ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի իսկությունը պարզելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 181-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ
1. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրվող պաշտոնական փաստաթղթերի իսկության պարզումը և կեղծված փաստաթղթերի շրջանառության կանխումն է:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի իսկությունը պարզվում է փաստաթղթի իրականությանը համապատասխանելու հետ կապված հարցման հիման վրա: Հարցումները կարող են ներկայացվել`
1) օտարերկրյա պետությունում բնակվող կամ գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանցից (միայն իրենց վերաբերյալ փաստաթղթերի իսկությունն ստուգելու խնդրանքով) կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից` համապատասխան պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով.
2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
3. Սույն կարգը չի տարածվում փաստաթղթերի` ապոստիլով վավերացման կամ հյուպատոսական վավերացման նպատակով փաստաթղթերի իսկությունը (փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը) պարզելու հետ կապված հարաբերությունների վրա:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով համապատասխան հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը կամ փաստաթուղթը բնորոշող տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու պետական մարմին կամ կազմակերպություն, որը տրամադրել կամ ենթադրաբար տրամադրել է համապատասխան փաստաթուղթը կամ, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ունի անհրաժեշտ տվյալներ տվյալ փաստաթղթի տրամադրման հիմքերի վերաբերյալ կամ վարում է համապատասխան փաստաթղթերի հաշվառումը, կամ վերահսկողություն է իրականացնում այդ փաստաթղթերի տրամադրման նկատմամբ:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված պետական մարմինները կամ կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարցմանը պատասխանում են տասն աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից երրորդ պետական մարմնից կամ կազմակերպությունից լրացուցիչ հարցում իրականացնելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լրացուցիչ ստուգման անհրաժեշտության մասին և հարցմանը պատասխանում են սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված փաստաթղթեր կամ օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների` նոտարական կարգով վավերացրած կամ հաստատած փաստաթղթերի իսկությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է իր տրամադրության տակ եղած տվյալների, այդ թվում` հաշվառման մատյանների հիման վրա:
8. Սույն կարգի 4-7-րդ կետերում նշված ստուգման արդյունքներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատասխանն ուղարկում է հարցման նախաձեռնողին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |