Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.46
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/0683/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0683/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Լիլիթ Կարապետյանի հայցի ընդդեմ Տեսչության` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Լիլիթ Կարապետյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիլիթ Կարապետյանը պահանջել է վերացնել Տեսչության 19.01.2010 թվականի թիվ 2315030 ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Լիլիթ Կարապետյանից 600.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման դեպքում ընդհանուր կարգից սահմանել է բացառություն, այն է` մինչև նշված ստուգումը սկսելը դրա վերաբերյալ հանձնարարագրի մեկ օրինակը չի տրամադրվում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Դատարանն անտեսել է նաև, որ հսկիչ գնումը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող առանձին ինստիտուտ է, որը որևէ կապ չունի հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրմանն ուղղված ստուգման հետ:

Դատարանը չի անդրադարձել գործի քննության ընթացքում Լիլիթ Կարապետյանի կողմից կատարված այն հայտարարությանը, որ նա հսկիչ-դրամարկղային մեքենա չունի և չի կիրառում միայն այն բանի համար, որ ստանում է քիչ եկամուտ:

Դատարանը նշել է, որ վիճարկվող ակտը չի բովանդակում տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և ծառայություններ մատուցող աշխատողի վերաբերյալ որևէ տվյալ, որից կատարվել է գնումը, ինչպես նաև առկա չէ որևէ արձանագրություն` վիճարկվող ակտում նշված բջջային հեռախոսակապի ծառայությունից օգտվելու և դրա դիմաց 100 ՀՀ դրամ վճարելու մասին: Մինչդեռ, Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ վիճարկվող ակտում հստակ նշված է, որ Լիլիթ Կարապետյանը գործունեություն էր ծավալում առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 09.08.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 19.01.2010 թվականի թիվ 2315030 հանձնարարագրի հիման վրա Լիլիթ Կարապետյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում (գ.թ. 5):

2) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 19.01.2010 թվականին կազմել է թիվ 2315030 ակտը, որի 2-րդ կետի համաձայն` 19.01.2010 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Զ. Անդրանիկ» կայարանի մուտքի մոտ գտնվող Լիլիթ Կարապետյանին պատկանող կրպակից տրամադրվել է բջջային հեռախոսակապ, որի համար վճարվել է 100 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն` հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության պատճառով, Լիլիթ Կարապետյանը գործունեություն էր իրականացնում առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի: Խախտվել են ՀՀ Կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշման պահանջները: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «1-ին կետի «ա» ենթակետ»-ի համաձայն` հարկ վճարողից գանձվում է տուգանք` 300.000 ՀՀ դրամի չափով, իսկ նույն հոդվածի ««ե» ենթակետ»-ի համաձայն` նշված տուգանքը երկամսյա ժամկետում չվճարելու դեպքում կրկնապատկվում է (գ.թ. 6-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, նույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և կապարակնքած հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեության իրականացման դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքների վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար նախատեսված է 300.000 ՀՀ դրամ տուգանք: Այսինքն` նշված տուգանքի նշանակման համար բավարար է կանխիկ դրամով դրամական գործարքների իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության փաստի հայտնաբերումը, որը պետք է արձանագրվի ստուգման ակտում: Մասնավորապես` ստուգման ակտում նկարագրվում են արձանագրված խախտումները, խախտված իրավական նորմերը, խախտման կոնկրետ ժամանակը, ինչպես նաև հղում է կատարվում համապատասխան փաստաթղթերին, և նշվում են պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը: Միաժամանակ, ստուգման ակտի անվավեր ճանաչման համար պետք է հիմնավորվի դրա` օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը, քանի որ հակառակ դեպքում այն համարվում է իրավաչափ վարչական ակտ:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ վիճարկվող ակտը չի բովանդակում այն բոլոր էական փաստական հանգամանքները և հիմքերը, որոնց հիման վրա այն կազմվել է: Մասնավորապես` վիճարկվող ակտից պարզ չէ, թե ում կողմից է կատարվել գնումը և ում է մատուցվել բջջային հեռախոսակապի ծառայությունը, այն մատուցվել է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց, թե այլ անձի, ինչպես նաև արդյոք տվյալ դեպքում բջջային հեռախոսակապից օգտվելը հանդիսացել է այդպիսի ծառայության մատուցում: Վիճարկվող ակտը չի բովանդակում նաև տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և ծառայություններ մատուցող աշխատողի վերաբերյալ որևէ տվյալ, որից կատարվել է գնումը, ինչպես նաև առկա չէ որևէ արձանագրություն` բջջային հեռախոսակապի ծառայությունից օգտվելու և դրա դիմաց 100 ՀՀ դրամ վճարելու մասին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Լիլիթ Կարապետյանը պատասխանատվության է ենթարկվել ոչ թե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների խախտման համար, որի դեպքում միայն վիճարկվող ակտում Դատարանի մատնանշած փաստերի արձանագրումը կլիներ անհրաժեշտ, այլ վերջինս պատասխանատվության է ենթարկվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում դրա բացակայության համար, որի հետ կապված վիճարկվող ակտն ամբողջությամբ համապատասխանում է ստուգման ակտին ներկայացվող պահանջներին:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 19.01.2010 թվականի թիվ 2315030 հանձնարարագրի հիման վրա Լիլիթ Կարապետյանի մոտ կատարված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքում Տեսչությունը 19.01.2010 թվականին կազմել է թիվ 2315030 ակտը, որի 2-րդ կետով արձանագրվել է, որ 19.01.2010 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Զ. Անդրանիկ» կայարանի մուտքի մոտ գտնվող Լիլիթ Կարապետյանին պատկանող կրպակից տրամադրվել է բջջային հեռախոսակապ, որի համար վճարվել է 100 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն` հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության պատճառով, Լիլիթ Կարապետյանը գործունեություն էր իրականացնում առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի: Նույն կետով որպես խախտված իրավական նորմ է նշվել ՀՀ Կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշումը, իսկ որպես պատասխանատվության կիրառման իրավական հիմք` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը: Այսինքն` վիճարկվող ակտից ակնհայտ է, որ տվյալ դեպքում Լիլիթ Կարապետյանը պատասխանատվության է ենթարկվել վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ` հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում դրա բացակայության համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 19.01.2010 թվականի թիվ 2315030 ակտը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ ստուգման ակտին ներկայացվող պահանջների պահպանմամբ, այն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք տվյալ դեպքում առկա չէ, և դրա պահանջները ենթակա են կատարման:

 

Ինչ վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման ժամանակ դրա վերաբերյալ հանձնարարագրի ներկայացման ժամկետի, ինչպես նաև հսկիչ գնման կարգի վերաբերյալ Դատարանի և բողոք բերած անձի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պատճառաբանություններից ելնելով` դրանք սույն գործի լուծման տեսանկյունից չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.08.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Լիլիթ Կարապետյանի հայցը մերժել: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել` Լիլիթ Կարապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 600.000 ՀՀ դրամ:

2. Լիլիթ Կարապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

3. Լիլիթ Կարապետյանից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության բռնագանձել 18.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ