Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-9-Ո-12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.22
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  ԱԽ-9-Ո-12

 2011թ.  

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

                  

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ա. Պետրոսյանի


քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

 

 2011 թվականի մայիսի 12-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 15.04.2011 թվականի թիվ N-Կ-2-6/2011 որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի` 31.03.2011 թվականի թիվ Ե-1657 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործով Հրայր Համազասպի Ագանիկյանին (այսուհետ` Ամբաստանյալ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 349-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան, նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 24.07.2006թ. որոշմամբ նշված քրեական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել դատաքննության: Դատարանի 09.07.2007թ. որոշմամբ բավարարվել է Ամբաստանյալի պաշտպանների միջնորդությունը, և կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Գրավի գումարը մուծվել է, և Ամբաստանյալն ազատվել է կալանքից:

Նշված քրեական գործը Դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան) 01.11.2007թ. որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել դատաքննության:

Արդյունքում սույն քրեական գործի քննությունը Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում տևել է 3 տարի 3 ամիս: Գործի քննության ընթացքում նշանակվել են թվով 137 դատական նիստեր: Դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով.

1. Թվով 30 դատական նիստեր հետաձգվել են աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ, որոնք հիմնականում նշանակված են եղել քննության ժամը 1400:

2. Թվով 7 դատական նիստեր հետաձգվել են գործով մեղադրողի` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

3. Թվով 12 դատական նիստեր հետաձգվել են գործով պաշտպանի` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

4. Թվով 3 դատական նիստեր հետաձգվել են գործով մեղադրողի և պաշտպանի` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

5. Թվով 4 դատական նիստեր հետաձգվել են գործով պաշտպանի և ամբաստանյալի` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

6. Թվով 5 դատական նիստեր հետաձգվել են գործով վկաների` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

7. Թվով 3 դատական նիստեր հետաձգվել են գործով տուժողների` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ:

8. Ըստ գործում առկա և դատական նիստերի քարտուղարի կողմից ստորագրված տեղեկանքի` թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ՀՀ դատական դպրոցում դասընթացներին մասնակցելու կապակցությամբ, թվով 4 դատական նիստեր տեղի չեն ունեցել այլ գործերով նշանակված դատական նիստերի կապակցությամբ, 1 դատական նիստ տեղի չի ունեցել դատավորի հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու կապակցությամբ, թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել դատավորի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու կապակցությամբ, թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել դատավորի կողմից այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու կապակցությամբ:

9. Այնուհետև թվով 7 դատական նիստեր հետաձգվել են գործով մեղադրողի միջնորդությամբ, թվով 19 դատական նիստեր հետաձգվել են պաշտպանական կողմի միջնորդությամբ, թվով 17 դատական նիստեր հետաձգվել են գործով վկաների և տուժողների ներկայությունը դատական նիստերին ապահովելու կապակցությամբ, դատական նիստեր են հետաձգվել տուժողների կամ նրանց ներկայացուցիչների միջնորդությամբ, գործով վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացնելու և դրանց կատարման կապակցությամբ, առաջադրված մեղադրանքին կողմերի ծանոթանալու կապակցությամբ, գործով փորձաքննություն նշանակելու կապակցությամբ և այլն:

10. Ընդհանուր հաշվով մեղադրողները դատական նիստերին չեն ներկայացել տասն անգամ, պաշտպանները` տասնինը:

Դատարանի 31.01.2011թ. դատավճռով Հրայր Համազասպի Ագանիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 349-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով` անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 25.000.000 ՀՀ դրամից և տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով, և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ամբաստանյալի` սույն գործով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 2006 թվականի մարտի 28-ից մինչև 2007 թվականի հուլիսի 11-ը, և ի վերջո թողնվել է կրելու ազատազրկում 7 տարի 8 ամիս 17 օր` անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 25.000.000 ՀՀ դրամից և տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքների կատարման համար Ամբաստանյալն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:

Ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նա կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճից:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, գտել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ, դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 Այսպես`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:

«Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին առկա է նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 13.06.2006թ. թիվ 98 որոշումը:

Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում` դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից:

Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ սույն քրեական գործի քննությունը Դատարանում տևել է շուրջ 3 տարի 3 ամիս և գտնում է, որ Դատարանի կողմից խախտվել են միջազգային և ներպետական իրավական ակտերով սահմանված` գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջները:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջները:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ նաև Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ գործողությունների ողջամտությանը:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թվով 7 դատական նիստեր հետաձգվել են գործով մեղադրողի, իսկ թվով 12 դատական նիստեր հետաձգվել են գործով պաշտպանի դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ, ընդ որում, մեղադրողները տասն անգամ, իսկ պաշտպանները տասնինն անգամ դատական նիստերին չեն ներկայացել: Դատավորը բավարարվել է միայն նրանց բացակայության փաստն արձանագրելով և հետաձգել է դատական նիստերը:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում և միաժամանակ գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վերը նշված հիմքերով դատական նիստերի հետաձգումները կանխելու և գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ. մեղադրողի բացակայության անթույլատրելիության մասին չի տեղեկացվել վերադաս դատախազը, պաշտպանի կողմից դատական նիստերին անհարկի ձգձգումների մասին չի տեղեկացվել փաստաբանների պալատի նախագահը:

Կարգապահական հանձնաժողովը, միաժամանակ անդրադառնալով դատավոր Ա. Պետրոսյանի կողմից Կարգապահական հանձնաժողովին ներկայացրած բացատրության մեջ նշված փաստարկներին (այն, որ հնարավոր չի եղել գործով դատախազին փոխարինել այլ դատախազով և մեղադրողի դատական նիստերին չներկայանալու պատճառներ են հանդիսացել նրա` դատախազության դպրոցում դասընթացների մասնակցելը, արձակուրդում գտնվելը և այլն, և նրան փոխարինող դատախազներն էլ այլ պատճառներով չեն կարողացել մասնակցել դատական նիստերին), գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ նախ` Կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ քննարկման առարկա չի դարձրել և չի անդրադարձել գործով մեղադրողի` դատական նիստերին չներկայանալու պատճառների հարգելի կամ ոչ հարգելի լինելու հանգամանքներին, այլ արձանագրել է այն հանգամանքը, որ դատավորի կողմից օրենքով սահմանված կարգով որևէ միջոցներ չեն ձեռնարկվել նման հիմքերով գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, ինչը Կարգապահական հանձնաժողովը կրկին փաստում և գնահատում է որպես ոչ ողջամիտ գործողություններ:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ՀՀ դատական դպրոցում դասընթացներին մասնակցելու կապակցությամբ:

Կարգապահական հանձնաժողովը կրկին փաստում է, որ դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը համապատասխան մարմնի կողմից կազմվում և ներկայացվում է բոլոր դատավորներին տարվա սկզբին, ինչը նաև հետապնդում է այն նպատակը, որպեսզի բացառվի նման հիմքերով դատական նիստերի անհարկի ձգձգումները: Հետևաբար գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը, նախապես տեղյակ լինելով անցկացվող դասընթացների ժամանակացույցի մասին, չի դրսևորել համապատասխան ուշադրություն դատական նիստերի ժամանակացույցը կազմելիս և համապատասխան միջոցներ չի ձեռնարկել այդպիսի հիմքերով գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թվով 4 դատական նիստեր տեղի չեն ունեցել այլ գործերով նշանակված դատական նիստերի կապակցությամբ:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանն իր կողմից քննվող գործերով նիստերի ժամանակացույցը կազմելիս կրկին չի ցուցաբերել համապատասխան ուշադրություն, որի արդյունքում ևս դատական նիստերն անհարկի ձգձգվել են: Իր բացատրության մեջ Ա. Պետրոսյանը նշել է, որ տվյալ քրեական գործով դատական նիստերն հետաձգվել են այլ գործերով նշանակված դատական նիստերի առկայության պատճառով: Միաժամանակ նշել է տվյալ քրեական գործի առանձնահատկությունների, բացառիկ բարդության, երկար ժամանակ դատաքննության փուլում գտնվելու մասին:

Մինչդեռ անհասկանալի է այդ բարդ, երկար ժամկետով քննվող քրեական գործով ընթացող դատական նիստը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հետաձգելը` մեկ այլ քրեական գործով դատական նիստ սկսելու պատճառաբանությամբ:

 Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը դատաքննության փուլում առաջին անգամ փոփոխվել, և նոր մեղադրանք է առաջադրվել դատավոր Ա. Պետրոսյանի կողմից քրեական գործը վարույթ ընդունելուց հետո մեկ տարի ինն ամիս անց: Այն կրկին փոփոխվել, և նոր մեղադրանք է առաջադրվել` դրանից ավելի քան մեկ տարի երկու ամիս անց: Նոր մեղադրանքների առաջադրման հետ կապված դատավարական գործողությունների ծավալի էական ավելացում, բացի տասներկու նոր վկաների հարցաքննելուց, տեղի չի ունեցել: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը երկրորդ անգամ փոփոխելուց և նրան նոր մեղադրանք առաջադրելուց երեք ամիս անց Դատարանն ավարտել է դատաքննությունը:

Գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված չափանիշները հաշվի առնելու պարագայում (գործի բարդությունը, դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները, դիմողի սեփական վարքագիծը) Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից թույլ տրված խախտումներն ակնհայտ և կոպիտ են, և դրանք պայմանավորված չեն քրեական գործի քննության ընթացքում երկու անգամ մեղադրանքը փոփոխելու հանգամանքով կամ գործի բարդությամբ: Դատավորը հաշվի չի առել նաև, որ գործը Դատարանի վարույթում է 24.07.2006թ-ից:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

«Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Կարգապահական հանձնաժողովը, հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում է, որ սույն քրեական գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ չպահելով և թույլ տալով գործի քննության ողջամիտ ժամկետների խախտում` դատավոր Ա. Պետրոսյանի կողմից կոպտորեն խախտվել է նաև դատավորի վարքագծի վերը նշված կանոնը:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ, դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումներ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավոր Ա. Պետրոսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու մասին 2011թ. ապրիլի 15-ի թիվ Կ-2-6/2011 որոշմամբ գտել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնների» 9-րդ կանոնի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով` որոշել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:

Կարգապահական հանձնաժողովը նշել է, որ թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործի քննությունը (ըստ մեղադրանքի Հրայր Համազասպի Ագանիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 349-րդ հոդվածի 1-ին մասով) դատարանում (նախագահող դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում) տևել է շուրջ 3 տարի 3 ամիս և գտել է, որ դատարանի կողմից խախտվել են միջազգային և ներպետական իրավական ակտերով սահմանված` գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջները:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջները:

Գտնում է, որ գործի քննության 3 տարի 3 ամիս տևողությունն ինքնաբերաբար չի կարող վկայել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջների խախտման մասին:

Դատաքննության ընթացքում մեղադրող Ս. Հարությունյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ամբաստանյալ Հրայր Ագանիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին 28.08.2009թ. և առաջադրված մեղադրանքը լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին 12.10.2010թ. որոշումներով երկու անգամ փոխել է մեղադրանքը և ամբաստանյալին նոր մեղադրանք առաջադրել:

Քրեական գործերով վարույթի տևողության ողջամիտ ժամկետի հետ կապված` Եվրոպական դատարանը ձևավորել է որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում այդ ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար: «Էկլեն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության» գործով Եվրոպական դատարանն ընդհանրացրել է այդ խնդրի հետ կապված իր հետևյալ մոտեցումները. քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է` ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան` Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը: Ողջամիտ ժամկետի հետ կապված Եվրոպական դատարանն ելնում է հետևյալ չափանիշներից` գործի բարդությունը, դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները, համապատասխան մարմինների աշխատանքի օպերատիվությունը, դիմողի սեփական վարքագիծը:

Գործի բարդությունը որոշելիս Եվրոպական դատարանը ելակետային է համարում մի շարք չափանիշներ` նշելով, որ բարդությունը կարող է կապված լինել ինչպես փաստի, այնպես էլ իրավական տեսակետների հետ: Դատարանը մեծ նշանակություն է տալիս հետևյալ գործոններին. հաստատման ենթակա փաստերի բնույթը, մեղադրյալների և վկաների թվաքանակը, միջազգային գործոնները, դատավարությանը նոր անձանց ներգրավումը, հաշվարկները, փորձագետների անհրաժեշտությունը և այլն: Գործի բարդությունը որոշելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում նաև «ժամանակի և տարածության առումով այն հեռավորությունը, որ կա քննվող դեպքերի կամ փաստերի և դատավարական գործընթացի միջև»:

Գտնում է, որ թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործն իրենից առանձնակի բարդություն է ներկայացրել` հաշվի առնելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված դրվագները, հաստատման ենթակա փաստերի ու հանգամանքների բնույթը և դրանց առանձնահատկությունները, որոնք մասնավորապես վերաբերել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելուն. 2000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ ստացականը որպես Ալիսա Մարգարյանի անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոց օգտագործելով շորթում կատարելուն, քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելուն և այլն, ինչպես նաև մեղադրանքի ծավալում ընդգրկված` Էլբակյանների, Ղարիբյանների և Մարգարյանների դրվագներին առնչվող քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը: Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը եղել է բազմադրվագ, նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ հարուցված են եղել տարբեր քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Գործի նյութերը եղել են ծավալուն, և միայն նախաքննական նյութերը բաղկացած են եղել 10 հատորից, ինչպես նաև եղել են բազմաթիվ իրեղեն ապացույցներ` փաթեթավորված 4 փաթեթում, և Հրայր Ագանիկյանի բնակարանի 01.04.2006թ. խուզարկությամբ առգրավված փաստաթղթեր` փաթեթավորված 1 փաթեթում: Սույն գործի հանգամանքներն առանձնահատուկ են նաև այն առումով, որ քննիչի 07.03.2006թ. որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվել և գործին կցվել կողմերի միջև նախկինում քննված քաղաքացիական գործերում առկա հայցադիմումներ, ստացականներ, պարտավորագրեր ու փոխառության պայմանագրեր, բնակարանի առուծախի պայմանագիր և դատարանի որոշումներ:

Համաձայն ավագ քննիչ Է. Հակոբյանի կողմից 10.07.2006թ. կազմված և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ա. Անդրեասյանի կողմից 14.07.2006թ. հաստատված մեղադրական եզրակացության` դատակոչի ենթակա անձանց ցուցակում ընդգրկված են եղել 8 տուժողներ և 34 վկաներ: Քրեական գործի դատաքննության ընթացքում, բացի դատակոչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկված վկաներից, հարցաքննվել են դատարանի որոշմամբ դատաքննությանը ներգրավված ևս 12 վկաներ, որոնցից 6-ը նախաքննության ընթացքում հարցաքննված չեն եղել, իսկ 6-ը հարցաքննված են եղել նախաքննության ընթացքում, սակայն դատակոչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկված չեն եղել: Դատաքննության ժամանակ նշանակվել են փաստաթղթաբանական և տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնցից առաջինն ամբաստանյալի միջնորդությամբ, իսկ երկրորդը` տուժող Ժորա Էլբակյանի, քանի որ նախաքննության ժամանակ այդ փորձաքննությունները չէին նշանակվել: Բացի այդ, և' ամբաստանյալը, և' տուժողներն իրենց միջնորդություններով, հայտարարություններով դատաքննության ժամանակ ներկայացրել են բազմաթիվ փաստաթղթեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331 և 353 հոդվածների համաձայն` քննարկվել են կողմերի բոլոր միջնորդությունները, որոնց վերաբերյալ դատարանը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնցից մի մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի համաձայն, դատարանը կայացրել է խորհրդակցական սենյակում` շարադրված առանձին փաստաթղթերի ձևով:

Որոշակի բարդություններ են եղել մի շարք վկաներին և տուժողներին դատական նիստերին ապահովելու առումով, որոնց չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Օրինակ` տուժող Տիգրան Մարգարյանը դատաքննության ժամանակ գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ, և նրա ներկայությունը դատական նիստին ապահովելու համար բազմաթիվ գրություններ են ուղարկվել տարբեր զինվորական հաստատություններ (զորամաս, ռազմական ոստիկանություն, զինվորական կոմիսարիատ): Մի շարք վկաների նկատմամբ դատարանը կայացրել է բերման որոշումներ, որոնք ժամանակին չեն կատարվել: Օրինակ` սույն քրեական գործով դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը և Արթուր Ասատուրյանը կանչվել են որպես վկա, որոնցից Սամվել Կարապետյանն ընդհանրապես հարցաքննված չի եղել նախաքննության ընթացքում, իսկ Արթուր Ասատուրյանը հարցաքննված է եղել նախաքննության ընթացքում, սակայն ընդգրկված չի եղել դատակոչի ենթակա անձանց ցուցակում: Վերջիններս, ստանալով Դատարանի կողմից ուղարկված դատական ծանուցագրերը, չեն ներկայացել 29.06.2010թ. և 06.07.2010թ. նշանակված դատական նիստերին և դատարանին տեղյակ չեն պահել իրենց ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին, ինչից ելնելով` դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, 06.07.2010թ. դատական նիստում որոշումներ է կայացրել Սամվել Կարապետյանին և Արթուր Ասատուրյանին 2010թ. հուլիսի 16-ին` ժամը 10:30-ին, նշանակված դատական նիստին բերման ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնին` 08.07.2010թ. թիվ 14669 գրությամբ` որոշման օրինակներն ուղարկելով բաժնի պետին: Քանի որ դատարանի որոշման պահանջը չի կատարվել, իսկ այն չկատարելու պատճառների վերաբերյալ որևէ տեղեկություն դատարանին չի հայտնվել, 16.07.2010թ. նշանակված դատական նիստը հետաձգվել է, և 17.07.2010թ. թիվ 15468 գրությամբ խնդրվել է Սամվել Կարապետյանին և Արթուր Ասատուրյանին բերման ենթարկել 2010թ. հուլիսի 22-ին` ժամը 10:00-ին, նշանակված դատական նիստին:

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախ բաժանմունքի պետի տեղակալ Մ. Սարիբեկյանը 2010թ. հուլիսի 22-ին` ժամը 10:00-ին, նշանակված դատական նիստին բերման է ենթարկել միայն Արթուր Ասատուրյանին և դատական նիստը բացվելուց հետո հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը գիշերը տանը չի եղել, աշխատանքի է եղել, այդ իսկ պատճառով չի կարողացել առավոտյան նրան տանը հայտնաբերել և բերման ենթարկել: Այնուհետև, 28.07.2010թ. թիվ 16394 գրությամբ խնդրվել է Սամվել Կարապետյանին բերման ենթարկել 2010թ. օգոստոսի 2-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին:

Միաժամանակ 28.07.2010թ. թիվ 16393 գրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին խնդրվել է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել ներկայանալ 2010թ. օգոստոսի 2-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին:

02.08.2010թ. ստացվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախ բաժանմունքի պետ Կ. Մելիքյանի 23.07.2010թ. թիվ 41/10-508 գրությունը, որով հայտնվել է, որ Շիրակի 4-րդ նրբանցքի 5 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Սամվել Կարապետյանը և Կարմիր Բլուրի փողոցի 77 տան բնակիչ Արթուր Ասատուրյանը բացակայում են Երևան քաղաքից, և նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Գրությանը կից ներկայացվել են նաև բնակարան այցելելու վերաբերյալ 19.07.2010թ. արձանագրությունները:

Մինչդեռ Արթուր Ասատուրյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախ բաժանմունքի պետի տեղակալ Մ. Սարիբեկյանի կողմից բերման էր ենթարկվել 2010թ. հուլիսի 22-ի դատական նիստին, իսկ դրանից մեկ օր հետո` 23.07.2010թ. թվագրված և ստորագրված գրությամբ հայտնվում է, որ Արթուր Ասատուրյանը բացակայում է Երևան քաղաքից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Քանի որ դատարանի որոշման պահանջը դարձյալ չի կատարվել, և Սամվել Կարապետյանը չի ներկայացվել դատական նիստին, 05.08.2010թ. թիվ 17136 գրությամբ խնդրվել է Սամվել Կարապետյանին բերման ենթարկել 2010թ. օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին:

Միաժամանակ 05.08.2010թ. թիվ 17135 գրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին խնդրվել է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել ներկայանալ 2010թ. օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառավարման վարչության պետ Վ. Խաչատրյանի 09.08.2010թ. գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի վարորդ Սամվել Կարապետյանը պատշաճ կերպով տեղեկացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին որպես վկա ներկայանալու համար:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառավարման վարչության պետի 09.08.2010թ. գրության համաձայն` Սամվել Կարապետյանը չի ներկայացել դատական նիստին, ինչպես նաև Դատարանի որոշման պահանջը հետաքննության մարմնի կողմից դարձյալ չի կատարվել, ինչի պատճառով 2010թ. օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2010թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին:

18.08.2010թ. ստացվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի 11.08.2010թ. թիվ 41/10-565 գրությունը, որով ի պատասխան դատարանի 05.08.2010թ. թիվ 17136 գրությանը հայտնվել է, որ Շիրակի 4-րդ նրբանցքի 5 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Սամվել Կարապետյանը տանը չէր, և ըստ մոր` Լիդա Համազասպի Մարտիրոսյանի հայտարարության` Սամվել Կարապետյանը շուրջ 15 տարի է բնակվում է ք. Երևան, Քոչարի 16 շենք, բնակարան 22 հասցեում:

Նկատի ունենալով, որ վկա Սամվել Կարապետյանը խուսափում է դատարան ներկայանալուց, իսկ հետաքննության մարմնի կողմից Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու վերաբերյալ դատարանի 06.07.2010թ. որոշման պահանջները չեն կատարվում անհիմն և տարակուսելի պատճառաբանություններով, դատարանը, դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու և գործի քննության անհարկի ձգձգումներ թույլ չտալու համար, 25.08.2010թ. թիվ Ե-18602 գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին հայտնել է վերոգրյալի մասին և խնդրել հանձնարարել կատարելու դատարանի 06.07.2010թ. որոշման պահանջները, և Երևանի բնակիչ Սամվել Կարապետյանին բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. սեպտեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին: Նշված գրության պատճենն ուղարկվել է նաև ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետին:

06.09.2010թ. ստացվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Լ. Յազիչյանի 01.09.2010թ. թիվ 41/10-596 գրությունը, որով դատարանին հայտնվել է, որ Շիրակի 4-րդ նրբանցքի 5 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Սամվել Կարապետյանը տանը չէր, և ըստ մոր` Լիդա Համազասպի Մարտիրոսյանի հայտարարության` Սամվել Կարապետյանը բնակվում է Երևանի Հրաչյա Քոչար փողոցի 16 շենքի թիվ 22 բնակարանում:

Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիրը պատշաճ ձևով ուղարկվել է վկա Սամվել Կարապետյանին` ք. Երևան, Հրաչյա Քոչար փողոց, 16 շենք, բնակարան 22 հասցեով, և վերջինս այն ստացել է, սակայն դարձյալ չի ներկայացել դատական նիստին և դատարանին տեղյակ չի պահել իր ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին:

Իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին հասցեագրված 25.08.2010թ. թիվ Ե-18602 գրության կապակցությամբ վերջինիցս դատարանը որևէ պատասխան չի ստացել:

17.09.2010թ. որոշում է կայացվել Սամվել Կարապետյանին բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, նշանակված դատական նիստին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը:

24.09.2010թ. թիվ 20836 գրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին խնդրվել է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել ներկայանալ 2010թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, նշանակված դատական նիստին:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառավարման վարչության պետ Վ. Խաչատրյանի 30.09.2010թ. գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի վարորդ Սամվել Կարապետյանը պատշաճ կերպով տեղեկացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, նշանակված դատական նիստին որպես վկա ներկայանալու համար:

Վերը նշված միջոցներից հետո վկա Սամվել Կարապետյանը ներկայացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, նշանակված դատական նիստին և հարցաքննվել է:

Գործի քննության տևողության վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հրայր Ագանիկյանն իրեն առաջադրված մեղադրանքների շուրջ տվել է երկարատև ցուցմունք, որը շարունակվել է վեց դատական նիստում, նրա և պաշտպանի կողմից որոշ վկաների և տուժողների հարցաքննությունը տևել է երկար` յուրաքանչյուրի դեպքում առնվազն երկու դատական նիստ, դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալի ճառը տևել է վեց դատական նիստ` շուրջ մեկ ամիս, որը սկսվել է 22.11.2010թ. նշանակված դատական նիստում և ավարտվել 23.12.2010թ. դատական նիստում: Ընդհանուր առմամբ ամբաստանյալը չի ներկայացել չորս դատական նիստերի, որոնցից 03.12.2010թ. և 16.12.2010թ. դատական նիստերը հրավիրված են եղել դատական վիճաբանությունների փուլում:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Հրայր Ագանիկյանն երկու անգամ փոխել է իր պաշտպաններին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է քրեական դատավարության` գործի արդարացի քննության սկզբունքը: Նշված հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավորության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածը սահմանում է դատավորի պատշաճ վարքագիծն ի պաշտոնե գործելիս: Նշված հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է` թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը, իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:

Դատարանը, ղեկավարվելով գործի արդարացի քննության սկզբունքով, սույն գործի քննության ընթացքում ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, ինչպես նաև գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալով իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը, հատկապես նաև այն պատճառով, որ քրեական գործի նախաքննության նյութերում առկա են, ինչպես նաև սույն գործի նախորդ դատաքննության ընթացքում դատարանում ստացվել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող, ամբաստանյալ Հրայր Ագանիկյանի երկու տասնյակից ավելի դիմում-բողոքները` ուղղված ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, Երևան քաղաքի դատախազին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, հիմնականում այն մասին, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել, քննիչը նախաքննությունը կատարել է օրենքի և իր իրավունքների էական խախտումներով, կոծկել է քրեական գործի նյութերից ԱՄՆ քաղաքացու` իր անձնագրի, հինգ ստացականների անհայտանալու և ապացույցները կեղծելու փաստերը, հաշվի չի առել և չի հետազոտել իր կողմից ներկայացված, իրեն արդարացնող ապացույցները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ուղղված 12.05.2006թ. դիմումում Հրայր Ագանիկյանը խնդրել է դեսպանի աջակցությունը և օժանդակությունն իր նկատմամբ իրականացվող անօրինական քրեական հետապնդումները և հալածանքները դադարեցնելու համար` նշելով, որ խիստ կասկածներ ունի, որ իրեն նման անօրինական հետապնդումների ենթարկելու պատճառը քննչական բաժնի կոռումպացված լինելն է: (Սույն գործի դատաքննության բազմաթիվ դատական նիստերին ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ):

Վերը նշվածից ելնելով` ցանկացել է մեջբերել Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Է. Հակոբյանի կողմից 10.07.2006թ. կազմված արձանագրությունը` քրեական գործի նյութերը մեղադրյալին և նրա պաշտպանին ծանոթացնելու մասին, ըստ որի` մեղադրյալ Հրայր Ագանիկյանը և նրա պաշտպանը` Վարդան Զուռնաչյանը, ծանոթանալով գործի նյութերին, արել են հետևյալ հայտարարությունները.

- Հրայր Ագանիկյանը հայտարարել է. «Ունեմ միջնորդություններ քր. գործով դատավարական նոր գործողություններ կատարելու մասին, սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ և իմ միջնորդությունները չեն բավարարվել անհիմն կերպով, ուստի միջնորդություններս կներկայացնեմ դատարանում»:

- Պաշտպան Վարդան Զուռնաչյանը հայտարարել է. «Ունեմ միջնորդություններ քննչական լրացուցիչ գործողություններ կատարելու և նոր դատավարական որոշումներ ընդունելու մասին: Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործի քննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, ակնհայտ մեղադրական թեքումով, չեն բավարարվել իմ և իմ պաշտպանյալի նախկինում կատարված միջնորդություններն անհիմն և ձևական պատճառաբանություններով, կամ ընդհանրապես պատասխան չի տրվել դրանց, նույնիսկ չեն կատարվել դատախազի ցուցումները գործի քննության օբյեկտիվությունը ապահովելու համար, որի պատճառով ստիպված երեք անգամ բացարկ ենք հայտնել քննիչին: Կասկած ունենալով, որ քննչական լրացուցիչ գործողություններ կատարելու և նոր դատավարական որոշումներ ընդունելու մասին միջնորդությունները դարձյալ անհիմն կմերժվեն, ուստի ներկա փուլում ստիպված ենք այլ միջնորդություններ չանել և դրանք անել դատարանում»: Սույն գործի նախաքննության նյութերի համաձայն` դեռևս նախաքննության ընթացքում մեղադրյալ Հրայր Ագանիկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Մ. Մելքոնյանի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, և 17.08.2005թ. որոշմամբ դատարանը Հրայր Ագանիկյանի բողոքը ճանաչել է հիմնավորված և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Հրայր Ագանիկյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Այնուհետև, նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որի 21.10.2005թ. որոշմամբ Երևանի Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Մելքոնյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության: Բացի այդ, քրեական գործի նախաքննության նյութերում առկա են նաև տուժողներից մի քանիսի դիմումները` ուղղված ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Այսպիսով, բացի վերոհիշյալ հանգամանքներից, թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործի բարդության և ծավալի մասին է վկայում նաև Դատարանի կողմից կայացված` 112 էջից բաղկացած դատավճիռը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3601 հոդվածի համաձայն` դատավճռի հետ միաժամանակ կայացված` 20 էջից բաղկացած լրացուցիչ որոշումը` քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված և դատական քննության ժամանակ ի հայտ եկած էական խախտումների վերաբերյալ:

Կարգապահական հանձնաժողովն անդրադարձել է նաև դատավոր Ա. Պետրոսյանի կողմից դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ գործողությունների ողջամտությանը:

Այսպես`

1. Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է, որ թվով 7 դատական նիստեր հետաձգվել են գործով մեղադրողի, իսկ թվով 12 դատական նիստեր հետաձգվել են գործով պաշտպանի դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ` նշելով, որ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նշված հիմքերով դատական նիստերի հետաձգումները կանխելու և գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածը սահմանում է դատախազի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները: Նշված հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Գործին նոր ընդգրկված դատախազին տրամադրվում է նախապատրաստվելու և մեղադրանքը պաշտպանելու համար անհրաժեշտ ժամանակ»:

Հիշատակված 7 դատական նիստեր (դրանք են` 02.04.2008թ., 15.05.2008թ., 12.12.2008թ., 22.12.2008թ., 30.04.2009թ., 18.06.2009թ. և 15.04.2010թ.) հետաձգվել են գործի քննությանը մասնակցող դատախազ Սամվել Հարությունյանի չներկայանալու պատճառով, քանի որ նրան անհնարին է եղել փոխարինել այլ դատախազով: Ընդ որում, 15.05.2008թ. դատական նիստին չներկայանալու պատճառ էր հանդիսացել այն, որ դատախազ Սամվել Հարությունյանը դատախազության դպրոցում մասնակցել է դասընթացների, 12.12.2008թ. դատական նիստին դատախազ Սամվել Հարությունյանը չէր ներկայացել, քանի որ գտնվել էր հերթական արձակուրդում, իսկ փոխարինող դատախազ Աշոտ Գալստյանը նույնպես չէր ներկայացել, քանի որ վերջինիս հայրն էր մահացել, իսկ 15.04.2010թ. դատական նիստին դատախազ Սամվել Հարությունյանը չէր ներկայացել, քանի որ ծանրաբեռնված էր եղել այլ դատական նիստով: Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է եղել դատական նիստին չներկայացած դատախազին փոխարինել այլ դատախազով, ապա նման փոխարինում կատարվել է: Օրինակ` 25.11.2008թ., 04.12.2008թ., 08.12.2008թ. և 12.05.2009թ. դատական նիստերին դատախազ Ս, Հարությունյանի չներկայանալու պատճառով վերջինս փոխարինվել է այլ դատախազով, և դատական նիստերին մասնակցել է դատախազ Աշոտ Գալստյանը, իսկ 02.09.2010թ. և 17.09.2010թ. դատական նիստերին դատախազ Ս. Հարությունյանի չներկայանալու պատճառով վերջինս փոխարինվել է այլ դատախազով, և դատական նիստերին մասնակցել է դատախազ Էմիլ Հարությունյանը:

Այսինքն` դատախազի չներկայանալու պայմաններում դատարանը դատական նիստերի հետաձգումները կանխելու և գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ, այն է` դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու հնարավորության դեպքում փոխարինել է այլ դատախազով, իսկ գործի քննությունը հետաձգվել է միայն գործի քննությանը մասնակցող դատախազին այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում:

Ինչ վերաբերում է պաշտպանի` դատական նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ թվով 12 դատական նիստեր հետաձգելուն, որոնք են` 07.03.2008թ., 05.05.2008թ., 20.10.2008թ., 04.11.2008թ., 23.01.2009թ., 30.06.2009թ., 09.07.2009թ., 08.09.2009թ. , 20.10.2009թ., 03.03.2010թ., 26.04.2010թ. և 15.06.2010թ., ապա նախ պետք է նշեմ, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Հրայր Ագանիկյանը երկու անգամ փոխել է իր պաշտպաններին, և տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տարբեր պաշտպաններին:

07.03.2008թ. և 05.05.2008թ. դատական նիստերը հետաձգվել են պաշտպաններ Հայկ Ալումյանի և Վարդան Զուռնաչյանի չներկայանալու և այդ նիստում նրանց մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու պատճառով, քանի որ պաշտպանի փոխարինմանը դեմ է եղել ամբաստանյալը: 08.07.2008թ. դատական նիստում ամբաստանյալը, հրաժարվելով իր նախկին պաշտպաններից, միջնորդել է, որպես իր շահերի պաշտպան, գործին ներգրավել Սամվել Միրզոյանին: 20.10.2008թ. դատական նիստին պաշտպան Ս. Միրզոյանը չի ներկայացել, նույն դատական նիստում ամբաստանյալը հրաժարվել է Ս. Միրզոյանից և խնդրել է նիստը հետաձգել հինգ աշխատանքային օրով` նոր պաշտպան ներգրավելու համար: 28.10.2008թ. դատական նիստում որպես ամբաստանյալի շահերի պաշտպան ներգրավվել է Ավետիս Քալաշյանը:

04.11.2008թ., 23.01.2009թ., 30.06.2009թ., 09.07.2009թ., 08.09.2009թ., 20.10.2009թ., 03.03.2010թ., 26.04.2010թ. և 15.06.2010թ. դատական նիստերը հետաձգվել են պաշտպան Ավետիս Քալաշյանի չներկայանալու և այդ նիստերում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու պատճառով, քանի որ պաշտպանի փոխարինմանը դեմ է եղել ամբաստանյալը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածը սահմանում է պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները: Նշված հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում` նշանակել նոր պաշտպան: Գործը հետաձգելիս, լուծելով պաշտպանին փոխարինելու հարցը, դատարանը հաշվի է առնում նման որոշման նպատակահարմարությունը (դատական քննության վրա արդեն ծախսված ժամանակը, գործի բարդությունը և դրա հետ կապված դատական քննությանը նոր մասնակցող պաշտպանի կողմից գործի նյութերի ուսումնասիրման տևողությունը և այլ հանգամանքներ): Գործին մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար: Նա իրավունք ունի միջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան իր ընդգրկվելը գործին, և որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել»:

Այսպիսով, պաշտպանների չներկայանալու պայմաններում դատարանը դատական նիստերի հետաձգումները կանխելու և գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ, իսկ գործի քննությունը հետաձգվել է միայն պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում: Դատական նիստերին պաշտպան Ավետիս Քալաշյանի չներկայանալու դեպքերում Ամբաստանյալը համաձայնություն չի հայտնել նրան փոխարինել այլ պաշտպանով, իսկ անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակ դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպան Ավետիս Քալաշյանի մասնակցությունն անհնար լինելու փաստ չի եղել:

2. Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է, որ թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ՀՀ դատական դպրոցում դասընթացներին մասնակցելու կապակցությամբ, և փաստել, որ դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը համապատասխան մարմնի կողմից կազմվում և ներկայացվում է տարվա սկզբին: Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Պետրոսյանը, նախապես տեղյակ լինելով անցկացվող դասընթացների ժամանակացույցի մասին, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու համար:

Դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների օրերին դատական նիստեր նշանակվել է այն նկատառումով, որ պրակտիկայում սովորաբար դասընթացները տևում են մինչև աշխատանքային օրվա երկրորդ կեսը, և գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու նպատակով դասընթացների օրերի աշխատանքային օրվա երկրորդ կեսը նույնպես օգտագործվել է դատական նիստեր անցկացնելու համար: Այսպես` հիշյալ քրեական գործով 03.11.2009թ. ժամը 14:30-ին, 10.11.2009թ. ժամը 15:30-ին, 01.06.2010թ. ժամը 14:00-ին, 29.06.2010թ. ժամը 14:30-ին, 26.10.2010թ. ժամը 14:00-ին, 08.11.2010թ. ժամը 14:00-ին հրավիրված դատական նիստերը, որոնք նույնպես նշանակված են եղել դասընթացների օրերի աշխատանքային օրվա երկրորդ կեսին, կայացել են:

Ինչ վերաբերում է հիշատակված երկու դատական նիստերին (21.04.2008թ. և 22.04.2009թ.), որոնք տեղի չեն ունեցել, ապա, ըստ երևույթին, դասընթացները շարունակվել են նաև աշխատանքային օրվա երկրորդ կեսին, ինչի պատճառով հնարավոր չի եղել անցկացնել այդ դատական նիստերը: Բացի այդ, չի բացառվում, որ դատավորների 2009թ. վերապատրաստման դասընթացների ժամանակացույցն ուշ ստացած լինեի և 22.01.2009թ. դատական նիստ նշանակելիս այդ օրվա դասընթացի մասին նախապես տեղեկացված չլինեի, քանի որ ՀՀ նախագահի 2009թ. փետրվարի 27-ի հրամանագրով նշանակվելով որպես Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` նշված դատարանի դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների ցուցակները, ըստ էության, կազմվել և ներկայացված են եղել դրանից հետո: Գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու և անհարկի ձգձգումներից խուսափելու համար, մինչև Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքում նոր աշխատասենյակների կառուցումը, 2009թ. մարտ-մայիս ամիսներին իմ պահանջով և խնդրանքով ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ժամանակավորապես աշխատասենյակ էր հատկացվել նախկին Երևանի քրեական դատարանի շենքում, որտեղ էլ անցկացվել են սույն գործով դատական նիստերը:

3. Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է, որ թվով 4 դատական նիստեր տեղի չեն ունեցել այլ գործով նշանակված դատական նիստերի կապակցությամբ, և գտել է, որ դատավոր Ա. Պետրոսյանն իր կողմից քննվող գործերով նիստերի ժամանակացույցը կազմելիս չի ցուցաբերել համապատասխան ուշադրություն և կրկին չի ձեռնարկել համապատասխան միջոցներ գործի քննությունը և դատական նիստերն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ:

Հարկ է նշել, որ միայն մեկ, այն է` առաջին` 12.11.2007թ. նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել թիվ 1-116 քրեական գործով նշանակված դատական նիստի կապակցությամբ, որով ամբաստանյալ Արման Սիմոնյանը գտնվել է կալանքի տակ, իսկ մյուս երեք դատական նիստերը տեղի են ունեցել: Այսպես`

2008թ. մարտի 14-ին` ժամը 10:00-ին, նշանակված դատական նիստը տեղի է ունեցել և ավարտվել է ժամը 13:15-ին, իսկ գործի քննությունը հետաձգվել է, քանի որ նույն օրը նշանակված է եղել թիվ ԵՔՐԴ 0056/01/08 քրեական գործի քննությունը, որով ամբաստանյալ Անահիտ Մատինյանը գտնվել է կալանքի տակ:

2008թ. մայիսի 8-ին` ժամը 12:30-ին, նշանակված դատական նիստը տեղի է ունեցել և ավարտվել է ժամը 14:00-ին, իսկ գործի քննությունը հետաձգվել է, քանի որ նույն օրը նշանակված է եղել թիվ ԵԿԴ 0074/01/08 քրեական գործի քննությունը, որով ամբաստանյալ Յաշա Մելքոնյանը գտնվել է կալանքի տակ:

2010թ. ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, նշանակված դատական նիստը նույնպես տեղի է ունեցել և ավարտվել է ժամը 15:55-ին, քանի որ նույն օրը ժամը 16:00-ին նշանակված է եղել թիվ ԵԱՆԴ 1192/02/09 քաղաքացիական գործը:

Գտնում է, որ ժամանակացույցը կազմելիս ցուցաբերվել է համապատասխան ուշադրություն, և դատական նիստերը նշանակվել են 1,5-ից մինչև 4 ժամ տարբերությամբ:

Պետք է նշել, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստերի դահլիճների սակավաթիվ լինելու պատճառով մեկ դահլիճ օգտագործվում էր երկու դատավորի կողմից, և դատական նիստերը հնարավոր էին լինում անցկացնել շաբաթվա մեջ երկուս ու կես օր: Բացի այդ, սահմանված էին հերթապահության օրեր` ամսվա մեջ 4 օր, որոնցից հիմնականում երկուսը աշխատանքային, իսկ երկուսը` ոչ աշխատանքային օրերին: Աշխատանքային օրվա երկու հերթապահության օրերին գրեթե հնարավոր չի եղել դատական նիստեր անցկացնել` քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ներկայացված միջնորդությունների բազմաքանակ լինելու պատճառով:

2008թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը մակագրվել են 386 քաղաքացիական գործեր: 2008թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը քննության են առնվել քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ներկայացված 490 միջնորդություններ: 2009թ. հունվարի 15-ից մինչև 2009թ. փետրվարի 27-ը քննության են առնվել քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ներկայացված 102 միջնորդություններ: 2008թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը մակագրվել են 130 վճարման կարգադրություններ: 2009թ. հունվարի 15-ից մինչև 2009թ. փետրվարի 27-ը մակագրվել են 35 վճարման կարգադրություններ:

Բացի այդ, իր կողմից 2008 թվականին քննվել են բազմաթիվ այլ քրեական գործեր, ինչպես նաև քննության են առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով ներկայացված բողոքներ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելուց հետո 2009 թվականի ընթացքում դատարան մուտք եղած 2403 քաղաքացիական գործերից իրեն մակագրվել են 413 քաղաքացիական գործեր, իսկ 1516 վճարման կարգադրություններից` 257 վճարման կարգադրություններ: 2010 թվականի ընթացքում դատարան մուտք եղած 2042 քաղաքացիական գործերից մակագրվել են 431 քաղաքացիական գործեր, իսկ 1587 վճարման կարգադրություններից` 477 վճարման կարգադրություններ: 2009-2010 թվականներին ավարտվել են ընդհանուր 576 քաղաքացիական գործեր, որոցով կայացված վճիռներից բեկանվել են միայն 3 վճիռներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է քրեական դատավարության` գործի արդարացի քննության սկզբունքը: Նշված հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածը սահմանում է դատավորի պատշաճ վարքագիծն ի պաշտոնե գործելիս: Նշված հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը, իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:

«Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ , 8-րդ և 10-րդ կաննոների համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդելու կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում: Դատավորը ցանկացած իրավիճակում պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը, խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, վնաս հասցնել դատավորի համբավին և կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունն ու անկախությունն արդարադատություն իրականացնելիս: Դատավորն արդարադատություն իրականացնելիս պետք է գործի անկախ ու անաչառ, ազատ լինի կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտություններից: Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից: Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար ու բարեկիրթ: Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում:

ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածը սահմանում է վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն և կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

Թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործն իրենից ներկայացրել է առանձնակի բարդություն: Արդարադատություն իրականացնելիս պահպանվել են վերը հիշատակված նորմերի պահանջները, իր կողմից ձեռնարկվել են օրենքով սահմանված միջոցները գործի քննության անհարկի ձգձգումներից խուսափելու համար: Միաժամանակ ընդունում է, որ հնարավոր է գործի քննության ընթացքում տեղի ունեցած լինեն բացթողումներ կամ թերություններ, որոնք, իր կարծիքով, ՀՀ դատական օրենքսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դատավարական օրենքի նորմի և դատավորի վարքագծի կանոնների ակնհայտ և կոպիտ խախտումներ չեն:

 

 4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Թիվ ԵՔՐԴ 0059/01/08 քրեական գործով Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 349-րդ հոդվածի 1-ին մասով, որը Դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) կողմից վարույթ է ընդունվել 24.07.2006թ.:

2. Այնուհետև նշված քրեական գործը Դատարանի դատավոր` Ա. Պետրոսյանի 01.11.2007թ. որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել դատաքննության:

3. Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում նշված քրեական գործի քննությունը տևել է 3 տարի 3 ամիս:

4. Գործի քննության ընթացքում նշանակվել են թվով 137 դատական նիստեր:

5. Քրեական գործով մեղադրողները 10 անգամ դատական նիստերին չեն ներկայացել, իսկ պաշտպանները` 19 անգամ:

6. Թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ՀՀ դատական դպրոցում դասընթացներին մասնակցելու կապակցությամբ, թվով 4 դատական նիստեր տեղի չեն ունեցել այլ գործերով նշանակված դատական նիստերի կապակցությամբ, 1 դատական նիստ տեղի չի ունեցել դատավորի հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու կապակցությամբ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:

«Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին առկա է նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 13.06.2006թ. թիվ 98 որոշումը:

Խորհուրդը արձանագրում է, որ քննարկվող քրեական գործի քննությունը Դատարանի դատավոր Ա. Պոտրոսյանի վարույթում տևել է 3 տարի 3 ամիս:

Խորհուրդը հարկ է համարում նախ նշել, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից:

Երկրորդ. գործի քննության ողջամիտ ժամկետների վերաբերյալ Եվրոպական դատարանը «Էկլեն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության» գործով ընդհանրացրել է այդ խնդրի հետ կապված իր հետևյալ մոտեցումները. քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան: Այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննությունն սկսելու պահից:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է` ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Միաժամանակ Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Ողջամիտ ժամկետի հետ կապված Եվրոպական դատարանը ելնում է հետևյալ չափանիշներից`

- գործի բարդությունը,

- դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,

- համապատասխան մարմինների աշխատանքի օպերատիվությունը,

- դիմողի սեփական վարքագիծը:

Միաժամանակ դատաքննության ժամկետի ողջամտությունը գնահատելիս հաշվի է առնվում կողմի ռիսկի աստիճանի գործոնը, և ակնկալվում է, որ քրեական գործերը, որպես կանոն, պետք է առավել արագացված քննվեն, քան քաղաքացիական գործերը, հատկապես, եթե մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի պայմաններում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում սույն գործը չի քննվել ողջամիտ ժամկետում և սույն գործն իր մեջ չի պարփակում այնպիսի բարդություն, որը կարդարացներ գործը 3 տարի 3 ամիս ժամկետում քննելու հանգամանքը:

Խորհուրդը միաժամանակ գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն քրեական գործը Դատարանում ստացված է եղել դեռևս 24.07.2006 թվականին:

Սույն գործով դատական նիստերը հետաձգելու, չկայանալու կապակցությամբ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի գործողությունների ողջամտությունը պարզելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Խորհուրդը հարկ է համարում վեր հանել դրանց պատճառները և անդրադառնալ դրանց կապակցությամբ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությանը:

Խորհուրդն արձանագրում է, որ սույն քրեական գործով մեղադրողները դատական նիստերին 10 անգամ չեն ներկայացել, իսկ պաշտպանները` 19 անգամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, այն է` մեղադրողի կողմից դատական նիստերի բացակայության անթույլատրելիության վերաբերյալ չի տեղեկացվել վերադաս դատախազը, պաշտպանների կողմից 19 անգամ դատական նիստերին չմասնակցելու կապակցությամբ չի տեղեկացվել փաստաբանների պալատի նախագահը:

 Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ թվով 2 դատական նիստեր տեղի չեն ունեցել Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ՀՀ դատական դպրոցում դասընթացներին մասնակցելու կապակցությամբ, թվով 4 դատական նիստեր տեղի չեն ունեցել այլ գործերով նշանակված դատական նիստերի կապակցությամբ, 1 դատական նիստ տեղի չի ունեցել դատավորի հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու կապակցությամբ:

Խորհուրդը համամիտ է Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված այն փաստարկի հետ, որ դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը համապատասխան մարմնի կողմից կազմվում և ներկայացվում է բոլոր դատավորներին տարվա սկզբին, ինչը նաև հետապնդում է այն նպատակը, որպեսզի բացառվի նման հիմքերով դատական նիստերի անհարկի ձգձգումները, այսինքն` դատավորները նախապես տեղեկացված են լինում կազմակերպվող տարեկան դասընթացների ժամանակացույցի վերաբերյալ: Հետևաբար Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը, նախապես տեղյակ լինելով անցկացվող դասընթացների ժամանակացույցի մասին, չի դրսևորել համապատասխան ուշադրություն դատական նիստերի ժամանակացույցը կազմելիս և համապատասխան միջոցներ չի ձեռնարկել այդպիսի հիմքերով գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ:

Միաժամանակ Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանն իր կողմից քննվող գործերով նիստերի ժամանակացույցը կազմելիս ևս չի ցուցաբերել համապատասխան ուշադրություն, ինչի արդյունքում ևս դատական նիստերն անհարկի ձգձգվել են` պայմանավորված այլ դատական գործերով նշանակված դատական նիստերի և ամենամյա իր արձակուրդի իրավունքն իրացնելու հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ դատական գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու և քրեական գործը ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է անձի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը:

Խորհուրդը միաժամանակ գտնում է, որ քրեական գործը 3 տարի 3 ամիս ժամկետում քննելու հետևանքով Դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի կոպիտ խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Կ. Բաղդասարյան
Ռ. Բարսեղյան
Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան