Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.43
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ6/0030/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ6/0030/05/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ալավերդյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գալստյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Արմեն Գալստյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Արմեն Գալստյանից 254.300 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 22.01.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմեն Գալստյանը պահանջել է վերացնել Տեսչության 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտը:

Դատարանի 10.02.2009 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:

Դատարանի 31.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ ստուգումը կատարվել է դրա վերաբերյալ հանձնարարագիրը տնտեսվարող սուբյեկտին հանձնելու օրը, մինչդեռ ստուգման հանձնարարագիրը 17.10.2008 թվականին պատվիրված նամակով ուղարկվել է Արմեն Գալստյանին, և վերջինս այն ստացել է 18.10.2008 թվականին, իսկ փաստացի ստուգումը սկսվել է 23.10.2008 թվականին:

Դատարանը գտել է նաև, որ ստուգումից առաջ ստուգման մատյանում գրանցում չի կատարվել, մինչդեռ ստուգման առաջին իսկ պահից Արմեն Գալստյանը չի ունեցել ստուգումների գրանցամատյան:

Դատարանը եզրահանգել է, որ խախտվել են ստուգման համար օրենքով նախատեսված ժամկետները, մինչդեռ ստուգումը փաստացի տևել է 8 օր` 23.10.2008 թվականից մինչև 30.10.2008 թվականը, ինչը հիմնավորվում է ստուգման հանձնարարագրի դարձերեսին ստուգումը փաստացի սկսելու օրվա և վիճարկվող ակտը կազմելու օրվա վերաբերյալ կատարված գրառումներով:

Դատարանը եզրահանգել է նաև, որ Տեսչությունը չի ապացուցել վիճարկվող ակտն Արմեն Գալստյանին ուղարկելու հանգամանքը, մինչդեռ վիճարկվող ակտում վերջինիս ստորագրության բացակայությունն ամենևին էլ չի կարող հաստատված համարել նշված հանգամանքը, քանի որ գործի քննության ընթացքում Դատարան է ներկայացվել Արմեն Գալստյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս վիճարկվող ակտի վրա իր ստորագրությունը չի դրել այն պատճառով, որ դրա հետ համաձայն չէր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, բողոք բերած անձը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ոչ մի ապացույց կամ հիմնավորում չի ներկայացրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 13.08.2008 թվականի թիվ 1038929 հանձնարարագրի հիման վրա Արմեն Գալստյանի մոտ կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության լուծարային ստուգում (գ.թ. 3):

2) Հանձնարարագրի օրինակը փոստային ծառայության միջոցով Արմեն Գալստյանին է ուղարկվել 17.10.2008 թվականին, որը վերջինս ստացել է 18.10.2008 թվականին, ինչը հաստատվում է ստացման մասին ծանուցագրով (գ.թ. 27):

3) Ստուգման արդյունքում Տեսչությունը 30.10.2008 թվականին կազմել է թիվ 1038929 ակտը, որով Արմեն Գալստյանին առաջարկվել է տասնօրյա ժամկետում բյուջե փոխանցել 254.300 ՀՀ դրամ (գ.թ. 4-9):

4) Արմեն Գալստյանը 30.10.2008 թվականին հայտարարություն է տվել այն մասին, որ չի ստորագրում Տեսչության 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտը (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, ստուգում իրականացնող անձի վրա դնելով կազմված վարչական ակտը երեք օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտին ներկայացնելու պարտականություն, այնուամենայնիվ չի կարգավորում դրա ներկայացման եղանակը: Հետևաբար, ստուգում իրականացնող անձը վարչական ակտի մասին տնտեսվարող սուբյեկտին պետք է իրազեկի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանձնման կամ հրապարակման եղանակով: Մասնավորապես` վարչական ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն ստանալու միջոցով, իսկ որևէ հիմնավոր պատճառով դրա անհնարինության դեպքում` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Տեսչության 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտն ուժի մեջ չմտած վարչական ակտ է, քանի որ այն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում առձեռն կամ պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակով չի հանձնվել տնտեսվարող սուբյեկտին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչությունը կատարել է 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտն Արմեն Գալստյանին ստորագրությամբ առձեռն հանձնելու իր պարտականությունը և վարչական մարմնի վրա այն հանձնելու այլ միջոցներ օգտագործելու պարտականություն չի կարող դրվել:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Գալստյանը 30.10.2008 թվականին հայտարարություն է տվել այն մասին, որ չի ստորագրում Տեսչության 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչությունը կատարել է 30.10.2008 թվականի թիվ 1038929 ակտն Արմեն Գալստյանին ստորագրությամբ առձեռն հանձնելու իր պարտականությունը, հետևաբար նշված ակտը համարվում է ուժի մեջ մտած վարչական ակտ, և այն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք տվյալ դեպքում առկա չէ:

 

Ինչ վերաբերում է Դատարանի այն հիմնավորմանը, որ Տեսչությունը ստուգումը փաստացի իրականացրել է դրա վերաբերյալ հանձնարարագիրը տնտեսվարող սուբյեկտին հանձնելու առաջին օրը, այն է` 23.10.2008 թվականին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նշված հիմնավորումն անհիմն է, քանի որ սույն գործում առկա փոստային ստացման մասին ծանուցագրով հաստատվում է այն հանգամանքը, որ նշված հանձնարարագրի օրինակը փոստային ծառայության միջոցով Արմեն Գալստյանին է ուղարկվել 17.10.2008 թվականին, որը վերջինս ստացել է 18.10.2008 թվականին, իսկ դրա վրա Արմեն Գալստյանի կատարած «23.10.2008թ.» գրառումը վերաբերում է ստուգումը փաստացի սկսելու ամսաթվին:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել` Արմեն Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 254.300 ՀՀ դրամ: Արմեն Գալստյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Արմեն Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 9.086 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և հակընդդեմ հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

3. Արմեն Գալստյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան