ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3249/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3249/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ազնիվ Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ազնիվ Մինասյանի ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի, Նարինե Բակունցի, Լևոն Բակունցի` պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ազնիվ Մինասյանը պահանջել է Երևանի Կրիվոյի փողոցի 60 տան` Օդարուհի Կիրակոսյանին պատկանող 2/3-րդ բաժինն առանձնացնել և դրա վրա բռնագանձում տարածել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2010 թվականի որոշմամբ Ազնիվ Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ազնիվ Մինասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանն իրավունք ունի և ոչ թե պարտավոր է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնել: Մինչդեռ, Օրենսդիրը դատարանին նման իրավունք է տվել, որը չի կարող կիրառվել կամայականորեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.06.2008 թվականի վճռով վճռվել է Օդարուհի Կիրակոսյանից հօգուտ Ազնիվ Մինասյանի բռնագանձել 454.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, ինչպես նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը` բռնագանձման ենթակա 454.000 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսներ` սկսած 20.12.2007 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը (հ. 1-ին, գ.թ. 90-91):
2. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.10.2005 թվականի թիվ 2069031 վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Կրիվոյ փողոցի թիվ 60 տան 2/3 բաժնի նկատմամբ գրանցված է Օդարուհի Կիրակոսյանի սեփականության իրավունքը, 1/6 բաժնի նկատմամբ` Նարինե Բակունցի սեփականության իրավունքը, 1/6 բաժնի նկատմամբ` Լևոն Բակունցի սեփականության իրավունքը (հ. 1-ին, գ.թ. 19-21):
3. ՀՀ փորձագիտական կենտրոն Պետական ոչ առևտրային կազմակերպության 05.05.2010 թվականի թիվ 05431007 եզրակացության համաձայն` տեխնիկապես հնարավոր չէ Երևանի Կրիվոյի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Օդարուհի Կիրակոսյանի 2/3 բաժինը, քանի որ հետազոտվող օբյեկտն իր առկա տեղակայմամբ, դիրքով և չափերով, ինչպես նաև 2/3 հարաբերությամբ բաժանման դեպքում բնակելի տանից հասանելիք բաժնի մակերեսների առանձնացումը կբերի ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջների չպահպանմանը, համատեղ օգտագործման տարածքների նախատեսման և սահմանափակ օգտագործման (հ. 1-ին գ. թ. 61-66):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Վերոնշյալ հոդվածով ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար սահմանվել է պարտադիր նախապայմաններ, այն է` ընդանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:
Սույն գործում առկա փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.06.2008 թվականի վճռով վճռվել է Օդարուհի Կիրակոսյանից հօգուտ Ազնիվ Մինասյանի բռնագանձել 454.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, ինչպես նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը` բռնագանձման ենթակա 454.000 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսներ` սկսած 20.12.2007 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը: Գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.10.2005 թվականի թիվ 2069031 վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Կրիվոյ փողոցի թիվ 60 տան 2/3 բաժնի նկատմամբ գրանցված է Օդարուհի Կիրակոսյանի սեփականության իրավունքը: Փորձագիտական եզրակացության համաձայն`տեխնիկապես հնարավոր չէ Երևանի Կրիվոյի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Օդարուհի Կիրակոսյանի 2/3 բաժինը, քանի որ բնակելի տանից հասանելիք բաժինների մակերեսների առանձնացումը կբերի ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջների չպահպանմանը, համատեղ օգտագործման տարածքների նախատեսման և սահմանափակ օգտագործման:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ դատարանի կողմից գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելը դատարանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:
⚖Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ» չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի»ձևակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|