Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1219/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1219/02/08

2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

                  Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարուժան Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ Վարուժան Սիմոնյանի հայցի ընդդեմ Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանների, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների, Իզաբելլա Վանլյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարուժան Սիմոնյանը պահանջել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող հողամասը և շենք-շինությունները հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել հետևյալ կերպ` իրեն հատկացնել հողամասի արժեքի 1/5 մասը և սեփականության իրավունքով իրեն պատկանող, փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի 7-րդ պարբերությունում նշված 57,68քմ մակերեսների արժեքը, Ֆլորա Զաքարյանին հատկացնել հողամասի արժեքի 1/5 մասը և սեփականության իրավունքով նրան պատկանող, փորձագետի եզրակացության ««Հետևություններ» բաժնի 2-րդ կետի 6-րդ պարբերությունում նշված 134,61քմ մակերեսներից 95,91քմ մակերեսների արժեքը (134,61-38,7=95,91), Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյաններին հատկացնել հողամասի արժեքի 1/5 մասը և նախկինում սեփականության իրավունքով հանգուցյալ Հրաչիկ Զաքարյանին պատկանող, փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի 5-րդ պարբերությունում նշված 92,25քմ մակերեսների արժեքը, Իզաբելլա Վանլյանին հատկացնել հողամասի արժեքի 1/5 մասը և սեփականության իրավունքով նրան պատկանող, փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում նշված 118,91քմ մակերեսների և 16,77քմ մակերեսով նկուղային հարկի արժեքը, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյաններին հատկացնել հողամասի արժեքի 1/5 մասը և սեփականության իրավունքով նրանց պատկանող, փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերությունում նշված 143,8քմ մակերեսների արժեքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող 855,5քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող շենք-շինությունները հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել հետևյալ կերպ` հողամասի արժեքը բաժանել 5 մասի, որից 1/5 մասը` Վարուժան Սիմոնյանին, 1/5 մասը` Ֆլորա Զաքարյանին, 1/5 մասը` Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյաններին, 1/5 մասը` Իզաբելլա Վանլյանին, 1/5 մասը` Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյաններին, իսկ շենք-շինությունների վաճառքից գոյացած գումարները բաշխել հրապարակային սակարկությունների անցկացման օրվա դրությամբ առկա սեփականատերերի միջև` ըստ նրանց ունեցած մակերեսների:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.11.2010 թվականի որոշմամբ Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանների, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 26.09.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանները, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 18-րդ, 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ, 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 166-րդ հոդվածները, 197-րդ հոդվածի 6-րդ կետը, 277-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 92-րդ, 117-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական է համարել միայն մեկ փաստ, այն է` Վարուժան Սիմոնյանը վիճելի հողամասի նկատմամբ չունի սեփականության իրավունք: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հակասել է ինքն իրեն, աղավաղել է իրականությունը և դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ իր նախաձեռնությամբ հերքել է Վարուժան Սիմոնյանի սեփականության իրավունքի առկայությունը, որը երբևէ չեն վիճարկել անգամ Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանները, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանները, Իզաբելլա Վանլյանը, ինչի արդյունքում դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Այսպես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ 07.08.1992 թվականի սեփականության թիվ 500 վկայագրում Վարուժան Սիմոնյանի անվամբ բացի բնակելի տարածությունների նկատմամբ սեփականության իրավունքից այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ բացակայում է որևէ նշում, այնուհետև հակասելով ինքն իրեն` արձանագրել է, որ նույն վկայագրի «Հողամասի բնութագիրը» բաժնում առկա է «1.278» թիվը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ նշված վկայագիրը տվել է պետությունը, ինչը նշանակում է, որ պետությունը ճանաչում է Վարուժան Սիմոնյանի սեփականության իրավունքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարան ներկայացված Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.07.2010 թվականի որոշմամբ հաստատված է համարվել, որ Վարուժան Սիմոնյանը Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող հողամասի համասեփականատերն է:

Միաժամանակ, Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեների կադաստրային գործերում առկա է Վերաքննիչ դատարանի մատնանշած 17.07.1992 թվականի նվիրատվության թիվ 2607 պայմանագիրը, որի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված է, որ տունը գտնվում է 1.278քմ մակերեսով հողամասի վրա:

Գործում առկա է նաև ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 07.04.2008 թվականի թիվ 22818ա գրությունն այն մասին, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հողամասի համասեփականատերն է նաև Վարուժան Սիմոնյանը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված ապացույցները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ Վարուժան Սիմոնյանին զրկել է սեփականության իրավունքից` դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմնավորում: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գոյացած գումարը դրա համասեփականատերերի միջև բաշխելու պահանջը հիմնված է դրանից Վարուժան Սիմոնյանի բաժինն առանձնացնելու անհնարինության վրա:

Վերաքննիչ դատարանը, հիմք չընդունելով 07.08.1992 թվականի սեփականության թիվ 500 վկայագիրը, անտեսել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նաև ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 92-րդ և 117-րդ հոդվածները, քանի որ դրանցով համասեփականատերերի համաձայնության պարտադիր պահանջ չէր սահմանվում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը բավարարել կամ օրինական ուժ տալ Դատարանի 26.09.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են և անօրինական, դրանք հերքվում են գործում առկա ապացույցներով և դրանց հիման վրա Վերաքննիչ դատարանի կատարած եզրակացություններով:

Այսպես` 17.07.1992 թվականի նվիրատվության պայմանագրում որևէ նշում չկա այն մասին, որ Վահագն Սիմոնյանը Վարուժան Սիմոնյանին է նվիրել Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող տան ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի որևէ մասը: Հետևաբար, Վարուժան Սիմոնյանը չէր կարող ճանաչվել որպես վիճելի հողամասի սեփականատեր, քանի որ 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքով արդեն ճանաչվել էր անձանց սեփականության իրավունքն այն հողամասերի նկատմամբ, որոնք հատկացված էին նրանց բնակելի տան կառուցման համար, իսկ Վարուժան Սիմոնյանին հողամաս հատկացնելու վերաբերյալ որևէ պետական մարմնի ակտ չի տրվել, նա որպես հողօգտագործող գրանցված չէր և հողի հարկ չի վճարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրի համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող գույքը` 35,69քմ բնակելի, 19,52քմ օժանդակ և 2,47քմ այլ մակերեսներով, սեփականության իրավունքով պատկանում է Վարուժան Սիմոնյանին` 1/5 մասով: Նույն վկայագրի «Հողամասի բնութագիրը» բաժնի համաձայն` հողամասի մակերեսը կազմում է 1.278քմ: Նույն վկայագրի տրման համար հիմք էր Մյասնիկյանի պետական նոտարի 17.07.1992 թվականի նվիրատվության թիվ 2607 պայմանագիրը (հատոր 1, գ.թ. 5):

2) Կադաստրի 29.02.2008 թվականի թիվ 1232ա գրության համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականատերեր են (առանձնացված բնակելի տներով)` Երևանի Չարենցի թիվ 14 հասցեում` Ֆլորա Զաքարյանը, Վարուժան Սիմոնյանը, Հրաչիկ Զաքարյանը, որի մահից հետո 23.06.2004 թվականի ««Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» թիվ 11492 վկայագրի հիման վրա նրա ժառանգներն են Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանները, իսկ Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 հասցեում` Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանները, Իզաբելլա Վանլյանը (հատոր 1, գ.թ. 7):

3) Կադաստրի 07.04.2008 թվականի թիվ 22818ա գրությամբ հայտնվել է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գրանցված 855,5քմ մակերեսով հողամասի համասեփականատերերն են` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեով` Ֆլորա Զաքարյանը, Վարուժան Սիմոնյանը, Հրաչիկ Զաքարյանը, որի մահից հետո 23.06.2004 թվականի «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» թիվ 11492 վկայագրի հիման վրա նրա ժառանգներն են Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանները, իսկ Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 հասցեով` Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանները, Իզաբելլա Վանլյանը (հատոր 1, գ.թ. 36):

4) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) 10.06.2008 թվականի փորձագետի թիվ 08-0514 եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն` փորձաքննության կատարման դրությամբ Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող բնակելի տների համասեփականատերերի կողմից 05.10.2004 թվականին տրված համաձայնությամբ Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 հասցեով համատեղ սեփականության իրավունքով պետական գրանցում ստացած 855,5քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող բնակելի տների սեփականատերեր Ֆլորա Զաքարյանի, Վարուժան Սիմոնյանի, Հրաչիկ Զաքարյանի, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների, Իզաբելլա Վանլյանի համատեղ սեփականությունը:

Նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի 6-րդ կետի համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գրանցված 855,5քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքում Վարուժան Սիմոնյանի բաժինը հնարավոր չէ առանձնացնել այդ բաժնի չափաքանակի բացակայության և հետազոտվող հասցեի հատակագծային իրավիճակի` բնակելի տների, դրանց պատուհանների, դռների, չափերի և զբաղեցրած հողամասերի, ինչպես նաև ավտոտնակների առկայության պայմաններում, քանի որ ցանկացած բաժանում կբերի ՇՆ և Կ 2.07.01-89 «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 2.12-րդ և 6.39-րդ կետերի խախտմանը, որոնք չեն նորմավորվում ընդհանուր սեփականության իրավունքով հողամասերում գտնվող շինությունների և ավտոտնակների համար (հատոր 1, գ.թ. 55-75):

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ըստ հայցի Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանների, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների ընդդեմ Վարուժան Սիմոնյանի` Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող 855,5քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի 1/5 բաժնի դիմաց փոխհատուցում վճարելու թույլտվության պահանջի մասին, թիվ ԵԿԴ/3556/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 15.07.2010 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2010 թվականի վճռի դեմ Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանների, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների բերած վերաքննիչ բողոքը մերժել է և նշված վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ հաստատված է համարել նաև այն հանգամանքը, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող 855,5քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է նաև Վարուժան Սիմոնյանին:

Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանների, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյանների պահանջը սկզբնապես վերաբերել է Վարուժան Սիմոնյանի փաստացի օգտագործման ներքո գտնվող 58քմ մակերեսով հողամասի դիմաց փոխհատուցման վճարմանը, սակայն գործի քննության ընթացքում զուգահեռաբար ներկայացրած նոր հայցադիմումով, Վարուժան Սիմոնյանին ներկայացրած գրավոր առաջարկով և 07.04.2010 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած գրավոր բացատրություններով Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյանները, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյաններն ընդունել են Վարուժան Սիմոնյանի բաժինն ընդհանուր հողամասի 1/5 մասը կազմելու հանգամանքը և փոխհատուցում են առաջարկել հենց այդ մասի, ինչպես նաև Վարուժան Սիմոնյանին պատկանող շինության դիմաց (հատոր 3, գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու իրավունք ունի միայն որոշակի պարտադիր նախապայմանների առկայության, մասնավորապես` ընդհանուր գույքը բաժանելու կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում:

Սույն գործով Դատարանը Վարուժան Սիմոնյանի հայցի բավարարման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով Վարուժան Սիմոնյանի բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրի համաձայն` Մյասնիկյանի պետական նոտարի 17.07.1992 թվականի նվիրատվության թիվ 2607 պայմանագրով Վարուժան Սիմոնյանին սեփականության իրավունքով փոխանցված անշարժ գույքը բաղկացած էր բացառապես բնակելի տարածություններից: Այսինքն` Վահագն Սիմոնյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տան 1/5 մասի նվիրումը Վարուժան Սիմոնյանի համար չէր կարող ինքնաբերաբար առաջ բերել նաև կից վիճելի հողատարածքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի փոխանցում, քանի որ այն Վահագն և Վարուժան Սիմոնյանների միջև կնքված օտարման գործարքի ինքնուրույն առարկա չէր: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրում, բացի բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքից, այլ անշարժ գույքի, այն է` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ որևէ նշում առկա չէ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից: Այսպես` սույն քաղաքացիական գործով ներկայացված` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի պայմաններում Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վարչական ակտի` 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրի հիմքում դրված սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափության հարցին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին` նշելով որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` դատարանը դուրս է գալիս հայցի շրջանակներից: ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (տե´ս ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրով հաստատվում է, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող գույքը` 35,69քմ բնակելի, 19,52քմ օժանդակ և 2,47քմ այլ մակերեսներով, սեփականության իրավունքով պատկանում է Վարուժան Սիմոնյանին` 1/5 մասով, իսկ նշված հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1.278քմ: Կադաստրի 29.02.2008 թվականի թիվ 1232ա և 07.04.2008 թվականի թիվ 22818ա գրություններով` հիմնված կադաստրային գործի տվյալների վրա, հաստատվում է, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականատեր և նույն հասցեներում գրանցված 855,5քմ մակերեսով հողամասի համասեփականատեր է նաև Վարուժան Սիմոնյանը: Նշված հանգամանքները հաստատվել են նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ԵԿԴ/3556/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 15.07.2010 թվականի որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնվում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով վեճի առարկա հողամասի վերաբերյալ սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափության հարցը, դուրս է եկել հայցի շրջանակներից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որի համաձայն` Վարուժան Սիմոնյանի անվամբ 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագիրը բավարար ապացույց չի կարող հանդիսանալ վիճելի հողատարածքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը հաստատված համարելու համար, քանի որ նրանում բացի բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքից այլ անշարժ գույքի, այն է` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ որևէ նշում առկա չէ, քանի որ սույն գործում առկա վարչական ակտով` 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագրի հիմքում դրված սեփականության իրավունքի պետական գրանցմամբ հաստատված է Վարուժան Սիմոնյանի սեփականության իրավունքը նաև վիճելի հողամասի նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել 07.08.1992 թվականին տրված սեփականության թիվ 500 վկայագիրը, Կադաստրի 29.02.2008 թվականի թիվ 1232ա և 07.04.2008 թվականի թիվ 22818ա գրությունները, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ԵԿԴ/3556/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 15.07.2010 թվականի որոշումը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2008 թվականի վճռին:

2. Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյաններից, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյաններից, Իզաբելլա Վանլյանից հօգուտ Վարուժան Սիմոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Ֆլորա, Հրանտ և Արմիկ Զաքարյաններից, Մարինե, Էմմա և Ռիմա Մկրտչյաններից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2008 թվականի թիվ ԵԿԴ/1219/02/08 որոշմամբ հետաձգված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան