Գլխավոր տեղեկություն
Տիպ
Լրացուցիչ արձանագրություն
Ակտի տիպ
Base act (01.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրման ամսաթիվ
12.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները,

 

հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը` նպաստելով այս բնագավառում գործող և ապագա երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ներդաշնակությանը, թափանցիկությանը և օգտակարությանը, և հարցի վերաբերյալ որևէ համաձայնության բացակայության դեպքում նման ստուգումների համար ապահովելով անհրաժեշտ իշխանություններ,

 

ցանկանալով կատարելագործել և ուժեղացնել Կոնվենցիայի դրույթները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1. Դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչում

 

1. Նկատի ունենալով Կոնվենցիայի 3.2-րդ, 4.3.դ և 7.3.բ հոդվածները` Մասնակիցները փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքում Կոնվենցիայի այլ Մասնակից պետության մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու` մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասությունը` համաձայն ընդունող երկրի ազգային կանոնակարգերի: Նման ստուգումների արդյունքները միաժամանակ ուղարկվում են տվյալ մարզիկի կամ մարզուհու ազգային մարզական ֆեդերացիային, ընդունող երկրի ազգային հակադոպինգային կազմակերպությանը և միջազգային մարզական ֆեդերացիային:

2. Մասնակիցներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման ստուգումներ անցկացնելու համար, որոնք կարող են լրացնել նախորդ երկկողմ կամ այլ հատուկ պայմանագրերով անցկացվող ստուգումները: Միջազգայնորեն ճանաչված չափանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունները պետք է ստանան ISO որակի չափանիշների արտոնագիր դոպինգային ստուգումների համար` ճանաչված Մոնիտորինգային խմբի կողմից, որը հիմնված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա:

3. Մասնակիցները նմանապես ճանաչում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency (WADA) և դրա ղեկավարության ներքո գործող դոպինգային ստուգումների այլ կազմակերպությունների` իրենց մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու իրավասությունը` լինի դա Մասնակիցների տարածքում, թե այլ տեղ: Այդ ստուգումների արդյունքներն ուղարկվում են տվյալ մարզիկների կամ մարզուհիների ազգային հակադոպինգային կազմակերպությանը: Ցանկացած նման ստուգում անցկացվում է Կոնվենցիայի 1.3գ հոդվածում նշված մարզական կազմակերպությունների հետ համաձայնությամբ` համաձայն գործող կանոնակարգերի և ընդունող երկրի ազգային օրենքի դրույթների:

 

Հոդված 2. Կոնվենցիայի կիրառման ուժեղացում

 

1. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ստեղծված Մոնիտորինգային խումբը վերահսկում է Կոնվենցիայի կիրառումը և իրագործումը յուրաքանչյուր Մասնակցի կողմից: Այդ վերահսկումն իրականացնում է գնահատող խումբը, որի անդամներն այդ նպատակով նշանակվում են Մոնիտորինգային խմբի կողմից: Գնահատման խմբի անդամներն ընտրվում են հակադոպինգային բնագավառում իրենց իրավասության ճանաչման հիման վրա:

2. Գնահատող թիմը քննում է շահագրգիռ Մասնակիցների կողմից նախապես ներկայացված ազգային հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում իրականացնում է այցելություններ տեղում: Կոնվենցիայի իրականացման դիտարկումների հիման վրա նա ներկայացնում է գնահատման հաշվետվություն Մոնիտորինգային խմբին, որտեղ նշվում են նրա եզրակացությունները և հնարավոր առաջարկները: Գնահատման հաշվետվությունները պետք է հրապարակվեն: Շահագրգիռ Մասնակիցները գնահատման խմբի եզրակացությունների վերաբերյալ կարող են անել դիտողություններ, որոնք կազմում են հաշվետվության մասը:

3. Ազգային հաշվետվությունները պատրաստվում են, և այցելություններն անցկացվում են Մոնիտորինգային խմբի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` խորհրդակցելով շահագրգիռ Մասնակցի հետ: Մասնակիցները թույլատրում են գնահատող թիմի այցելությունը և շահագրգիռ ազգային մարմիններին խրախուսում են լիովին համագործակցել նրա հետ:

4. Գնահատումների գործող ընթացակարգը (ներառյալ Կոնվենցիայի կատարման գնահատման համար համաձայնեցված սխեման), այցելությունները և հետագա գործողությունները նշվում են Մոնիտորինգային խմբի կողմից ընդունված կանոններում:

 

Հոդված 3. Վերապահումներ

 

Սույն Արձանագրության դրույթների վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 4. Պարտավորված լինելու համաձայնության արտահայտում

 

1. Արձանագրությունը բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Կոնվենցիան ստորագրած ու դրա Մասնակից հանդիսացող այլ պետությունների համար, որոնք կարող են պարտավորված լինելու իրենց համաձայնությունը արտահայտել.

ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահումների.

բ) ստորագրությամբ, որը ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման, որին հաջորդում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Կոնվենցիան ստորագրող կողմը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահման և չի կարող ի պահ հանձնել իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նախապես կամ միաժամանակ չի հայտնել Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնությունը:

3. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 5. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված այն օրվանից, երբ Կոնվենցիայի հինգ Մասնակից պետություններն արտահայտել են 4-րդ կետի համաձայն դրանով պարտավորված լինելու իրենց համաձայնությունը:

2. Ցանկացած պետության դեպքում, որը հետագայում արտահայտում է դրանով պարտավորված լինելու իր համաձայնությունը, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից:

 

Հոդված 6. Միանալը

 

1. Արձանագրությունը ստորագրման համար բացելուց հետո ցանկացած պետություն, որը միանում է Կոնվենցիային, կարող է միանալ նաև սույն Արձանագրությանը:

Միանալն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, որն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` դրա ի պահ հանձնման օրվանից հետո:

 

Հոդված 7. Տարածքային կիրառում

 

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:

2. Ցանկացած պետություն հետագայում կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրով տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` այդ հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո:

3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարագիր այդ հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ կարող է չեղյալ հայտարարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ: Նման չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին:

 

Հոդված 8. Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ:

2. Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո վեցամսյա ժամանակահատվածի ավարտին:

 

Հոդված 9. Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից այլ Երկրներին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալ դրան.

ա) ստորագրության,

բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի ի պահ հանձնման,

գ) սույն Արձանագրության` 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն ուժի մեջ մտնելու,

դ) չեղյալ հայտարարելու,

ե) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վարշավայում, 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը փոխանցում է հաստատված օրինակները Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից պետություններին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալու դրան:

 

Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան