Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2011-20.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 124-Ա

 

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ստեղծել որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողով:

2. Հաստատել`

1) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

 2011 թ. փետրվարի 24
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  փետրվարի 17-ի N 124-Ա որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը որսորդական տնտեսություններ ստեղծելն է:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք որսորդական տնտեսության ստեղծման վերաբերյալ իրենց մասնագիտական եզրակացությունը ներկայացնում են հանձնաժողովին:

6. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, կազմում արձանագրություն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը:

 7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

9. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) քննարկման ենթակա հարցերը.

2) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

3) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը:

10. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և օրակարգի նախագիծը նիստի անդամներին փոխանցվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերն արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը: Արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

12. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները:

13. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը: Հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի մասին տեղեկությունները, այդ թվում` հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի անդամներին են տրամադրվում էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև փոստային եղանակով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14.Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

15. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով հրավիրում է մասնագետների և այլ անձանց.

4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովի անդամները`

1) լսում են հրավիրված անձանց հիմնավորումները, բարձրացված հարցերի կամ ծագած խնդիրների վերաբերյալ ներկայացումները.

2) հանձնաժողովում անցկացված քննարկումների հիման վրա քվեարկությունների միջոցով մասնակցում են համապատասխան որոշումների ընդունմանը.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով առաջարկություններ են ներկայացնում մասնագետների, փորձագետների և այլ անձանց հրավիրելու վերաբերյալ:

17. Հրավիրված անձինք`

1) ներկայացնում են նիստի օրակարգում ընդգրկված առաջարկներ.

 2) պատասխանում են հանձնաժողովի անդամների հարցերին:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  փետրվարի 17-ի N 124-Ա որոշման

Կ Ա Զ Մ

 

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ (քարտուղար)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության անտառային տնտեսության զարգացման բաժնի պետ

13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-գլխավոր անտառապետ

14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ

15. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

16. Հայաստանի Հանրապետության «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

17. Հայաստանի Հանրապետության «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2019, N 1230-Ա 20.09.2019, N 124-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան