ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2818/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2818/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արմաս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Մարգարյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ Արմեն Մկրտչյանի, երրորդ անձ ,«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Արմեն Մկրտչյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 3.823.341 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 23.02.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ և 377-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ և 377-րդ հոդվածներին, ինչի արդյունքում չի փաստել Արմեն Մկրտչյանի մոտ Ընկերության նկատմամբ 05.11.2007 թվականին Բանկի և Արմեն Մկրտչյանի միջև կնքված թիվ 131615/բ «Սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին» պայմանագրով պարտավորությունների բացակայությունը: Ըստ էության, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Արմեն Մկրտչյանը հայցվորի հանդեպ որևէ վճարային պարտավորություն չունի, և վերջինիս հանդեպ Ընկերության Կառավարչի պահանջի իրավունքը չի հաստատվել որևէ ապացույցով:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը անփոփոխ թողնելով և չանդրադառնալով վերաքննիչ բողոքի վերոհիշյալ փաստարկներին, ըստ էության, չի տվել իր որոշման փաստական և իրավական հիմնավորումները:
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, որը պարտավոր էր կիրառել, քանի որ տվյալ փաստի կապակցությամբ առկա է Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1536(ՏԴ)2007թ. քաղաքացիական գործով որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի քաղաքացիական դատարանի 25.08.2008 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (գ.թ. 9-13):
2. 05.11.2007 թվականին Ընկերության և Բանկի միջև կնքված թիվ 131615 վարկային պայմանագրով Բանկը Ընկերությանն է տրամադրել 5.000.000 ՀՀ դրամ տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով (գ.թ. 24-28):
3. 05.11.2007 թվականին Բանկի և Արմեն Մկրտչյանի միջև կնքված թիվ 131615/բ «Սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին» պայմանագրով Արմեն Մկրտչյանը պարտավորվել է սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Ընկերության միջև 05.11.2007 թվականին կնքված թիվ 131615 վարկային պայմանագրով վարկի գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վերադարձնելու պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար (գ. թ. 30-31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:
Սույն գործի փաստերի համաձայն` 05.11.2007 թվականին Ընկերության և Բանկի միջև կնքվել է թիվ 131615 վարկային պայմանագիր, որով Բանկը Ընկերությանն է տրամադրել 5.000.000 ՀՀ դրամ տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով, և 05.11.2007 թվականի «Սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին» թիվ 131615/բ պայմանագրով Արմեն Մկրտչյանը պարտավորվել է սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Ընկերության միջև 05.11.2007 թվականին կնքված թիվ 131615 վարկային պայմանագրով վարկի գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վերադարձնելու իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Վերոնշյալ փաստերից հետևում է, որ Արմեն Մկրտչյանի հանդեպ պարտատեր է Բանկը, որին էլ պատկանում է պահանջի իրավունքը, իսկ Ընկերությունը տվյալ պարագայում պարտատեր չէ, հետևաբար Ընկերության կառավարչի պահանջը` Արմեն Մկրտչյանից հօգուտ Ընկերության գումար բռնագանձելու մասին անհիմն է:
Վերը նշված պատճառաբանություններից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետը սխալ է մեկնաբանվել և կիրառվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը): Ուստի, սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական հարցին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն այն ապացույցները, որոնցով կհիմնավորվեր Կառավարչի` 05.11.2007 թվականի «Սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին» թիվ 131615/բ պայմանագրով Արմեն Մկրտչյանից գումար բռնագանձելու պահանջի իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքում բերված մյուս փաստարկներին:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 06.10.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` «Արմաս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Մարգարյանի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |