Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-956
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

14 ապրիլի 2011 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 35 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին` Բրյուսելում:

2. Համաձայնագրով Եվրոպական միությունը Խորհրդի (2009/890/ԵՀ) որոշման և 2011 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև կնքված փոխըմբռնման հուշագրում (Փոխըմբռնման հուշագիր) սահմանված պայմանների համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ (Դրամաշնորհ)` ուղղված արտաքին ֆինանսական սահմանափակումները նվազեցնելուն, կայուն վճարային հաշվեկշռի աջակցմանը և Հայաստանի արտարժույթի պահուստների վիճակի պահպանմանը: Առաջին մասնավճարը կկազմի 14 միլիոն եվրո, իսկ երկրորդ մասնավճարը` մինչև 21 միլիոն եվրո: Հիշյալ գումարների տրամադրումը կախված կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված` ընդարձակ ֆինանսավորման համակարգի և ընդարձակ վարկավորման համակարգի ներքո պայմանավորվածության կամ դրանց հաջորդող պայմանավորվածությունների իրականացման բավարար առաջընթացից, ինչպես նաև տնտեսական կայունացման և կառուցվածքային բարեփոխումներում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (Եվրոպական միության անունից) դրական գնահատականից: Դրամաշնորհի երկրորդ մասնավճարի հատկացումը կախված կլինի Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ իրականացվող Հանձնաժողովի ուսումնասիրությունից` կապված այն առաջընթացի հետ, որն արձանագրվել է Փոխըմբռնման հուշագրում համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումների չափորոշիչների մասով: Սույն աջակցության շրջանակներում տրամադրվելիք գումարի չափը հաշվարկելիս պատշաճ կերպով հաշվի կառնվեն այլ դոնորների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության արդյունավետ ներգրավումը, ինչպես նաև հետագա ֆինանսական կարիքները:

Դրամաշնորհի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի` եվրոյով բացված հաշվին, որը պահվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և գործում է Հայաստանի անունից` որպես գործակալ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) Դրամաշնորհն օգտագործել բացառապես Համաձայնագրով և Փոխըմբռնման հուշագրով սահմանված պայմանների համար.

բ) վճարել բոլոր ծախսերը, որոնք առաջացել են Դրամաշնորհի ֆինանսական գործարքների մասով.

գ) հայտարարել, որ Համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին կատարված բոլոր վճարումներն ու փոխանցումները, ինչպես նաև Համաձայնագիրը, ենթակա չեն հարկման որևէ հարկատեսակով Համաձայնագրի գործողության ամբողջ ընթացքում:

Համաձայնագրով սահմանվում են նաև տեսչական ստուգումների, խարդախության կանխարգելման, աուդիտի, Համաձայնագրի դադարեցման, կողմերի միջև վեճերի կարգավորման, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և ավարտի հետ կապված հարաբերությունները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաև ստեղծելու իրավական ու ֆինանսական բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ծավալման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-956