Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0481/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0481/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Ն. Հովսեփյան
Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թերեզա Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թերեզա Քոչարյանի ընդդեմ Անահիտ Հարությունովայի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Թերեզա Քոչարյանը պահանջել է բռնագանձել Անահիտ Հարությունովայից 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.09.2010 թվականի որոշմամբ Դատարանի 01.06.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թերեզա Քոչարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Հարությունովան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 78-րդ հոդվածները։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Անահիտ Հարությունովան չի իրազեկվել իր դեմ հարուցված գործի մասին, հերքվում է Անահիտ Հարությունովայի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու հանգամանքով և Դատարանի հետագա դատավարական գործողություններով։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը, նշելով «Հարությունյան» և «Հարությունովա» ազգանունների տարբերության մասին, չի անդրադարձել այն հարցին, թե ինչի հիման վրա է «Հարությունովա»-ն ստացել «Հարությունյան»-ին պատկանող ծանուցումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.06.2010 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Անահիտ Հարությունովան` որպես պատշաճ պատասխանող, չի ստացել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը։ Ավելին, Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները, գործը քննել և ավարտել է Անահիտ Հարությունովայի բացակայությամբ, իսկ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, կայացրել է օրինական դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գործում առկա հայցադիմումի համաձայն` սույն գործով հայցվորը Թերեզա Քոչարյանն է, իսկ պատասխանողը` Անահիտ Հարությունովան: Հայցի առարկան 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջն է, իսկ հայցի հիմքը՝ հայցադիմումին կցված 24.07.2007 թվականի ստացականը, ըստ որի՝ Անահիտ Հարությունովան Թերեզա Քոչարյանից պարտքով վերցրել է 9.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է մաս-մաս վերադարձնել 2008 թվականի փետրվարի վերջին: Պատասխանողի հասցեն նշվել է ք. Երևան Ռադիշևի թիվ 9 տուն (գ.թ. 9-10, 13-14):

2) Դատարանի 17.03.2010 թվականի որոշմամբ Թերեզա Քոչարյանի ներկայացրած հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշման մեջ որպես պատասխանող նշվել է Անահիտ Հարությունյանը (գ.թ. 2)։

3) «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին ծանուցումը, 21.05.2010 թվականի և 01.06.2010 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերն ուղարկվել են Անահիտ Հարությունովային ք. Երևան Ռադիշևի 9 հասցեով և պատշաճ կերպով ստացվել են (գ.թ. 5-7, 22-24, 32-34)։

4) Դատարանի 07.06.2010 թվականի որոշմամբ ուղղվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է`«Հարությունյանի» փոխարեն նշվել է «Հարությունովայի» (գ.թ. 51)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով)։

 Վերոգրյալը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե´ս ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,30 ՀՀ դրամի պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Անահիտ Հարությունովան տեղեկացված չի եղել իր դեմ հարուցված գործի մասին (չնայած ստացել է Անահիտ Հարությունյանի դեմ հարուցված գործի մասին ծանուցումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համաձայն` հայցվորը Թերեզա Քոչարյանն է, իսկ պատասխանողը` Անահիտ Հարությունովան: Սույն գործով հայցի առարկան 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջն է, իսկ հայցի հիմքը՝ հայցադիմումին կցված 24.07.2007 թվականի ստացականը, ըստ որի՝ Անահիտ Հարությունովան Թերեզա Քոչարյանից պարտքով վերցրել է 9.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է մաս-մաս վերադարձնել 2008 թվականի փետրվարի վերջին: Պատասխանողի հասցեն նշվել է ք. Երևան Ռադիշևի թիվ 9 տուն: Դատարանի 17.03.2010 թվականի որոշմամբ Թերեզա Քոչարյանի ներկայացրած հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշման մեջ որպես պատասխանող է նշվել Անահիտ Հարությունյանը: «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին ծանուցումը, 21.05.2010 թվականի և 01.06.2010 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերն ուղարկվել են Անահիտ Հարությունովային` ք. Երևան Ռադիշևի 9 հասցեով, և դրանք պատշաճ կերպով ստացվել են: Դատարանի 07.06.2010 թվականի որոշմամբ ուղղվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է`«Հարությունյանի» փոխարեն նշվել է «Հարությունովայի»։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին ծանուցումը, 21.05.2010 թվականի և 01.06.2010 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերն Անահիտ Հարությունովայի հասցեով ուղարկված լինելու և պատշաճ կերպով ստացվելու պայմաններում Անահիտ Հարությունովան տեղեկացված է եղել իր դեմ հարուցված գործի մասին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Անահիտ Հարությունովայի բնակության վայր, այն է՝ ք. Երևան Ռադիշևի 9 հասցեով ուղարկված հայցադիմումում «պատասխանող Անահիտ Հարությունովա» նշված լինելու հանգամանքը, ինչպես նաև հայցի հիմքը կազմող Անահիտ Հարությունովայի կողմից տրված 24.07.2007 թվականի ստացականը, ըստ որի՝ Անահիտ Հարությունովան Թերեզա Քոչարյանից պարտքով վերցրել է 9.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է մաս-մաս վերադարձնել 2008 թվականի փետրվարի վերջին, Անահիտ Հարությունովայի համար բավարար էին համոզված լինելու, որ ստացված հայցը հարուցված է իր դեմ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 17.03.2010 թվականի որոշման մեջ պատասխանողի ազգանունը «Հարությունովայի» փոխարեն թյուրիմացաբար «Հարությունյան» նշվելու հանգամանքը Անահիտ Հարությունովային հիմք չէր կարող տալ կարծելու, թե սույն գործն իր դեմ հարուցված չէ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննությունը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջների խախտումներով իրականացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, չի անդրադարձրել վերաքննիչ բողոքի մյուս փաստարկներին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ