Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/4971/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4971/05/09 
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.06.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` գերավճարը ՀՀ պետական բյուջեից վերադարձնելուն ուղղված բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը կայացնելու 1997-2006 թվականներին Բանկի կողմից ԱԱՀ-ի գծով 61.532.760,00 ՀՀ դրամ ավել վճարված գումարը (գերավճարը) ՀՀ պետական բյուջեից Բանկին վերադարձնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ։

ՀՀ վարչական դատարանի 14.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հայցապահանջի հիմքում դրված այն հանգամանքը, ըստ որի` ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ հաստատված է համարվել այն փաստը, որ 2006 թվականի հարկային արտոնությունները դադարելու օրվա դրությամբ առկա էր ԱԱՀ-ի գծով 61.532.760. ՀՀ դրամ ավել վճարված գումար (գերավճար) և որ նշված հանգամանքը կրկին ապացուցման կարիք չունի, Դատարանն անհիմն է համարել։ Դա պատճառաբանել է նրանով, որ այդ վճռի պատճառաբանական մասի «Դատաքննությամբ պարզված հանգամանքները» բաժնում շարադրված փաստերը «վճռով հաստատված փաստեր» չեն, քանի դեռ դրանք բառացիորեն անվանված չեն որպես հաստատված փաստեր, այլ համարվում են միայն որպես դատաքննությամբ պարզված փաստեր, մինչդեռ Դատարանի նման դիրքորոշումն անտրամաբանական է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի իմաստից հետևում է, որ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները նշվում են վճռի պատճառաբանական մասում, այսինքն` այն, ինչը դատարանը համարում է հաստատված, շարադրվում է դատական ակտերի այսպես կոչված «պարզեց» մասում։

2) Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը, 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 72-րդ հոդվածի 2-րդ մասը, 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը, 94-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը և գտել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը կարող է գործել միայն հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասության դեպքում, մինչդեռ նշված դրույթների միջև առկա է մասնակի հակասություն և քանի որ տվյալ դեպքում բողոք բերած անձի համար առավել նախընտրելի են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն` դրանք պետք է գերակայեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների նկատմամբ։ Հետևաբար, Կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման դրույթները պետք է գերակայեն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների նկատմամբ։

Դատարանը նշել է նաև, որ «ավելացված արժեքի հարկի արտոնություններ տրամադրող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնությունները դադարել են գործել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից` 1997 թվականի մայիսի 30-ից, անկախ նշված որոշման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ 2008 թվականին ընդունված որոշումից», մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածից բխում է, որ իրավական ակտը ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի հատուկ որոշմամբ, որը ՀՀ կառավարության 25.04.2008 թվականի թիվ 397-Ն որոշումն է, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ բեկանել Դատարանի 14.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ վարչական դատարանի վճռի դատաքննությամբ պարզված մասում նշված հանգամանքների շարքում նշված արտահայտությունը, որ Բանկի` ԱԱՀ-ի գծով հարկային արտոնությունները դադարելու օրվա դրությամբ Բանկի մոտ առկա էր ԱԱՀ-ի գծով 61.532.760 ՀՀ դրամ ավել վճարված գումար (գերավճար), շարադրված է որոշ այլ հանգամանքների շարքում, որոնք վարչական մարմնի պաշտոնատար անձանց հետ գրագրության որոշ մասնավոր հատվածներ են, հայցվորի առարկություններից քաղվածքներ և վիճարկվող հարցի իրավական գնահատականի համար էական նշանակություն չունեն, հետևաբար, դրանք վճռով հաստատված փաստեր չեն և այդ պատճառով էլ տեղ չեն գտել վճռով հաստատված փաստերի շարքում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ըստ Բանկի հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Կոմիտեի` անհիմն կերպով օրենսդրությամբ սահմանվածից ավել գանձված ԱԱՀ-ի գումարները 61.532.760 ՀՀ դրամի չափով ՀՀ պետական բյուջեից հետ ստանալու Բանկի իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.12.2008 թվականի թիվ ՎԴ 0741/05/08 վճռով հաստատվել են հետևյալ փաստերը`

 ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` Բանկի իրավանախորդ հանդիսացող «Միդլենդ Արմենիա Բանկ» ՓԲԸ-ն 10 տարի ժամկետով ազատվել է ԱԱՀ վճարումից։

 1997 թվականից սկսած` մաքսային մարմինների պահանջով ընկերությունը սկսել է վճարել ավելացված արժեքի հարկ Բանկի կողմից ներմուծվող ապրանքների համար։

 2006 թվականին` Բանկի ԱԱՀ գծով հարկային արտոնությունները դադարելու օրվա դրությամբ, Բանկի մոտ առկա էր ԱԱՀ-ի գծով 61.532.760 ՀՀ դրամ ավել վճարված գումար /գերավճար/։

1997-2006 թվականներն ընկած ժամանակամիջոցում Բանկից մաքսային մարմինների կողմից գանձված մոտ 61.532.750 ՀՀ դրամ ԱԱՀ-ի գումարն ընկերության կողմից չի օգտագործվել, ինչը դատարանը համարեց հաստատված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով` նկատի ունենալով նշված փաստը պատասխանողների կողմից չվիճարկելու և հակառակը հիմնավորող ապացույցներ չներկայացնելու հանգամանքը (գ.թ. 9-17)։

2) ՀՀ կառավարության` «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին 15.01.1996 թվականի թիվ 8 որոշումն ուժի մեջ է մտել 15.01.1996 թվականին և ուժը կորցրել է 25.04.2008 թվականին թիվ 397-Ն որոշմամբ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, միևնույն կողմերի մասնակցությամբ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերն ապացուցման կարիք չունեն (տես` Դոնարա Սարգսյանն ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի, Բրաբիոն Շահինյանի` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ նոր որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ/4166/05/08 որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը։ Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս։

Վերոգրյալ հոդվածից հետևում է, որ վճռի պատճառաբանական մասում ի թիվս այլ պայմանների, պետք է նշվեն համապատասխան ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում դատարանի կողմից պարզված, այսինքն` հաստատված գործի հանգամանքները, փաստերը։

Սույն գործում առկա ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի վճռի` «Դատաքննությամբ պարզված հանգամանքները» բաժնում նշվել է, որ 2006 թվականին` Բանկի ԱԱՀ գծով հարկային արտոնությունները դադարելու օրվա դրությամբ, Բանկի մոտ առկա էր ԱԱՀ-ի գծով 61.532.760 ՀՀ դրամ ավել վճարված գումար /գերավճար/։ 1997-2006 թվականներն ընկած ժամանակամիջոցում Բանկից մաքսային մարմինների կողմից գանձված մոտ 61.532.750 ՀՀ դրամ ԱԱՀ-ի գումարն ընկերության կողմից չի օգտագործվել, ինչը դատարանը հաստատված համարեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով` նկատի ունենալով նշված փաստը պատասխանողների կողմից չվիճարկելու և հակառակը հիմնավորող ապացույցներ չներկայացնելու հանգամանքը։

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի վճռով հայցադիմումում վկայակոչված հանգամանքները նշվել են միայն որպես դատաքննությամբ պարզված, այլ ոչ թե հաստատված հանգամանքներ, ուստի դրանք չեն կարող դիտվել որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի հիմքով վերստին ապացուցման կարիք չունեցող փաստեր։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումում վկայակոչված հանգամանքները շարադրվում են ոչ թե վճռի պատճառաբանական, այլ նկարագրական մասում։ ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի վճռի` «Դատաքննությամբ պարզված հանգամանքները» մասում տեղ են գտել համապատասխան ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում դատարանի կողմից պարզված, այսինքն` հաստատված գործի հանգամանքները, փաստերը, որն ըստ էության համարվում է վճռի պատճառաբանական մասը։ Այսինքն` «դատարանի կողմից պարզված հանգամանքներ» և «դատարանի կողմից հաստատված հանգամանքներ» հասկացություններն ընդհանուր առմամբ նույնն են։ Հետևաբար ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի վճռի` «Դատաքննությամբ պարզված հանգամանքները» մասում նշված այն փաստը, որ Բանկի ԱԱՀ գծով հարկային արտոնությունները դադարելու օրվա դրությամբ Բանկի մոտ առկա էր ԱԱՀ-ի գծով 61.532.760 ՀՀ դրամ ավել վճարված գումար /գերավճար/, պետք է համարել որպես նույն վճռով հաստատված փաստ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների, մասնավորապես` ՀՀ վարչական դատարանի 03.12.2008 թվականի վճռի, դրանով հաստատված հանգամանքների օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում անտեսվել են այդ վճռով հաստատված սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվեն հետևյալ հարցադրումները.

1. Արդյո՞ք ՀՀ կառավարության որոշումը կարող է կիրառվել և ունենալ գերակայություն օրենքի նկատմամբ, եթե այն առավել բարենպաստ պայմաններ է սահմանում անձի համար,

2. Արդյո՞ք սույն գործով առկա է հակասություն ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման և 30.05.1997 թվականից գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի միջև։

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են ՀՀ Սահմանադրության և նույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի։

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության սկզբունքը երաշխավորվում է, իսկ այն դրսևորվում է ՀՀ Սահմանադրությունից հետո օրենքների բարձրագույն իրավաբանական ուժով և մյուս իրավական ակտերի նկատմամբ գերակայությամբ։ Ընդ որում, հակասությունների լուծման հիմքը նույնպես օրենքի գերակայության սկզբունքն է։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի համար նախընտրելի իրավական ակտի կիրառման կանոնը սահմանված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով, որի համաձայն` հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը։

Նշված հոդվածից հետևում է, որ 1. անձի համար նախընտրելի իրավական ակտի կիրառման կանոնը վերաբերում է հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին կամ դրա տարբեր մասերին, 2. այդ կանոնը վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի միջև հակասությունների լուծմանը։ Հետևաբար այն սույն գործով կիրառելի չէ, քանի որ տվյալ դեպքը վերաբերում է տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նախատեսված` հարկ վճարողի օգտին հարկային օրենսդրությամբ սահմանված դրույթները կիրառելու կանոնը նույնպես պետք է գործի օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա, հետևաբար ՀՀ կառավարության որոշումը չի կարող գերակայություն ունենալ օրենքի նկատմամբ, թեկուզև այդ ակտով անձի համար առավել բարենպաստ պայմաններ են սահմանված։

Ուստի անհիմն է բողոք բերող անձի այն փաստարկը, որ ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման դրույթները պետք է գերակայեն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների նկատմամբ։

2. Սույն հիմքի շրջանակներում բարձրացված երկրորդ հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել իրավական ակտերի ստորադասության և ժամանակի մեջ իրավական ակտի գործողության դրույթները և դրանց հարաբերակցությունը։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում։

Օրենքի վերոնշյալ նորմը սահմանում է ժամանակի մեջ իրավական ակտի գործողության ընդհանուր կանոնը, որի համաձայն` իրավական ակտը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

01.07.1993-01.07.1997 թվականները գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ, դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման կարգ և արտոնություններ։

 Վերոնշյալ օրենքի գործողության ժամանակ ընդունված` ՀՀ կառավարության` «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերությունը նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ազատվել է ավելացված արժեքի հարկի վճարումից` առաջիկա տասը տարում։

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի` հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ հարաբերությունների ծագման` 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման ընդունման պահին ՀՀ կառավարությունը լիազորված էր ընդունելու հարկային արտոնություններ սահմանող որոշում։

 30.05.1997 թվականից գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։

01.07.1997 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը որևէ դրույթ չի պարունակում ՀՀ կառավարության կողմից ավելացված արժեքի հարկի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։

Վերը նշված իրավական ակտերից երևում է, որ 30.05.1997 թվականից գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և 01.07.1997 թվականից ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարությունն իրավասու չէր իր որոշմամբ սահմանել հարկային արտոնություն։ Այսինքն, վերոնշյալ դրույթները կիրառելի են «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, քանի որ այդ ակտերով այլ բան սահմանված չէ։

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ կառավարության` «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին 15.01.1996 թվականի թիվ 8 որոշումը ենթակա է կիրառման, և այն չի հակասում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սույն գործով կիրառելի է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած` հարկային արտոնությունների տրամադրման հարաբերությունների նկատմամբ, իսկ ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշումն ընդունվել է այդ պահին գործող օրենսդրության հիման վրա և դրան համապատասխան։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի են ոչ թե իրավական ակտերի միջև հակասությունների վերաբերյալ դրույթները, այլ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողությունը սահմանող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի նորմերը։

 

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ 15.01.1996 թվականի թիվ 8 որոշմամբ սահմանված արտոնությունները դադարել են գործել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից` 30.05.1997 թվականից` անկախ նշված որոշման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ 2008 թվականի որոշումից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, իսկ նույն օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Վերոնշյալ նորմից հետևում է, որ անկախ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքով սահմանված հիմքերի առկայությունից, այն այդպիսին համարվում է բացառապես իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, իսկ մինչև ուժը կորցրած ճանաչելու օրը ծագած հարաբերությունների վրա տարածվում են տվյալ ակտի նորմերը, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 01.07.1993-01.07.1997 թվականները գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը տարածվում է ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշման վրա, որը գործում է մինչև ՀՀ կառավարության 25.04.2008 թվականի թիվ 397-Ն որոշումն ուժի մեջ մտնելը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ կառավարության 15.01.1996 թվականի թիվ 8 որոշումը, իսկ դրա 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված արտոնությունը գործում է դրանով սահմանված տասը տարի ժամկետով։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ