Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

Գործ թիվ ԵԱՔԴ/0008/11/10

ԵԱՔԴ/0008/11/10

Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

 2010 թվականի նոյեմբերի 5-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ն.Բարսեղյանի և դիմող Գևորգ Համլետի Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ Ն.Բարսեղյանի և Գ.Գևորգյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի փետրվարի 22-ին «Իրավագարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Թ.Վարդանյանը և դիմող Գ.Գևորգյանը բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Կ.Հակոբյանի կողմից թիվ 14125709 քրեական գործի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերի 10-ին կայացված` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշմամբ «Իրավագարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Թ.Վարդանյանի և դիմող Գ.Գևորգյանի բողոքը մերժվել է:

Նույն անձանց վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին:

2. Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել «Իրավագարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Թ.Վարդանյանի և դիմող Գ.Գևորգյանի բողոքը մերժելու մասին:

3. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են բերել «Իրավագարանտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ն.Բարսեղյանը և դիմող Գ.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանը, որոնք Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թողնվել են առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Ն.Բարսեղյանը և Գ.Գևորգյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. «Իրավագարանտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ն.Բարսեղյանի և դիմող Գ.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքների վրա առկա դրոշմակնիքների համաձայն` բողոքները Վերաքննիչ դատարանում մուտք են եղել 2010 թվականի սեպտեմբերի 22-ին (տե´ս նյութեր, 165-րդ և 175-րդ էջեր):

6. Վերաքննիչ դատարանը Ն.Բարսեղյանի և Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.09.2010թ. կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մուտք են եղել միայն 22.09.2010թ., այսինքն` բողոք բերած անձանց կողմից չի պահպանվել գործն ըստ էության չլուծող դատական ակտը ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով ամրագրված տասնօրյա ժամկետը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ» (տե´ս նյութեր, 187-րդ էջ):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքների հեղինակները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը, իրենց վերաքննիչ բողոքները թողնելով առանց քննության, խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ, 379-րդ, 381-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի` վերաքննության կարգով բողոքարկման վերջնաժամկետը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 22-ը, քանի որ դրան նախորդող օրերը` 2010 թվականի սեպտեմբերի 20-ը և 21-ը, Հայաստանի Հանրապետությունում հանդիսացել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար իրենց կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են բերվել քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ, իսկ բողոքները ժամկետանց համարելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավոր չեն:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքների հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. սույն գործով վերաքննիչ բողոքները բերվե՞լ են արդյոք գործն ըստ էության չլուծող դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար սահմանված ժամկետի պահպանմամբ:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`

«1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող աշխատանքային օրը (…)»:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` «Անկախության տոն[ը]` նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր [է]»:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1133-Ն որոշման համաձայն` «(…) Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2010 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 11-ին` շաբաթ օրը (…)»:

11. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 10-ին կայացրել է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, որի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, կազմել է հրապարակվելու պահից տասը օր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկ կատարելու արդյունքում ստացվում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման բողոքարկման վերջնաժամկետը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: Սակայն քանի որ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է սեպտեմբերի 11-ին, իսկ սեպտեմբերի 21-ը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի իմաստով ոչ աշխատանքային, տոնական օր է, հետևաբար հիշատակված դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետը եղել է հաջորդ աշխատանքային օրը` 2010 թվականի սեպտեմբերի 22-ը` մինչև ժամը քսանչորսը:

Համաձայն վերաքննիչ բողոքների վրա առկա դրոշմակնիքների` դրանք Վերաքննիչ դատարանում մուտք են եղել 2010 թվականի սեպտեմբերի 22-ին (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

12. Հիմք ընդունելով սույն որոշման 10-րդ կետում առկա օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև 11-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ «Իրավագարանտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ն.Բարսեղյանի և դիմող Գ.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի կողմից վերաքննիչ բողոքներ են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետի պահպանմամբ, իսկ ներկայացված բողոքների ժամկետանց լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները (տե´ս սույն որոշման 6-րդ կետը) անհիմն են:

13. Ելնելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված հիմնավորումներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ վերոնշյալ խախտումները հիմք են կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ն.Բարսեղյանի և դիմող Գևորգ Համլետի Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան