Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0056/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0056/02/08

2011թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան 

     Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. Բարսեղյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

 2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ազգուշ Մելքոնյանի, Գոհար, Արայիկ Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Արամ Խաչատրյանի ընդդեմ Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների, Ալվարդ Նախոյանի` առանց փոխհատուցման բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, և հակընդդեմ հայցի՝ Արամ Խաչատրյանի անվամբ տրված բնակելի տան տեխնիկական անձնագիրը 50%-ի չափով անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 19.06.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Խաչատրյանը պահանջել է Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան նկատմամբ առանց փոխհատուցման դադարեցնել Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ, Գոհար Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը և նրանց վտարել նշված տնից։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ազգուշ Մելքոնյանը, Արայիկ և Գոհար Տոնոյանները, Ալվարդ Նախոյանը պահանջել են 50 %-ի չափով Արամ Խաչատրյանի անվամբ տրված տեխնիկական անձնագիրը` Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան շինությունների և հողամասի նկատմամբ, անվավեր ճանաչել և այդ չափով ճանաչել իրենց սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների ու Ալվարդ Նախոյանի բնակելի տան օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնել Արամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան նկատմամբ և նրանց ընտանիքի անդամների հետ միասին վտարել նշված բնակարանից: Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների ու Ալվարդ Նախոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Արամ Խաչատրյանի՝ Արամ Խաչատրյանի անվամբ Երևանի Վ. Միրաքյան նրբանցքի թիվ 16 բնակելի տան տեխնիկական անձնագիրը 50 տոկոսով անվավեր ճանաչելու, այդ մասի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 16.03.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել: Որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն. Ազգուշ Մելքոնյանը, Ալվարդ Նախոյանը, Արայիկ և Գոհար Տոնոյանները վտարվել են Արամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեից։ Հայցն առանց փոխհատուցման բնակօգտագործման իրավունքը դադարեցնելու մասով մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշման դեմ Ազգուշ Մելքոնյանի, Գոհար, Արայիկ Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի վճռաբեկ բողոքը։

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ազգուշ Մելքոնյանը, Գոհար և Արայիկ Տոնոյանները և Ալվարդ Նախոյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների, Ալվարդ Նախոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցված օրինական տարածքների և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ։ Այսինքն՝ հաստատվել է այն հանգամանքը, որ իրենք վիճելի տան և հողատարածքի սեփականատերերն են։

Հետևաբար, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները՝ որպես նոր երևան եկած հանգամանքներ, հիմք են Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշումը վերանայելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների ու Գոհար Նախոյանի ընդդեմ Արամ Խաչատրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցրած օրինական տարածքների նկատմամբ և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ (ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.03.2008 թվականի թիվ ԿՂ-1288 գրությանը կից հատակագծի) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը: Նույն հասցեում գտնվող 70 քմ տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցվորների պահանջը, ինչպես նաև Ալվարդ Նախոյանի հայցը մերժվել են (հատոր 4-րդ, գ.թ. 3-6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե´ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը)։

Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք բողոք բերած անձինք ներկայացրել են Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Տվյալ վճռով մասնակիորեն բավարարվել է Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների ու Գոհար Նախոյանի հայցն ընդդեմ Արամ Խաչատրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին և վճռվել Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցրած օրինական տարածքների նկատմամբ և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը: Այսինքն՝ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ազգուշ Մելքոնյանը, Գոհար և Արայիկ Տոնոյանները ճանաչվել են վեճի առարկա գույքի՝ Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան համապատասխան մասի սեփականատերեր: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշմամբ որոշվել է Ազգուշ Մելքոնյանին, Արայիկ և Գոհար Տոնոյաններին, Ալվարդ Նախոյանին վտարել Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը վերանայելու համար։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 19.06.2009 թվականի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի որոշումը: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. աբելյան

 

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան