Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.03.2011-10.11.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.722
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 711-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10.1-ին և 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 779-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 711-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր) փորձաքննության իրականացման (այսուհետ` փորձաքննություն) կարգը (այսուհետ` կարգ):

2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական նպատակը ընտրված նախագծային լուծումների համապատասխանության ապահովումն է Հայաստանի Հանրապետության oրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին:

3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց սահմանված կարգով համաձայնեցումն ու հաստատումը, ենթակա են փորձաքննության: Բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 2 հավելվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները):

(3-րդ կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)

4. Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում` սույն կարգի 25-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետության oրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով (այսուհետ` երաշխավորագիր), եթե նման պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրում:

(4-րդ կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ` փորձագիտական մարմին), ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով որոշակի օբյեկտի հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը:

6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննությանը:

7. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:

8. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

9. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի նշանակությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական oբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`

1) հատուկ համալիր փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով).

2) համալիր փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով).

3) պարզ փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով):

(9-րդ կետը խմբ. 03.03.11 N 257-Ն)

10. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ oբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական oբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր կարգով ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձը (անձինք), շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, օրենքով նախագծային փաստաթղթերի փորձաքննություն անցկացնելու կամ դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորություն ունեցող շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

10.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) օբյեկտներ:

(10.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

11. Համալիր փորձաքննության ենթակա են քաղաքաշինական այն նախագծային փաստաթղթերը, որոնցով, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պահանջվում է նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ինչպես նաև ընդերքի արդյունավետ oգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը: Համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ համապատասխան փորձագիտական եզրակացություն տալու իրավասությամբ oժտված շահագրգիռ մարմինների (այսուհետ` շահագրգիռ փորձագիտական մարմիններ) մասնակցությամբ:

12. Համալիր փորձաքննության պարտադիր կարգով ենթակա են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` վարկային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող oբյեկտների նախագծային փաստաթղթերը.

2) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը.

3) սահմանված կարգով հաստատված պետական ցանկերում ընդգրկված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նախագծային փաստաթղթերը (բացառությամբ սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված դեպքերի).

4) փորձարարական և բազմակի (կրկնակի) oգտագործման oբյեկտների նախագծային փաստաթղթերը.

5) կառուցապատման նախագծերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկում ներառված հատուկ oբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող oբյեկտների (NN 2 և 3 հավելվածներ) նախագծային փաստաթղթերը.

6) ջրային համակարգերի և ինժեներական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերը.

7) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների, ինչպես նաև դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ և այլն) նախագծային փաստաթղթերը.

8) կապի համակարգի նախագծային փաստաթղթերը:

12.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտներ:

(12.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

13. Համալիր փորձաքննություն կարող է իրականացվել նաև սույն կարգի 7-րդ կետով սահմանված պատվիրատուի նախաձեռնությամբ` փորձագիտական մարմնի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում ամրագրելով համապատասխան պայման:

14. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված լրիվ ծավալով:

15. Պետական և համայնքային բյուջեների` ներառյալ վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող ճարտարապետաշինարարական oբյեկտների նախագծերը պարտադիր կարգով փորձաքննության են ներկայացվում նախահաշվային փաստաթղթերի ներառմամբ: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը ներկայացվում են պատվիրատուի որոշմամբ:

16. Պատվիրատուի նախաձեռնությամբ քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը կարող է զուգորդվել փորձագիտական ուղեկցմամբ` քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական մարմնի հետ կնքվող պայմանագրով սահմանված ժամկետներով և պայմաններով: Այս դեպքում փորձագիտական մարմնի կողմից պատվիրատուին (կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` նախագծային փաստաթղթերը թողարկող կապալառուին) ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն աշխատանքային կարգով ընդգրկվում են նախագծային փաստաթղթերի մշակման փուլում:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված փորձագիտական ուղեկցումը պետք է ավարտվի փորձագիտական եզրակացությամբ` սույն կարգի 38-րդ և 39-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

18. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը 2 փուլով («Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր») մշակելու դեպքում փորձաքննության է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման N 1 հավելվածի 6-րդ և 7-րդ կետերվ սահմանված «Նախագիծ» փուլը: Ընդ որում, նշված նախագծային փաստաթղթերի հաջորդ` «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը` սույն կարգով հատուկ համալիր և համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների համար կարող է իրականացվել սույն կարգի 16-րդ կետով սահմանված փորձագիտական ուղեկցմամբ` հաստատված նախագծով ընդունված լուծումներին համապատասխանությունը երաշխավորելու նպատակով:

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված փորձագիտական ուղեկցումը հավաստվում է տեղեկանք-երաշխավորագրերով` սահմանված կարգով շինարարության թույլտվությամբ նշված աշխատանքների իրականացման հաջորդականությամբ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն), որոնք ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված կատարողական փաստաթղթերի փաթեթում:

20. Եթե սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում փորձագիտական ուղեկցում չի իրականացվում, ապա «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի` հաստատված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին համապատասխանությունն ապահովում է նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուն, եթե այլ բան նախատեսված չէ նախագծային կապալի պայմանագրով:

21. Համալիր փորձաքննություն իրականացնելիս` փորձագիտական մարմինը նախապատրաստում է փորձաքննական եզրակացություն` հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետում նշված այլ շահագրգիռ փորձագիտական մարմինների դրական եզրակացությունները: Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծվող տարածքի սեյսմաշրջանացման կամ սեյսմամիկրոշրջանացման (կախված տարածական պլանավորման փաստաթղթի մասշտաբից)` սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված քարտեզների ներառմամբ:

22. Պատվիրատուի նախաձեռնությամբ քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության իրականացման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով)` քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական մարմնի և նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու oրենքով սահմանված իրավասություն ունեցող այլ շահագրգիռ փորձագիտական մարմինների ներգրավմամբ:

23. Հանձնաժողով կարող է ստեղծվել նաև սույն կարգի 11-րդ կետում նշված մարմինների կողմից` փոխադարձ համաձայնությամբ (համաձայնեցնելով պատվիրատուի հետ): Եթե այդպիսի հանձնաժողով չի ստեղծվում, ապա շահագրգիռ մարմինները, ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատուին, որը դրանք ներառում է սույն կարգի 32-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմում` վերջիններիս կազմին և բովանդակությանը` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

24. Պարզ փորձաքննության ենթակա են սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում չնշված նախագծային փաստաթղթերը: Նախագծի պարզ փորձաքննությունը (կամ երաշխավորագիրը) պարտադիր է քաղաքաշինական oբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու առումով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չպահանջող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղագծերի, ինչպես նաև դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ և այլն) վերակառուցման և (կամ) հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը, եթե դրանք չեն հանգեցնում նշված օբյեկտների սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կոնստրուկցիաների փոփոխության կամ չեն վատթարացնում կոնստրուկտիվ և անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները), ներկայացվում են պարզ փորձաքննության:

24.1. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտներ:

(24.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

25. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված երաշխավորագիրը կարող է կիրառվել սույն կարգի պահանջներին համապատասխան պարզ փորձաքննության ենթակա հետևյալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի համար`

1) ոչ ձեռնարկատիրական (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) նպատակով կառուցվող 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները (առանձնատները, մենատները) և դրանց oժանդակ նշանակության կառույցները`

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված մակերեսն ու հարկայնությունը չգերազանցող`

ա. բլոկավորված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,

բ. առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները` բացառությամբ վառելիքի լիցքավորման կայանների,

գ. հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, մոթելները, զբոսաշրջային և ճամբարային բնակատեղիները, քեմփինգները,

դ. տարբեր տիպի գրասենյակները, կապի բաժանմունքները, արվեստանոցները,

ե. բաղնիքները, սաունաները,

զ. սույն ենթակետով սահմանված գործառական օգտագործման սենքեր ներառող բազմաֆունկցիոնալ շենքերը.

3) 1500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ (հարկերի բարձրությունը` ոչ ավելի, քան 3.0 մետր) ունեցող, սանիտարապահպանական գոտու կազմակերպում չպահանջող`

ա. գյուղատնտեսական արտադրական նշանակության oբյեկտներից` ջերմոցները, դեզանոցները, չորանոցները,

բ. պահեստային շենքերը (բացառությամբ սննդամթերքի, քիմիական, պայթուցիկ, ճառագայթաակտիվ նյութերի, դեղորայքի, ինչպես նաև «Պահեստային շենքեր» ՀՀՇՆ IV-11.03.02-04 կիրառման ոլորտը չներառող այլ պահեստների).

4) շինարարության թույլտվություն պահանջող oբյեկտների վերակառուցման, կապիտալ նորոգման աշխատանքները, եթե դրանք չեն հանգեցնում շենքերի, շինությունների սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կոնստրուկցիաների փոփոխությանը, չեն վատթարացնում շինարարության oբյեկտների կոնստրուկտիվ և անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները).

5) մոնումենտալ արվեստի անշարժ հուշարձանները, ինչպես նաև ամրակայման (կոնսերվացիա) ենթակա հնագիտական այն հուշարձանները, որոնք Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եզրակացությամբ ենթակա չեն ամբողջական վերականգնման:

Երաշխավորագիրը կարող է կիրառվել նաև մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական oբյեկտների, ինչպես նաև թենիսի կորտերի, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակների, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցների (առանց տրիբունաների) նախագծային փաստաթղթերի համար` անկախ դրանց չափերից:

Սույն կետի դրույթները չեն տարածվում`

ա. ամբողջությամբ ստորգետնյա կառույց հանդիսացող ինժեներական, հիդրոտեխնիկական, պաշտպանական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի օբյեկտների կամ դրանց մասերի նախագծային փաստաթղթերի վրա,

բ. ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղագծերի, ինչպես նաև դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ և այլն) վերակառուցման և (կամ) հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի վրա:

25.1. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտներ:

(25.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

26. Սույն կարգի 25-րդ կետում թվարկված օբյեկտների նախագծային փաստաթղթերը մեկից ավելի անգամ կիրառելու դեպքում (այդ թվում` միևնույն կառուցապատվող տարածքում կամ կառուցապատման նախագծի շրջանակներում) գործում է սույն կարգի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված` բազմակի (կրկնակի) օգտագործման օբյեկտների համար նախատեսված պահանջը:

27. Սույն կարգին համապատասխան փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի բազմակի (կրկնակի) կիրառման դեպքում փորձաքննության են ենթակա միայն oբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետով սահմանված oբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը կարող է փոխարինվել երաշխավորագրով:

28. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում մեկ, անհրաժեշտության դեպքում` 2 oրինակից:

29. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող ելակետային փաստաթղթերն ու oբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները, ինչպես նաև շենքի (կառույցի) տեխնիկական, կոնստրուկտիվ լուծումների հիմնավորման հաշվարկները:

30. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են հիդրավլիկական մոդելային հետազոտությունների հիմնավորումները:

31. Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը` հետևյալ քաղաքաշինական փաստաթղթերի համար`

1) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերից` համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը.

2) ինժեներապաշտպան միջոցառումների նախագծային փաստաթղթերը (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).

3) սույն կարգի 10-րդ կետով սահմանված հատուկ համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների նախագծային փաստաթղթերը, եթե այդպիսի պայման սահմանված է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4) սույն կարգի 12-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հատուկ oբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող oբյեկտների ու ջրային համակարգերի նախագծային փաստաթղթերը: Ընդ որում, նշված oբյեկտների նախագծերի համար` տվյալ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի հաստատումից հետո ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի առանձին փորձաքննություն չի իրականացվում (բացառությամբ 1-ին կարգի դիմհարային հիդրոտեխնիկական կառուցվածքների):

Սույն կետում չներառված օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի դեպքերում` տվյալ օբյեկտի համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը դիտարկվում են փորձաքննության ներկայացված նախագծային կամ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի կազմում:

32. Մինչև պայմանագրի կնքումը փորձագիտական մարմինը պարտավոր է ստուգել ներկայացվող քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի կազմն ու ծավալը և, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում, կնքել պայմանագիրը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով:

33. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության մեջ ներկայացված դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու աշխատատարությունը:

34. Փորձաքննության սկզբի ժամկետ է համարվում փորձաքննության պայմանագրի ստորագրման ամսաթիվը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` եզրակացությունը պատվիրատուին հանձնելու oրը:

35. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետների խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պարտավորությունները սահմանվում են պայմանագրով:

36. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում փորձաքննության իրականացման ժամկետները և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` յուրաքանչյուր առանձին դեպքի համար:

37. Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն:

38. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`

1) նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.

2) ելակետային փաստաթղթերին և oբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները.

3) հիմնական նախագծային լուծումների (սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքերում` նաև նախահաշվային փաստաթղթերի) վերլուծության արդյունքները, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները.

4) ընդունված նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները, նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականները, առաջարկվող ճշտումների հիմնավորումները` պարտադիր հղում կատարելով այն նորմին, որի խախտումն արձանագրվել է.

5) փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները.

6) քաղաքաշինական փաստաթուղթը երաշխավորելու կամ այն լրամշակման վերադարձնելու կամ այն մերժելու մասին որոշման հիմնավորումները: Փորձագիտական մարմնի դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել միմիայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների ապահովման մասով:

39. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`

1) «Երաշխավորվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության oրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին», որից հետևում է, որ նախագիծը կարող է սահմանված կարգով պատվիրատուի կողմից ներկայացվել համաձայնեցման և հաստատվել: Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հիմնական նախագծային լուծումների փոփոխում, ապա նախագիծը ճշտվում և լրացվում է աշխատանքային կարգով, որից հետո տրվում է վերջնական փորձագիտական եզրակացությունը: Այդ դեպքում նախագիծը կրկնակի փորձաքննության չի ներկայացվում.

2) «Նախագիծը վերադարձվում է լրամշակման», որից հետևում է, որ նախագիծը ենթակա է լրամշակման` ըստ եզրակացությունում ներկայացված դիտողությունների և առաջարկությունների, որից հետո ճշտված և լրամշակված նախագծային փաստաթղթերի մասով այն պետք է պատվիրատուի կողմից ներկայացվի կրկնակի փորձաքննության: Լրամշակված նախագծի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են փորձաքննության դիտողություններով փոփոխված նախագծային նյութերի վերաբերյալ բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով, նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված նախագծային փաստաթղթերը.

3) «Նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության oրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին», որից հետևում է, որ տվյալ նախագիծը ենթակա է հիմնավոր վերամշակման և պետք է փորձաքննության ներկայացվի որպես նոր նախագիծ:

40. Եզրակացությունը հաստատվում է փորձագիտական մարմնի ղեկավարի կողմից և ուղարկվում պատվիրատուին կամ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուին:

41. Եթե ճարտարապետաշինարարական փաստաթղթերի փորձագիտական եզրակացությունը կամ երաշխավորագիրն ստանալուց հետո 3 տարվա ընթացքում oբյեկտի շինարարությունն սկսված չէ, ապա տվյալ եզրակացությունն ուժը կորցրած է համարվում:

42. Նախագծողի կողմից օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների ու պայմանների կոպիտ և (կամ) պարբերաբար խախտումների կատարման դեպքում փորձագիտական մարմինն իրավունք ունի միջնորդագրով դիմելու լիցենզավորող մարմին` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը մշակողների լիցենզիայի կասեցման (դադարեցման) առաջարկությամբ:

43. Փորձագիտական մարմնի և երաշխավորագիր տվող անձանց պատասխանատվությունը վրա է հասնում oրենքով սահմանված կարգով:

44. Փորձաքննության եզրակացությունը կարող է վիճարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2015, N 596-Ն 27.06.2015, N 711-Ն
06.10.2011, N 1541-Ն 10.11.2011, N 711-Ն
03.03.2011, N 257-Ն 31.03.2011, N 711-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան