Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2011-21.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2004 թվականի N 256-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը խմբ. 26.05.06 N 860-Ն, փոփ. 02.06.11 N 761-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 26.05.06 N 860-Ն, փոփ. 02.06.11 N 761-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա հաստատել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրության և տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը:

3. հարկային մարմնի պետին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման համապատասխան հրահանգները:

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունների կիրառման վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 12
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 26-ի N 256-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱԳՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

(Վերնագիրը խմբ. 26.05.06 N 860-Ն, փոփ. 02.06.11 N 761-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Համաշխարհային բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարության միջև կնքված վարկային (դրամաշնորհային) պայմանագրերով (այսուհետ՝ համաձայնագրեր) իրականացվող ծրագրերի նկատմամբ: Սույն կարգը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարության միջև կնքված ներքոհիշյալ համաձայնագրերի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ՝

ա) 1998 թվականի հուլիսի 27-ի «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր,

բ) 1998 թվականի հուլիսի 27-ի «1997 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր,

գ) 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «1999-2000 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:

(1-ին կետը փոփ. 26.05.06 N 860-Ն)

2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

(2-րդ կետը փոփ. 02.06.11 N 761-Ն)

3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները:

(3-րդ կետը փոփ. 02.06.11 N 761-Ն)

4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական տեսակից և կարգավիճակից), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում՝ անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի կամ ծրագիր իրականացնողների (ենթաբաղադրիչների) հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

41. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները:

(41 կետը լրաց. 25.08.05 N 1358-Ն)

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 02.06.11 N 761-Ն)

 

5. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները նշանակում են՝

ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,

բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից,

գ) Հայաստանի Հանրապետության հարկային գործակալի ազատում՝ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկը (շահութահարկ, եկամտահարկ) պահելու պարտավորությունից.

դ) ապահովադիրների ազատում` պարտադիր սոցիալական ապահովության վճարներից:

(5-րդ կետը փոփ., լրաց. 02.06.11 N 761-Ն)

6. Ավելացված արժեքի հարկը 

6.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը.

ա1) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանն առանց միջնորդավորման.

բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:

(6.1 կետը փոփ. 26.05.06 N 860-Ն)

6.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված կարգով:

7. Շահութահարկը

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից).

ա.1) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից, եթե համաձայնագրերով նախատեսված է ոչ ռեզիդենտի ազատում շահութահարկից.

բ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(7-րդ կետը լրաց. 02.06.11 N 761-Ն)

8. Եկամտահարկը

8.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:

8.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը պարտավոր է եկամուտ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը հաշվարկել, պահել (գանձել) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե համաձայնագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

8.3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը սույն կարգի 8.2-րդ կետին համապատասխան եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահում (գանձում) չի կատարել, ապա նա պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել հարկային մարմին՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(8.3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

9. Մաքսատուրքը

Մաքսատուրքից ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը.

բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանն առանց միջնորդավորման:

(9-րդ կետը խմբ. 26.05.06 N 860-Ն)

9.1. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:

(9.1 կետը լրաց. 02.06.11 N 761-Ն)

10. Սույն կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման գործառույթ իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի նկատմամբ:

101. Սույն կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին «Անվճար» նշմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում, որում նշվում են միջազգային համաձայնագրի և վարկային ծրագրի անվանումը, ապրանքներն ստացող կազմակերպության տվյալները (լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), ներմուծվող ապրանքների համառոտ նկարագրությունը, քանակը, արժեքը:

Սույն կետով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2004 թվականի ընթացքում իրականացված գործարքների նկատմամբ:

(101 կետը լրաց. 10.03.05 N 438-Ն)

102. (102 կետը լրաց. 25.08.05 N 1358-Ն, ուժը կորցրել է 26.05.06 N 860-Ն)

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

11. Սույն կարգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության և մատակարարի (կապալառուի) միջև կնքված պայմանագիրը.

բ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող հանձնման-ընդունման ակտը կամ կատարման հաշվետվությունը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրից).

գ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց վճարահաշվարկային փաստաթուղթը.

դ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը` համաձայն ձևի.

ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագիրը.

բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.

գ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը.

ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած ապրանքների մատակարարման պայմանագիրը.

բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպությունը՝ անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է.

գ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը:

(11-րդ կետը խմբ. 25.08.05 N 1358-Ն, 26.05.06 N 860-Ն)

111. Սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջ չի կարող առաջադրվել:

(111 կետը լրաց. 26.05.06 N 860-Ն)

12. Տեղեկանքը տրվում է ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից: Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և դրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Ծրագիր իրականացնող կազմակերպությունը տեղեկանքը լրացնում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

ա) մրցութային հանձնաժողովի (մրցութային եղանակով գնումների դեպքում) որոշումը և մրցույթի արդյունքների հաստատման վերաբերյալ ծրագրի կառավարման խորհրդի (եթե այդպիսին պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ) կամ ծրագիր իրականացնող կազմակերպության որոշումը,

բ) ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը, համապատասխան բեռնամաքսային հայտարարագրերը և այլն:

Տեղեկանքը կազմվում է 5 բնօրինակից և հաստատվում է ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից: Բնօրինակներից մեկը հիմնավորող փաստաթղթերի հետ ծրագիր իրականացնող կազմակերպությունը եռօրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, երեքը` արտոնություններից օգտվող անձանց: Բնօրինակներից մեկը պահվում է ծրագիր իրականացնող կազմակերպության մոտ:

Արտոնություններից օգտվող անձինք տեղեկանքի երեք բնօրինակն ստանալուց հետո դրանցից երկուսը, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ, ներկայացնում են հարկային մարմին, իսկ ներմուծման ապրանքների դեպքում` վերադաս մաքսային մարմին:

Վերադաս մաքսային մարմինը, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին՝ համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար, և հրահանգում է այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 26.05.06 N 860-Ն)

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց մասին տեղեկանքները ներկայացվել են համապատասխան հարկային կամ մաքսային մարմին:

Տարածքային հարկային մարմինը կամ համապատասխան մաքսատունը կամ մաքսային կետը սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում`

ա) արտոնությունների կիրառման վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում կիրառում է դրանք և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում տեղեկանքի մեկ բնօրինակը.

բ) արտոնությունները չկիրառելու հիմքերի առկայության դեպքում արտոնություններ հայցողին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:

(12-րդ կետը փոփ., լրաց. 26.05.06 N 860-Ն, փոփ. 22.01.09 N 78-Ն)

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, ծրագիր իրականացնող կազմակերպություններին տրամադրումը, տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը և ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով՝ յուրաքանչյուրում 25 տեղեկանք` 5 օրինակից: Բոլոր 5 օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են հիմնագույնով (գունավոր ֆոնով) և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:

(Պարբերությունն ուժը կորցրել է 26.05.06 N 860-Ն)

(Պարբերությունն ուժը կորցրել է 26.05.06 N 860-Ն)

(13-րդ կետը լրաց. 25.08.05 N 1358-Ն, փոփ. 26.05.06 N 860-Ն)

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, հարկային (մաքսային) մարմինների կողմից տեղեկանքի մեկ բնօրինակն ստանալուց հետո, պարզում է՝

ա) հիմնավորող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

բ) փաստաթղթերում նշված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.

գ) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին, ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած պայմանագրի պահանջներին.

դ) ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած պայմանագրով նախատեսված վճարումների համապատասխանությունը ծրագրի բյուջեին:

Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկանքի բնօրինակն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դրանց մասին` համապատասխան հիմնավորումներով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը կամկառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, ծրագիր իրականացնող կազմակերպությանը և այն անձին, որին տրամադրվել է տեղեկանքը:

(14-րդ կետը լրաց. 26.05.06 N 860-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Տ  Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ԱԱ .... ........

 

____ ____________ 200 թ.

 

1. Միջազգային պայմանագրի և վարկային (դրամաշնորհային) ծրագրի անվանումները _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

2. Ծրագիր իրականացնող կազմակերպության (և այլ պատվիրատու կազմակերպության)

անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

3. Մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ-ն _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

4. Ներմուծվող ապրանքների ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________

_____________________________________________________

5. Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________

_____________________________________________________

6. Ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) համառոտ նկարագրությունը,

քանակը, ծավալը

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

7. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն _____________________________________________________

_____________________________________________________

8. Ծրագիր իրականացնող կազմակերպության պատասխանատու անձինք`

 

Տնօրեն

________________________________________

 

(ստորագրությունը, անունը, ազգանունը, Կ.Տ. (դրոշմակնիք)

Գլխավոր հաշվապահ

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

9. Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ֆինանսավորվող այլ պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ ____________________________

                                                              (ստորագրությունը, անունը, ազգանունը, Կ.Տ. (դրոշմակնիք)

 

(Ձևը խմբ. 25.08.05 N 1358-Ն, փոփ. 26.05.06 N 860-Ն)