Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-11-Ո-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.977
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.06.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  ԱԽ-11-Ո-15

 2011թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

                  

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,
Հ. Փանոսյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Հ. Թորոսյանի


քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի հունիսի 3-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Հովհաննես Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 12.05.2011 թվականի թիվ N-Կ-2-9/2011 որոշմամբ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 10.05.2011 թվականի թիվ Ե-2367 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Թիվ ՎԴ2/0205/05/10 վարչական գործով Սևանի քաղաքապետարանը (այսուհետ` Հայցվոր) 22.07.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (նախագահող դատավոր` Հ. Թորոսյան) ընդդեմ Արտակ Սարգսյանի (այսուհետ` Պատասխանող)` 217.996 ՀՀ դրամ գույքահարկի գումարը հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու պահանջի մասին:

Հայցի հիմքում դրվել է Պատասխանողի կողմից գույքահարկի գումարների վճարումները չկատարելը, որի հետևանքով Սևանի համայնքի բյուջեի նկատմամբ նրա մոտ առաջացել են պարտավորություններ այդ հարկատեսակի գծով:

Դատարանի 17.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել նաև հետևյալ հանգամանքները և դրանք արձանագրել է վճռի պատճառաբանական մասում.

Գույքահարկի գծով Պատասխանողի պարտավորությունների առկայությունը հաստատվել է Հայցվորի կողմից կազմված հաշվարկներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Քանի որ սույն գործով Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, Դատարանը գտել է, որ նա ընդունել է Հայցվորի վկայակոչած փաստերը: Ուստի Դատարանը, հիմնվելով վերը նշված հանգամանքների վրա, հայցը բավարարել է ամբողջությամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Սարգսյանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, 04.03.2011 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 17.08.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Թիվ ՎԴ2/0127/05/10 վարչական գործով Արմինե Անտոնյանը և Մարիանա Արզումանյանը և նրանց կողմում երրորդ անձ հանդես եկող Օնիկ Արզումանյանը (այսուհետ` Համահայցվորներ), 10.06.2010թ. հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում) և երրորդ անձինք Աստղիկ Ժորայի Անտոնյանի և Անուշ Գուլակյանի` Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված 2008թ. դեկտեմբերի 4-ի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/5-ական բաժնի նկատմամբ Արմինե Անտոնյանի, Օնիկ և Մարիանա Արզումանյանների սեփականության իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Համահայցվորները պահանջի հիմքում դրել են Ստորաբաժանման կողմից Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ միայն Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարած լինելու հանգամանքը, որի արդյունքում իրենք զրկվել են նույն բնակարանի 1/5-ական բաժնեմասերից, իսկ հետագայում Աստղիկ Անտոնյանը բնակարանը վաճառել է Անուշ Գուլակյանին:

Դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Դատարանի վճռի դեմ բողոք են ներկայացրել Արմինե Անտոնյանը, Մարիանա և Օնիկ Արզումանյանները, որը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010թ. որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության:

Թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործով Դատարանի նախագահի 01.04.2011թ. թիվ 004-Ա հրամանով Դատարանի 12 դատավորներ, այդ թվում նաև Դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հ. Թորոսյանը 04.04.2011 թվականից մինչև 08.04.2011 թվականը համարվել են գործուղման մեջ Գերմանիայի Դաշնությունում:

Վլադիմիր Սարկիսյանը 04.04.2011թ. հայցադիմում է ներկայացրել Դատարանի Սևանի նստավայր ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ Վահան Մարգարյանի` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.03.2011թ. թիվ 61-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Հայցվորին Դարանակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված ճանաչելու պահանջների մասին, սակայն հայցադիմումը ԴՆԽ թիվ 23-Լ որոշմամբ սահմանված կարգով Դատարանում չի մուտքագրվել:

Ստացված հայցադիմումը դատավոր Հ. Թորոսյանի 11.04.2011 թվականի գրությամբ ուղարկվել է ՀՀ վարչական դատարանի կենտրոնական նստավայր:

Նշված գրությունը կից փաստաթղթերով հանձնվել է փոստային ծառայությանը 13.04.2011 թվականին, որը ՀՀ վարչական դատարանի կենտրոնական նստավայրում ստացվել է 15.04.2011 թվականին:

ՀՀ վարչական դատարանի 22.04.2011 թվականի որոշմամբ հայցը բավարարվել է:

Նշված հայցադիմումը Դատարանում չմուտքագրելու կապակցությամբ դատավոր Հ. Թորոսյանի գործավար Գ. Մանուկյանի կողմից տրված բացատրության մեջ նշված է նաև, որ 2011 թվականի ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Դատարանի Սևանի նստավայրում ստացված գործերը, այդ թվում նաև վերոնշյալ գործը պահվել են նստավայրի գրասենյակում, և դրանք չեն մուտքագրվել, քանի որ դատավոր Հ. Թորոսյանի կողմից իրեն հանձնարարվել է իր բացակայության ժամանակահատվածում դատարանում ստացված վարչական գործերը չմուտքագրել:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, գտել է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանը թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 Այսպես`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները` ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների և դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը և դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը, որի 8-րդ մասի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նիստը նախագահողը կազմակերպում և ղեկավարում է դատական նիստը` ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտության համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածը սահմանում է վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները, որի 4-րդ մասի համաձայն` ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն և լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները ստանալուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2010թ. թիվ 01-Ն որոշմամբ սահմանվել է «Դատավորի վարքագծի կանոնները», որի 17-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իրեն կցված ծառայողներից պահանջել իրենց գործի նկատմամբ նվիրված և բարեխիղճ մոտեցում:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ՎԴ2/0205/05/10 վարչական գործով Քաղաքապետարանը 22.07.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի` 217.996 ՀՀ դրամ գույքահարկի գումար հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու պահանջի մասին: Հայցի հիմքում դրվել է Արտակ Սարգսյանի կողմից գույքահարկի գումարների վճարումները չկատարելը, որի հետևանքով Սևանի համայնքի բյուջեի նկատմամբ նրա մոտ առաջացել են պարտավորություններ այդ հարկատեսակի գծով: Դատարանի 17.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ Դատարանը հայցը բավարարելու մասին վճռի պատճառաբանական մասում նշել է նաև հետևյալ փաստարկները.

1. Գույքահարկի գծով Պատասխանողի պարտավորությունների առկայությունը հաստատվել է Հայցվորի կողմից կազմված հաշվարկներով,

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում, և քանի որ սույն գործով Արտակ Սարգսյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, Դատարանը գտել է, որ նա ընդունել է Հայցվորի վկայակոչած փաստերը:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 28.09.2006թ. թիվ 3-1772 (ՎԴ) որոշմամբ անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին: Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում` 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարաման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը: Գույքահարկի պարտքի առկայությունը 1999-2002 թվականների ժամանակաշրջանի համար օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էր հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում` տեղական ինքնակառավարման մարմինը: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ սույն գործով հայցն ամբողջությամբ բավարարելիս Դատարանը չի անդրադարձել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառելիության հարցին, որի արդյունքում կոպտորեն խախտվել են նշված հոդվածի պահանջները և այդ հոդվածով երաշխավորված Պատասխանողի իրավունքները:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, որը Դատարանի կողմից դիտվել և գնահատվել է որպես Պատասխանողի կողմից Հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Պատասխանողը փոստային առաքման միջոցով 28.07.2010 թվականին Դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որը Դատարանում ստացվել է 02.08.2010 թվականին:

Հետևաբար Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը ոչ միայն օրենքով սահմանված կարգով չի անդրադարձել հայցադիմումի պատասխանով բերված փաստարկներին և չի գնահատել դրանք, այլև վճռում արձանագրել է, որ Պատասխանողի կողմից չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, և անհիմն կերպով այդ հանգամանքը դիտել է Պատասխանողի կողմից Հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում` դրանք մեկնաբանելով ի վնաս Պատասխանողի այն դեպքում, երբ 02.08.2010թ. Դատարանում արդեն իսկ ստացված է եղել Պատասխանողի կողմից ուղարկված հայցադիմումի պատասխանը:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ հարկ է համարում նշել, որ Դատարանը սույն գործով լրիվ և բազմակողմանի հետազոտության առարկա չի դարձրել գործում առկա նյութերը և այս պայմաններում վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը` անհիմն ձևով Հայցվորի վկայակոչած փաստերը դիտել և գնահատել է որպես Պատասխանողի կողմից դրանց ընդունում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից սույն գործով թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 8-րդ մասի, 92-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ՎԴ2/0127/05/10 վարչական գործով Արմինե Անտոնյանը և Մարիանա Արզումանյանը և նրանց կողմում երրորդ անձ հանդես եկող Օնիկ Արզումանյանը, 10.06.2010թ. հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Ստորաբաժանման և երրորդ անձինք Աստղիկ Ժորայի Անտոնյանի և Անուշ Գուլակյանի` Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված 2008թ. դեկտեմբերի 4-ի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/5-ական բաժնի նկատմամբ Արմինե Անտոնյանի, Օնիկ և Մարիանա Արզումանյանների սեփականության իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Կարգապահական հանձնաժողովը նախ արձանագրում է, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ հարկ է համարում նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան են ներկայացվում երկու և ավելի հայցապահանջներ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը: Սույն գործով հայցի առարկան է 04.12.2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու և Ստորաբաժանմանը որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջը:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ սույն գործով հիմնական պահանջն առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելն է, իսկ Անուշ Գուլակյանի անվամբ 09.12.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը և Ստորաբաժանմանը որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջը առուվաճառքի պայմանագրի իրավական հետևանքներն են:

Հետևաբար Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ սույն գործը Դատարանն ընդունել է վարույթ և վճիռ է կայացրել ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ սույն գործը Վարչական դատարանի քննությանը ենթակա չի եղել:

Միաժամանակ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանը սույն գործով հայցը մերժելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ բնակարանի սեփականաշնորհման ժամանակ Համահայցվորները և Օնիկ Արզումանյանը, գրանցված լինելով բնակարանում, մշտապես բնակվել են ՀՀ-ում: Հետևաբար նրանց համար օրենքի համապատասխան պայմաններ առկա են եղել բնակարանի սեփականաշնորհման ժամանակ հանդես գալու որպես բնակարանի համասեփականատերեր: Դատարանն արձանագրել է նաև այն հանգամանքը, որ համաձայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի` վիճելի բնակարանի միակ սեփականատերը Ժորա Անտոնյանն է եղել, և այլ նշում առկա չէ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ: Բացի այդ, Դատարանը նաև արձանագրել է, որ գործում առկա փաստաթղթերով ոչ թե ապացուցվում է Համահայցվորների և Օնիկ Արզումանյանի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, այլ բնակարանի սեփականաշնորհման պահին այդպիսի իրավունք ձեռք բերելու հնարավորությունը, որը, սակայն, ժամանակին չի իրագործվել, և համապատասխան գրանցում չի կատարվել:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանն անհիմն ձևով մերժել է հայցը, քանի որ Համահայցվորները և Օնիկ Արզումանյանը «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիմքով վիճելի բնակարանի նկատմամբ արդեն իսկ ձեռք էին բերել սեփականության իրավունք, որպիսի հանգամանքը հաստատվել է նաև ՀՀ վճռաբեկ թիվ ՎԴ2/0127/05/10 որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից սույն գործով թույլ են տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործով Վլադիմիր Սարկիսյանը 04.04.2011թ. հայցադիմում է ներկայացրել Դատարանի Սևանի նստավայր ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ Վահան Մարգարյանի` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.03.2011թ. թիվ 61-Ա որոշումն անվավեր ճանաչելու և հայցվորին Դարանակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված ճանաչելու պահանջների մասին, սակայն հայցադիմումը ԴՆԽ թիվ 23-Լ որոշմամբ սահմանված կարգով Դատարանում չի մուտքագրվել:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածը սահմանում է վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները, որի 4-րդ մասի համաձայն` ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն և լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները ստանալուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները` ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների և դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը և դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

«Դատավորի վարքագծի կանոնների» 17-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իրեն կցված ծառայողներից պահանջել իրենց գործի նկատմամբ նվիրված և բարեխիղճ մոտեցում:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ ստացված հացադիմումը դատավոր Հ. Թորոսյանի 11.04.2011 թվականի գրությամբ ուղարկվել է Դատարանի կենտրոնական նստավայր, որը, սակայն, հանձնվել է փոստային ծառայություն 13.04.2011թ.:

Նշված հայցադիմումը Դատարանում չմուտքագրելու կապակցությամբ դատավոր Հ. Թորոսյանի գործավար Գ. Մանուկյանի կողմից տրված բացատրության մեջ նշված է նաև, որ 2011 թվականի ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի Սևանի նստավայրում ստացված գործերը, այդ թվում նաև վերոնշյալ գործը պահվել են նստավայրի գրասենյակում, և դրանք չեն մուտքագրվել, քանի որ դատավոր Հ. Թորոսյանի կողմից իրեն հանձնարարվել է իր բացակայության ժամանակահատվածում Դատարանում ստացված վարչական գործերը չմուտքագրել:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ Դատարանի նախագահի 01.04.2011թ. թիվ 004-Ա հրամանով Դատարանի 12 դատավորներ, այդ թվում նաև Դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հ. Թորոսյանը 04.04.2011 թվականից մինչև 08.04.2011 թվականը համարվել են գործուղման մեջ Գերմանիայի Դաշնությունում:

Կարգապահական հանձնաժողովը, հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանը, տեղյակ լինելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի կարգով ներկայացված հայցադիմումների քննության ժամկետների մասին, չի ցուցաբերել կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ, որի արդյունքում սույն գործով թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործի քննության ժամկետի խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանն իր գործավարից (որը համարվում է իրեն կցված դատական ծառայող) չի պահանջել իր գործի նկատմամբ նվիրված և բարեխիղճ մոտեցում, դեռ ավելին, ըստ գործավարի կողմից ներկայացված բացատրության` դատավոր Հ. Թորոսյանի կողմից հանձնարարվել է իր բացակայության ժամանակահատվածում Դատարան ներկայացվող վարչական գործերը չմուտքագրել, որը մինչդեռ ՀՀ ԴՆԽ թիվ 23-Լ որոշմամբ սահմանված պահանջ է:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից թիվ ՎԴ2/0205/05/10, թիվ ՎԴ2/0127/05/10 և թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործերով թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 8-րդ մասի, 92-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի, «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 10-րդ մասի և «Դատավորի վարքագծի կանոնների» 17-րդ կանոնի կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական, նյութական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել դատավարական, նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Հ. Թորոսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«1. Թիվ ՎԴ2/0205/03/10 վարչական գործի վերաբերյալ

Այդ գործով վճիռ կայացնելիս դատարանը հիմնվել է հետևյալ հանգամանքների վրա.

Վեճի առարկա հանդիսացող Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի վրա գտնվող 607 քմ մակերեսով շինությունը 2006թ. սեպտեմբերի 28-ի թիվ 1055498 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` որպես սեփականություն, անցել է Ա. Սարգսյանին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Նշված գործի փաստերի համաձայն` շինության նկատմամբ Ա. Սարգսյանի իրավունքը ծագել է 2006թ. սեպտեմբերի 28-ին: Գույքահարկի գծով նրա պարտավորություններն առաջացել են 2006թ. հոկտեմբերի 1-ից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված է, որ նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:

Գործի փաստերի համաձայն` Ա. Սարգսյանի պարտքի գումարը կազմել է 155.616 դրամ: Օրենքով սահմանված ժամկետներում գույքահարկի գումարները պետական բյուջե չվճարելու համար հայցվորը Պատասխանողի նկատմամբ հաշվարկել է տույժ, որի գումարը կազմել է 62.380 դրամ: Գույքի նկատմամբ Ա. Սարգսյանի սեփականության իրավունքի ծագման պահի դրությամբ դրա վերաբերյալ չմարված նախկին պարտավորություններ չեն եղել:

Սևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցով Ա. Սարգսյանի նկատմամբ 1999-2002թթ. վերաբերյալ գույքահարկի գծով պարտավորությունների բռնագանձման մասին պահանջ ներկայացված չի եղել:

 Սևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցով պահանջները վերաբերել են միայն 2006-2009 թվականներին, որը երևում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման 3-րդ էջի տեղեկություններից:

Այդ պատճառով դատարանը հիմք չի ունեցել 1999-2002թթ. գույքահարկի մասով անդրադառնալու «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառման հարցին:

Սևանի քաղաքապետարանի հայցադիմումն ընդունելով վարույթ և գործը քննելով` ես հիմնվել եմ այն կանխավարկածի վրա, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերաբերյալ պարտավորությունները կատարված են և դրա հիման վրա էլ հայցվորը գույքահարկի գծով պարտավորություններ է հաշվարկել Ա. Սարգսյանի նկատմամբ:

Այդ գնահատականին հանգել եմ այն հանգամանքը նկատի ունենալով, որ բացի 2006 թվականից, մնացած` 2007, 2008 և 2009 թվականների համար Ա. Սարգսյանի նկատմամբ հաշվարկվել են միևնույն գումարի, այն է` 45.546 դրամի չափով գույքահարկ: Դա ինձ հիմք է տվել եզրահանգելու, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` Ա. Սարգսյանին պատկանող շինության համար հետագա երեք տարիների գույքահարկի գումարները հաշվարկելու վերաբերյալ, կատարված են:

Բացի դա, նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:

Նկատի ունենալով օրենքի վերոնշյալ դրույթները` եկել եմ այն եզրահանգման, որ հայցը հիմնավորված է լրիվ ծավալով, և այն բավարարվել է:

Ինչ վերաբերում է Ա. Սարգսյանի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացրած լինելուն, սակայն վճռով ներկայացրած չլինելու մասին հիշատակմանը, ապա դրա միակ բացատրությունն այն է, որ դա իմ անուշադրության հետևանքն է, որը իրենում դիտավորություն չի պարունակում:

2. Թիվ ՎԴ2/0127/03/10 վարչական գործի վերաբերյալ

Նշված գործով Արմինե Ժորայի Անտոնյանը, Մարիանա Արթուրի Արզումանյանը և նրանց կողմում հանդես եկող երրորդ անձ Օնիկ Արզումանյանը, հայցադիմում ներկայացնելով ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձինք` Աստղիկ Ժորայի Անտոնյանի և Անուշ Գուլակյանի դեմ` պահանջել են անվավեր ճանաչել Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված 2008թ. դեկտեմբերի 4-ի առուվաճառքի պայմանագիրը և պարտավորեցնել Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/5-ական բաժնի նկատմամբ գրանցելու Արմինե Անտոնյանի, Օնիկ և Մարիանա Արզումանյանների սեփականության իրավունքները:

Հայցվորների կողմից ներկայացրած պահանջներից հետևում է, որ հիմնական պահանջը վերաբերում է Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, որն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, քանի որ վիճարկվում է վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի, այն է` Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափ լինելը:

Այդ պահանջը հիմնական է եղել, քանի որ առանց վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, հնարավոր չէր լուծել նույն Աստղիկ Անտոնյանի կողմից բնակարանն Անուշ Գուլակյանին վաճառելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիրը և կադաստրի Իջևանի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնելու բնակարանի 1/5-ական մասի նկատմամբ գրանցելու հայցվորների և նրանց կողմում հանդես եկող երրորդ անձ Օնիկ Արզումանյանի սեփականության իրավունքը:

Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը դիտելով որպես հիմնական պահանջ և գործն ընդունելով վարույթ` հիմնվել եմ մի քանի պահանջներով գործերը վարույթ ընդունելու հարցով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2008թ. փետրվարի 11-ի թիվ 113 որոշման 5-րդ կետի վրա, որով նախատեսված է.

«Այն դեպքերում, երբ դատարան է ներկայացվում հայցադիմում, որը վերաբերում է տարբեր դատարաններին ընդդատյա (ընդհանուր իրավասության և վարչական դատարանների առարկայական ընդդատություն) միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճին, ապա գործը քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

Հիմնական է համարվում այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է հետևանք ներկայացնող պահանջների լուծումը»:

Սույն գործով Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, իմ գնահատմամբ, չէր կարող հիմնական պահանջ դիտվեր, քանի որ այն չէր կանխորոշելու Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի լուծման ելքը, որովհետև իրավունքի պետական գրանցումն է հիմք հանդիսացել բնակարանի սեփականատեր դառնալու, որն էլ Աստղիկ Անտոնյանին իրավունք է վերապահել բնակարանի օտարման պայմանագիր կնքելու Անուշ Գուլակյանի հետ:

Եթե հիմնական պահանջը վերաբերեր բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելուն, ապա դատարանը հայցադիմումը վարույթ չէր ընդունի և գործը չէր քննի` հայցվորներին տեղեկացնելով, որ այդ դեպքում գործն ընդդատյա կլինի ընդհանուր իրավասության դատարանին:

Իսկ ընդհանուր իրավասության դատարան այդպիսի հայց ներկայացնելու դեպքում էլ այն վարույթ չէր ընդունվի կամ ընդունվելու դեպքում գործի վարույթը կկարճվեր կամ հայցը կմերժվեր, քանի որ այդ դատարանը կպարզեր, որ սույն վեճով հիմնական պահանջն Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելն է, առանց որի հնարավոր չէր լինի լուծել նրա կողմից բնակարանն Անուշ Գուլակյանին օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրի անվավեր ճանաչելու մասին պահանջով վեճը:

Գործի քննության ընթացքում դատարանը պարզել է, որ Աստղիկ Անտոնյանը բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Այդ վճռի համաձայն` բնակարանի նկատմամբ գրանցվել է Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքը, որից հետո նա բնակարանը վաճառել է Անուշ Գուլակյանին:

Այդ պայմաններում եզրահանգել եմ, որ հնարավոր չէ բավարարել հայցը, քանի որ Անուշ Գուլակյանը բնակարանը ձեռք է բերել ձեռքբերման պահին դրա նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձից, այսինքն` օրինական ճանապարհով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերն հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Քանի որ բնակարանի օտարման պահին Աստղիկ Անտոնյանը եղել է դրա միակ սեփականատերը և ունեցել է դա հաստատող 2008թ. հուլիսի 2-ին տրված թիվ 2593567 սեփականության իրավունքի վկայականը, որի մասին տեղյակ է եղել գնորդ Անուշ Գուլակյանը, ուստի այդ իրավիճակը գնահատել եմ որպես սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հնարավորություն չտվող հանգամանք, որից ելնելով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը իմ եզրահանգումը համարել է սխալ և վճիռը բեկանել է, որի վերաբերյալ իրավունք չունեմ առարկելու կամ վճռով արտահայտած դիրքորոշումից դուրս իրավական տեսակետ արտահայտելու:

3. Թիվ ՎԴ 1392/05/11 գործի վերաբերյալ

Նշված գործը կապված է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի հետ: ՀՀ վարչական դատարանի Սևանի նստավայրի գոյության ժամանակահատվածում այդպիսի միայն մեկ գործ է մուտքագրվել, այն էլ` 2008թ. հոկտեմբերին: Հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով առաջադրված պահանջներին համապատասխան կազմված չլինելու հիմքով վերադարձվել է: Հետագայում հայցադիմումը կրկին դատարան չի ներկայացվել, որի պատճառով գործն ավարտվել է:

Դրանից հետո` ընդհուպ մինչև իմ` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման մեկնելուց առաջ վերջին աշխատանքային, այն է` 2011թ. ապրիլի 1-ի ուրբաթ օրը, այդ բնույթի գործ դատարանում չի ստացվել, հետևաբար նաև մուտք չի արվել: Գործուղման մեկնելուն նախորդող աշխատանքային օրվա ավարտից առաջ` 2011թ. ապրիլի 1-ի ժամը 17:50-ի սահմաններում, նստավայրի դատական նիստերի քարտուղարին և դատավորի գործավար Գ. Մանուկյանին համապատասխան հանձնարարություններ եմ տվել իմ բացակայության ընթացքում իրենց պաշտոնի անձնագրերով նախատեսված պարտականությունների կատարման վերաբերյալ:

Գ. Մանուկյանին հանձնարարել եմ սահմանված կարգով մուտքագրել նստավայրում ստացվող բոլոր տեսակի փաստաթղթերը, այդ թվում` հայցային վարույթի և վճարման կարգադրության վարույթի կարգով ստացվող հայցադիմումները: Այդ հանձնարարությունը տվել եմ Համլետ Համբարձումյանի ներկայությամբ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացված են եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին` նրան դատավորի օգնականի պաշտոնում նշանակելու համար, քանի որ դատավորի օգնական Արթուր Մովսիսյանը դիմած է եղել աշխատանքից ազատվելու մասին` Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու կապակցությամբ: Նրա աշխատանքից ազատումը պետք է տեղի ունենար 04.04.2011թ-ից:

Որպեսզի դատավորի օգնականի թեկնածու Համլետ Համբարձումյանը տիրապետի գործի մանրամասներին, նրան խնդրել էի մինչև պաշտոնի նշանակման հարցի լուծումը, իմ գործուղման մեջ գտնվելու շաբաթվա ընթացքում` 2011թ. ապրիլի 4-8-ը, հաճախի նստավայր և ծանոթանա դատավորի օգնականի աշխատանքի բնույթին:

Հ. Համբարձումյանին խնդրել եմ նաև գործերին ծանոթանալուն զուգահեռ 2011թ. ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում նստավայրում մուտքագրված հայցադիմումների վերաբերյալ նախապատրաստի համապատասխան դատական ակտեր` 2011թ. ապրիլի 11-ի ամսաթվով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործուղումից հետո աշխատանքի պետք է հաճախեի այդ օրվանից, որը երկուշաբթի էր, և այդ օրն էլ համապատասխան դատական ակտերը պետք է ստորագրեի, և դրանք պետք է ուղարկվեին դատավարության մասնակիցներին:

2011թ. ապրիլի 11-ին գալով աշխատանքի` ժամը 11-ի սահմաններում դատավորի գործավար Գ. Մանուկյանն ինձ է ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործը, որը մուտքագրված էր 2011թ. ապրիլի 11-ով: Ծանոթանալով հայցի առարկային` անմիջապես գրություն եմ պատրաստել գործը Երևան` ՀՀ վարչական դատարան ուղարկելու մասին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված բնույթի վեճերը քննվում են կոլեգիալ` ՀՀ վարչական դատարանի 5 դատավորի կազմով:

Գրությունը ստորագրել և գործի հետ այն հանձնել եմ Գ. Մանուկյանին` հանձնարարելով անհապաղ ելքագրել և տալ ցրիչին` փոստային ծառայությանը հանձնելու համար: Այդ հանձնարարությունը Գ. Մանուկյանին տվել եմ մինչև կեսօր, երեք անգամ` ցրիչ Համբարձում Թադևոսյանի, դատական կարգադրիչների և Համլետ Համբարձումյանի ներկայությամբ: Համբարձում Թադևոսյանը գործը տարել է փոստային ծառայությանը հանձնելու:

Նստավայրի պրակտիկան վկայում է այն մասին, որ տվյալ օրը փոստային ծառայությանը հանձնված փոստային առաքանին հաջորդ օրն արդեն ուղարկվում է Երևան, և եթե ոչ նույն օրը, ապա մյուս օրն այն հանձնվում է հասցեատիրոջը:

Հետագայում, երբ 2011թ. ապրիլի 20-ին ՀՀ վարչական դատարանի աշխատակազմից հետաքրքրվել են գործն ուշ ուղարկելու պատճառների մասին, պարզվել է, որ այդ գործը «Հայփոստի» Սևանի մասնաճյուղին է հանձնվել երկու օր ուշացումով, այն է` 2011թ. ապրիլի 13-ին: Իսկ փոստային ծառայությունը գործը Երևան` ՀՀ վարչական դատարան է հանձնել 2011թ. ապրիլի 15-ին:

Ստուգելով պատճառները` պարզվել է, որ ցրիչ Հ. Թադևոսյանը, գործը 2011թ. ապրիլի 11-ին ստանալով, այդ օրը չի հանձնել փոստային ծառայությանը, այլ երկու օր ուշ` 2011թ. ապրիլի 13-ին, որն էլ այն ՀՀ վարչական դատարան է հանձնել ապրիլի 15-ին:

Այդ կապակցությամբ դատավորի գործավար Գ. Մանուկյանին խիստ դիտողություն եմ արել առ այն, որ չի կատարել իմ հանձնարարությունը և չի համոզվել, որ գործը հենց ապրիլի 11-ին էլ հանձնվել է փոստային ծառայությանը: Նույն դիտողությունն արել եմ նաև ցրիչ Հ. Թադևոսյանին:

Դրանից երկու ժամ անց, Հ. Թադևոսյանն իր նախաձեռնությամբ, առանց իմ կողմից այդ մասին պահանջ առաջադրելու, մտել է իմ աշխատասենյակ և դիմում ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվելու մասին: Երբ ես նրան հարցրեցի, թե ինչն է դրա պատճառը, նա հայտնեց, որ հետագայում կարող է նման խախտում նորից կատարել, որի դեպքում ինքն այլևս չի կարող շարունակել աշխատել: Որպեսզի դատավորին այդպիսի նոր իրավիճակի մեջ չդնի, նպատակահարմար է գտնում ազատվել աշխատանքից:

Ես համաձայնության մակագրություն եմ արել նրա դիմումի վրա, որն ուղարկվել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարին: Աշխատակազմի ղեկավարի հրամանով էլ Հ. Թադևոսյանն ազատվել է աշխատանքից:

Գործուղումից հետո աշխատանքի գալով` 2011թ. ապրիլի 12-ին և ապրիլի 13-ին անցկացրել եմ 7-ական դատական նիստ: Համոզված լինելով, որ ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված գործը ժամանակին հանձնվել է փոստային ծառայությանը, 2011թ. ապրիլի 11-ից հետո ես այդ հարցով դատավորի գործավարին չեմ դիմել: Դրան անդրադառնալու պատճառը եղել է 2011թ. ապրիլի 20-ին ՀՀ վարչական դատարանից այդ գործն ուշ ուղարկելու մասին հեռախոսային հարցումներ կատարելը:

Քանի որ մինչև գործուղման մեկնելն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բնույթի գործ դատարանում մուտքագրվել էր ընդամենը մեկ անգամ, այն էլ 2008թ. հոկտեմբերին, ուստի իմ մտքով չի անցել, որ նման գործ կարող է ստացվել, որից ելնելով էլ այդպիսի դեպքերի համար կոնկրետ հանձնարարական տայի դատավորի գործավարին:

Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալուց հետո եմ տեղեկացել, որ Գ. Մանուկյանը բացատրություն է տվել այն մասին, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման մեկնելուց առաջ իբր նրան հանձնարարել եմ իմ բացակայության ժամանակ նստավայրում ստացվող հայցադիմումները սահմանված կարգով չմուտքագրել:

Այդ մասին տեղեկանալուց հետո Գ. Մանուկյանին հարցրել եմ, թե երբ եմ իրեն այդպիսի հանձնարարություն տվել և դրան կոնկրետ ինչ հիմնավորում եմ տվել: Այդ հարցերին նա որևէ պատասխան չի տվել: Միաժամանակ չի կարողացել բացատրել, թե ինչ դրդապատճառներից ելնելով է իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն հայտնել:

Սույն բացատրությունը կազմելիս ինքս ինձ հարց եմ տվել. ինչ որոշակի դրդապատճառ կարող էր լինել, որից ելնելով` ես դատավորի գործավարին հանձնարարություն տայի նստավայրում ստացվող հայցադիմումները սահմանված կարգով չմուտքագրելու վերաբերյալ: Միակ հնարավոր դրդապատճառը կարող էր լինել դատավարական ժամկետները խախտելու վտանգը:

Մինչդեռ այդպիսի վտանգ չէր կարող առաջանալ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված է, որ հայցադիմումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

Օրենքի վերոնշյալ դրույթներից հետևում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իմ գործուղման մեջ լինելու ընթացքում նստավայրում հայցային վարույթի կարգով հայցադիմումներ ստացվելու դեպքում, սկսած գործուղման մեջ լինելու առաջին իսկ օրից, այն է` 2011թ. ապրիլի 4-ից, դրանց բոլորի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորություն դատավորն ունեցել է 2011թ. ապրիլի 11-ի երկուշաբթի օրվանից սկսած: Այսինքն` ապրիլի 4-ի երկուշաբթի օրը ստացված հայցադիմումների վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետը լրանալու վերջին օրվա, այն է` 2011թ. ապրիլի 11-ի դրությամբ, դատավորն օրենսդրական հնարավորություն ուներ համապատասխան որոշումներ կայացնելու և ուղարկելու կողմերին կամ միայն հայցվորին:

Հենց այդ պայմանավորվածությամբ էլ ես մեկնել եմ Գերմանիա, որտեղից վերադառնալուց հետո առաջին իսկ աշխատանքային օրը` 2011թ. ապրիլի 11-ին, կայացրել եմ հայցադիմումները վարույթ ընդունելու մասին 19 որոշում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված է, որ դատավորը հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, կարող է`

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը կամ մասամբ մերժել այն` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

Օրենքի այդ դրույթներից հետևում է, որ մեկ շաբաթով աշխատանքից իմ բացակայության ընթացքում նստավայրում ստացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումներին ընթացք տալու համար բավականաչափ ժամանակ է եղել այն իմաստով, որ, 2011թ. ապրիլի 11-ին գալով աշխատանքի, ես դեռևս մեկ շաբաթ ժամանակ ունեի 2011թ. ապրիլի 4-ին ստացված վճարման կարգադրություններ արձակելու մասին հայցադիմումների վերաբերյալ որոշումներ ընդունելու: 2011թ. ապրիլի 11-ին աշխատանքի գալով, հենց այդ օրն էլ արձակել եմ թվով 53 վճարման կարգադրություն, որոնցից 51-ը մուտքագրված է եղել 2011թ. ապրիլի 4-5-ին, կամ իմ գործուղման մեջ գտնվելու ժամանակ:

Վերոշարադրյալից հետևում է, որ որևէ դրդապատճառ չի եղել դատավորի գործավար Գ. Մանուկյանին հանձնարարելու, որպեսզի նա իմ բացակայության ընթացքում` 2011թ. ապրիլի 4-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, դատարանում ստացված հայցադիմումները չմուտքագրի:

Նույնիսկ մեկ շաբաթից ավելի ժամկետով դատավորի բացակայելու դեպքում ժամկետների խախտման վտանգ ծագելու հարց չէր կարող առաջանալ, որովհետև նման դեպքերում, օրինակ` երբ դատավորը հերթական արձակուրդի մեջ է, բոլոր գործերը, ըստ կարգի, մուտքագրվում են և ուղարկվում Երևան` ՀՀ վարչական դատարան, ընթացք տալու համար:

Գ. Մանուկյանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ ես նրան հանձնարարել եմ իմ բացակայության ընթացքում դատարանում ստացված գործերը չմուտքագրել. հերքվում է նաև այն փաստով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իմ գործուղման մեջ գտնվելու ժամանակ, 2011թ. ապրիլի 4-ին և 5-ին, նա սահմանված կարգով մուտքագրել է վճարման կարգադրություն արձակելու մասին թվով 51 հայցադիմում, որը հաստատվում է նրա իսկ կողմից կազմված և սույն բացատրությանը կից տեղեկանքով:

Հետևաբար, եթե ես նրան հանձնարարել եմ գործերը չմուտքագրել, ապա ինչպես է ստացվել, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին հայցադիմումները մուտքագրել է, իսկ հայցային վարույթի կարգով ներկայացված հայցադիմումները` ոչ:

Այսինքն` Գ. Մանուկյանը, դատավորի գործավարի իր անմիջական պարտականությունները և դրա վերաբերյալ իմ հանձնարարությունները չկատարելով, այդ ամենի մեղքը բարդել է դատավորի վրա:

Դրանից հետևում է, որ նստավայրում ստացվող հայցադիմումները չմուտքագրելու վերաբերյալ իմ կողմից հանձնարարություն տրված լինելու մասին Գ. Մանուկյանի բացատրությունը չի համապատասխանում իրականությանը:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

Թիվ ՎԴ2/0205/05/10 վարչական գործով.

1. Հայցվորը 22.07.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի` 217.996 ՀՀ դրամ գույքահարկի գումարը հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու պահանջի մասին:

2. Դատարանի 17.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

3. Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել և արձանագրել վճռի պատճառաբանական մասում նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Քանի որ սույն գործով Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, Դատարանը գտել է, որ նա ընդունել է Հայցվորի վկայակոչած փաստերը: Ուստի Դատարանը, հիմնվելով նաև նշված հանգամանքի վրա, հայցը բավարարել է ամբողջությամբ:

4. Պատասխանողը փոստային առաքման միջոցով 28.07.2010 թվականին Դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որը Դատարանում ստացվել է 02.08.2010 թվականին:

5. Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Սարգսյանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, 04.03.2011 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 17.08.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Թիվ ՎԴ2/0127/05/10 վարչական գործով.

1. Համահայցվորները 10.06.2010թ. հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Ստորաբաժանման և երրորդ անձինք Աստղիկ Ժորայի Անտոնյանի և Անուշ Գուլակյանի` Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված 2008թ. դեկտեմբերի 4-ի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/5-ական բաժնի նկատմամբ Արմինե Անտոնյանի, Օնիկ և Մարիանա Արզումանյանների սեփականության իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

2. Համահայցվորները պահանջի հիմքում դրել են Ստորաբաժանման կողմից Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ միայն Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարած լինելու հանգամանքը, որի արդյունքում իրենք զրկվել են նույն բնակարանի 1/5-ական բաժնեմասերից, իսկ հետագայում Աստղիկ Անտոնյանը բնակարանը վաճառել է Անուշ Գուլակյանին:

3. Դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

4. Դատարանի վճռի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ և 27.12.2010թ. որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության:

Թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործով.

1. Դատարանի նախագահի 01.04.2011թ. թիվ 004-Ա հրամանով Դատարանի 12 դատավորներ, այդ թվում նաև Դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հ. Թորոսյանը 04.04.2011 թվականից մինչև 08.04.2011 թվականը համարվել են գործուղման մեջ Գերմանիայի Դաշնությունում:

2. Վլադիմիր Սարկիսյանը 04.04.2011թ. հայցադիմում է ներկայացրել Դատարանի Սևանի նստավայր ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ Վահան Մարգարյանի` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.03.2011թ. թիվ 61-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Հայցվորին Դարանակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված ճանաչելու պահանջների մասին, սակայն հայցադիմումը ԴՆԽ թիվ 23-Լ որոշմամբ սահմանված կարգով Դատարանում չի մուտքագրվել:

3. Ստացված հայցադիմումը դատավոր Հ. Թորոսյանի 11.04.2011 թվականի գրությամբ ուղարկվել է ՀՀ վարչական դատարանի կենտրոնական նստավայր:

4. Նշված գրությունը կից փաստաթղթերով հանձնվել է փոստային ծառայությանը 13.04.2011 թվականին, որը ՀՀ վարչական դատարանի կենտրոնական նստավայրում ստացվել է 15.04.2011 թվականին:

5. ՀՀ վարչական դատարանի 22.04.2011 թվականի որոշմամբ հայցը բավարարվել է:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Հ. Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Թիվ ՎԴ2/0205/05/10 վարչական գործով.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը, որի 8-րդ մասի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նիստը նախագահողը կազմակերպում և ղեկավարում է դատական նիստը` ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտության համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ Քաղաքապետարանը 22.07.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի` 217.996 ՀՀ դրամ գույքահարկի գումարը հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու պահանջի մասին, որը Դատարանի 17.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանը հայցը բավարարելու մասին վճռի պատճառաբանական մասում նշել է նաև այն փաստարկը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում, և քանի որ սույն գործով Արտակ Սարգսյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, Դատարանը գտել է, որ նա ընդունել է Հայցվորի վկայակոչած փաստերը:

 Մինչդեռ Խորհուրդը փաստում է, որ Պատասխանողը փոստային առաքման միջոցով 28.07.2010 թվականին Դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որը Դատարանում ստացվել է 02.08.2010 թվականին, այսինքն` Դատարանի 17.08.2010 վճռից 15 օր առաջ:

Խորհուրդը համամիտ է Կարգապահական հանձնաժողովի այն եզրահանգման հետ, որ Դատարանը ոչ միայն օրենքով սահմանված կարգով չի անդրադարձել հայցադիմումի պատասխանով բերված փաստարկներին և չի գնահատել դրանք, այլև վճռում արձանագրել է, որ Պատասխանողի կողմից չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, և անհիմն կերպով այդ հանգամանքը դիտել է Պատասխանողի կողմից Հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում` դրանք մեկնաբանելով ի վնաս Պատասխանողի այն պայմաններում, երբ 02.08.2010 թվականին` սույն գործով վճիռ կայացնելուց 15 օր առաջ, Դատարանում արդեն իսկ ստացված է եղել Պատասխանողի կողմից ուղարկված հայցադիմումի պատասխանը: Դատարանը սույն գործով լրիվ և բազմակողմանի հետազոտության առարկա չի դարձրել գործում առկա նյութերը, հատկապես պատասխանողի կողմից Դատարան ուղարկված հայցադիմումի պատասխանը և վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը` անհիմն ձևով Հայցվորի վկայակոչած փաստերը դիտել և գնահատել է որպես Պատասխանողի կողմից դրանց ընդունում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից թիվ ՎԴ2/0205/05/10 վարչական գործով թույլ են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, 27-րդ հոդվածի 4-րդ մասի, 83-րդ հոդվածի 8-րդ մասի, 92-րդ հոդվածի 3-րդ կետի:

Թիվ ՎԴ2/0127/05/10 վարչական գործով.

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքի ծագման իրավական հարցի վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը (տե´ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ/0476/05/08 որոշումը):

Խորհուրդն արձանագրում է, որ Համահայցվորները 10.06.2010թ. հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Ստորաբաժանման և երրորդ անձինք Աստղիկ Ժորայի Անտոնյանի և Անուշ Գուլակյանի` Աստղիկ Անտոնյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Աստղիկ Անտոնյանի և Անուշ Գուլակյանի միջև կնքված 2008թ. դեկտեմբերի 4-ի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/5-ական բաժնի նկատմամբ Արմինե Անտոնյանի, Օնիկ և Մարիանա Արզումանյանների սեփականության իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը սույն գործով հայցը մերժելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ բնակարանի սեփականաշնորհման ժամանակ Համահայցվորները և Օնիկ Արզումանյանը, գրանցված լինելով բնակարանում, մշտապես բնակվել են ՀՀ-ում: Հետևաբար նրանց համար օրենքի համապատասխան պայմաններ առկա են եղել բնակարանի սեփականաշնորհման ժամանակ հանդես գալու որպես բնակարանի համասեփականատերեր: Դատարանն արձանագրել է նաև այն հանգամանքը, որ համաձայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի` վիճելի բնակարանի միակ սեփականատերը Ժորա Անտոնյանն է եղել, և այլ նշում առկա չէ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ: Բացի այդ, Դատարանը նաև արձանագրել է, որ գործում առկա փաստաթղթերով ոչ թե ապացուցվում է Համահայցվորների և Օնիկ հիմքով վիճելի բնակարանի նկատմամբ արդեն իսկ ձեռք էին բերել սեփականության իրավունք Արզումանյանի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, այլ բնակարանի սեփականաշնորհման պահին այդպիսի իրավունք ձեռք բերելու հնարավորությունը, որը, սակայն, ժամանակին չի իրագործվել, և համապատասխան գրանցում չի կատարվել:

Խորհուրդը գտնում է, որ Դատարանը սույն գործով կայացրած դատական ակտով կոպտորեն խախտել է Համահայցվորների և Օնիկ Արզումանյանի «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, քանի որ նշված հոդվածի հիմքով վիճելի բնակարանի նկատմամբ նրանք արդեն իսկ ձեռք էին բերել սեփականության իրավունք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից թիվ ՎԴ2/0127/05/10 վարչական գործով թույլ է տրվել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածը սահմանում է վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները, որի 4-րդ մասի համաձայն` ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն և լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները ստանալուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները` ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների և դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը և դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից և այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործով Վլադիմիր Սարկիսյանը 04.04.2011թ. հայցադիմում է ներկայացրել Դատարանի Սևանի նստավայր ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ Վահան Մարգարյանի` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.03.2011թ. թիվ 61-Ա որոշումն անվավեր ճանաչելու և հայցվորին Դարանակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված ճանաչելու պահանջների մասին, սակայն հայցադիմումը ԴՆԽ թիվ 23-Լ որոշմամբ սահմանված կարգով Դատարանում չի մուտքագրվել:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ ստացված հացադիմումը դատավոր Հ. Թորոսյանի 11.04.2011 թվականի գրությամբ ուղարկվել է Դատարանի կենտրոնական նստավայր, որը, սակայն, հանձնվել է փոստային ծառայություն 13.04.2011թ.:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Թորոսյանը, տեղյակ լինելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի կարգով ներկայացված հայցադիմումների քննության ժամկետների մասին, չի ցուցաբերել կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ սեղմ ժամկետներում գործի ստացումը Դատարանի կենտրոնական նստավայրում ապահովելու կապակցությամբ, որի արդյունքում սույն գործով թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործի քննության ժամկետի խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` խորհուրդը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ. Թորոսյանի կողմից թիվ ՎԴ2/0205/05/10, թիվ ՎԴ2/0127/05/10 և թիվ ՎԴ/1392/05/11 վարչական գործերով թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 8-րդ մասի, 92-րդ հոդվածի 3-րդ կետի, «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 10-րդ մասի կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Կ. Բաղդասարյան

Ռ. Բարսեղյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Հ. Փանոսյան