ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2011 թվականի N 14-Ա
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած 2010-2012 թվականներին նախատեսված էլեկտրոնային անվտանգության տարածման գործընթացի նախնական փուլում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հաստատման ներկայացնել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 13 |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2011 թ. հունվարի 13-ի N 14-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Հավելվածը փոփ. 09.03.11 N 175-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2011 թ. հունվարի 13-ի N 14-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ 2010-2012 թվականներին նախատեսված էլեկտրոնային անվտանգության ապահովման գործընթացի նախնական փուլի միջոցառումների իրականացման կազմակերպումն է:
2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
4. Հանձնաժողովի անդամներն ունեն հավասարազոր իրավունքներ։
5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով։
6. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ։
7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երեք քառորդից ավելին։
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և արձանագրություներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի կողմից:
9. Հանձնաժողովի նիստերի կազմակերպման, քննարկվող նյութերի նախապատրաստման, հանձնաժողովի անդամների և այլ պետական (մասնավոր) կառույցների հետ համագործակցության գործընթացներն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը։
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում վճռական է նախագահի ձայնը:
11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:
12. Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ հատուկ կարծիքներն ընդունվում են գրավոր և կցվում արձանագրությանը:
13. Հանձնաժողովի որոշումները հաստատման են ներկայացվում Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդին և ուժի մեջ են մտնում հաստատման օրվանից: Հաստատված որոշումները համապատասխան միջնորդությունների հետ միասին ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցող մարմիններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) համակարգում է Կիբեռանվտանգության ծրագիրը (այսուհետ` ծրագիր).
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման ժամանակացույցով սահմանված ժամկետներում և ծավալներով ծրագրի իրականացման աշխատանքները.
3) ներկայացնում է առաջարկություն Կիբեռանվտանգության հայկական խորհրդի ստեղծման, գործառույթների սահմանման և գործունեության մեկնարկման վերաբերյալ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
15. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ սահմանված շրջանակներում որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) կիբեռանվտանգության շրջանակներում իրականացվող աշխատանքների դասակարգումը` ըստ բովանդակության (կազմակերպական, մասնագիտական, նեղ մասնագիտական, ուսումնական), դրանց արդյունավետ կատարման ուղիների որոշումը.
3) ծրագրի յուրաքանչյուր միջոցառման կատարման աշխատանքների բնութագրումը.
4) աշխատանքների կատարման համար սահմանված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց ընտրության և այդ աշխատանքներում ներգրավման նպատակով առաջարկությունների մշակումը և հրապարակումը.
5) առաջարկությունների որակումը, առավել արդյունավետ առաջարկությունների որոշումը և դրանք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհուրդ ներկայացնելը.
6) ծրագրի ֆինանսավորման հարցերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհուրդ ներկայացնելը.
7) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութական միջոցների և աշխատանքների շրջանակի որոշումը.
8) սահմանված ժամկետներում աշխատանքները չավարտելու դեպքում դրանց կատարման ժամկետների վերանայման կամ կատարողին փոխելու վերաբերյալ որոշման ընդունումը.
9) ծրագրի ավարտված աշխատանքների ընդունումը.
10) ծրագրի աշխատանքների ավարտի մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացնելը և ծրագրի իրականացման հավաստումը.
11) ծրագրի ընթացիկ աշխատանքների կազմակերպման և կատարման վերահսկման նպատակով Պետական գործառնական պատասխանատու կենտրոնի ստեղծման, գործունեության շրջանակների սահմանման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
12) Կիբեռանվտանգության հայկական խորհրդի ստեղծման և Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովին, ինչպես նաև Պետական գործառնական պատասխանատու կենտրոնին գործառույթների փոխանցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
13) ծրագրի իրականացման հրապարակայնության ապահովումը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
16. Հանձնաժողովն իրավասու է`
1) իր որոշումներով կազմելու աշխատանքային խմբեր։ Աշխատանքային խմբերում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական և, իրենց համաձայնությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները.
2) իր իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակներում կատարելու հարցումներ.
3) օգտվելու Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տեղեկատվական համակարգերի տվյալներից՝ վերջիններիս համաձայնությամբ.
4) օգտագործելու պետական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված կարգով մասնավոր կապի և տեղեկատվական համակարգերի տվյալները՝ վերջիններիս համաձայնությամբ.
5) համագործակցելու իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ՝ վերլուծական, փորձաքննական և խորհրդատվական աշխատանքների իրականացման համար.
6) համագործակցելու Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հետ՝ վերջիններիս համաձայնությամբ.
7) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհուրդ ներկայացնելու ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտների վերացման և հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ.
8) որոշելու հանձնաժողովի նիստերի օրակարգը և հրավիրված անձանց ցանկը.
9) կատարողներից պահանջելու ժամանակին ներկայացնել հանձնաժողովի կողմից քննարկվելիք փաստաթղթերը։ Դիտողություններ և առաջարկություններ լինելու դեպքում հանձնաժողովն իրավասու է փաստաթղթերը վերադարձնելու աշխատանքը կատարողներին:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է կիբեռանվտանգության հայկական խորհրդի գործունեության մասին հայտարարումից հետո` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |