Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/5038/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/5038/05/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Պապուխյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 03.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հայցի ընդդեմ Վահե Պապուխյանի` 220.874,9 ՀՀ դրամ բռնագանձելու և մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Վահե Պապուխյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան (այսուհետ` Մաքսատուն) պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 825 և թիվ 826 որոշումները վերացնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Վահե Պապուխյանից 220.874,9 ՀՀ դրամ և պարտավորեցնել նրան կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վահե Պապուխյանը պահանջել է վերացնել Մաքսատան պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 825 և թիվ 826 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 220.874,9 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, իսկ մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Պապուխյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ, 199-րդ հոդվածները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես` Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատարանի` 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Վահե Պապուխյանի նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ, ինչից հետևում է, որ նշված կետով նախատեսված արտոնությունը կիրառելու մասին Վահե Պապուխյանի դիմումը մերժելուն ուղղված Կոմիտեի գործողությունները եղել են ոչ իրավաչափ:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել նաև, որ Վահե Պապուխյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառելու խնդրանքով Կոմիտե է դիմել 11.05.2009 թվականին, իսկ ներմուծված ապրանքների հայտարարագրման ժամկետն ավարտվել է 06.10.2009 թվականին:

Դատարանն անտեսել է, որ Մաքսատան 16.10.2009 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությունների կազմման համար հիմք են հանդիսացել 06.02.2009 թվականին թիվ F 393 և 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրերով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված անձնական օգտագործման իրերը սահմանված ժամկետում` 06.10.2009 թվականին, որևէ այլ մաքսային ռեժիմով չվերահայտարարագրելու հանգամանքները: Մինչդեռ, նշված բեռնային մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի հետ կապված ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արտոնությունը Վահե Պապուխյանի նկատմամբ չկիրառելու հիմքերն այդ վարչական վարույթներն իրականացնելու ժամանակ արդեն իսկ վիճարկվել էին ՀՀ վարչական դատարանում: Հետևաբար, ՀՀ վարչական դատարանում քննվող գործով հաստատված հանգամանքները կարող էին էական նշանակություն ունենալ Մաքսատան կողմից հարուցված վարչական վարույթներով գործերի քննության համար, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով Վահե Պապուխյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթները պետք է կասեցվեին` մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործի քննության ավարտը:

Այսպիսով, Կոմիտեի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում և վերջինիս մեղքով է, որ ներմուծված ապրանքների ժամկետը մինչև հայտարարագրման ժամկետի ավարտը` 06.12.2009 թվականը, չի երկարաձգվել կամ նշված ապրանքներն այլ մաքսային ռեժիմով չեն հայտարարագրվել, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության տրամադրման դեպքում Վահե Պապուխյանի կողմից ներմուծված անձնական օգտագործման իրերը կձևակերպվեին «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, և դրանց հայտարարագրման համար սահմանված ժամկետը երկարաձգելու պարտականություն վերջինս չէր ունենա: Հետևաբար, կատարված արարքում Վահե Պապուխյանի մեղքն առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 03.06.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատարանի` 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, քանի որ նշված վճռով Կոմիտեի գործողությունները որևէ կերպ չեն գնահատվել որպես իրավաչափ կամ ոչ իրավաչափ, այլ ՀՀ վարչական դատարանը եկել է այն եզրահանգման, որ Կոմիտեի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով վարչական ակտին ներկայացվող պահանջներին, և այն ենթակա է անվավեր ճանաչման:

Վահե Պապուխյանը 06.02.2009 թվականին և 18.03.2009 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծած ապրանքների հայտարարագրման ժամանակ ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, ինչը նշանակում է, որ վերջինս պարտավոր էր կատարել այդ ռեժիմի համար նախատեսված գործողությունները, այն է` դիմել վերադաս մաքսային մարմին ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար կամ սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում նշված ապրանքները վերահայտարարագրել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ դրանք հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը: Մինչդեռ, Վահե Պապուխյանը, խախտելով օրենքի պահանջները և գիտակցելով իր անգործության հակաիրավական բնույթը, ինչպես նաև կանխատեսելով դրա վնասակար հետևանքները, գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

Այսպիսով, Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները, ինչպես նաև վերլուծելով սույն գործով կիրառման ենթակա իրավական ակտերը, այդ թվում նաև ՀՀ վարչական դատարանի` 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, եկել է իրավական առումով հիմնավորված եզրահանգման այն մասին, որ համապատասխան սուբյեկտները պարտավոր են պահպանել իրենց իսկ կողմից ընտրված մաքսային ռեժիմի` օրենքով սահմանված պայմանները և ժամկետները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությամբ, ի պատասխան Վահե Պապուխյանի 11.05.2009 թվականի դիմումի, վերջինս տեղեկացվել է, որ հիմք ընդունելով Կոմիտեի իրավաբանական վարչության 01.10.2009 թվականի թիվ 11442/11-5 գրությունը` Կոմիտեն չի կարող թույլատրել օգտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունից` 14.03.2009 թվականին թիվ F 3800 բեռնային մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմեքենան, 06.02.2009 թվականին թիվ F 393 և 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրերով ձևակերպված անձնական օգտագործման իրերը «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրելիս (հատոր 1, գ.թ. 76):

2) Մաքսատան 16.10.2009 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» թիվ 729 արձանագրության համաձայն` Վահե Պապուխյանը 06.02.2009 թվականին թիվ F 393 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրել է անձնական օգտագործման իրեր, որոնք սահմանված ժամկետում` 06.10.2009 թվականին, որևէ այլ մաքսային ռեժիմով չի վերահայտարարագրել (հատոր 1, գ.թ. 31):

3) Մաքսատան 16.10.2009 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» թիվ 736 արձանագրության համաձայն` Վահե Պապուխյանը 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրել է անձնական օգտագործման իրեր, որոնք սահմանված ժամկետում` 06.10.2009 թվականին, որևէ այլ մաքսային ռեժիմով չի վերահայտարարագրել (հատոր 1, գ.թ. 10):

4) Վահե Պապուխյանը Մաքսատանն ուղղված 27.10.2009 թվականի միջնորդությամբ խնդրել է կասեցնել 06.02.2009 թվականին թիվ F 393 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված անձնական օգտագործման իրերը սահմանված ժամկետում` 06.10.2009 թվականին, որևէ այլ մաքսային ռեժիմով չվերահայտարարագրելու հիմքով իր նկատմամբ 16.10.2009 թվականին հարուցված վարչական վարույթը` միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքը, որ նշված բեռնային մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի հետ կապված ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արտոնությունն իր նկատմամբ չկիրառելու հիմքերը վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում (հատոր 1, գ.թ. 85-87):

5) Վահե Պապուխյանը Մաքսատանն ուղղված 27.10.2009 թվականի միջնորդությամբ խնդրել է կասեցնել 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված անձնական օգտագործման իրերը սահմանված ժամկետում` 06.10.2009 թվականին, որևէ այլ մաքսային ռեժիմով չվերահայտարարագրելու հիմքով իր նկատմամբ 16.10.2009 թվականին հարուցված վարչական վարույթը` միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքը, որ նշված բեռնային մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի հետ կապված ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արտոնությունն իր նկատմամբ չկիրառելու հիմքերը վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում (հատոր 1, գ.թ. 88-90):

6) Մաքսատան պետի տեղակալի 30.10.2009 թվականի թիվ 818 և թիվ 819 որոշումներով Վահե Պապուխյանի նկատմամբ 16.10.2009 թվականին հարուցված վարչական վարույթները կասեցնելու վերաբերյալ վերջինիս միջնորդությունները մերժվել են (հատոր 1, գ.թ. 102-103, 105-106):

7) Մաքսատան պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 826 որոշման համաձայն` Վահե Պապուխյանը 06.02.2009 թվականին թիվ F 393 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրել է անձնական օգտագործման իրեր` 1.526.348 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով, որոնք սահմանված ժամկետում` մինչև 06.10.2009 թվականը, որևէ այլ մաքսային ռեժիմով չի վերահայտարարագրել: Նույն որոշմամբ Վահե Պապուխյանը մաքսային կանոնների խախտում կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 152.634,8 ՀՀ դրամ տուգանքի (հատոր 1, գ.թ. 29):

8) Մաքսատան պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 825 որոշման համաձայն` Վահե Պապուխյանը 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրել է անձնական օգտագործման իրեր` 682.401 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով, որոնք սահմանված ժամկետում` մինչև 06.10.2009 թվականը, որևէ այլ մաքսային ռեժիմով չի վերահայտարարագրել: Նույն որոշմամբ Վահե Պապուխյանը մաքսային կանոնների խախտում կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 68.240,1 ՀՀ դրամ տուգանքի (հատոր 1, գ.թ. 16):

9) ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Վահե Պապուխյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը վերացնելու և Կոմիտեին ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 22.12.2009 թվականին վճռել է հայցը բավարարել` վերացնել (անվավեր ճանաչել) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը և պարտավորեցնել Կոմիտեին Վահե Պապուխյանի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը: Նույն վճռով հաստատված է համարվել, որ Վահե Պապուխյանը վարչական մարմին է ներկայացրել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը, և նշված կետին համապատասխան նրա նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ: Նույն վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.02.2010 թվականին (հատոր 2, գ.թ. 21-26):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

Նույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` մաքսային այս ռեժիմի շրջանակներում ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով …:

Նույն կետի «դ» ենթակետի համաձայն` նույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարտուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի, նշված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, իսկ ապրանքները չարտահանելու կամ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը չհանձնելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով, նշված պահանջների խախտումն առաջացնում է բացասական հետևանքներ` տուգանքի նշանակման տեսքով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար սահմանված է առանց մաքսատուրքի վճարման իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծման իրավունք, որի պայմաններում անձի նկատմամբ տուգանք նշանակելու դեպքում այդպիսի վարչական ակտը կհամարվի ոչ իրավաչափ:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վահե Պապուխյանը, իր անձնական օգտագործման ապրանքի ներմուծման ժամանակ ընտրելով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, խախտել է դրա կիրառման պայմանները, քանի որ մինչև հայտարարագրման սահմանված ժամկետի ավարտը` 06.10.2009 թվականը, վերջինս չի դիմել մաքսային մարմին ժամկետի երկարաձգման կամ ներմուծված ապրանքն այլ մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար, ինչն առաջացրել է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը: Միաժամանակ, Դատարանը պատճառաբանել է, որ օրենսդիրը, որպես ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման նախապայման, չի ամրագրում ներմուծված անձնական օգտագործման ապրանքները որևէ կոնկրետ մաքսային ռեժիմով հայտարարագրելու պարտականություն, ինչը ենթադրում է, որ հայտարարատուն, ընտրելով համապատասխան մաքսային ռեժիմ, պարտավոր է պահպանել դրա` օրենսդրորեն սահմանված կանոնները, ինչը որևէ կերպ չի կարող կախվածության մեջ դրվել արտոնության կիրառման կամ չկիրառման հանգամանքից: Հետևաբար, Վահե Պապուխյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի պարագայում բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված վարչական վարույթի կասեցման հիմքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վահե Պապուխյանը Մաքսատանն ուղղված 27.10.2009 թվականի միջնորդություններով խնդրել է կասեցնել 06.02.2009 թվականին թիվ F 393 և 18.03.2009 թվականին թիվ F 1101 բեռնային մաքսային հայտարարագրերով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված անձնական օգտագործման իրերը սահմանված ժամկետում` մինչև 06.10.2009 թվականը, որևէ այլ մաքսային ռեժիմով չվերահայտարարագրելու հիմքով իր նկատմամբ 16.10.2009 թվականին հարուցված վարչական վարույթները` միջնորդությունների հիմքում դնելով այն հանգամանքը, որ նշված բեռնային մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի չկիրառման հիմքերը վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում, սակայն Մաքսատան պետի տեղակալի 30.10.2009 թվականի թիվ 818 և թիվ 819 որոշումներով այդ միջնորդությունները մերժվել են:

Մինչդեռ, ՀՀ վարչական դատարանի 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վերացվել է Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը և Կոմիտեն պարտավորեցվել է Վահե Պապուխյանի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը: Նշված վճռով հաստատված է համարվել, որ Վահե Պապուխյանը վարչական մարմին է ներկայացրել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը, և նշված կետին համապատասխան նրա նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ:

Այսինքն` սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Վահե Պապուխյանը մինչև «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված իրավունքից օգտվելու համար Մաքսատուն է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Հետևաբար, սույն գործով ներկայացված ապացույցներից ակնհայտ է, որ Վահե Պապուխյանի նկատմամբ պետք է ընդունվեր այլ որոշում` ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին բարենպաստ վարչական ակտ:

Վերոնշյալից հետևում է, որ Մաքսատան պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 825 և թիվ 826 որոշումներն ընդունվել են Վահե Պապուխյանին արտոնություն չտրամադրելու արդյունքում, հետևաբար սույն գործի փաստերի հաշվառմամբ դրանք ոչ իրավաչափ վարչական ակտեր են, և դրանք ենթակա են անվավեր ճանաչման:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 03.06.2010 թվականի վճռի` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը բավարարելու և Վահե Պապուխյանի հակընդդեմ հայցը մերժելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժել: Վահե Պապուխյանի հակընդդեմ հայցը բավարարել` վերացնել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի 02.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 825 և թիվ 826 որոշումները: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ