Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-965
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.731
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 մայիսի 2011 թ.

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 06.05.2011թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 1-ին` ընտրված համայնքներում արոտավայրերի/անասնապահության համակարգերի արտադրողականությունը և կայունությունը բարձրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասը միլիոն երեք հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքի (10.300.000 ՓՀԻ) գումարին համարժեք վարկ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար: Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Վարկի մայր գումարի մարումն սկսվում է 2021թ. մայիսի 15-ից և ավարտվում 2030թ. նոյեմբերի 15-ին: Վարկի փակման ամսաթիվը 2016 թվականի սեպտեմբերի 30-ն է: Վարկի վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է:

3. Ծրագիրը բաղկացած է չորս մասից` Մաս Ա. «Համայնքային արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ», Մաս Բ. «Օժանդակող ծառայությունների ամրապնդումը», Մաս Գ. «Մրցակցային դրամաշնորհների ծրագիրը», Մաս Դ. «Ծրագրի կառավարումը և մոնիտորինգն ու գնահատումը»:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

վարկի չմասհանված հաշվեկշռի դիմաց, կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` տարեկան առավելագույնը կես տոկոս (1 %-ի 1/2) դրույքաչափով,

վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` մեկ տոկոսի երեք քառորդին (1 %-ի 3/4) հավասար դրույքաչափով,

ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան և այլն:

5. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը դրա ստորագրման ամսաթվից հետո հարյուրքսաներորդ օրն է:

6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


24 մայիսի 2011 թ.
ՍԴՈ-965

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան