ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4361/05/09 |
Դատավոր՝ Ա. Ղազարյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Կարապետյանի և Գյումրու քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Հրաչյա Կարապետյանի` Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետը և 18.04.2005 թվականին կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հարություն Կարապետյանը և Սոնիկ Վարդանյանը պահանջել են անվավեր ճանաչել 02.11.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշումը, ինչպես նաև 16.12.2004 թվականին և 18.04.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Գործի քննության ընթացքում Հարություն Կարապետյանը և Սոնիկ Վարդանյանը հրաժարվել են 02.11.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 16.12.2004 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 1-ին կետը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներից` խնդրելով միայն անվավեր ճանաչել Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.07.2010 թվականի վճռով Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել է, իսկ մնացած մասով վարչական գործի վարույթը` կարճվել:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հրաչյա Կարապետյանը և Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
2. Հրաչյա Կարապետյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, 27-րդ հոդվածի 2-րդ կետը, 113-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի պարզել, թե հայցվորների որ իրավունքներն են խախտվել Գյումրու քաղաքապետի վիճարկվող որոշմամբ։ Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 03.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով մերժվել է Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի հայցն ընդդեմ Հրաչյա Կարապետյանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ դեպի Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի բնակարան կարելի է առանձին մուտք ապահովել առանց հարկադիր սերվիտուտ սահմանելու:
Բացի այդ, Դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ Հրաչյա Կարապետյանին օտարված վիճելի հողամասը գտնվում է սեփականության իրավունքով նրան պատկանող երկհարկանի շինության տակ, որի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջից հայցվորները հրաժարվել են: Այսինքն` ըստ էության նման պահանջ ներկայացնելը Հրաչյա Կարապետյանին վնաս պատճառելու նպատակ է հետապնդել, որը Դատարանի կողմից ձևական նկատառումներով բավարարում է ստացել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։
2.1. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, 27-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը, 113-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Գյումրու քաղաքապետի վիճարկվող որոշմամբ հայցվորների իրավունքները չեն խախտվել, քանի որ վերջիններիս տան մուտքն այլ վայրից է, և նրանք որևէ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթարկված իրավունք չունեն։
Այսպես` Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հրաչյա Կարապետյանին օտարված վիճելի հողամասը գտնվում է սեփականության իրավունքով նրան պատկանող երկհարկանի շինության տակ, որի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջից հայցվորները հրաժարվել են: Փաստորեն, ներկայումս առկա է Հրաչյա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինություն, որի տակ գտնվող հողամասի մի մասի օտարումը Դատարանն անվավեր է ճանաչել:
Դատարանը հաշվի չի առել նաև ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 03.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ դեպի Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի բնակարան կարելի է առանձին մուտք ապահովել առանց հարկադիր սերվիտուտ սահմանելու, այն է` տնատիրության արևելյան պարսպի մեջ Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի տանը կից մուտք բացելով` հնարավոր է համայնքապատկան անցումից մուտք կազմակերպել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 02.11.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Գյումրու Ա. Պետրոսյան թիվ 47 բնակելի տան նկատմամբ ժառանգ է Հրաչյա Կարապետյանը (գ.թ. 35)։
2) Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետի համաձայն` ինքնակամ զբաղեցրած 26,77 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է Հրաչյա Կարապետյանին: Նշված որոշմանը կից հատակագծի համաձայն` ինքնակամ զբաղեցրած 26,77 քմ մակերեսով հողամասը գտնվում է Հրաչյա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների տակ (գ.թ. 30, 32)։
3) 18.04.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1123791 վկայականի համաձայն` 02.11.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման հիման վրա Գյումրու Ա. Պետրոսյան թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Հրաչյա Կարապետյանի սեփականության իրավունքը (գ.թ. 23-26)։
4) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 03.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի հայցն ընդդեմ Հրաչյա Կարապետյանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է, որ Գյումրու Ա. Պետրոսյան թիվ 47 հասցեում առկա են երկու տնատիրություններ: Բակի խորքային մասում գտնվող տան համասեփականատերերն են Հարություն Կարապետյանն ու Սոնիկ Վարդանյանը, որոնք վիճելի բակում հողամաս չունեն և տարիներ շարունակ օգտվել են ներկայումս Հրաչյա Կարապետյանին պատկանող հողամասից և բակի անցումից: Հարկադիր սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ տնատիրության արևելյան պարսպի մեջ Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի տանը կից մուտք բացելով` հնարավոր է համայնքապատկան անցումից մուտք ապահովել (գ.թ. 173-174)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների
իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վերը նշված հոդվածից հետևում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե´ս ըստ հայցի Ստիխտինգ Ադմինիստրատեկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերության և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, երրորդ անձ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և միջամտող վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/4342/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.10.2010 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորների պնդմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են իրենց իրավունքները, քանի որ զրկվել են այդ տարածքից իրենց բնակարան մուտք գործելու հնարավորությունից, գտել է, որ Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ մի դեպքում այն զուրկ է իրավական հիմքից («Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները (վիճարկվող որոշման իրավական հիմքերը) պետական սեփականություն հանդիսացող հողամասի օտարման կանոն չեն նախատեսում), իսկ մյուս դեպքում` Գյումրու քաղաքապետի կողմից հաշվի չի առնվել, չի ստուգվել և հաստատված չի համարվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի օտարման համար օրենսդրի կողմից նախապայման հանդիսացող այլ անձանց իրավունքների չսահմանափակման փաստի առկայությունը։
Մինչդեռ, Գյումրու քաղաքապետի 30.11.2004 թվականի թիվ 1922 որոշման 2-րդ կետի համաձայն` ինքնակամ զբաղեցրած 26,77 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է Հրաչյա Կարապետյանին: Նշված որոշմանը կից հատակագծի համաձայն` ինքնակամ զբաղեցրած 26,77 քմ մակերեսով հողամասը գտնվում է Հրաչյա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների տակ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 03.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի հայցն ընդդեմ Հրաչյա Կարապետյանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է, որ Գյումրու Ա. Պետրոսյան թիվ 47 հասցեում առկա են երկու տնատիրություններ: Բակի խորքային մասում գտնվող տան համասեփականատերերն են Հարություն Կարապետյանն ու Սոնիկ Վարդանյանը, որոնք վիճելի բակում հողամաս չունեն և տարիներ շարունակ օգտվել են ներկայումս Հրաչյա Կարապետյանին պատկանող հողամասից և բակի անցումից: Հարկադիր սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ տնատիրության արևելյան պարսպի մեջ Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի տանը կից մուտք բացելով` հնարավոր է համայնքապատկան անցումից մուտք ապահովել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի բնակարան վիճելի 26,77 քմ մակերեսով հողամասից անկախ մուտք ապահովելու հնարավորության առկայության փաստը հաստատված լինելու և վիճելի հողամասը Հրաչյա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների տակ գտնվելու պայմաններում պետական սեփականություն հանդիսացող վիճելի հողամասը Հրաչյա Կարապետյանին օտարելով, այդ հողամասն օտարելու որոշման հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցմամբ Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի իրավունքներն ու օրինական շահերը որևէ կերպ չեն խախտվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հրաչյա Կարապետյանի և Գյումրու քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` Հարություն Կարապետյանի և Սոնիկ Վարդանյանի հայցը մերժել։
2. Հարություն Կարապետյանից և Սոնիկ Վարդանյանից հօգուտ Գյումրու քաղաքապետարանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ և հօգուտ Հրաչյա Կարապետյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|