Գլխավոր տեղեկություն
Համար
N 190
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-07.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.191
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.05.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2002 թվականի N 190
քաղ. Երևան

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 2-ի N 190 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման

 

1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող աճուրդի անցկացման ժամանակի և վայրի մասին հաղորդագրությունը հրապարակվում է առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, 2 անգամ՝ աճուրդի անցկացումից առնվազն 30 և 20 օր առաջ:

Աճուրդի մասին հաղորդագրության մեջ նշվում են՝

ա) աճուրդի հանվող գույքի (այսուհետև՝ գույք) գտնվելու վայրը.

բ) գույքի մանրամասն նկարագրությունը.

գ) գույքի գրանցման վավերապայմանները, եթե գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման.

դ) գույքի մեկնարկային գինը.

ե) անվճարունակության հատուկ հաշվի վավերապայմանները, որտեղ պետք է մուծվի նախավճարը.

զ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը:

Աճուրդի մասին հաղորդագրությունը հրապարակում է անվճարունակության կառավարիչը:

2. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ (ձևը կցվում է) ներկայացնել անվճարունակության կառավարչին (այսուհետև՝ կառավարիչ):

Հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի (տվյալ նստավայրի) հասցեով, որտեղ դրանք հաշվառվում և հանձնվում են կառավարչին:

Հայտի պարտադիր վավերապայմաններն են՝

ա) հայտատուի անունը, ազգանունը (անվանումը).

բ) հայտատուի փոստային հասցեն կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարները.

գ) հայտատուի անձնագրային տվյալները (եթե հայտատուն ֆիզիկական անձ է), հեռախոսահամարները.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

Հայտին կցվում են աճուրդի մասնակցության վճարի և աճուրդով վաճառվող գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի անդորրագրերը:

Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը մուծվում են անվճարունակության հատուկ հաշվին:

Հայտն ստորագրվում է ֆիզիկական անձի կողմից, իսկ եթե հայտատուն իրավաբանական անձ է՝ կանոնադրությամբ կամ այլ հիմնադիր փաստաթղթերով դրա համար լիազորված անձի կողմից և կնքվում է իրավաբանական անձի կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի:

Աճուրդին նախորդող օրը՝ ժամը 16.00-20.00-ն հայտատուն դատարանում կառավարչի կողմից ստանում է աճուրդին մասնակցելու վկայական:

(2-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)

3. Աճուրդի մասնակցության վճարը կազմում է գույքի մեկնարկային գնի մեկ տոկոսը:

Աճուրդի մասնակցության վճարից գոյացած միջոցներն օգտագործվում են աճուրդի կազմակերպման ծախսերի կատարման նպատակով:

4. Նախավճարի կամ աճուրդի մասնակցության վճարի չմուծման դեպքում այդ հայտը չի քննարկվում:

5. Աճուրդն անցկացվում է բաց, հրապարակային սակարկությունների միջոցով:

Աճուրդն անցկացվում է դատարանի շենքում, հատուկ նախատեսված տեղում:

Աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացրած անձանց և գնորդների մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

Աճուրդում չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդից հետո 3 բանկային օրվա ընթացքում՝ նրա դիմումի հիման վրա:

Աճուրդի մասնակցության վճարը բոլոր դեպքերում չի վերադարձվում:

6. Աճուրդներն անցկացվում են դասական եղանակով՝ մեկնարկային գնի բարձրացմամբ:

Սահմանվում են գույքի մեկնարկային գնի հավելումների հետևյալ նվազագույն քայլերը՝

 

N/N
ը/կ

Գույքի մեկնարկային գինը (դրամ)

Նվազագույն քայլը

1.

մինչև 50.000

չի սահմանվում

2.

50.001-100.000

500 դրամ

3.

100.001-500.000

1.000 դրամ

4.

500.001-1.000.000

10.000 դրամ

5.

1.000.001-10.000.000

50.000 դրամ

6.

10.000.000-ից ավելի

100.000 դրամ

 

7. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկում է ամենաբարձր գինը:

Աճուրդում հաղթած անձը և կառավարիչն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների մասին արձանագրությունը (ձևը կցվում է):

Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա մուծած նախավճարը չի վերադարձվում:

8. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացվելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում անվճարունակության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)՝ հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:

Գումարը սահմանված ժամկետում չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է անվճարունակության հատուկ հաշվում:

9. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

10. Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա նոտարական վավերացում ստացած առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

Նման դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողություններն իրականացնում է գնորդը:

11. Աճուրդը հայտարարվում է չկայացած, եթե՝

ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

բ) աճուրդում հաղթած անձը չի մուծել գնման գինը:

Աճուրդը չկայացած պետք է հայտարարվի ոչ ուշ, քան դրա համար հիմք ծառայած հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը: Կառավարիչը դրա մասին հայտարարությունը փակցնում է դատարանում, դրա համար հատուկ նախատեսված տեղում և հրապարակում է առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով: Այդ հայտարարության հետ մեկտեղ հրապարակվում է կրկնակի աճուրդ անցկացնելու մասին հայտարարությունը, որն անցկացվում է ոչ ուշ, քան չկայացած աճուրդի օրվանից 30 և ոչ շուտ, քան 20 օրվա ընթացքում:

Կրկնակի աճուրդն անցկացվում է աճուրդի անցկացման համար սահմանված կարգով:

Կրկնակի աճուրդ անցկացվելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է 20 տոկոսով:

12. Կրկնակի աճուրդից հետո գույքը չվաճառվելու, ինչպես նաև այլ դեպքերում (շուտ փչացող գույք, ոչ իրացվելի ակտիվ, առավել ընդունելի պայմաններ և այլն) կառավարիչը, դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է այն իրացնել ուղղակի վաճառքի ձևով:

13. Կառավարչի կողմից անցկացված աճուրդն օրենքով սահմանված կարգով կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից:

Աճուրդի անվավեր ճանաչումը հանգեցնում է աճուրդում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

Անձի անունը, ազգանունը (անվանումը) ______________________________

ցանկանում է մասնակցել 200 թվականի ________________ ____ -ին անցկացվող

աճուրդին:

Անձնագրային տվյալները ________________________________________

Կանոնադրության տվյալները ______________________________________

________________________________________________________:

 

Կից ներկայացվում են՝

ա) աճուրդի մասնակցության վճարի մուծման անդորրագիրը.

բ) կանոնադրությունը:

 

Դիմող՝

 _________________

(ստորագրությունը)

 

_____________200 թ.

 

 

Ձև

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

աճուրդի արդյունքների մասին

 

___ __________200 թ.

քաղ. Երևան

 

Ես՝ _________________________ անվճարունակության գործով կառավարիչ ______________________ ս, և 200 թվականի ______________ ____-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված _______________________ս կազմեցինք սույն արձանագրությունն այն մասին, որ աճուրդային վաճառքի արդյունքում վճարելով ամենաբարձր գինը՝ ________ դրամ, ______________-ը դարձավ աճուրդում հաղթող:
Աճուրդում հաղթողը պարտավորվում է աճուրդն անցկացվելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում անվճարունակության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)՝ հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Նշված գումարը սահմանված ժամկետում չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է անվճարունակության հատուկ հաշվում: Գնման գինը մուծվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը պարտավորվում է աճուրդում հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

Կառավարիչ

Աճուրդում հաղթող անձ

_____________

_____________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2020, N 653-Ն 07.05.2020, N 190
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 190
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 190
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան