Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-962
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.728
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 մայիսի 2011 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մադրիդում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2011 թվականի մարտի 2-ին մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան և Կոնվենցիայի անբաժանելի մասը կազմող Արձանագրությունը (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին` Մադրիդում: Կոնվենցիայի նպատակը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է, և դրանով պայմանավորված` միջազգային առևտրի ու ներդրումների վրա եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցության նվազեցումը:

2. Կոնվենցիայով նախատեսված է, որ այն կիրառվում է պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց (հոդված 1) և պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից եկամուտների ու գույքի նկատմամբ սահմանված հարկերի նկատմամբ` անկախ վերջիններիս գանձման եղանակից:

Կոնվենցիան կիրառվում է` Հայաստանի Հանրապետությունում սահմանված շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ, իսկ Իսպանիայի Թագավորությունում` ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկի, ձեռնարկությունների շահութահարկի, ռեզիդենտ չհանդիսացող անձանցից գանձվող եկամտահարկի, գույքահարկի և եկամուտների ու գույքի նկատմամբ գանձվող տեղական հարկերի նկատմամբ:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Կոնվենցիան կիրառել շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ,

- կիրառել Կոնվենցիան նաև նույնական կամ էապես նման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, և ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իսպանական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն ՀՀ համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,

- Հայաստանի Հանրապետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,

- հաշվի առնելով Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` ՀՀ ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի համար վճարվող կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,

- Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց անհատին վճարվող աշխատավարձը կամ համանման այլ վարձատրությունները հարկել միայն Հայաստանի Հանրապետությունում,

- չհարկել Իսպանիայի Թագավորության ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը Իսպանիայի Թագավորության ռեզիդենտ հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես ուսման կամ վերապատրաստման նպատակով գտնվող ուսանողին կամ փորձնակին Հայաստանի Հանրապետությունում իր կեցության, ուսման կամ վերապատրաստման համար ստացած վճարումների առնչությամբ` պայմանով, որ այդ վճարումներն ստացվեն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Իսպանիայի Թագավորությունում հարկվող եկամուտ ստանալիս կամ գույք տնօրինելիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտահարկի կամ գույքահարկի նվազեցում Իսպանիայի Թագավորությունում վճարված եկամտահարկի կամ գույքահարկի գումարի չափով,

- Իսպանիայի Թագավորության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումն են, որոնց, միևնույն հանգամանքների դեպքում, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մասնավորապես կապված բնակության վայրի հետ,

- ապահովել, որպեսզի Իսպանիայի Թագավորության ձեռնարկության տնտեսական գործունեություն իրականացնող մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի նվազ բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը,

- Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվում կամ վերահսկվում է Իսպանիայի Թագավորության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, որոնք տարբերվում են կամ ավելի ծանր են, քան այն հարկումը և պահանջներն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության այլ համանման ձեռնարկությունները,

- երաշխավորել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները տրամադրեն Իսպանիայի Թագավորության իրավասու մարմիններին այնպիսի տեղեկություններ, որոնք կարևոր են սույն Կոնվենցիայի իրականացման կամ Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի մասով ՀՀ օրենքների կատարման կամ կիրարկման հետ այնքանով, որքանով դրանցով սահմանված հարկումը չի հակասում Կոնվենցիային,

- երաշխավորել, որ ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի, և կհրապարակվի միայն այն անձանց կամ լիազոր մարմիններին, որոնք առնչվում են Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ հավաքմանը, հարկադիր հավաքմանը կամ դրանց առնչությամբ դատական հետապնդմանը, կամ դրանց հետ կապված բողոքարկումների քննարկմանը կամ վերահսկմանը, ինչպես նաև այն, որ այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունները կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է չհարկել Իսպանիայի Թագավորության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված առանձին տեսակի եկամուտները կամ հարկել նվազեցված դրույքաչափով: Կոնվենցիան ամրագրում է նաև հարկումից խուսափելը կանխելու հետ կապված փոխհամաձայնեցման ընթացակարգ, ինչպես նաև երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունում և Իսպանիայի Թագավորությունում հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման բնագավառում անձանց նկատմամբ որևէ խտրականության բացառում:

5. Միջազգային իրավունքի նորմերին ներդաշնակ` Կոնվենցիայի գործողությունը չի տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ։

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մադրիդում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


24 մայիսի 2011 թ.
ՍԴՈ-962

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան