Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 876-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (11.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.31
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

 

28 դեկտեմբերի 2010 թ.

 թիվ 876-Ն

24 դեկտեմբերի 2010 թ.

թիվ 247-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 324-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված հաշիվների սպասարկման կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ ֆինանսների նախարար

 

Վ. Գաբրիելյան

ՀՀ արդարադատության նախարար

 

Հ. Թովմասյան

 ________________________
 (ստորագրություն)

 _____________________
 (ստորագրություն)

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 876-Ն հրամանի

և ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 247-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ) կարգավորվում են օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԾԻԳ) անվամբ բացում և սպասարկում է հետևյալ գանձապետական հաշիվը (հաշիվները) (այսուհետ՝ հաշիվ)

 

Ծրագրի անվանումը կամ հաշվի նպատակը

Արժույթը

Հաշվի համարը

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր»

ՀՀ դրամ

900000904020

ԱՄՆ
դոլար

900000904012

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում հոլանդական դրամաշնորհային ծրագիր»

ԱՄՆ դոլար

900000904053

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում ճապոնական դրամաշնորհային ծրագիր»

ՀՀ դրամ

900000904046

ԱՄՆ դոլար

900000904038

 

3. Նախարարությունը ԾԻԳ-ի հաշվին մուտքագրում է ստացվող դրամական միջոցները, հաշվից կատարում է փոխանցումներ։

4. ԾԻԳ-ի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ տալու իրավասություն ունեցող անձանց իրավունքները ԾԻԳ-ը հավաստում է Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը Նախարարություն ներկայացնելու միջոցով։

5. Գանձապետական հաշիվների սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-ի ֆինանսական միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նախնական ֆինանսական հսկողության գործառույթներ չի իրականացնում։ Գանձապետարանը կարող է իրականացնել միայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման գծով փաստացի կատարված ծախսերի դիտարկում։ Յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին հաշիվներում առկա մնացորդային միջոցները չպետք է փոխանցվեն պետական բյուջե որպես բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցներ։ Այդպիսի մնացորդային միջոցները պետք է մնան հաշիվներում և դրանք պետք է առկա լինեն հաջորդ բյուջետային տարվա ընթացքում ծրագրի նպատակները ֆինանսավորելու նպատակով։

6. ԾԻԳ-ը կարող է տնօրինել հաշվին առկա միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրեն վերապահված լիազորությունների սահմաններում։

7. ԾԻԳ-ի կարգադրությունները կարող են ներկայացվել թղթային (առձեռն, փոստով կամ ցրիչի միջոցով) կամ էլեկտրոնային եղանակով՝ կիրառելով «Քլիենթ-Թրեժրի» («Client-Treasսry») կամ այլ համակարգերում ընդունված հաղորդագրությունների էլեկտրոնային ֆորմատները։

8. ԾԻԳ-ի կողմից Նախարարություն թղթային եղանակով ներկայացված կարգադրությունները պետք է պարունակեն վերջիններիս համար «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 753-Ն հրամանով հաստատված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևով սահմանված նվազագույն վավերապայմանները, պայմանով, որ՝

1) արտասահման էլեկտրոնային փոխանցումների կատարման համար վճարման հանձնարարականները և կարգադրությունները կարող են ներկայացվել անգլերեն լեզվով,

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով միջազգային փոխանցումների պրոցեսինգի համար ԾԻԳ-ից չպետք է գանձվեն վճարներ,

3) բացի ՍՎԻՖԹ (SWIFT) կոդերից, կարգադրություններ կատարելու համար կարող են օգտագործվել միջազգային կամ տարածաշրջանային բենեֆիցիար բանկի նույնականացման կոդեր։

Էլեկտրոնային եղանակով կարգադրությունները պետք է ուղարկվեն համապատասխան համակարգերի արարողակարգերի համաձայն։

9. Նախարարությունը չի կատարում ԾԻԳ-ի կարգադրությունը, եթե այն կիսատ է լրացված, նրանում առկա են սխալներ, ջնջումներ։ Նախարարությունը կարգադրության չկատարման մասին ԾԻԳ-ին պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան կարգադրության ներկայացմանը (ստացմանը) հաջորդող բանկային օրվա ընթացքում՝ նշելով չկատարման պատճառները։

10. ԾԻԳ-ի անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին տեղեկատվությունը՝ քաղվածքը ԾԻԳ-ը ստանում է «Քլիենթ-Թրեժրի» («Client-Treasսry») համակարգի միջոցով՝ առցանց եղանակով։

11. Նախարարությունը ԾԻԳ-ի անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին ԾԻԳ-ին տրամադրում է տվյալ հաշվի մասին Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված քաղվածք թղթային եղանակով՝ հաշիվ բացելու նպատակով Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված դիմումում նշված պարբերականությամբ։ Թղթային եղանակով քաղվածքները տրամադրվում են վերջինիս կողմից լիազորված անձին՝ փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով։

12. ԾԻԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետության գանձապետարան փոխարկման հայտ (արտարժույթի առուվաճառքի հայտ) ներկայացնելու դեպքում փոխարկումը իրականացվում Է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժութային շուկայում ձևավորված նախորդ օրվա միջին փոխարժեքով։ ԾԻԳ-ի կողմից ներկայացված տվյալ հաշվի արժույթից տարբերվող ցանկացած արժույթով արտահայտված վճարման հանձնարարական միաժամանակ պետք է դիտարկվի որպես փոխարկման հայտ (արտարժույթի առուվաճառքի հայտ) և լրացուցիչ փոխարկման հայտի ներկայացում չպետք է պահանջվի։

13. Հաշվի սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-ին մատուցում է հետևյալ ծառայությունները՝

1) հաշվի վճարահաշվարկային սպասարկում,

2) ԾԻԳ-ի կողմից հայտի ներկայացումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ակրեդիտիվների (այդ թվում՝ հետ չկանչվող և հաստատված) բացում և պրոցեսինգ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով՝ այդպիսի ակրեդիտիվների պրոցեսինգի համար անհրաժեշտ գործառնությունների և ծառայությունների ամբողջական շրջանակով, որոնք նշված և նկարագրված են Միջազգային Առևտրային Պալատի (International Cհamber օf Cօmmerce) թիվ 600 հրապարակման «Փաստաթղթային վարկերի միասնական սովորույթների և գործելակերպի» 1993թ. խմբագրությամբ կամ դրանից հետո ընդունված ցանկացած այլ համապատասխան խմբագրության մեջ։

14. Հաշվից կանխիկ ձևով վճարումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի թիվ 48 որոշմամբ սահմանված կարգով։

15. ԾԻԳ-ի կողմից կարգադրություններում տվյալների սխալ ներկայացման հետևանքով թղթակից բանկերից հետ վերադարձված գումարները հետ են մուտքագրվում հաշվին։

16. Նախարարությունն իրավասու է մերժել ԾԻԳ-ի հանձնարարականի կատարումը, եթե նրա կողմից խախտվել են կամ չեն կատարվել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 753-Ն հրամանով հաստատված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևով սահմանված նվազագույն վավերապայմանները կամ Կանոնակարգի պահանջները։

17. Նախարարությունը՝

1) ԾԻԳ-ի համար հաշիվ է բացում համապատասխան փաստաթղթերը (Կանոնադրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ԾԻԳ-ի հաշվառման վկայականի պատճենները, հաշվից գործարք կատարելու նպատակով նախատեսված վճարային փաստաթղթերը հաստատելու համար օգտագործվող կնիքի նմուշը, ԾԻԳ-ի հարկ վճարողի հաշվարկային համարը, հաշիվը տնօրինելու՝ առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները՝ յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, անձնագրի պատճենը և ստորագրության նմուշը՝ հաստատված ԾԻԳ-ի ղեկավարի և (կամ) վերջինիս փոխարինող անձի կողմից, հաշիվ բացելու մասին ԾԻԳ-ի դիմումը) Նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) ԾԻԳ-ից ընդունում և նրա կարգադրությամբ հաշվից միջոցներ ելքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող մեկ բանկային օրվա ընթացքում.

3) Հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացրած դիմումում նշված պարբերականությամբ ԾԻԳ-ին տրամադրում է բացված հաշվով կատարված գործարքների մասին գրավոր՝ Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված տեղեկատվություն՝ հաշվից քաղվածք։

18. ԾԻԳ-ն իրավասու է՝

1) Ինքնուրույնաբար տնօրինել իր հաշիվները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնակարգով սահմանված կարգով.

2) Պահանջել իր անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին գրավոր՝ Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված տեղեկատվություն՝ հաշվից քաղվածք՝ հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացրած դիմումում նշված պարբերականությամբ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեղյալ համարել իր կողմից ներկայացված վճարման հանձնարարականը։

19. ԾԻԳ-ը՝

1) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

2) հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացված տվյալների փոփոխման դեպքում կատարված փոփոխությունների մասին տվյալները (փաստաթղթերը) երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարություն։

20. ԾԻԳ-ի հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում ԾԻԳ-ի կարգադրությունները և դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն)։

21. Նախարարությունը ԾԻԳ-ի համար հաշիվ բացելու և այն սպասարկելու (ներառյալ՝ տեղական և օտարերկրյա շահառուների օգտին փոխանցումներ կատարելու) համար վճար չի գանձում։

22. ԾԻԳ-ի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղեկությունների անճշտության համար Նախարարությունը պատասխանատվություն չի կրում։