թույլտվությունը:

11. Արգելվում է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի գրավոր թույլտվության առկայության դեպքում):

12. Արգելվում է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը՝ առանց ապրանքների համապատասխանության սերտիֆիկատների:

13. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունը՝

Գյուղատնտեսական արտադրանքի շուկա (այսուհետ՝ շուկա)՝ վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն կամ առանձնացված, ցանկապատված տարածք), որտեղ իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի առուծախ:

2. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է՝

ա) շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար վաճառատեղ հատկացնելիս առաջնությունը տալ գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսության, ՀՀ օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կամ նրանց կողմից լիազորված անձանց.

բ) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

գ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.

դ) շուկայի վաճառողներին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով.

ե) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները.

զ) շուկայի գործունեության ընթացքում իր իրավասության սահմաններում ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

է) ապահովել մսի և մսամթերքի, կաթի ու կաթնամթերքի և ձվի որակի նախնական ստուգումն անասնաբույժի կողմից, իսկ դրանց վաճառքը թույլատրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

ը) ապահովել շուկայի պահեստ հանձնված գյուղատնտեսական արտադրանքի և քանակի պահպանում՝ համաձայն պայմանագրի.

թ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:

4. Շուկայի վաճառողը պարտավոր է ունենալ՝

ա) գյուղատնտեսական արտադրանքի՝ մսի, կաթնամթերքի վերաբերյալ իրեն պատկանելու փաստը հիմնավորող՝ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք, իսկ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ չզբաղվող շուկայի վաճառողը (տնտեսվարող սուբյեկտ)` պետական գրանցման վկայական,

բ) ՀՀ օրենքով սահմանված սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ:

5. Շուկայի վաճառողը, ՀՀ օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի որակի համար:

6. Շուկայի վաճառողը, շուկայի կազմակերպչի հետ կնքվող պայմանագրին համապատասխան, կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:

7. Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ առևտրի կանոններով:

8. Շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները՝

Սպառողական ապրանքների շուկա (այսուհետ՝ շուկա)՝ վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն, ցանկապատված կամ առանձնացված տարածք), որտեղ իրականացվում է սպառման ապրանքների առուծախ:

Շուկայի վաճառող` սպասարկման ապրանքներ վաճառող տնտեսվարող սուբյեկտ:

2. Շուկան կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է՝

ա) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.

գ) շուկայի վաճառողներին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով.

դ) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները.

ե) շուկայի գործունեության ընթացքում, իր իրավասության սահմաններում, ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

զ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:

5. Շուկայի վաճառողը պարտավոր է՝

ա) իր զբաղեցրած տարածքում, գնորդներին տեսանելի տեղում, փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են առևտուրն անցկացնողի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ունենալ ՀՀ օրենքով սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ.

գ) կրել անվանաքարտ՝ լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով՝ վավերացված տնտեսվարող սուբյեկտի կնիքով:

6. Շուկայի վաճառողը, շուկայի կազմակերպչի հետ կնքվող պայմանագրին համապատասխան, կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:

7. Շուկայի վաճառողը, ՀՀ օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող սպառման ապրանքների որակի համար:

8. Գնորդն իրավունք ունի ծանոթանալու վաճառվող ապրանքների ծագմանն ու որակին վերաբերող փաստաթղթերին:

9. Սպառման ապրանքների առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:

10. Սույն կանոնների խախտումը` շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից, առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Կանոններում օգտագործվող հասկացությունները՝

հանրային սնունդ՝ խոհարարական արտադրանքի պատրաստման, իրականացման և սպառման կազմակերպում.

խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը ձեռնարկության կողմից առաջարկվում է սպառողին՝ մասնաբաժնի և գնի նշումով.

հանրային սննդի սպասարկման սրահ՝ հատուկ կահավորված տարածք՝ նախատեսված խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար:

2. Հանրային սննդի առևտուրն իրականացնողը ղեկավարվում է ՀՀ օրենքով, իր հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:

3. Առևտուրն իրականացնողի գործունեությունը (բացառությամբ արդեն գործող պետական և սեփականաշնորհված օբյեկտների) իրականացվում է տեխնոլոգիական նախագծի համաձայն, որը պետք է համապատասխանի հանրային սննդի օբյեկտների համար նախատեսված շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:

4. Առևտուրն իրականացնողը հանրային սննդի ոլորտում իր տնտեսական գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենքով սահմանված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

5. Վաճառողը, առևտուրն իրականացնողը սպասարկման սրահից դուրս իրացվող խոհարարական արտադրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ, որտեղ նշվում են՝

արտադրական ձեռնարկության անվանումը,

խոհարարական արտադրանքի անվանումը:

6. Առևտուրն իրականացնող մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են օբյեկտի անվանումը, տիպը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:

7. Առևտուրն իրականացնողի աշխատանքային ռեժիմը սահմանվում է ինքնուրույնաբար՝ պահպանելով ՀՀ օրենքով սահմանված կարգը:

8. Առևտուրն իրականացնողը պետք է ունենա ճաշացուցակ:

Սպառողին առաջարկվող խոհարարական արտադրանքը և գնովի ապրանքները պետք է ցուցադրվեն հստակ լրացված գնապիտակներով:

Առևտուրն իրականացնողը սպառողի պահանջով պարտավոր է նրան ներկայացնել ճաշացուցակ և լիցենզիան:

9. Առևտուրն իրականացնող սպասարկող անձնակազմի անդամները (խոհարար, հրուշակագործ, մատուցող, բուֆետապան, բարմեն) պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ:

10. Խոհարարն ու հրուշակագործը պետք է ունենան մասնագիտական կրթություն կամ մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:

11. Առևտուրն իրականացնող սպասարկող անձնակազմի անդամները կրում են սանիտարական հագուստ:

12. Սպառողների սպասարկման ձևերը և մեթոդները որոշում է առևտուրն իրականացնողը:

13. Առևտուրն իրականացնողն արտադրության ընթացքում ղեկավարվում է արտադրության տեխնոլոգիական ռեժիմները սահմանող նորմատիվային փաստաթղթերի և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներով:

14. Այն օբյեկտներում, որտեղ սպասարկումն իրականացնում է մատուցողը, սպառողը վճարումը կատարում է ըստ մատուցողի կողմից ներկայացված հաշվի, իսկ առանց մատուցողի ձեռնարկություններում գումարը մուծվում է դրամարկղ: Մատուցողի ներկայացրած հաշվում (երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է օբյեկտում) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խմիչքի ու մյուս ապրանքների անվանումը, քանակը, գինը:

Թույլատրվում է վճարումը կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ հանրապետությունում գործող այլ կարգով (փոխանցում, կրեդիտ քարտ և այլն):

15. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները՝

կենցաղային ծառայություն՝ կատարողի և սպառողի անմիջական համագործակցության, ինչպես նաև սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար կատարողի սեփական գործունեության արդյունք.

կենցաղային սպասարկում՝ կատարողի գործունեությունը ծառայությունների սպառողի հետ անմիջական շփման ընթացքում.

կատարող՝ սպառողին կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկություն.

սպառող՝ կենցաղային կարիքների բավարարման նպատակով ծառայություններ ստացող-պատվիրող անձ:

2. Կատարողի մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:

3. Կատարողի պատվերների ընդունման կետում տեսանելի տեղում զետեղվում են հետևյալ փաստաթղթերը՝

կատարողի գրանցման վկայականի պատճենը

սույն կանոնները

ծառայությունների գնացուցակը, իսկ թանկարժեք նյութերի և պահեստամասերի օգտագործմամբ ծառայությունների դեպքում՝ նաև նյութերի և պահեստամասերի գները:

Կատարողն սպառողի պահանջով ներկայացնում է՝

պատվերների ձևակերպման փաստաթղթերի ձևերը

սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը)

մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտների և այլ նորմատիվ փաստաթղթերի ցանկը

բժշկական զննության անձնական գրքույկը (վարսավիրական և դիմահարդարման ծառայություններ)

կատարողի մասնագիտական որակավորման վկայականը, եթե այն նախատեսված է ՀՀ օրենքով:

4. Կատարողն ընդունում է ծառայությունների պատվերներ, որոնք համապատասխանում են իր գործունեության բնագավառին: Ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:

5. Ծառայությունների մատուցման պատվերները ձևակերպվում են պայմանագրով (անդորրագրով)՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

6. Սպասարկող անձը պարտավոր է կրել անվանաքարտ՝ լուսանկարով, անվան, ազգանվան և մասնագիտության նշումով՝ վավերացված կատարողի կնիքով:

7. Սույն կանոնները չեն տարածվում ՀՀ բնակչությանը կամ կատարողին մատուցվող այն ծառայությունների վրա, որոնց կանոնները հաստատում են պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինները՝ իրենց իրավասության սահմաններում:

8. Կատարողն իր գործունեության ընթացքում պարտավոր է ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի և հակահրդեհային նորմերի և հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը:

9. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար`

Լ. Կիրակոսյան