Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0727/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0727/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`   Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան
                                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Լյովա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2010 թվականի որոշման դեմ´ ըստ հայցի «Թորթոմշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Լյովա Վարդանյանի, երրորդ անձ «Փ. Աբաջյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` 6.548.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան´ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Լյովա Վարդանյանից 6.548.000 ՀՀ դրամ´ որպես վնասի փոխհատուցման գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 02.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Դատարանի 02.08.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Լյովա Վարդանյանը պարտավորեցվել է փոխհատուցել մատակարարված ապրանքի թերությունները վերացնելու համար Ընկերության կատարած 6.548.000 ՀՀ դրամ ծախսը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյովա Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում Ընկերության վկայակոչած փաստերի չապացուցման բացասական հետևանքները դրել է Լյովա Վարդանյանի վրա և եկել է այն եզրահանգման, որ Լյովա Վարդանյանը, խախտելով պայմանագրային պարտավորությունները, Ընկերությանը մատակարարել է ոչ պատշաճ որակի ապրանք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մատակարարված ապրանքի թերությունները վերացնելու համար կատարած 6.548.000 ՀՀ դրամ ծախսը փոխհատուցելու պահանջը հիմնավորելու համար Ընկերությունը ներկայացրել է Կազմակերպության 04.10.2009 թվականից մինչև 09.10.2009 թվականը տրված թվով 7 արձանագրությունները, որոնց համաձայն´ մատակարարված ապրանքը չի համապատասխանել նորմատիվ պահանջներին: Ի հերքումն Ընկերության ներկայացրած արձանագրությունների Լյովա Վարդանյանը ներկայացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի կողմից բետոնի ամրությունը ստուգելու նպատակով իրականացված փորձարկման արդյունքներով 15.10.2009 թվականին կազմված թիվ 01-2889 արձանագրությունն այն մասին, որ փորձարկված նմուշները համապատասխանում են վերահսկվող բետոնի նախագծային դասին: Այսինքն` Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը թույլ կտար հաստատված համարել այն հանգամանքը, որ Լյովա Վարդանյանը, խախտելով պայմանագրային պարտավորությունները, մատակարարել է ոչ պատշաճ որակի ապրանք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն ապրանքն ընդունելիս չի իրականացրել ապրանքի որակի ստուգում, իսկ որակի անհամապատասխանության դեպքում իրավունք ուներ չընդունել մատակարարված ապրանքը կամ այն փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ չվճարել այդ ապրանքի համար: Մինչդեռ, Ընկերության կողմից Լյովա Վարդանյանի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի ստորագրումը հաստատումն է այն հանգամանքի, որ Ընկերությունը ստացել է պատշաճ որակի ապրանք: Ընդ որում, մատակարարված ապրանքի որակը և համապատասխանությունը սահմանված նորմերին չստուգելու հետևանքների ռիսկը կրում է Ընկերությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագիտական եզրակացությամբ փորձագետը նշել է, որ փորձաքննության ներկայացված փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս գնահատել վարչական շենքի հիմքի ուժեղացման համար կատարված ծախսերի արժեքը, քանի որ տվյալ եզրակացությամբ նշվել է, որ նախագծային էսքիզը չի կարող ընդունվել որպես աշխատանքային նախագիծ:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագիտական եզրակցությամբ փորձագետին առաջադրված հարցադրումներին ոչ մի հստակ պատասխան չի տրվել և չի հիմնավորվել, որ շինարարական աշխատանքներում օգտագործվել է ոչ պատշաճ որակի բետոն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության´ որպես կատարողի և «Հրազդան-HPCC-3» ՍՊԸ-ի´ որպես պատվիրատուի միջև 10.08.2009 թվականին կնքված պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում կառուցել վարչական շենք (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2. «Հրազդան-HPCC-3» ՍՊԸ-ի և Կազմակերպության միջև 10.02.2009 թվականին կնքված «Շինարարական հրապարակում, բետոնախառնիչ հանգույցներում, շինարարական կազմակերպություններում, բետոնախառնուրդների լաբորատոր հսկողության աշխատանքների կազմակերպման իրականացման մասին» պայմանագրի 1.1 կետի ա. ենթակետի համաձայն´ պատվիրատուն հանձնարարում է, իսկ կատարողն իրականացնում է շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումների կատարումը´ համաձայն հավատարմագրման ոլորտի ցանկի (հատոր 1-ին, գ.թ. 185-186):

3. Ընկերության և Լյովա Վարդանյանի միջև 02.09.2009 թվականին կնքված մատակարարման պայմանագրի 1.1 կետով Լյովա Վարդանյանը պարտավորվել է Ընկերությանը վաճառել Բ-10, Բ-15, Բ-20, Բ-25 դասերի բետոն, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել և վճարել ապրանքի դիմաց:

Պայմանագրի 5.1 կետի համաձայն´ ապրանքը գնորդին հանձնելու հաշիվ-ապրանքագիրը ստորագրելը միաժամանակ հանդիսանում է հանձնման-ընդունման ակտ:

Պայմանագրի 6.2 կետի համաձայն´ ապրանքը համարվում է գնորդին հանձնված հաշիվ-ապրանքագիրը գնորդի կողմից ստորագրելու պահից:

Նույն պայմանագրի 7.1 կետի համաձայն´ անպատշաճ որակի ապրանք մատակարարելու դեպքում գնորդն իրավունք ունի մատակարարից պահանջել համաչափ նվազեցնելու ապրանքի գինը, իսկ 7.2 կետի համաձայն´ գնորդն իրավունք ունի հրաժարվել վճարելու անպատշաճ որակի ապրանքի համար (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

4. 06.09.2009 թվականից մինչև 14.09.2009 թվականը ժամանակահատվածի թվով 8 հաշիվ-ապրանքագրերով Լյովա Վարդանյանը մատակարարել, իսկ Ընկերությունն ընդունել է M-150 և M-200 մակնիշի բետոն, համապատասխանաբար´ 56 մ3 և 80 մ3 (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

5. Կազմակերպության 04.10.2009 թվականի, 05.10.2009 թվականի, 06.10.2009 թվականի, 07.10.2009 թվականի, 08.10.2009 թվականի թվով երկու և 09.10.2009 թվականի «Բետոնի ստուգվող նմուշների ամրության փորձարկման´ սեղմման մեթոդով ըստ ԳՕՍՏ-10180-90» արձանագրությունների համաձայն´ մատակարարված բետոնը չի համապատասխանել M-150 և M-200 մակնիշի բետոնի նորմատիվ պահանջներին (հատոր 1-ին, գ.թ. 33-39):

6. «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի 15.10.2009 թվականի «Բետոնի ամրության փորձարկման, չքայքայող մեխանիկական մեթոդով ըստ ԳՕՍՏ-22690-88» արձանագրության համաձայն´ մատակարարված բետոնի ամրությունը 14.10.2009 թվականի´ փորձարկման օրվա դրությամբ, համապատասխանել է B-15 դասին (հատոր 1-ին, գ.թ. 19):

7. Ընկերությանը հասցեագրված 21.09.2009 թվականի գրությամբ «Հրազդան HPCC-3» ՍՊԸ-ն հայտնել է, որ իրականացվել է բետոնի ամրության փորձարկում, որը նախագծայինից ցածր է երկու անգամ և Ընկերությունից պահանջել է ապամոնտաժել անորակ բետոնային ծածկը: Միաժամանակ նշել է, որ բետոնացման նոր աշխատանքները պետք է կատարվեն Ընկերության հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 40):

8. 22.09.2009 թվականի գրությամբ Ընկերությունը «Հրազդան HPCC-3» ՍՊԸ-ին առաջարկել է թերությունները վերացնելու համար կատարել ուժեղացում´ երկաթբետոնե շապիկի տեսքով (հատոր 1-ին, գ.թ. 44):

9. 23.09.2009 թվականի գրությամբ «Հրազդան HPCC-3» ՍՊԸ-ն հայտնել է, որ ընդունում է երկաթբետոն» շապիկի տեսքով ամրացման աշխատանքների կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 43):

10. 11.11.2009 թվականի թիվ 13 գրությամբ Ընկերությունը Լյովա Վարդանյանին հայտնել է, որ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վարչական շենքի հիմքի կառուցման աշխատանքների համար Ընկերությունը Ձեր բետոնահանգույցից 06.09.2009 թվականից 09.09.2009 թվական օրերին ստացել է B-10 դասի (M-150 մարկայի) բետոն´ 56 մ3 և B-15 դասի (M-200 մարկայի) բետոն´ 80 մ3, որը Կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի արձանագրություններով չի համապատասխանում տվյալ դասի բետոնի նորմատիվային պահանջներին գրեթե 2 անգամ: Գլխավոր պատվիրատուն´ «Հրազդան-5-ի շինարարության տնօրինություն» հիմնարկը, լաբորատորիայի բացասական արդյունքների հիման վրա պահանջել է կապալառու կազմակերպությունից դադարեցնել հետագա աշխատանքները և ապամոնտաժել կառուցված հիմքը կամ այդ կառուցված հիմքի վրա կատարել համապատասխան ուժեղացում երկաթբետոն» շապիկի ձևով´ M-250 մարկայի բետոնով: Այդ աշխատանքներն իրականացվել են մեր կազմակերպության հաշվին, որի արդյունքում կազմակերպությունը կրել է 8.108.000 ՀՀ դրամի վնաս: Մեր կողմից 09.09.2009 թվականին Ձեր կազմակերպությանը փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ´ որպես բետոնի արժեք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունն այդ վնասը կրել է Ձեր կողմից տրված բետոնի դասի անհամապատասխանության պատճառով, խնդրում ենք փոխհատուցել Ձեր կողմից պատճառված վնասը´ 6.548.000 ՀՀ դրամի չափով, 8.108.000 ՀՀ դրամ վնասից հաշվանցելով 1.560.000 ՀՀ դրամ պարտքը բետոնի արժեքից» (հատոր 1-ին, գ.թ. 47):

11. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 07.06.2010 թվականի թիվ 10-0479 եզրակացության համաձայն՝

-Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում նոր կառուցվող վարչական շենքի կոնստրուկտորական մասի նախագծային փաստաթղթերը սույն փորձաքննությանը տրամադրվել են ոչ ամբողջական: Բացի այդ հիմքերի շինարարական աշխատանքները համարվում են «Ծածկված աշխատանքներ», որոնց վերաբերյալ սույն գործի նյութերում բացակայում են համապատասխան ակտերը: Պետք է նշել նաև, որ միայն տեղազննմամբ և չափագրումով´ առանց քանդման և ուսումնասիրման հնարավոր չէ գնահատել վարչական շենքի հիմքերի առկա վիճակը:

-«Լյովա Վարդանյան» Ա/Ձ-ում չեն պահպանվել հարցում նշված բետոնի խմբաքանակների համար բետոնի նմուշներ,

-«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի կազմած առ 15.10.2009 թվականի արձանագրությունում որպես օբյեկտի անվանում ուղղակի նշված է´ «ք. Հրազդան, Ջերմաէլեկտրակայան, նոր կառուցվող ճաշարան», որը սույն փորձաքննության հետազոտման օբյեկտի´ վարչական շենքի հետ որևէ կապ չունի,

-փաստացի հնարավոր չէ ստուգել «Լյովա Վարդանյան» Ա/Ձ-ի կողմից առաքված´ հարցում նշված շինարարական արտադրանքի´ բետոնի ամրությունն արդեն իսկ կառուցված հիմքերում, քանի որ առաքված բետոնն օգտագործվել է վարչական շենքի հիմքերում խամքարբետոն իրականացնելու համար, իսկ գործող քաղաքաշինական փաստաթղթերով չեն սահմանված խամքարբետոնում բետոնի ամրության ստուգման նորմատիվային պահանջներն ու մեթոդիկան,

-վարչական շենքի հիմքերի ուժեղացման համար գործում առկա նախագծային լուծումը´ էսքիզը, չի կարող ընդունվել որպես աշխատանքային նախագիծ, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ կառավարության առ 21.12.1998 թվականի թիվ 812, առ 02.02.2002 թվականի թիվ 91 և առ 02.02.2002 թվականի թիվ 96 որոշումներով ընդունված պահանջներին, բացակայում են հիմքերի ամրացման համար օգտագործվող բետոնի և ամրանի ընդհանուր ծախսերը և աշխատանքների կատարման նախահաշիվը: Հիմքերի ուժեղացման համար «երկաթբետոնյա շապիկի» անհրաժեշտությունը կարող է հիմնավորվել համապատասխան մասնագիտական եզրակացությամբ և հաշվարկների հիման վրա մշակված և սահմանված կարգով հաստատված ու համաձայնեցված նախագծի հիման վրա, որոնք սույն գործում բացակայում են: Վարչական շենքի կոնստրուկտորական մասի նախագծային փաստաթղթերը սույն փորձաքննությանը տրամադրվել են ոչ ամբողջական´ թվով երկու էջերի վրա, որոնք լիարժեք չեն բնութագրում կառուցվող շենքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները, ուստի նման պայմաններում հնարավոր չէ գնահատել և որոշել «Թորթոմշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված երկաթբետոն» շապիկի կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը (հատոր 1-ին, գ.թ. 101-119):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում´ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն´ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն´ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն´ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են´ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է´ գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` փաստի ապացուցման պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչել է այդ փաստը (տե'ս Էդգար Մարկոսյան և Զարուհի Գևորգյան ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ 0479/02/08 որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կազմակերպության և «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի փորձագիտական լաբորատորիաների կողմից տրված արձանագրություններում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական նորմերի դրույթները, հետևաբար դրանք դատարանը չի կարող որպես ապացույց գնահատել և դնել վճռի հիմքում: Դատարանը նշել է նաև, որ Ընկերությունը հայցապահանջի հիմքում որպես ապացույց դրել է վարչական շենքի հիմքի վրա կատարված աշխատանքները´ երկաթբետոնյա շապիկի տեսքով, սակայն նշված փաստի վերաբերյալ դատարան չի ներկայացրել համապատասխան մասնագիտական եզրակացություն, որը հիմնված կլիներ սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա´ համաձայնեցված պատվիրատուի հետ: Համաձայն փորձագետի եզրակացության´ վարչական շենքի հիմքերի ուժեղացման համար գործում առկա նախագծային լուծումը´ էսքիզը չի կարող ընդունվել որպես աշխատանքային նախագիծ, բացակայում է հիմքերի ամրացման համար բետոնի և ամրանի ընդհանուր ծախսերը և աշխատանքների կատարման նախահաշիվը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Ընկերության կատարած ծախսերը´ 6.548.000 ՀՀ դրամ գումարի չափով անհիմն են, քանի որ հայցվոր կողմը դատարանին որևէ հիմնավոր ապացույց չներկայացրեց, որ Լյովա Վարդանյանի կողմից առաքվել է անորակ տեսակի բետոն:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը փոփոխելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բետոնի ստուգվող նմուշների ամրության սեղմման մեթոդով փորձարկման արձանագրությունների համաձայն արձանագրվել է մատակարարված բետոնի որակի խախտում, և եզրահանգել է, որ ա) Լյովա Վարդանյանն Ընկերությանը մատակարարել է ոչ պատշաճ որակի արտադրանք. բ) Ընկերությունը ստիպված էր իրականացնելու լրացուցիչ 6.548.000 ՀՀ դրամի շինմոնտաժային աշխատանքներ:

Սույն գործի փաստերի համաձայն´ Ընկերության և Լյովա Վարդանյանի միջև 02.09.2009 թվականին կնքված մատակարարման պայմանագրի 1.1 կետով Լյովա Վարդանյանը պարտավորվել է Ընկերությանը վաճառել Բ-10, Բ-15, Բ-20, Բ-25 դասերի բետոն, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել և վճարել ապրանքի դիմաց: Նշված պայմանագրի հիման վրա 06.09.2009 թվականից մինչև 14.09.2009 թվականն ընկած ժամանակահատվածի թվով 8 հաշիվ-ապրանքագրերով Լյովա Վարդանյանը մատակարարել, իսկ Ընկերությունն ընդունել է M-150 և M-200 մակնիշի բետոն, համապատասխանաբար 56 մ3 և 80 մ3:

Կազմակերպության 04.10.2009 թվականի, 05.10.2009 թվականի, 06.10.2009 թվականի, 07.10.2009 թվականի, 08.10.2009 թվականի թվով երկու և 09.10.2009 թվականի «Բետոնի ստուգվող նմուշների ամրության փորձարկման´ սեղմման մեթոդով ըստ ԳՕՍՏ-10180-90» արձանագրությունների համաձայն´ մատակարարված բետոնը չի համապատասխանել M-150 և M-200 մակնիշի բետոնի նորմատիվ պահանջներին: Իսկ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի 15.10.2009 թվականի «Բետոնի ամրության փորձարկման, չքայքայող մեխանիկական մեթոդով ըստ ԳՕՍՏ-22690-88» արձանագրության համաձայն´ մատակարարված բետոնի ամրությունը 14.10.2009 թվականի´ փորձարկման օրվա դրությամբ, համապատասխանել է B-15 դասին:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 07.06.2010 թվականի թիվ 10-0479 եզրակացության «Հետևություններ» բաժնում փորձագետն արձանագրել է, որ՝

 -Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում նոր կառուցվող վարչական շենքի կոնստրուկտորական մասի նախագծային փաստաթղթերը սույն փորձաքննությանը տրամադրվել են ոչ ամբողջական: Բացի այդ հիմքերի շինարարական աշխատանքները համարվում են «Ծածկված աշխատանքներ», որոնց վերաբերյալ սույն գործի նյութերում բացակայում են համապատասխան ակտերը: Պետք է նշել նաև, որ միայն տեղազննմամբ և չափագրումով´ առանց քանդման և ուսումնասիրման հնարավոր չէ գնահատել վարչական շենքի հիմքերի առկա վիճակը:

-«Լյովա Վարդանյան» Ա/Ձ-ում չեն պահպանվել հարցում նշված բետոնի խմբաքանակների համար բետոնի նմուշներ,

-«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի կազմած առ 15.10.2009 թվականի արձանագրությունում որպես օբյեկտի անվանում ուղղակի նշված է´ «ք. Հրազդան, Ջերմաէլեկտրակայան, նոր կառուցվող ճաշարան»,

-փաստացի հնարավոր չէ ստուգել «Լյովա Վարդանյան» Ա/Ձ-ի կողմից առաքված´ հարցում նշված շինարարական արտադրանքի´ բետոնի ամրությունն արդեն իսկ կառուցված հիմքերում,

-վարչական շենքի հիմքերի ուժեղացման համար գործում առկա նախագծային լուծումը´ էսքիզը, չի կարող ընդունվել որպես աշխատանքային նախագիծ, բացակայում են հիմքերի ամրացման համար օգտագործվող բետոնի և ամրանի ընդհանուր ծախսերը և աշխատանքների կատարման նախահաշիվը: Հիմքերի ուժեղացման համար «երկաթբետոնյա շապիկի» անհրաժեշտությունը կարող է հիմնավորվել համապատասխան մասնագիտական եզրակացությամբ և հաշվարկների հիման վրա մշակված և սահմանված կարգով հաստատված ու համաձայնեցված նախագծի հիման վրա, որոնք սույն գործում բացակայում են: Վարչական շենքի կոնստրուկտորական մասի նախագծային փաստաթղթերը սույն փորձաքննությանը տրամադրվել են ոչ ամբողջական´ թվով երկու էջերի վրա, որոնք լիարժեք չեն բնութագրում կառուցվող շենքի կոնստրուկտիվ առանձնահատկություններն, ուստի նման պայմաններում հնարավոր չէ գնահատել և որոշել «Թորթոմշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված երկաթբետոն» շապիկի կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը: Իսկ 17.07.2010 թվականի դատական նիստի ընթացքում հարցաքննված´ նշված եզրակացությունը կազմած փորձագետ Զավեն Խլղաթյանի տված ցուցմունքի համաձայն´ առաքված բետոնը, նախագծային փաստաթղթերը և շինարարությունը մեկ ամբողջական շինարարական ցիկլ է: Կատարված ուսումնասիրությունները հիմնվել են տեղազննման և տրամադրված փաստաթղթերի վերլուծության վրա: Փորձաքննությանը չի տրամադրվել համապատասխան նորմատիվներով սահմանված փաստաթղթեր: Գործում առկա փաստաթղթերով և տվյալներով հնարավոր չի եղել տալ եզրահանգում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն´ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն´ դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ այլ փորաձագետի (մասնագիտացված փորաձագիտական հաստատության):

Ելնելով վերոգրյալից և սույն գործի փաստերը համադրելով´ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 07.06.2010 թվականի թիվ 10-0479 եզրակացությունն ամբողջական չէ:

Մասնավորապես, ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 07.06.2010 թվականի թիվ 10-0479 եզրակացության համաձայն´ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում նոր կառուցվող վարչական շենքի կոնստրուկտորական մասի նախագծային փաստաթղթերը սույն փորձաքննությանը տրամադրվել են ոչ ամբողջական: Բացի այդ հիմքերի շինարարական աշխատանքները համարվում են «Ծածկված աշխատանքներ», որոնց վերաբերյալ սույն գործի նյութերում բացակայում են համապատասխան ակտերը: Պետք է նշել նաև, որ միայն տեղազննմամբ և չափագրումով´ առանց քանդման և ուսումնասիրման հնարավոր չէ գնահատել վարչական շենքի հիմքերի առկա վիճակը: Փաստացի հնարավոր չէ ստուգել «Լյովա Վարդանյան» Ա/Ձ-ի կողմից առաքված բետոնի ամրությունն արդեն իսկ կառուցված հիմքերում: Բացի այդ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 07.06.2010 թվականի թիվ 10-0479 եզրակացության համաձայն´ վարչական շենքի հիմքերի ուժեղացման համար գործում առկա նախագծային լուծումը´ էսքիզը, չի կարող ընդունվել որպես աշխատանքային նախագիծ, բացակայում են հիմքերի ամրացման համար օգտագործվող բետոնի և ամրանի ընդհանուր ծախսերը և աշխատանքների կատարման նախահաշիվը, հնարավոր չէ գնահատել և որոշել «Թորթոմշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված երկաթբետոն» շապիկի կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը:

Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերն ամբողջական չէին, որի պատճառով փորձագետին առաջադրված հարցերին միանշանակ պատասխաններ հնարավոր չէր տալ, գտնում է, որ սույն գործով չի պարզվել մատակարարված բետոնի որակի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված բետոնի որակի չափորոշիչներին, հիմքերի ամրացման համար օգտագործված բետոնի և ամրանի ընդհանուր ծախսերը, ինչպես նաև չի պարզվել երկաթբետոն» շապիկի կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի նոր քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով հայեցողական լիազորությունն իրականացնելիս անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն´ մատակարարված բետոնի որակի համապատասխանության, երկաթբետոն» շապիկի կառուցման աշխատանքների անհրաժեշտության հարցերը, ինչպես նաև շինարարության ենթադրյալ թերությունները վերացնելու համար կատարած ենթադրյալ ծախսերի չափը պարզելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան´ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան