ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0165/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0165/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վեներա Վարոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Վեներա Վարոսյանի հայցի ընդդեմ Շիրակի մարզի Աշոցքի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան), երրորդ անձի` «Աշոցքի բերրիություն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վեներա Վարոսյանը պահանջել է բռնագանձել Գյուղապետարանից 393.800 ՀՀ դրամ, որից 350.000 ՀՀ դրամը` որպես պատճառված վնաս, 36.000 ՀՀ դրամը` ապրանքագիտական փորձաքնության գումար և 7.800 ՀՀ դրամը` վճարված պետական տուրք։
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակորեն։ Վճռվել է «Շիրակի մարզի Աշոցքի գյուղապետարանից հօգուտ Վեներա Վարոսյանի բռնագանձել 379.222 (երեք հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր քսաներկու) ՀՀ դրամ, որից 335.422 (երեք հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր քսաներկու) ՀՀ դրամ` որպես բնակարանին պատճառված վնասի փոխհատուցում, 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ` որպես ապրանքագիտական փորձաքննության գումարի և 7.800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` որպես պետտուրք վճարված գումարի փոխհատուցում։ Բնակարանին պատճառված 335.422 (երեք հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր քսաներկու) դրամ վնասի փոխհատուցումը կատարել բնեղենով, այսինքն` վերանորոգել վնասված գույքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1090073 վկայականի թիվ 1, 3 և 5 սենյակները` բերելով նախկին տեսքին։ Շիրակի մարզի Աշոցքի գյուղապետարանից հօգուտ «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության («Կոնվերս բանկ» ՓԲԸ 1930000762190100 հաշվարկային հաշիվ) բռնագանձել 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես ապրանքագիտական փորձաքննության գումար։ Շիրակի մարզի Աշոցքի գյուղապետարանին իրավունք վերապահել «Աշոցքի բերրիություն» ԲԲԸ-ից հատուցված վնասի հետադարձ պահանջով դիմելու դատական պաշտպանության։ Հայցը` 14.578 (տասնչորս հազար հինգ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամի մասով, անհիմն լինելու պատճառով ենթակա է մերժման»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2010 թվականի որոշմամբ Վեներա Վարոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վեներա Վարոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1075-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը, չնայած իրավացիորեն հաստատված համարելով այն հանգամանքը, որ Վեներա Վարոսյանի բնակարանին պատճառվել է վնաս և բռնագանձվել պատճառված վնասը, այնուամենայնիվ, վճռել է պատճառված վնասը հատուցել բնեղենով` վնասված գույքի վերանորոգմամբ` անտեսելով սույն գործի հանգամանքները, մասնավորապես այն, որ Վեներա Վարոսյանի բնակարանի տանիքը Գյուղապետարանի կողմից կազմակերպված վերանորոգման հետևանքով է վնասվել, ինչի արդյունքում բնակարանին պատճառվել է վնաս։ Ավելին Վեներա Վարոսյանը հայցադիմումով պահանջել է միայն բռնագանձել պատճառված վնասը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 16.08.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1090073 վկայականի համաձայն` Շիրակի մարզի Աշոցք գյուղի 20ա շենքի թիվ 8 (նոր հասցեն` Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոց 28 շենքի թիվ 8) բնակարանի համասեփականատերեր են Վեներա Վարոսյանը և Ռայա Հախնազարյանը (հատոր 1-ին, գ.թ.11-13)։
2. 25.11.2008 թվականին Գյուղապետարանի և Ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման» թիվ ՄԲԱՇՁԲ-08/03 պայմանագրի համաձայն` Գյուղապետարանի հանձնարարությամբ Ընկերությունը պարտավորվել է կատարել Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի 28 բազմաբնակարան բնակելի շենքի կտուրի մասնակի վերանորոգման աշխատանքները (հատոր 1-ին, գ.թ.19-25)։
3. Աշոցքի համայնքի կնիքով դրոշմված և ստորագրությամբ հաստատված 10.12.2008 թվականի ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն` Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի 28 բազմաբնակարան բնակելի շենքի կտուրի մասնակի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են, և պատրաստ է շահագործման (հատոր 1-ին, գ.թ.26-27)։
4. ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.11.2009 թվականի փորձագետի թիվ 36410907 եզրակացության համաձայն` Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոց 28 շենքի թիվ 8 բնակարանին հասցված վնասների վերականգնման արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական միջին արժեքներից ելնելով կարող է կազմել 335.422 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 75-84)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1075-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, բավարարելով վնասի հատուցման պահանջը, գործի հանգամանքներին համապատասխան, պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով (տրամադրել նույն տեսակի և որակի գույք, վերանորոգել վնասված գույքը և այլն) կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն`վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։ Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով։
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել դատարանին, վնասի հատուցման պահանջը քննելիս, ելնելով միայն գործի հանգամանքներից, կամ պարտավորեցնել վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով, կամ հատուցել դրամական փոխհատուցմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։
Սույն գործով հայցվորը վնասի հատուցման հայց ներկայացնելու հետ մեկտեղ նշել է նաև դրա իրականացման կոնկրետ եղանակը` 350.000 ՀՀ դրամ բռնագանձել իր օգտին որպես վնասի փոխհատուցման գումար, ինչը հայցապահանջի բաղկացուցիչ մասն է։ Մինչդեռ Դատարանը, դուրս գալով հայցապահանջի շրջանակներից, վճռել է վնասը հատուցել բնեղենով` վերանորոգել վնասված գույքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1090073 վկայականի թիվ 1, 3 և 5 սենյակները` դրանք բերելով նախկին տեսքի։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, ըստ էության բավարարելով վնասի հատուցման հայցը, միաժամանակ քննել է վնասը բնեղենով հատուցելու հարցը, մինչդեռ նման պահանջ ներկայացված չի եղել։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2010 թվականի որոշման` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2010 թվականի վճռի` «Բնակարանին պատճառված 335.422 /երեք հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ վնասի փոխհատուցումը կատարել բնեղենով, այսինքն` վերանորոգել վնասված գույքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1090073 վկայականի թիվ 1, 3 և 5 սենյակները` բերելով նախկին տեսքին» մասով վերաքննիչ բողոքը մերժելու և վճիռն այդ մասով անփոփոխ թողնելու մասը և այն փոփոխել` վճռի եզրափակիչ մասից հանել վերոնշյալ պարբերությունը։ Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։
2. Աշոցքի գյուղապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.062,66 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
|
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |