Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.05.2011-17.11.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.565
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 581-Ն

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.04.11 N 424-Ն)

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «թ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.11 N 424-Ն)

բ) այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 2 հավելվածի.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.11 N 424-Ն)

դ) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.04.11 N 424-Ն)

1.1. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունները ճանապարհային ոստիկանությանն էլեկտրոնային և թղթային կրիչների միջոցով տեղեկատվություն են տրամադրում նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին.

2) պոլիկլինիկական բժշկական հաստատությունները վարորդի թեկնածուների, ինչպես նաև վարորդական վկայական ունեցող անձանց` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրումն իրականացնում են ճանապարհային ոստիկանության գրավոր պահանջագրի հիման վրա:

(1.1 կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման 1.1-ին կետի պահանջների կատարումը:

(1.2 կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 14.04.11 N 424-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ

I. ԱՉՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող` կոպերի մկանների պարեզ (վիրահատությունից հետո դրական արդյունքի դեպքում տրվում է տրանսպորտային միջոց վարելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն)

2. Արցունքապարկի կոնսերվատիվ եղանակով չբուժվող քրոնիկ բորբոքում, արցունքապարկի խուղակ, չընդհատվող արցունքահոսություն (վիրահատությունից հետո դրական արդյունքի դեպքում տրվում է թույլտվություն)

3. Կայուն դիպլոպիա` շլության հետևանքով

4. Տեսողության սահմանափակում` ավելի քան 200 ցանկացած միջօրեականում: Բացարձակ կամ հարաբերական կենտրոնական սկոտոմա (սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշներից ոչ ցածր տվյալներ ունենալու դեպքում տրվում է թույլտվություն)

5. Տեսողության նվազում՝ կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ`

ա) տեսողություն լավ աչքում` ուղղմամբ (կորեկցիա)` 0.8-ից ցածր, վատ աչքում` 0.4-ից ցածր: Տեսողության թույլատրելի ուղղումը կարճատեսության և հեռատեսության ժամանակ` 8, ՕD, այդ թվում` շփման տեսապակիներով (կոնտակտային լինզաներ) աստիգմատիզմի ժամանակ` 3, ՕD: Երկու աչքերի տեսապակիների տարբերությունը չպետք է գերազանցի 3, ՕD-ն,

բ) աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո (կերատոտոմիա, կերատոմիլյոզ, կերատոկոագուլյացիա, ռեֆրակցիոն կերատոպլաստիկա) վարումը թույլատրելի է վիրահատությունից 3 ամիս անց` սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշներից ոչ ցածր արդյունքի և աչքի առանցքի 21.5 - 27.0 մմ երկարության դեպքում,

գ) արհեստական ոսպնյակ` առնվազն մեկ աչքում: Ստաժավոր (10 տարվանից ավելի վարելու փորձ ունեցող) վարորդներին տրվում է թույլտվություն, եթե տեսողության ուղղումը թույլատրելիի սահմաններում է (սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետ), և վիրահատությունից 6 ամիս անց բարդությունների բացակայության դեպքում

6. Գունազգայության խանգարումներ

7. Տեսողական նյարդի ապաճում (ատրոֆիա)

8. Գլաուկոմա (սկզբնական կոմպենսացված շրջանում սույն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների պահպանման դեպքում ստաժավոր (10 տարի և ավելի վարելու փորձ ունեցող) վարորդներին տրվում է թույլտվություն` մեկ տարի անց կրկնակի փորձաքննություն անցնելու պայմանով):

 

II. ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(գլուխն ուժը կորցրել է 18.03.10 N 256-Ն)

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Օրգանների ֆունկցիաների խանգարում առաջացնող կամ գլխի, մարմնի և վերջույթների շարժումները խիստ սահմանափակող բարորակ նորագոյացություններ, պարանոցի շարժումների խիստ սահմանափակում, ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի շարժումները խիստ սահմանափակող բնածին արատներ, խոշոր հոդերում կայուն ֆունկցիաների խանգարում առաջացնող փոփոխություններ, կեղծ հոդեր, ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ և ձևախախտումներ (դեֆորմացիաներ)` ողնաշարի և կրծքավանդակի օրգանների ֆունկցիաների խանգարմամբ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` հենաշարժական ապարատի ֆունկցիաների խիստ խանգարմամբ

2. Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, ինչպես նաև շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում

3. Ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում եմ վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման

4. Սիրտ-անոթային հիվանդություններ`

ա) աորտայի անևրիզմա, գլխուղեղի անոթների անևրիզմա, ազդրային և ստորին ծնկային անոթների անևրիզմա (թույլտվությունը տրվում է մասնագիտացված բուժհաստատության կողմից` մեկ տարի անց կրկնակի փորձաքննություն անցնելու պայմանով),

բ) օբլիտերացիոն էնդարտերիտի II-III աստիճաններ, Տակայասուի հիվանդություն

5. Տարբեր ախտածնությամբ սրտի հիվանդություններ (էնդոկարդիտ, միոկարդիտ և այլն), ռիթմի խանգարումներ, սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն, հետինֆարկտային շրջան (թույլտվության հարցը որոշվում է անհատական կարգով` հիմք ընդունելով մասնագիտացված բուժհաստատության եզրակացությունը):

 

IV. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Քրոնիկ հոգեկան հիվանդություններ և դրանց հավասարեցված պարտադիր դիսպանսեր հսկողության ենթակա վիճակներ:

Էպիլեպսիա և նարկոլեպտիկ կամ կատալեպտիկ ցնցումներով ուղեկցվող հիվանդություններ, սինկոպալ երևույթներ

2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա (թույլատրվում է վարել բուժվելուց և հսկողությունից հանվելուց հետո` անձի դեգրադացիայի և սոմատոնևրոլոգիական համախտանիշի բացակայության դեպքում)

3. Պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ ռեցիդիվող հիվանդություններ և խոշոր նյարդային ցողունների հիվանդությունների և վնասվածքների մնացորդային երևույթներ` շարժումների, զգայունության և տրոֆիկայի զգալի խանգարումներով:

 

V. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ներզատական հիվանդություններ` ֆունկցիաների կայուն խանգարումներով (գիտակցության խանգարումների և կոմատոզ վիճակների հակվածության բացակայության դեպքում որոշումը կայացվում է անհատական կարգով` ներզատաբանի եզրակացության հիման վրա)

2. Արգանդի և հեշտոցի արտանկում, ռեկտովագինալ և միզապարկ-հեշտոցային խուղակներ (ուղիղ աղիքի սեղմամկանի (սֆինկտեր) ամբողջականության խանգարում) վիրահատական միջամտությունից հետո դրական արդյունքի դեպքում անհատական կարգով որոշվում է թույլտվության հարցը:

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

1. «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ` բացառությամբ մոպեդի

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III բաժնի 2-րդ կետում, IV բաժնի 1-ին կետում և 1-ին կետի «ա» ենթակետում, IV բաժնի 2-րդ կետում նշված հիվանդությունների ցանկով:

2. «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված` մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

3. «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

4. «D» կարգ` ուղևորների համար նախատեսված` 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

5. «E » կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

6. Տրոլեյբուս և մոտոսայլակ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III և IV բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

7. Հաշմանդամների մեքենաներ` ձեռքի կառավարմամբ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» ենթակետում, II բաժնի 1-ին կետում նշված հիվանդությունների ցանկով:

Մեկ վերին կամ միաժամանակ մեկ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը չի կարող վարորդական իրավունք տալու հակացուցում հանդիսանալ:    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 14.04.11 N 424-Ն)

       


 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության կազմակերպման նպատակով նախատեսվում են համալիր միջոցառումներ, որոնք իրականացվում են հետևյալ փուլերով`

ա) բժշկական օգնության ցուցաբերում` դեպքի վայրում.

բ) բժշկական օգնության ցուցաբերում` տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին.

գ) բժշկական օգնության ցուցաբերում` մասնագիտացված բժշկական հաստատությունում:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ

 

3. Դեպքի վայրում բժշկական օգնության ցուցաբերումը ներառում է ինչպես ինքնօգնություն և փոխօգնություն դեպքի վայրում հայտնված անձանց կողմից (վարորդների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչության ծառայողների և մյուսների), այնպես էլ բժշկական օգնության ցուցաբերում` շտապ օգնության մեքենայի անձնակազմի, բուժակ-մանկաբարձական կետերի բուժաշխատողների, գյուղական բժշկական ամբուլատորիաների բժիշկների կողմից:

Դեպքի վայրում հայտնված անձանց կողմից պարտադիր իրականացվող միջոցառումներն են`

ա) ահազանգում շտապ օգնության կայան,

բ) տուժածի տեղափոխում անվտանգ վայր, վառվող հագուստի մարում, պաշտպանում ոչ բարենպաստ կլիմայական պայմաններից (ցուրտ, շոգ և այլն),

գ) շտապ օգնության մեքենա կանչելու հնարավորության բացակայության և տուժածին կենսական ցուցումներով` մասնագիտացված բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում տուժածին մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու կազմակերպում: Անհրաժեշտ է կազմակերպել տուժածի հնարավորինս խնամքով տեղափոխում (տակդիրի օգտագործում, տուժածի ծածկում, տուժածի` հնարավորինս հարմար դիրքի ապահովում): Վերջույթի կոտրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է այն անշարժացնել ձեռքի տակ գտնվող միջոցներով, արտաքին արյունահոսությունը դադարեցնել ճնշող կապով, իսկ զգալի արյունահոսությունը` լարանի միջոցով:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողների կողմից, բացի թվարկված միջոցառումներից, իրականացվում են նաև`

ա) ցավային սինդրոմի վերացման նպատակով համապատասխան դեղամիջոցի ներարկում,

բ) սրտի կանգի դեպքում սրտի ոչ ուղղակի մերսում և միաժամանակ արհեստական շնչառության իրականացում,

գ) համակցված (կոմբինացված) վնասվածքների դեպքում (վնասվածք և այրվածք) այրվածքներից ախտահարված մարմնի մասերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հակաայրվածքային դեղամիջոցների և հակաայրվածքային կամ ստերիլ վիրակապի օգտագործմամբ:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ՏՈՒԺԱԾԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

4. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել`

ա) տուժածի վիճակը, ստացված վնասվածքների ծանրության աստիճանը և բնույթը,

բ) տրանսպորտային միջոցների տեսակը և դրանց պիտանիությունը` տուժածների տեղափոխման համար,

գ) բժշկական հաստատության հեռավորությունը,

դ) տուժածի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորությունը:

Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից և ուղղված է հիմնականում սրտի և շնչառական ֆունկցիաների պահպանմանը և հակաշոկային միջոցառումների կազմակերպմանը: Շտապ օգնության մեքենայով տուժածի տեղափոխման ընթացքում բժշկի կողմից իրականացվում են կենսական կարևորագույն ֆունկցիաների վերականգնման կամ պահպանման միջոցառումներ` ամբողջ ծավալով: Շտապ օգնության մեքենայի բժիշկը կամ բուժակը պարտավոր է ստույգ որոշել շարժման երթուղին, որպեսզի տուժածը տեղափոխվի այնպիսի մասնագիտացված բուժհաստատություն, որտեղ նրան կցուցաբերվի անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն` ամբողջ ծավալով:

 

IV. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

5. Մասնագիտացված բժշկական հաստատությունում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը և բնույթը կախված են վնասվածքի տեսակից, տուժածի վիճակից ու այն բժշկական հաստատության հնարավորություններից, ուր դեպքի վայրից տեղափոխվել է տուժածը: Այն դեպքում, երբ տվյալ բժշկական հաստատությունում հնարավոր չէ տուժածի բժշկական օգնության կազմակերպումն անհրաժեշտ ծավալով, կամ համապատասխան մասնագետ է հրավիրվում այլ բժշկական հաստատությունից, կամ կազմակերպվում է հիվանդի տեղափոխումն այն մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ` որակյալ բժշկական օգնության ցուցաբերման համար` տուժածին նախապես շոկային վիճակից դուրս բերելուց, արյան կորուստը լրացնելուց և կոտրված վերջույթներն անշարժացնելուց հետո:

Մասնագիտացված բժշկական հաստատությունում տուժածին ցուցաբերվող որակյալ բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից:

6. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության ցուցաբերման բոլոր փուլերում բժշկական համապատասխան փաստաթղթերում պարտադիր կատարվում է մանրամասն գրառում տուժածին, ինչպես տվյալ փուլում ցուցաբերվող բժշկական օգնության բնույթի և ծավալի, այնպես էլ նախորդ փուլում իրականացված միջոցառումների մասին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան