Գլխավոր տեղեկություն
Համար
N 1402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.04.2011-18.08.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1400
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1402-Ն

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1337-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում`

1) կառուցվող բազմաբնակարան շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերում ընդունվում են բնակարանների ընդհանուր մակերեսների նվազագույն և առավելագույն հետևյալ չափերը` ըստ սենյակների թվի`

ա. 1-սենյականոց բնակարան` 40-47 քառ. մետր,

բ. 2-սենյականոց բնակարան` 52-59 քառ. մետր,

գ. 3-սենյականոց բնակարան` 65-70 քառ. մետր,

դ. 4-սենյականոց բնակարան` 77-80 քառ. մետր,

ե. 5-սենյականոց բնակարան` 90 -110 քառ. մետր.

2) բնակելի տների (առանձնատների) կառուցապատման դեպքում` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափերը կարող են ավելացվել ոչ ավելի, քան 15 տոկոսի չափով.

2.1) անավարտ շինարարության բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) շինարարական աշխատանքների ավարտման դեպքում` ըստ սենյակների թվի բնակարանային պահանջարկի հիման վրա դրանց վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափերը կարող են փոփոխվել` ընդունելով շինության գոյություն ունեցող կրող պատերի և այլ կոնստրուկտիվ տարրերի թելադրանքով ձևավորված բնակարանների ընդհանուր մակերեսների չափը:

3) կառուցված բազմաբնակարան շենքերում ըստ սենյակների թվի նույնատիպ բնակարանների ընդհանուր մակերեսների տարբեր չափերի դեպքում ավելի մեծ մակերեսով բնակարանները հատկացվում են ավելի մեծ կազմ ունեցող ընտանիքներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված յուրաքանչյուր ենթակետի շրջանակում հաշվառման վերցված անձանց փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն ստանալու պահանջի առաջացման դեպքում դրանց քննարկումը հետաձգվում է մինչև ամբողջական փաստաթղթային փաթեթները ներկայացվելը, և բնակարանների հատկացման գործընթացը շարունակվում է նշված կարգով սահմանված հերթականությամբ.

5) կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում`

ա. ընտանիքի այն անդամը, ով ունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը գերազանցում է 9 քառ. մետրը,

բ. անհրաժեշտ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու համար պատշաճ ձևով իրազեկված ընտանիքի այն անդամը (երկրաշարժի հետևանքով քանդված հասցեում հաշվառված, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող), որի վերաբերյալ ընտանիքի մնացած բոլոր չափահաս անդամների կողմից տրված գրավոր հայտարարության համաձայն անհնար է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

 Այդ դեպքում ընտանիքի տվյալ անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված և հետագայում ի հայտ գալու պարագայում նրա բնակարանային ապահովման պատասխանատվությունը կրում են պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած գրավոր հայտարարություն տված ընտանիքի բոլոր չափահաս անդամները.

5.1) կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած ընտանիքների կողմից մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցվելու դեպքում կարող է բնակությունից չազատվել և չքանդվել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`

ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 5 և ավելի անձ,

բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 և ավելի անձ,

գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 և ավելի անձ.

5.2) կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած, սույն որոշման 2-րդ կետի 5.1-ին ենթակետում նշված ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններից` բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինության ընտրությունը կատարվում է ընտանիքի չափահաս անդամների կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի համաձայն` ելնելով քաղաքաշինական նպատակահարմարությունից, հաշվի առնելով զբաղեցված ոչ հիմնական շինությունների տեխնիկական վիճակը.

6) կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացումից հետո մեկամսյա ժամկետում` բնակարան ստացող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կողմից բնակությունից ազատված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման` կառուցապատողի կամ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:

(2-րդ կետը խմբ. 05.08.10 N 968-Ն, լրաց. 14.04.11 N 408-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` բնակեցման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանները բաշխել վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի` նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հարցումների հիման վրա` պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մասին տեղեկատվությունը ճշտել համապատասխան մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով:

4.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին`

1) սույն որոշման 2-րդ կետի 5.1-ին ենթակետում նշված` բնակարան ստացած ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններից` բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինությունների ընտրության նպատակով ուսումնասիրություններ կատարելու համար ստեղծել աշխատանքային խումբ` համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ.

2) բնակարան ստացած ընտանիքների դիմումներն ստանալուց հետո աշխատանքային խմբի կողմից 5-օրյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված ոչ հիմնական շինությունը բնակությունից ազատելու կամ չազատելու վերաբերյալ հիմնավորված եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և համապատասխան համայնքի ղեկավարին` միաժամանակ տեղեկացնելով բնակարան ստացած ընտանիքին:

(4.1 կետը լրաց. 14.04.11 N 408-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի`

1) 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

2) 4-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Դիմումին կից ներկայացվում են`

1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.

2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականի պատճենը.

3) երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանի օրդերի պատճենը, օրդերի բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք երկրաշարժի պահին զբաղեցրած բնակարանի հասցեի, չափի (սենյակների թվի) և ընտանիքի կազմի մասին.

4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.

5) ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանքը.

6) սույն կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն բնակարան առաջնահերթ ստանալու իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները:».

3) 13-րդ կետը «նախարարը» բառից հետո լրացնել «իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով» բառերով.

4) 13-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

5) 17-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր անդամները պարտավոր են գրավոր ստանձնել պարտավորություն բնակարանի հատկացումից հետո տասն օրվա ընթացքում իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանը կամ ոչ հիմնական շինությունն ազատելու մասին:».

6) 18-րդ կետի «ե» և «ժգ» ենթակետերից հանել «աշխատանքի» բառը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում`

ա. 1-ին ենթակետը «նախարարը» բառից հետո լրացնել «իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով» բառերով,

բ. 1-ին ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1. սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

գ. 3-րդ ենթակետից հանել «` տուն ստացած քաղաքացու միջոցների հաշվին» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված` աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգի`

ա. 2-րդ կետը «բնակավայրում» բառից հետո լրացնել «հաշվառված ու», իսկ «կամ» բառից հետո` «2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն» բառերով,

բ. 3-րդ կետում «ծխամատյանում» բառը փոխարինել «տնտեսությունների հաշվառման գրքում» բառերով,

գ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը»,

դ. 9-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին:»,

ե. 11-րդ կետի 3-րդ ենթակետում «վերջին հինգ տարիների ընթացքում» բառերը փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով,

զ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) չեն ներկայացրել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.

7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) և մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:

2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, համապատասխան մարզպետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Գյումրու, Ստեփանավանի և Սպիտակի քաղաքապետները (համաձայնությամբ) կամ նրանց կողմից լիազորված անձինք:

3. Մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի կազմում պարտադիր ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության ներկայացուցիչը:

4. Հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունն ապահովելու նպատակով հաձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

5. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

6. Հանձնաժողովի գործառույթներն են՝

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները.

2) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցումների իրականացումը.

3) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի (սենյակների թվով) որոշումը.

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.

5) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին համապատասխան մարզպետներին և քաղաքացիներին իրազեկելը.

6) վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպումը.

7) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

7. Աջակցող աշխատանքային խմբի գործառույթներն են՝

1) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման գործընթացն սկսելու մասին բնակարան (բնակելի տուն) ստանալու հավակնող անձանց իրազեկելը.

2) հերթացուցակում ընդգրկված անձանց հանձնաժողովի անդամների հետ հանդիպումների կազմակերպումը.

3) համապատասխան համայնքների կողմից ներկայացված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված անձանց հաշվառման գործերի ուսումնասիրությունը և նրանց ամբողջական փաստաթղթային փաթեթները հանձնաժողովին ներկայացնելը.

4) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, այդ թվում` արտագնա նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության:

9. Արտագնա նիստերը հրավիրվում են համապատասխան մարզերում։ Դրանց կարող են մասնակցել համայնքների ղեկավարները (համաձայնությամբ) կամ նրանց կողմից լիազորված անձինք:

10. Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

11. Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով և 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով:

12. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն ստանալու պահանջի առաջացման դեպքում հարցերի քննարկումը հետաձգվում է մինչև ամբողջական փաստաթղթային փաթեթները ներկայացնելը:

13. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների ու կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համապատասխան ներկայացուցիչները` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Ընդ որում, բնակարանային ապահովման ծրագրում չընդգրկվելու վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց` ծրագրում չընդգրկելու վերաբերյալ հարցերը: Ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում քաղաքացիներին հայտնում են գրավոր:

14. Հանձնաժողովի անդամը, որը համաձայն չէ նիստում ընդունված որոշմանը, ստորագրում է արձանագրությունը` նշելով իր հատուկ կարծիքը: Կարծիքը ծավալուն լինելու դեպքում այն ներկայացվում է առանձին, որի մասին նշվում է արձանագրության մեջ:

15. Հանձնաժողովի գործունեության տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան