Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1513/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1513/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս.Միքայելյան

                          Դ. Խաչատրյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգարիտ Հովհաննիսյանի ընդդեմ Արթուր Թորոսյանի, երրորդ անձ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին և Արթուր Թորոսյանի հակընդդեմ հայցի` ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարգարիտ Հովհաննիսյանը պահանջել է թույլատրել ծնողական իրավունքների իրականացման նպատակով տեսակցել Արթուր Թորոսյանի հետ համատեղ բնակվող որդուն` 07.10.2004 թվականին ծնված Արման Թորոսյանին` շաբաթական երեք օր, վեցական ժամով` ժամը 12:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր Թորոսյանը պահանջել է սահմանափակել Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է սահմանել 07.10.2004 թվականին ծնված Արման Արթուրի Թորոսյանի հետ մոր` Մարգարիտ Հովհաննիսյանի տեսակցության հետևյալ կարգը` շաբաթական երկու օր, երկուական և երեքական ժամով, հոր պարտադիր ներկայությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օր` ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածը, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածը: Հակընդդեմ հայցը բավարարվել է. վճռվել է Արման Արթուրի Թորոսյանի նկատմամբ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքները սահմանափակել` երեխային անձամբ դաստիարակելու և երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքները համարելով կորցրած։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.11.2010 թվականի որոշմամբ Մարգարիտ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Հովհաննիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ, 26-րդ, 36-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 14-րդ հոդվածների, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 51-րդ հոդվածի 1-ին մասի, 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Արթուր Թորոսյանի պարտադիր ներկայությամբ երեխայի հետ շաբաթական հինգ ժամ տեսակցություն սահմանելով` խստորեն սահմանափակվել են բողոք բերած անձի ծնողական իրավունքները, որի արդյունքում վերջինս ու նրա որդին զրկվել են մոր և զավակի միջև իմաստալից շփում ունենալու իրենց իրավունքից:

Վերաքննիչ դատարանը որևէ ապացույցով չի հիմնավորել բողոք բերած անձի կրոնական հավատալիքների` երեխայի վրա վտանգավոր ազդեցություն ունենալու հնարավորության մասին եզրահանգումը: Ընդհակառակը` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի դատահոգեբանական փորձագիտական եզրակացության համաձայն` փորձաքննության ընթացքում բողոք բերած անձի մոտ ագրեսիվ և հակասոցիալական վարք չի դրսևորվել, և վերջինիս շփումն իր որդու հետ կարող է դրական ազդեցություն ունենալ մոր հետ հուզական շփման պահանջմունքի, սիրո և քնքշանքի բավարարման առումով:

Նշված եզրակացությամբ, սակայն, առանց որևէ ապացույցի վրա հղում կատարելու հետևություն է կատարվել այն մասին, որ բողոք բերած անձի ծնողական իրավունքները պետք է սահմանափակվեն, և երեխայի հետ տեսակցությունը պետք է տեղի ունենա հոր պարտադիր ներկայությամբ, քանի որ բողոք բերած անձը Եհովայի վկա է: Մասնավորապես` նշվել է, որ որդու հետ բողոք բերած անձի տեսակցությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ հոգեկան և բարոյական առումներով, եթե նրան դաստիարակեն «Եհովայի վկա» աղանդի մեջ ընդունված դրույթներով, որոնք էականորեն սահմանափակում են անձի սոցիալական կյանքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագիտական եզրակացությամբ չի նշվել և գործի նյութերում բացակայում է բողոք բերած անձի կրոնական հավատալիքների հետևանքով երեխայի նկատմամբ դրսևորված բացասական վարքի կամ նրա վրա վնասակար ազդեցություն ունենալու վերաբերյալ որևէ ապացույց։

Ավելին, հոր ներկայությամբ երեխայի հետ մոր շփման մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն անհիմն է, քանի որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ բողոք բերած անձն ինքնուրույն ի վիճակի չէ համապատասխան կերպով օգնել իր որդուն հարմարվելու իր հետ սահմանված տեսակցություններին։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.06.2008թ.  վճռով Մարգարիտ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Արթուր Թորոսյանի` մոր հետ երեխայի բնակության վայրը որոշելու և երեխային վերադարձնելու պահանջի մասին, մերժվել է: Նշված վճռով հաստատված է համարվել, որ Արթուր Թորոսյանն ու Մարգարիտ Հովհաննիսյանը փաստական ամուսնական հարաբերությունների ընթացքում ունեցել են մեկ երեխա` 07.10.2004 թվականին ծնված Արման Թորոսյանին, ով 02.08.2008 թվականից բնակվում է հոր հետ (հատոր 1-ին, գ.թ. 12-15)։

2) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի թիվ 09-1440 փորձագետի եզրակացության համաձայն` Մարգարիտ Հովհաննիսյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արման Թորոսյանի հետ կարող է ունենալ վնասակար ազդեցություն վերջինիս հոգեկան և բարոյական զարգացման առումներով, եթե նրան դաստիարակեն «Եհովայի վկա» աղանդի մեջ ընդունված դիրքորոշումներով, որը կարտահայտվի սոցիալական կյանքի խիստ սահմանափակմամբ: Մարգարիտ Հովհաննիսյանի մոտ ագրեսիվ, հակասոցիալական վարքագիծ փորձաքննությամբ չի բացահայտվել: Մարգարիտ Հովհաննիսյանի շփումը երեխայի հետ կարող է ունենալ երկակի ազդեցություն. դրական` մայրական սիրո, հուզական կապվածության, քնքշանքի պահանջմունքի բավարարման առումով և բացասական` Մարգարիտ Հովհաննիսյանի կրոնական աղանդին հարելու արդյունքում նրա սոցիալական դիրքորոշումների կատեգորիկության և սահմանափակության առումով: Մարգարիտ Հովհաննիսյանին բնորոշ է ոչ ինքնուրույնությունը, կախյալությունը, կատեգորիկությունը սոցիալական դիրքորոշումների առումով, որոնք կարող են սահմանափակել նրա դաստիարակչական մոտեցումներում ճկունությունը (հատոր 2-րդ, գ.թ. 17-30)։

3) Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, 24.06.2010 թվականի եզրակացությամբ հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի փորձագետի եզրակացությունը, Մարգարիտ Հովհաննիսյանի տեսակցությունն իր որդու` Արման Թորոսյանի հետ նպատակահարմար է գտել սահմանել հետևյալ կարգով` շաբաթը երկու անգամ, չորսական ժամ` երեխայի հոր` Արթուր Թորոսյանի ներկայությամբ: Նշված եզրակացությունում առկա չէ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ դիրքորոշում, իսկ գործի քննության ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչն առարկել է հակընդդեմ հայցի դեմ` գտնելով, որ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման անհրաժեշտություն չկա (հատոր 2-րդ, գ.թ. 63, 136)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար։

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:  Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները։

Նշված կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու (որքան դա հնարավոր է), իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։

Նշված օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ելնելով երեխայի շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)՝ առանց ծնողական իրավունքներից զրկելու, իսկ վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։ Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունք: Ընդ որում, ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը և նրան երաշխավորված իրավունքների գերակայությունը՝ օրենսդիրը սահմանել է ծնողական իրավունքների սահմանափակման հնարավորություն, որը կարող է կիրառել միայն դատարանը՝ ելնելով երեխայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մասնավորապես, ծնողական իրավունքները թույլատրվում է սահմանափակել, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդությունը, ծանր հանգամանքների առկայությունը և այլն: Ծնողական իրավունքները թույլատրվում է սահմանափակել նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար (տե՛ս ըստ հայցի Սոֆյա Ավետիսյանի, Մերուժան Ավետիսյանի, Մանե Ավետիսյանի ընդդեմ Ռազմիկ Հարությունյանի, Ամալյա Ստեփանյանի` երեխայի հետ շփման, խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ սահմանելու պահանջների մասին, և Սոֆյա Ավետիսյանի, Մերուժան Ավետիսյանի հայցի ընդդեմ Ռազմիկ Հարությունյանի՝ երեխայի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքը սահմանափակելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը Սոֆյա Ավետիսյանին և Մերուժան Ավետիսյանին հանձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1095/02/08 որոշումը)։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գնահատման արժանացնելով Դատարանի կողմից Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ արված եզրահանգման իրավաչափությունը, արձանագրել է, որ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման հիմք են ոչ թե վերջինիս կրոնական հայացքները, որոնցում նա ազատ է, այլ դրա արդյունքում նրա մոտ առկա համապատասխան բացասական վարքագիծը, որը դրսևորվում է սոցիալական դիրքորոշումներում առկա կատեգորիկությամբ և սահմանափակությամբ, իրեն բնորոշ ոչ ինքուրույնությամբ, որոնք կսահմանափակեն դաստիարակչական մոտեցումներում ճկունությունը: Մարգարիտ Հովհաննիսյանի վարքագիծը երեխայի համար կարող է ունենալ վնասակար ազդեցություն` վերջինիս հոգեկան և բարոյական զարգացման առումներով:

Անդրադառնալով երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու հարցին` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ տեսակցության նման կարգը պայմանավորված է ինչպես Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակմամբ, այնպես էլ Դատարանի կողմից իրավացիորեն մատնանշված այն հանգամանքով, որ երեխան դեռահաս է, իր տարիքային առանձնահատկություններից ելնելով կդժվարանա ինքնուրույն, առանց հարազատ անձի օգնության հաղթահարել մոր նկատմամբ ունեցած օտարացվածության զգացումը, ինչի նպատակն է խուսափել երեխայի մոտ հնարավոր հոգեկան վնասվածքներ առաջանալուց:

Մինչդեռ, սույն գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի թիվ 09-1440 փորձագետի եզրակացության համաձայն` Մարգարիտ Հովհաննիսյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արման Թորոսյանի հետ կարող է ունենալ վնասակար ազդեցություն վերջինիս հոգեկան և բարոյական զարգացման առումներով, եթե նրան դաստիարակեն «Եհովայի վկա» աղանդի մեջ ընդունված դիրքորոշումներով, որը կարտահայտվի սոցիալական կյանքի խիստ սահմանափակմամբ: Մարգարիտ Հովհաննիսյանի մոտ ագրեսիվ, հակասոցիալական վարքագիծ փորձաքննությամբ չի բացահայտվել: Մարգարիտ Հովհաննիսյանի շփումը երեխայի հետ կարող է ունենալ երկակի ազդեցություն. դրական` մայրական սիրո, հուզական կապվածության, քնքշանքի պահանջմունքի բավարարման առումով և բացասական` Մարգարիտ Հովհաննիսյանի կրոնական աղանդին հարելու արդյունքում նրա սոցիալական դիրքորոշումների կատեգորիկության և սահմանափակության առումով: Մարգարիտ Հովհաննիսյանին բնորոշ է ոչ ինքնուրույնությունը, կախյալությունը, կատեգորիկությունը սոցիալական դիրքորոշումների առումով, որոնք կարող են սահմանափակել նրա դաստիարակչական մոտեցումներում ճկունությունը:

Սույն գործում առկա Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի 24.06.2010 թվականի եզրակացությունում նշված չէ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ դիրքորոշում, իսկ գործի քննության ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչն առարկել է հակընդդեմ հայցի դեմ` գտնելով, որ Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման անհրաժեշտություն չկա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի նշել այն ապացույցները, որոնց հիման վրա հաստատված է համարել, որ Մարգարիտ Հովհաննիսյանը բացասական վարքագիծ է դրսևորել, որը կարող է երեխային ծնողի մոտ թողնելու դեպքում վտանգավոր լինել երեխայի համար։

Ավելին, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատշաճ հիմնավորմամբ չի հերքել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի թիվ 09-1440 փորձագետի եզրակացությամբ նշված Մարգարիտ Հովհաննիսյանի մոտ ագրեսիվ, հակասոցիալական վարքագիծ բացահայտված չլինելու, ինչպես նաև մայրական սիրո, հուզական կապվածության, քնքշանքի պահանջմունքի բավարարման առումով երեխայի հետ շփմամբ նրա վրա դրական ազդեցություն ունենալու հնարավորության վերաբերյալ եզրահանգումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել խնամակալության և հոգաբարձության մարմնի` Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ դիրքորոշմանը:

Այսինքն` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.03.2010 թվականի թիվ 09-1440 փորձագետի եզրակացությամբ արձանագրված Մարգարիտ Հովհաննիսյանի մոտ ագրեսիվ, հակասոցիալական վարքագիծ բացահայտված չլինելու և երեխայի հետ շփմամբ նրա վրա դրական ազդեցություն ունենալու փաստերի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի` Մարգարիտ Հովհաննիսյանի ծնողական իրավունքների սահմանափակման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ դիրքորոշումը մերժելու հիմքերը։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան