Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-953
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.426
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼ.-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N 7963-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16 մարտի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2011թ. հունվարի 26-ին Երևանում` ՀՀ ֆինանսների նախարարի կողմից:

Սույն համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում վերացնել մրցունակ էլ.-հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումները` ամրապնդելով դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքները և նպաստավոր միջավայրը:

Համաձայնագրի 1-ին լրացման մեջ նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետև` Բանկ) համաձայնում է սահմանված պայմաններին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը (այսուհետև` Վարկառու) տրամադրել քսանչորս (24) միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Համաձայնագիրը բաղկացած է 6 հոդվածներից, ինչպես նաև դրա անբաժանելի մասը կազմող 3 լրացումներից և մեկ հավելվածից:

Համաձայնագրի ընդհանուր պայմանները սահմանված են համաձայնագրի հավելվածում:

Քննության առարկա համաձայնագրի 3-րդ հոդվածը և դրա 1-ին լրացումը վերաբերում են ֆինանսավորման ենթակա ծրագրի նկարագրությանը: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից.

I. Էլ.-հասարակության ենթակառուցվածքների զարգացում, որն իր հերթին ընդգրկում է`

ա. ազգային լայնաշերտ ինտերնետային համացանց և կառավարական ցանց,

բ. «թվային քաղաքացի» ծրագիր,

գ. «համակարգիչ բոլորի համար» ծրագիր:

Ծրագրի սույն բաղադրիչի նպատակն է ավելացնել լայնաշերտ կապի մատչելիությունը քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական մարմինների համար, նրանց զինել էլեկտրոնային գործառնությունների ընթացքում նույնականացման և վավերացման գործիքով, ինչպես նաև խթանել համակարգիչների և էլ. ծառայությունների մատչելիությունը քաղաքացիների համար:

II. Ձեռնարկությունների նորարարության խթանում, որը ներառում է.

ա. ֆինանսական օժանդակություն նորարարությանը` գիտելիքներ և տեխնոլոգիաների կիրառում պահանջող ընկերություններում, այդ թվում` գաղափարների ձևավորման փոքր դրամաշնորհների տրամադրում, ինչպես նաև աջակցություն վենչուրային հիմնադրամի ստեղծմանը,

բ. տեխնիկական աջակցություն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ձևավորմանը,

գ. տեխնիկական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների (գիտելիքների) կիրառում պահանջող ոլորտների զարգացմանը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմնական նպատակն է խթանել գիտելիքի և տեխնոլոգիական հենք ունեցող ձեռնարկությունների ստեղծումը, աճն ու մրցունակությունը, որը կստեղծի բարենպաստ միջավայր գիտելիքի և տեխնոլոգիական հենք ունեցող ընկերությունների համար:

III. Ծրագրի կառավարում:

Սահմանված է, որ Ծրագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում Վարկառուն պետք է ստեղծի և մինչև ծրագրի ավարտը պահպանի Ծրագրի կառավարման մարմին` Ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը կապահովի Ծրագրի գործողությունների իրականացման քաղաքականության ուղղորդումն ու համակարգումը:

Բացառությամբ Բանկի հետ ձեռք բերված այլ համաձայնության` մինչև Ծրագրի ավարտը Վարկառուն պետք է պահպանի ԷԿԵՆԳ-ը, ՁԻՀ-ը և ԱՄՀ-ն և ապահովի, որ ամբողջ ընթացքում դրանք գործեն Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ու պատշաճ եղանակով, աշխատակազմով ու ֆինանսական ռեսուրսներով, որոնք բավարարում են Բանկի պահանջները:

Համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ Վարկառուի և Բանկի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի սույն համաձայնագրի 2-րդ լրացման դրույթներին համապատասխան: Հարկ է ընդգծել, որ համաձայնագրի 2-րդ լրացումը բաղկացած է չորս բաժիններից, այն է` Ծրագրի իրականացման միջոցառումներ, Ծրագրի մոնիտորինգ, հաշվետվություններ և գնահատում, գնումներ, վարկի գումարների առհանման պայմաններ:

Համաձայն նշված լրացման` Վարկառուն պարտավոր է իրականացնել ինստիտուցիոնալ, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումներ: Իսկ Ծրագրի իրականացումը պետք է կատարվի բնապահպանական այն շրջանակի դրույթներին համապատասխան, որը հանդիսանում է գործառնական ընթացակարգերի անբաժանելի մասը:

Վարկառուն պարտավոր է պահպանել գործառնական ընթացակարգերը և պատշաճորեն կատարել դրանցով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և չպետք է փոխանցի, փոփոխի, ուժը կորցրած ճանաչի գործառնական ընթացակարգերը կամ հրաժարվի դրանցից` առանց նախապես բանկի հավանությունն ստանալու:

Համաձայնագրի 2-րդ լրացման 2-րդ բաժնով սահմանվում է, որ Վարկառուն պետք է մոնիտորինգի ենթարկի և գնահատի Ծրագրի առաջընթացը և նախապատրաստի Ծրագրի հաշվետվությունները, վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման համակարգը` համաձայնագրի ընդհանուր դրույթներին համապատասխան: Բացի դրանից, վարկառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45-րդ օրվա ընթացքում Բանկին ներկայացնի միջանկյալ, աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվություններ, իսկ ընդհանուր պայմանների դրույթների համաձայն պետք է աուդիտի ենթարկի իր ֆինանսական հաշվետվությունները: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված, որն սկսվում է այն ֆինանսական տարվանից, որում կատարվել է առաջին առհանումը Ծրագրի համար նախապատրաստական կանխավճարից:

Վարկառուն պետք է ապահովի, որ ԱՄՀ-ն կամ ՄՖՀ-երը կամ վենչուրային հիմնադրամը ենթաֆինանսավորում տրամադրեն շահառուներին` գործառնական ընթացակարգերում սահմանված պայմաններին, համապատասխանության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան:

Վարկառուն պետք է ապահովի, որ համապատասխանաբար ԱՄՀ-ն կամ ՄՖՀ-երը կամ վենչուրային հիմնադրամը յուրաքանչյուր ենթաֆինանսավորում տրամադրեն յուրաքանչյուր շահառուի հետ կնքված ենթաֆինանսավորման համաձայնագրով` գործառնական ընթացակարգերում սահմանված պայմաններով:

Համաձայնագրի 2-րդ լրացման 3-րդ բաժինն անդրադառնում է գնումներին առնչվող հարցերին: Մասնավորապես, նախատեսված է, որ Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և աշխատանքները պետք է գնվեն գնումների ուղեցույցի պահանջների համաձայն, կիրառվեն ապրանքների և աշխատանքների գնման առանձին մեթոդներ: Իսկ գնումների պլանը պետք է սահմանի այն պայմանագրերը, որոնք պետք է նախապես ուսումնասիրվեն Բանկի կողմից, իսկ մյուս բոլոր պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից հետագա ուսումնասիրության:

Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի` Վարկառուն կարող է առհանել վարկի միջոցները սույն համաձայնագրի 2-րդ լրացման 4-րդ բաժնի պայմաններին համապատասխան: Վերջինս սահմանում է վարկի գումարների առհանման ընդհանուր պայմանները, առանձնանշում է թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել վարկի միջոցների հաշվին: Իսկ վարկային միջոցների առհանման ժամանակահատվածը 2014թ. դեկտեմբերի 31-ն է:

Համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում է, որ վարկի մայր գումարը պետք է մարվի 3-րդ լրացման մեջ նախատեսված մարման ժամանակացույցին համապատասխան: Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը և հուլիսի 15-ը: Վարկառուի կողմից վճարվելիք սկզբնավճարը պետք է հավասար լինի վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%): Համաձայնագրի հավելվածը նվիրված է համաձայնագրի ընդհանուր պայմաններին, ինչպես նաև մեկնաբանված են առանձին սահմանումների (հապավումների) բովանդակությունը կամ նշանակությունը:

Ըստ համաձայնագրի 5-րդ հոդվածի` դրա ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է սահմանված համաձայնագրի ստորագրմանը հաջորդող իննսուներորդ (90) օրը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է համապատասխան ֆինանսական պարտավորություններ:

Համաձայնագրի հիմքում դրված ծրագրային դրույթների, համաձայնագրի իրացման կառուցակարգերի, ֆինանսական միջոցների հատկացման ու օգտագործման, ինչպես նաև վարկային ռեսուրսների մարման ընթացակարգերի ուսումնասիրությունը վկայում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը կարող է երաշխավորվել միայն հստակ ու գործուն վերահսկողական համակարգի առկայության պայմաններում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-953

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան