Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0513/06/10

ԵԿԴ/0513/06/10

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

 

Կ. Աբրահամյանի


մասնակցությամբ դատախազ


Ա. ԲՈՇՆԱՂՅԱՆԻ

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ դատախազ Ա.Բոշնաղյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի մայիսի 13-ին հարուցվել է թիվ 84100210 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Աննա Սերոժի Երեմյանը (Գևորգյանը) ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 193-րդ հոդվածով:

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Անթույլատրելի է ճանաչվել նաև մեղադրյալի նկատմամբ որպես այլնտրանքային խափանման միջոց գրավ կիրառելը:

3. Մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) պաշտպան Գ.Թուխտարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշումը, բավարարել է մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Գ.Թուխտարյանի միջնորդությունը և Ա.Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի` գրավի չափ սահմանելով 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Բոշնաղյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ա.Երեմյանին (Գևորգյանին) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գոռ և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն, իր ծանոթ Ռոբերտ Ալեքսանդրի Երիցյանի հետ, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, 2009 թվականի ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն չարամտորեն խուսափել է ԱԱՀ-ի գծով 11.420.500 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 11.051.000 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 7.196.600 ՀՀ դրամ, սոցվճարի գծով` 163.200 ՀՀ դրամ, ընդամենը` 29.831.300 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Բացի այդ, Ա.Երեմյանը (Գևորգյանը)՝ որպես «Գոռ և ընկերներ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և տնօրեն, սեփական շահերից ելնելով, պարտատիրոջ՝ պետության հանդեպ ունեցած 29.831.300 ՀՀ դրամի հարկային պարտավորությունները չկատարելու միջոցով շահույթ ստանալու նպատակով 2009 թվականի ընթացքում կանխիկացրել է ընկերության բանկային հաշվեհամարին մուտքագրված դրամական միջոցներն ու չի վճարել ծավալած գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունները, այսինքն` կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր վնաս:

6. Նախաքննության մարմինն իր միջնորդության մեջ նշել է, որ Ա.Երեմյանը (Գևորգյանը) կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ, որոնց համար որպես պատիժ նախատեսվում է մեկ տարուց ավելի ժամկետով ազատազրկում նա, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով (տե´ս նյութեր, էջ 2):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Դատարանը, հաշվի առնելով, որ Ա.Երեմյանին (Գևորգյանին) մեղսագրվող արարքները դասվում են ծանր հանցագործություների շարքին, որոնց համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, վերջինս ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով, որպիսի գործողությունները կարող են ազդել գործի օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդությանը` մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելուն, դատարանը նախաքննության այս փուլում այն ճանաչում է անթույլատրելի` վերը նշված պատճառաբանություններով»: (տե´ս նյութեր, էջ 36):

8. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմնի` մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու, այնպես էլ այն քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումներում մատնանշված չեն, թե քրեական գործով ձեռք բերված որ նյութերն են բավարար հիմք տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Ա.Երեմյանը (Գևորգյանը), ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով: Բացի այդ, մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բավարար չեն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը թույլատրելի է ճանաչում` նկատի ունենալով, որ վերջինիս անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր և չի փորձել թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, բացի այդ, վերոհիշյալ հարցը լուծելիս, ինչպես նաև գրավի չափը սահմանելիս հաշվի է առնում նաև այն, որ Ա.Երեմյանը (Գևորգյանը) այրի է, նրա խնամքին է գտնվում անչափահաս որդին, վատառողջ է` ենթարկվել է ծանր վիրահատության, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել» (տե´ս նյութեր, էջ 71-72):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Ա.Երեմյանին (Գևորգյանին) մեղսագրվել են հանրորեն վտանգավոր արարքներ, այդ թվում ծանր, որոնց համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով: Բացի այդ, նա, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով, այդ թվում՝ այն նյութերը, որոնք նշանակություն ունեն պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը ճշտելու առումով, ինչը կհակասի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ապահովելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթներին:

10. Բողոքաբերի պնդմամբ Ա.Երեմյանը (Գևորգյանը) չի վերականգնել պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասը:

Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ կալանավորումից բացի այլ խափանման միջոցի ընտրությունը չի բխում նրան մեղսագրվող հանցատեսակների դեմ իրականացվող քրեական քաղաքականության պահանջներից: Բացի այդ, Ա.Երեմյանի (Գևորգյանի) վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը չի կիրառել Աղասի Հովսեփյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի որոշումը, որի հետևանքով թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը` մեղադրյալ Ա.Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասով, իսկ մյուս մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք մեղադրյալ Ա.Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչել այն դեպքում, երբ հիմնավորված չի համարել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: (…)»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ հիմնավորված է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) և առանց հաշվի առնելու, որ գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է, կիրառել է այն:

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ կետում առկա վերլուծությունը և այն համադրելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մեղադրյալ Ա.Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչել այն դեպքում, երբ հիմնավորված չի համարել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:

16. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանքը դրա այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելիս դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը, իսկ դրանց առկայության մասին հետևության հանգելիս դատարանը պետք է իր հետևությունը հիմնավորի նաև գործի նյութերից բխող որոշակի փաստական տվյալներով:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը հիմնավորված չէ:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված որոշում: Ուստի, անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

18. Նոր քննությամբ անհրաժեշտ է, կալանավորման հիմնավորվածությունը հաստատող նյութերից ելնելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ստուգման ենթարկել Ա.Երեմյանի (Գևորգյանի) նկատմամբ գրավի կիրառման օրինականությունը ու հիմնավորվածությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Աննա Սերոժի Երեմյանին (Գևորգյանին) կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան