Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1832/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1832/02/08

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                  Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արծրունի Մանուչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Արծրունի Մանուչարյանի հայցի ընդդեմ Ջանիբեկ Մանուչարյանի` սեփական գույքի տիրապետման խոչընդոտները վերացնելու և ինքնակամ կառույցը քանդելու պահանջների մասին, ինչպես նաև հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով 124քմ մակերեսով զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արծրունի Մանուչարյանը պահանջել է պարտավորեցնել Ջանիբեկ Մանուչարյանին վերացնելու սեփականությունից օգտվելու խոչընդոտները և քանդելու Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող հողամասում ապօրինի կառուցված բնակարանը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2008 թվականի որոշմամբ Արծրունի Մանուչարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության։

Հակընդդեմ հայցով Ջանիբեկ Մանուչարյանը պահանջել է Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող 632.0քմ մակերեսով հողամասի վրա իր կողմից կառուցված տնով զբաղեցված 124քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2010 թվականի որոշմամբ Ջանիբեկ Մանուչարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ջանիբեկ Մանուչարյանի սեփականության իրավունքն Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող, Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող 632.0քմ մակերեսով հողամասից կառույցով զբաղեցված 34,35քմ հողամասի նկատմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2010 թվականի որոշմամբ Արծրունի Մանուչարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.06.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արծրունի Մանուչարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ջանիբեկ Մանուչարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 53-րդ և 60-րդ հոդվածների 1-ին կետերը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, 274-րդ և 277-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Արծրունի Մանուչարյանը սեփականության իրավունքով պատկանող Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող 34,35քմ մակերեսով իր հողամասից հրաժարվելու կապակցությամբ որևէ գործողություններ չի կատարել, ընդհակառակը հոգացել և կատարել է դրա պահպանման համար անհրաժեշտ ծախսերը, տիրապետում է դրա վրա առկա Արծրունի Մանուչարյանին պատկանող կաթսայատունը:

Բացի այդ, Ջանիբեկ Մանուչարյանն ինքնակամ կառույցը սկսել է կառուցել 1983 թվականից, այսինքն` համայնքին պատկանող հողամասի վրա, իսկ Արծրունի Մանուչարյանին պատկանող հողամասի վրա սկսել է կառուցել, ըստ էության, 2000-2001 թվականներից և այդ ժամանակահատվածում պահանջել է Ջանիբեկ Մանուչարյանից քանդելու նշված հողամասի վրա գտնվող կաթսայատան վրա իրականացված ինքնակամ կառույցը, այսինքն` տվյալ դեպքում առկա չէ Ջանիբեկ Մանուչարյանի կողմից նշված հողամասը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Ջանիբեկ Մանուչարյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցը հողամասի սեփականատիրոջ պահանջով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հիմքով ենթակա է քանդման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել «դատական ակտերը»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.12.2007 թվականի վճռով մերժվել է Արծրունի Մանուչարյանի հայցն ընդդեմ Ջանիբեկ Մանուչարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը քանդելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ.7-8)։

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման 19.12.2007 թվականի թիվ ՆԳ-3065 գրության համաձայն` ըստ կադաստրային քարտեզի տվյալների Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում Ջանիբեկ Մանուչարյանի անվամբ 128-040 ծածկագրով հաշվառված է 426.0քմ մակերեսով կառուցման և սպասարկման հողամաս, որն իրավունքի պետական գրանցում չի ստացել` սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով։ 21.03.1975 թվականին հաստատված գույքային թերթի հետ համեմատած առկա է Ջանիբեկ Մանուչարյանի կողմից կառուցված ինքնակամ կառույց, որն Արծվիկ Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից զբաղեցնում է 34,35քմ (հատոր 1-ին, գ.թ.13)։

3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման 25.01.2008 թվականի թիվ ՆԳ-0111 գրության համաձայն` ըստ 21.03.1975 թվականին կազմված գույքային թերթի Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում Արծվիկ Մանուչարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 608քմ մակերեսով հողամաս և 79,1քմ մակերեսով բնակելի տուն, և արխիվային բոլոր փաստաթղթերում գրառված է «Արծվիկ» անունը (հատոր 1-ին, գ.թ.14)։

 4. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 18.03.2008 թվականի վճռով բավարարվել է Արծրունի Մանուչարյանի դիմումը` իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելիության փաստը հաստատելու պահանջի մասին: Վճռվել է հաստատել այն փաստը, որ նախկին ՀՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրության «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի կողմից «Արծվիկ Արտեմի Մանուչարյան» անուն-հայրանուն-ազգանվամբ 21.03.1975 թվականին տրված բնակելի շենքի գույքային թերթիկը պատկանում է Արծրունի Արտեմի Մանուչարյանին (հատոր 1-ին, գ.թ.19)։

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման 14.04.2008 թվականի թիվ ՆԳ-0603 գրության համաձայն` ըստ կադաստրային քարտեզի տվյալների Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում Արծրունի Մանուչարյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառվել է 632.0քմ մակերեսով հողամաս բնակելի տան կառուցման և սպասարկման համար, իսկ Ջանիբեկ Մանուչարյանի անվամբ հաշվառվել է 426.0քմ մակերեսով հողամաս, որից մոտավորապես 124քմ մակերեսով հողամասը զավթել է Արծրունի Մանուչարյանի հողամասից, որի վրա առկա է ինքնակամ կառույց, որը զբաղեցնում է 42,6քմ մակերես (հատոր 1-ին, գ.թ.51)։

6. Ալավերդու քաղաքապետարանի 03.02.2009 թվականի թիվ 50 տեղեկանքի համաձայն` Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող, Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մասով 03.02.2009 թվականի դրությամբ հողի հարկի գծով պարտք չունի (հատոր 4-րդ, գ.թ.16)։

7. «Տեխպրոյեկտ» ՍՊ ընկերության 13.08.2009 թվականի թիվ 4 և 24.08.2009 թվականի թիվ 5 գրությունների համաձայն` Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող Արծրունի Մանուչարյանի կաթսայատան վրա Ջանիբեկ Մանուչարյանի կողմից կառուցված բնակելի կառույցն արգելված է և ըստ գործող շինարարական նորմերի` ենթակա է քանդման, ինչպես նաև ինքնակամ կառույցի առկայությունը զրկում է Արծրունի Մանուչարյանի սենյակը լուսավորությունից, և հիմնական խոչընդոտ կարող է լինել շենքերի հեռավորությունը (հատոր 5-րդ, գ.թ. 50-52):

8. Ալավերդու քաղաքապետի 09.10.2009 թվականի թիվ 947 գրության համաձայն` Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող, Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հողի հարկը վճարել են Անահիտ Մանուչարյանը և Լենիտա Մանուչարյանը (հատոր 6-րդ, գ.թ.39)։

9. Ալավերդու քաղաքային համայնքի «Թիվ 1 ԲՇՏ» ԲԲ ընկերության գրության համաձայն` Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 տան սեփականատեր Արծրունի Մանուչարյանը 2002-2004 թվականներին մի քանի անգամ բողոքել է Ջանիբեկ Մանուչարյանի կողմից 34,5քմ մակերեսով հողամասը զավթելու և ինքնակամ կառույց իրականացնելու կապակցությամբ (հատոր 9-րդ, գ.թ.12)։

10. Բողոքին կից ներկայացված ՀՀ քաղաքաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 01.12.2010 թվականի թիվ 02/25.1/4931-10 գրության համաձայն` դեռևս 2000 թվականին Ջանիբեկ Մանուչարյանի կողմից Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում գտնվող հողամասի և կաթսայատան մի մասի վրա ինքնակամ կառուցել է կիսանկուղով բնակելի տուն, որի պատի հեռավորությունը սեփականատիրոջ տան պատից և գոյություն ունեցող երկու լուսամուտներից 1մ է: Ինքնակամ կառույցի հետևանքով խախտվել է ՇՆևԿ 2.07.01-89-ով առաջադրվող հակահրդեհային նորմերով շինությունների միջև նվազագույն 6մ հեռավորության և բնական լուսաթափանցելիության նորմերի պահանջները:

11. Բողոքին կից ներկայացված` Արծրունի Մանուչարյանին հասցեագրված ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 15.01.2003 թվականի թիվ 184/4 գրության համաձայն` Ձեր կողմից 12.01.2001 թվականին և 05.12.2002 թվականին ներկայացվել է դիմումներ այն մասին, որ 2001-2002 թվականներին Ալավերդու Փիրուզյան փողոցի թիվ 75 հասցեում Արծրունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում Ջանիբեկ Մանուչարյանն իրականացնում է ինքնակամ շինարարություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գանահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

 

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Ջանիբեկ Մանուչարյանի կողմից Արծրունի Մանուչարյանի տնամերձ հողամասում շինարարությունն իրականացնելու ընթացքում վերջինս տեղյակ էր կատարվող շինարարության մասին և ունենալով հնարավորություն` երբևէ իր գույքից օգտվելու սահմանափակման կամ արգելքի պահանջ չի ներկայացրել։ Այսինքն` դեռևս այն ժամանակ, երբ Ջանիբեկ Մանուչարյանը սկսել է կառուցել ինքնակամ կառույցը, Արծրունի Մանուչարյանը կարող էր արգելել և խոչընդոտել վերջինիս կողմից նշված գործողությունների կատարմանը, մինչդեռ հայցվորը որևէ կերպ արգելք չի ստեղծել: Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ այդպիսով հայցվորը փաստացի հրաժարվել է իր տնամերձ հողամասի համապատասխան մասից։

Մինչդեռ, հիմք ընդունելով սույն գործի փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է Արծրունի Մանուչարյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի սեփականության իրավունքից հրաժարումը, ինչպես նաև Ջանիբեկ Մանուչարյանի կողմից դրա բարեխիղճ տիրապետումը հիմնավորող որևէ ապացույց: Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի հողամասի վրա գտնվում է Արծրունի Մանուչարյանին պատկանող կաթսայատունը: Ընդ որում, Արծրունի Մանուչարյանը նշված հողամասով է մուտք ու ելք կատարում կաթսայատուն, այսինքն` այն տիրապետվում և օգտագործվում է Արծրունի Մանուչարյանի կողմից: Ավելին, Արծրունի Մանուչարյանն իրականացրել է նշված հողամասի պահպանման ծախսերը, կատարել է հողի հարկի վճարումները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման` վեճի առարկա գույքը Ջանիբեկ Մանուչարյանի կողմից բարեխիղճ տիրապետելու հանգամանքը հաստատված համարելու հիմքում դրված այն հանգամանքին, որ Արծրունի Մանուչարյանը չի խոչընդոտել ինքնակամ շինության կառուցապատման հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով այն բավարար չէ Արծրունի Մանուչարյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի սեփականության իրավունքից հրաժարումը, ինչպես նաև Ջանիբեկ Մանուչարյանի կողմից դրա բարեխիղճ տիրապետումը հիմնավորելու համար:

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

 2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան