ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 226-Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-2011» ՏԱՐԵԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 226-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ - 2011» ՏԱՐԵԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում հասարակական-քաղաքական կազմակերպություններ` հոգևոր կառույցներ, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մշակութային և կրթական կազմակերպություններ, կուսակցություններ, հայագիտական կենտրոններ և ամբիոններ, երիտասարդական, կանանց, մարզական կառույցներ, գրադարաններ, մասնագիտական և հայրենակցական միություններ, ճանաչված սփյուռքահայեր և անհատ բարեգործներ հսկայածավալ աշխատանքներ են կատարում հայապահպանության համար: Նրանց գործունեությունը կարիք ունի հավուր պատշաճի լուսաբանման և ներկայացման:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ պարբերաբար հրատարակվում է «Հայկական սփյուռք» տարեգիրքը, որի տպագրությունն էապես նպաստում է Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Արդեն հրատարակվել և սփյուռքյան կառույցներին է տրամադրվել «Հայկական սփյուռք-2009» տարեգիրքը:
II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Մինչև 2009 թվականը «Հայկական սփյուռք» տարեգրքի նման ձևաչափով հրատարակություն չի իրականացվել: Առկա հրատարակությունները հայ համայնքների, համահայկական կազմակերպությունների, հոգևոր և այլ կառույցների իրականացրած ծրագրերի, հայապահպան ձեռնարկների և հիշարժան իրադարձությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն չէին պարունակում: Նշված կառույցների միջև տեղեկատվության փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ առկա էին որոշակի դժվարություններ: Անհրաժեշտ է էական քայլեր իրականացնել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների բարելավման և տվյալների միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
4. Ակնկալվող արդյունքներն են՝
1) սփյուռք-սփյուռք և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը, աշխարհասփյուռ հայերի համագործակցության հնարավորությունների ընդլայնումը և միջհամայնքային կապերի սերտացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տարվա ընթացքում սփյուռքի հետ իրականացված ծրագրերը, համահայկական կազմակերպությունների և հոգևոր կառույցների ազգապահպան ձեռնարկները աշխարհասփյուռ հայությանը հասանելի դարձնելը.
3) հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս բնակվող յուրաքանչյուր հայի կամ կազմակերպությանը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության իրականացմանը մասնակից դարձնելը:
5. «Հայկական սփյուռք» երկլեզու (հայերեն և անգլերեն) տարեգիրքը նախատեսվում է հրատարակել 400 էջի սահմաններում և 4000 օրինակ տպաքանակով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով մրցութային եղանակով հաղթող ճանաչված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացնի «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակումը:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
7. «Հայկական սփյուռք» երկլեզու (հայերեն և անգլերեն) տարեգիրքը նախատեսվում է հրատարակել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, որի համար պահանջվող գումարը կազմում է 7.400.000 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2012, N 294-Ն | 29.03.2012, N 226-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|