Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.06.2011-25.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ. 467
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 383-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն, 10.03.05 N 533-Ն, 26.08.10 N 1087-Ն)

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը (վարչությունը) բաժանման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հակահրդեհային ծառայության (վարչության)` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն, 10.03.05 N 533-Ն, փոփ., լրաց. 26.08.10 N 1087-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն, 10.03.05 N 533-Ն, 26.08.10 N 1087-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության կանոնադրությունը հաստատելու մասին» N 654 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 10-ի N 383-Ն որոշման

              Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն, 10.03.05 N 533-Ն, 26.08.10 N 1087-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 19.05.05 N 634-Ն, 22.12.05 N 2309-Ն, 10.03.05 N 533-Ն, խմբ. 26.08.10 N 1087-Ն, 26.05.11 N 690-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 19.05.05 N 634-Ն)

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Տեսչության հիմնական նպատակը և խնդիրը հակահրդեհային քարոզչության իրականացումն ու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պահպանելն է:

8. Տեսչությունն իր նպատակները և խնդիրները կատարելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

բ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ շենքերի, շինությունների, շինարարական և դրանց շահագործման հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի մշակում, որոնց պահանջները պարտադիր են կատարման պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից.

գ) բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալը.

դ) նորմատիվ փաստաթղթերով չսահմանված հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ մշակելը և ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հրդեհային հետազոտությունների իրականացում կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում.

զ) շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.

է) բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանն ու լուծմանը մասնակցություն.

ը) հրդեհների հաշվառում և դրանց պատճառների վերլուծության իրականացում` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջոցառումների մշակման համար.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հրդեհներին վերաբերող գործերով հետաքննության իրականացում.

ժ) վարչական պատասխանատվության միջոցների կիրառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

ժա) հակահրդեհային քարոզչության իրականացում` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ժբ) նորմատիվ փաստաթղթերով չսահմանված հակահրդեհային պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների արտադրության, իրացման և օգտագործման արգելում.

ժգ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ նրանց ենթակա օբյեկտներում հրդեհները կանխելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն պահանջելը.

ժդ) օբյեկտի կամ առանձին արտադրամասերի, տեղամասերի, ագրեգատների, շենքերի և շինությունների շահագործման դադարեցում (արգելում) հրդեհի սպառնալիք առաջանալու դեպքում:

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն, 26.08.10 N 1087-Ն)

10. Տեսչության պետն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչն է, իսկ նրա տեղակալները` գլխավոր պետական տեսուչի տեղակալները։

11. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին.

գ) նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

դ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նրա համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին.

ե) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

զ) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

է) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի ու աշխատողների թվի վերաբերյալ.

ը.1) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

թ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

(11-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն, փոփ., լրաց. 26.08.10 N 1087-Ն)

12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն, խմբ. 26.08.10 N 1087-Ն)

13. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների պետերն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության ավագ պետական տեսուչներ են։

14. Տեսչության տեսչական գործառույթներ իրականացնող ծառայողներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության պետական տեսուչներ են։

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարությունը:

(15-րդ կետը փոփ. 22.12.05 N 2309-Ն, 26.08.10 N 1087-Ն, 26.05.11 N 690-Ն)

16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ, որոնց կանոնադրությունը հաստատում է նախարարը: Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Տեսչության կազմում կարող է լինել տեխնիկական սպասարկող անձնակազմ:

(16-րդ կետը լրաց. 26.08.10 N 1087-Ն)

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 10-ի N 383-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 10.03.05 N 533-Ն, 26.08.10 N 1087-Ն)

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Տեսչության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժին

 

Հրդեհների հետաքննության բաժին

 

Նորմատիվ տեխնիկական աշխատանքների բաժին

 

Հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժին

II. Տարածքային մարմիններ

Երևանի հրդեհային տեսչություն

 

Արագածոտնի մարզային հրդեհային տեսչություն

 

Արարատի մարզային հրդեհային տեսչություն

 

Արմավիրի մարզային հրդեհային տեսչություն

 

Գեղարքունիքի մարզային հրդեհային տեսչություն

 

Լոռու մարզային հրդեհային տեսչություն

 

Կոտայքի մարզային հրդեհային տեսչություն

 

Շիրակի մարզային հրդեհային տեսչություն

 

Սյունիքի մարզային հրդեհային տեսչություն

 

Վայոց ձորի մարզային հրդեհային տեսչություն

 

Տավուշի մարզային հրդեհային տեսչություն

 

(Հավելվածը փոփ. 10.03.05 N 533-Ն, 26.08.10 N 1087-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան