Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2011-06.10.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.224
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 167-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 787-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 5-ի N 674 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 787-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 1
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 167-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը տրամադրելու կարգը:

2. Պետական միասնական գրանցամատյանը, որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված սուբյեկտների) և պետական հաշվառում ստացած բոլոր անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

3. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում:

4. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:

5. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական և մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները), ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են պետական ռեգիստրի ինտերնետային «www.e-register.am» կայքում, որտեղ «այլ ծառայություններ» պատուհանում տեղադրված է փնտրվող տեղեկությունն ստանալու մասին ուղեցույց:

6. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, տրամադրվում են օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

7. Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները տրամադրվում են անվճար:

8. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են անվճար:

9. Պետական և տեղական մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները կարող են ստանալ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

10. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվում են պարբերաբար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհրդի համատեղ հրամանով սահմանված կարգով:

11. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են պարբերաբար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանով սահմանված կարգով:

12. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր (բացառությամբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված սուբյեկտների) իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են համապատասխան գրավոր հարցման առկայության դեպքում, հինգ օրվա ընթացքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչի վրա` առձեռն կամ փոստով, եթե իրավական ակտերով այլ կարգ սահմանված չէ:

13. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց, թղթային տարբերակով տրամադրվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և դիմումը պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ տարածքային բաժին ներկայացնելուց հետո, հինգ օրվա ընթացքում` առձեռն կամ փոստով` եթե դիմումում դրա մասին նշված է:

14. Պահանջվող տեղեկությունները կամ իրավաբանական անձի կանոնադրության պատճենն ստանալու համար դիմումում պետք է նշված լինի իրավաբանական անձի (անձանց) ճշգրիտ անվանումը և (կամ) անհատականացնող այլ տվյալներ (պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը):

15. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները թղթային տարբերակով տրամադրելիս` պետական ռեգիստրը պարտադիր նշում է պետական միասնական գրանցամատյանի արդիականացման վերջին օրը, ամիսը, տարին:

16. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, ֆիզիկական և իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով կարող են ստանալ պետական ռեգիստրի ինտերնետային «www.stateregistry.am» կայքում տեղադրված գործիքներից որևէ մեկով՝ պետական տուրքի վճարումը կատարելուց հետո: Պետական տուրքի վճարումը կատարելուց հետո պետական ռեգիստրն առցանց ռեժիմով ստուգում է պետական տուրքի վճարման հավաստիացումը, որից հետո տեղեկություն փնտրողը հնարավորություն է ստանում էկրանին բացված ցուցումներին համապատասխան գործողություններ կատարելուց հետո էկրանին ստանալ անհրաժեշտ տեղեկատվության պատկերը, որը կարող է տպագրել, փոխանցել կամ իր ընտրությամբ օրենքին չհակասող ցանկացած այլ ձևով օգտագործել:

17. Սույն կարգի 12-րդ կետում նշված սուբյեկտներն էլեկտրոնային եղանակով պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկություններն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ստանալու համար գրավոր դիմում են ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին, ինչի արդյունքում դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմող մարմնին տրամադրվում են համապատասխան քանակի օգտագործողի թույլտվություններ (ծածկանուն, գաղտնաբառ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգչի վրա տեղակայվում է անվտանգության թվային սերտիֆիկատ), որից հետո սահմանված կարգով օգտվում են պետական ռեգիստրի ինտերնետային «www.e-register.am» կայքից:

18. Պետական գրանցում կամ պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

19. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրության պատճենները չեն տրամադրվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան