Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-7-Ո-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.516
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-7-Ո-10

2011 թ.  

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

                  

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Գ. Բալյանի


քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

  

 `2011 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գ. Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 21.03.2011թ. թիվ N-Կ-2-4/2011 որոշմամբ Դատարանի դատավոր Գ. Բալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գոհարիկ Պետրոսյանի դիմում-բողոքը` հասցեագրված Արդարադատության խորհրդին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության`

27.05.2009 թվականին Վլադիմիր, Գոհարիկ, Դիանա և Յանա Պետրոսյանների (այսուհետ` Հայցվորներ) ներկայացուցիչ Ա. Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նորա, Վիկտոր Պետրոսյանների և Զոյա Բալայանի (այսուհետ` Պատասխանողներ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մասիսի տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղապետարանի, ՀՀ Մասիսի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող բնակելի տան 1/4 մասի վերաբերյալ 08.04.1989 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Սայաթ-Նովա գյուղի գյուղապետի կողմից 23.04.2000, 11.09.2000 թվականներին տրված քաղվածքները, 24.08.2006 թվականի թիվ 2085 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 29.01.2007 թվականի թիվ 337 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրանց հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մասիսի տարածքային ստորաբաժանման կողմից 03-082-44 մատյանի թիվ 000295 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանի 01.06.2009 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և դատաքննության է նշանակվել 30.06.2009 թվականին:

Պատասխանողների ներկայացուցիչ Ա. Ճուղուրյանի կողմից Դատարան է ներկայացվել հակընդդեմ հայց` սեփականության իրավունքով Վիկտոր Պետրոսյանին պատկանող վիճելի հասցեից Հայցվորներին վտարելու պահանջի մասին, որը Դատարանի 15.10.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատարանի 24.02.2010 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` բավարարվել:

25.03.2010 թվականին Հայցվորների ներկայացուցիչ Ա. Կարապետյանի կողմից Դատարանի 24.02.2010 թվականի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան, նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան) 05.05.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և Դատարանի 24.02.2010 թվականի թիվ ԱՎԴ2/0151/02/09 վճիռը բեկանվել է: Որոշման եզրափակիչ մասում նշված է. «Անվավեր ճանաչել 08.04.1989 թվականին Վազգեն Պետրոսյանի և Զոյա Պետրոսյանի /ներկայումս Բալայանի/ միջև կնքված բնակելի տան 1/4 մասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Զոյա Պետրոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղապետի կողմից 23.08.2006 թվականին տրված թիվ 01-378 և 10.09.2009 թվականին տրված թիվ 01-245 տեղեկանքները: Անվավեր ճանաչել 24.08.2006 թվականին Նորա, Վիկտոր Պետրոսյաններին, Զոյա Բալայանին տրված թիվ 2085 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Անվավեր ճանաչել Նորա Պետրոսյանի և Զոյա Բալայանի` մի կողմից և Վիկտոր Պետրոսյանի միջև` մյուս կողմից, 29.01.2007 թվականին կնքված թիվ 337 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Վիկտոր Պետրոսյանի անվամբ 03-082-44 մատյանի 000295 համարի տակ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մասիսի տարածքային ստորաբաժանումում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցվորների համասեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Շիրազի փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին` մերժել: Հակընդդեմ հայցը` մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Պատասխանողների ներկայացուցիչ Ա. Ճուղուրյանի կողմից 13.07.2010 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.08.2010թ. որոշմամբ վերադարձվել է:

Հայցվորների փաստաբան Ա. Կարապետյանը 27.10.2010 թվականին դիմել է Դատարան սույն քաղաքացիական գործով կատարողական թերթ տրամադրելու պահանջով:

Դատարանի դատավոր Գ. Բալյանը 27.10.2010 թվականի թիվ ԴԴ24Ե-1162 գրությամբ հայցվորների ներկայացուցչին տեղեկացրել է, որ «Հիշյալ գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 10.06.2010թ. կայացված որոշման եզրափակիչ մասում չի նախատեսվել, որ դատական ակտը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, հետևաբար կատարողական թերթ հնարավոր չէ տրամադրել»:

Հայցվորներից Գոհարիկ Պետրոսյանը 08.02.2011 թվականին դիմումով կրկին խնդրել է Դատարանին օրենքով սահմանված եռօրյա ժամկետում տրամադրել կատարողական թերթ:

Դատարանի կողմից 08.02.2011 թվականին տրամադրվել է կատարողական թերթ, որը քաղաքացի Գոհարիկ Պետրոսյանի կողմից ստացվել է:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված նյութերը, դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, գտել է, որ Դատարանի դատավոր Գ. Բալյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 Այսպես`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Կատարողական թերթ տալու վերաբերյալ առկա է նաև ԴՆԽ թիվ 102 որոշումը, որի 1-ին կետի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը` նրա դիմումի հիման վրա:

Վերոգրյալից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման պահանջի առկայության պայմաններում դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է օրենքով սահմանված եռօրյա ժամկետում տալ կատարողական թերթ` բացառությամբ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կատարողական թերթի անհապաղ տրման դեպքերի:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի կողմից 10.06.2010 թվականին կայացված և 25.08.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով Հայցվորների կողմից ներկայացված հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Հայցվորների ներկայացուցիչ Ա. Կարապետյանը 27.10.2010 թվականին դիմել է Դատարան թիվ ԱՎԴ2/0151/02/09 քաղաքացիական գործով կատարողական թերթ տրամադրելու պահանջով:

Դատարանի դատավոր Գ. Բալյանը 27.10.2010 թվականի թիվ ԴԴ24Ե-1162 գրությամբ հայցվորների ներկայացուցչին տեղեկացրել է, որ «Հիշյալ գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 10.06.2010թ. կայացված որոշման եզրափակիչ մասում չի նախատեսվել, որ դատական ակտը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, հետևաբար կատարողական թերթ հնարավոր չէ տրամադրել»:

Հայցվորներից Գոհարիկ Պետրոսյանը 08.02.2011 թվականին դիմումով կրկին խնդրել է Դատարանին օրենքով սահմանված եռօրյա ժամկետում տրամադրել կատարողական թերթ:

Այնուհետև գործում առկա է Դատարանի 08.02.2011 թվականի կատարողական թերթը, որը քաղաքացի Գոհարիկ Պետրոսյանի կողմից ստացվել է (առկա է միայն ստորագրությունը, ստացման ժամանակի մասին նշում չկա):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Գ. Բալյանի կողմից խախտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք մասնավորապես սահմանում են, որ կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, և կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Հետևաբար սույն գործով օրինական ուժի մեջ մտած Վերաքննիչ դատարանի որոշման և կատարողական թերթ տալու դիմումի առկայության պայմաններում Դատարանի դատավոր Գ. Բալյանը պարտավոր էր եռօրյա ժամկետում տրամադրել կատարողական թերթ, ինչը չի կատարել, և միաժամանակ անհիմն է վերը նշված հիմնավորմամբ կատարողական թերթ տալը մերժելը, քանի որ կատարողական թերթ տալու կարգը և ժամկետներն արդեն իսկ օրենքի ուժով կարգավորված են:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասում դատական ակտը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով նշված չլինելը դեռևս հիմք չէ կատարողական թերթ տալը մերժելու համար, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով կատարողական թերթ տալու համար նման պահանջ նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Գ. Բալյանի վերը նշված գործողության արդյունքում Հայցվորները շուրջ 3 ամիս 8 օր զրկված էին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման ներկայացնելու իրավունքից: Արդյունքում խախտվել է ինչպես իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը, այնպես էլ անձի, տվյալ դեպքում Հայցվորների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ամրագրված իրավունքները:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ հարկ է համարում նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»: Մինչդեռ, վերոնշյալ փաստերը վկայում են, որ դատավոր Գ. Բալյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կապակցությամբ կատարողական թերթ տալու մասին դիմումը գրությամբ մերժելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Գ. Բալյանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի, դատավորի վարքագծի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

 

Դատավոր Գ. Բալյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Հայտնում եմ, որ Գ. Պետրոսյանին կատարողական թերթ տալու դիմումը մերժելիս նկատի եմ ունեցել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշում` կամովին չկատարելու դեպքում վճռի կատարման ապահովում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` ըստ էության վեճին լուծում տված դատական ակտի եզրափակիչ մասում բացակայել է համապատասխան դրույթը: Հետագայում, երբ Գ. Պետրոսյանը կրկին դիմել է նույն պահանջով, այն իմ կողմից առավել համակողմանի է ուսումնասիրվել, և դիմողի օրինական շահերն ու իրավունքները պահպանելու նկատառումով Գ. Պետրոսյանին տրամադրվել է կատարողական թերթ: Հարգելի հանձնաժողով, ընդունելով հանդերձ կատարված թերացումը` այդուհանդերձ գտնում եմ, որ դրան նպաստել է նաև դատավարական օրենսդրության անկատարությունը, ինչը սակայն չի խոչընդոտել, որ հետագայում հիմքում դնելով մարդու իրավունքների դատական պաշտպանության հիմնարար սկզբունքը` ուղղեմ կատարված բացթողումը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Հայցվորների ներկայացուցիչ Ա. Կարապետյանը 27.05.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մասիսի տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղապետարանի, ՀՀ Մասիսի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող բնակելի տան 1/4 մասի վերաբերյալ 08.04.1989 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Սայաթ-Նովա գյուղի գյուղապետի կողմից 23.04.2000, 11.09.2000 թվականներին տրված քաղվածքները, 24.08.2006 թվականի թիվ 2085 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 29.01.2007 թվականի թիվ 337 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրանց հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մասիսի տարածքային ստորաբաժանման կողմից 03-082-44 մատյանի թիվ 000295 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Պատասխանողների ներկայացուցիչ Ա. Ճուղուրյանի կողմից Դատարան է ներկայացվել հակընդդեմ հայց` սեփականության իրավունքով Վիկտոր Պետրոսյանին պատկանող վիճելի հասցեից Հայցվորներին վտարելու պահանջի մասին, որը Դատարանի 15.10.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2. Դատարանի 24.02.2010 թվականի վճռով սկզբնական հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` բավարարվել:

3. Վերաքննիչ դատարանի 05.05.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, 10.06.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, և Դատարանի 24.02.2010 թվականի թիվ ԱՎԴ2/0151/02/09 վճիռը բեկանվել է: Որոշման եզրափակիչ մասում նշվել է. «Անվավեր ճանաչել 08.04.1989 թվականին Վազգեն Պետրոսյանի և Զոյա Պետրոսյանի /ներկայումս Բալայանի/ միջև կնքված բնակելի տան 1/4 մասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Զոյա Պետրոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղապետի կողմից 23.08.2006 թվականին տրված թիվ 01-378 և 10.09.2009 թվականին տրված թիվ 01-245 տեղեկանքները: Անվավեր ճանաչել 24.08.2006 թվականին Նորա, Վիկտոր Պետրոսյաններին, Զոյա Բալայանին տրված թիվ 2085 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Անվավեր ճանաչել Նորա Պետրոսյանի և Զոյա Բալայանի` մի կողմից և Վիկտոր Պետրոսյանի միջև` մյուս կողմից, 29.01.2007 թվականին կնքված թիվ 337 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Վիկտոր Պետրոսյանի անվամբ 03-082-44 մատյանի 000295 համարի տակ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մասիսի տարածքային ստորաբաժանումում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցվորների համասեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Շիրազի փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին` մերժել: Հակընդդեմ հայցը` մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

4. Պատասխանողների ներկայացուցիչ Ա. Ճուղուրյանի կողմից 13.07.2010 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.08.2010թ. որոշմամբ վերադարձվել է:

5. Հայցվորների փաստաբան Ա. Կարապետյանը 27.10.2010 թվականին դիմել է Դատարան կատարողական թերթ տալու պահանջով:

6. Դատարանի դատավոր Գ. Բալյանը 27.10.2010 թվականի թիվ ԴԴ24Ե-1162 գրությամբ հայցվորների ներկայացուցչին տեղեկացրել է, որ «Հիշյալ գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 10.06.2010թ. կայացված որոշման եզրափակիչ մասում չի նախատեսվել, որ դատական ակտը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, հետևաբար կատարողական թերթ հնարավոր չէ տրամադրել»:

7. Գոհարիկ Պետրոսյանը 08.02.2011 թվականի դիմումով կրկին խնդրել է Դատարանին օրենքով սահմանված եռօրյա ժամկետում տրամադրել կատարողական թերթ, որը Դատարանի կողմից տրամադրվել է նույն օրը:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ներպետական դատական ատյանների որոշումների կատարման վերաբերյալ արձանագրում է, որ «դատարանի իրավունքը» կլինի ոչ իրական, եթե պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տա վերջնական, պարտադիր ուժ ունեցող դատական ակտին մնալ անկիրառելի ի վնաս կողմերից մեկի շահերի, «ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտարկվի որպես դատաքննության անբաժանելի մաս` 6-րդ հոդվածի իմաստով» (Տես` Ֆիլիսն ընդդեմ Հունաստանի գործով 27.08.1991 թվականի վճռի 59-րդ կետ, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 21.01.1975 թվականի վճռի 34-36-րդ կետեր, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով 19.03.1997 թվականի վճռի 40-րդ կետ, Դի Պեդեն ընդդեմ Իտալիայի գործով 26.09.1996 թվականի վճռի 20-24-րդ կետեր, Զապպիան ընդդեմ Իտալիայի գործով 26.09.1998 թվականի վճռի 16-20-րդ կետեր, Իմմոբիլիարե Սաֆֆի ընդդեմ Իտալիայի գործով 28.07.1999 թվականի վճռի 66-րդ կետ):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի թիվ 102 որոշման 1-ին կետի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը` նրա դիմումի հիման վրա:

Վերլուծելով վերը նշված հոդվածները և սույն գործի փաստերը համադրելով` Խորհուրդն արձանագրում է, որ դատարանը բոլոր դեպքերում տալիս է կատարողական թերթ, եթե առկա է դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և միաժամանակ առկա է նաև պահանջատիրոջ դիմումը կատարողական թերթ տալու մասին:

Սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի կողմից 10.06.2010 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև Հայցվորների կողմից 27.10.2010 թվականին Դատարանին հասցեագրված կատարողական թերթ տալու մասին դիմումը:

Դատարանի դատավոր Գ. Բալյանի կողմից կատարողական թերթ տալու Հայցվորների ներկայացուցչի պահանջը գրությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված որոշման եզրափակիչ մասում չի նշել այն մասին, որ դատական ակտը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Գ. Պետրոսյանի կողմից երկրորդ անգամ նույն պահանջով դիմում ներկայացնելու արդյունքում 08.02.2011 թվականին Դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, այսինքն` առաջին դիմումից` 27.10.2010թ., ավելի քան 3 ամիս անց: Միաժամանակ, Դատավոր Գ. Բալյանի կողմից Կարգապահական հանձնաժողովին ներկայացված բացատրությունում նշվել է, որ կատարողական թերթը տրվել է ներկայացված դիմումը առավել համակողմանի ուսումնասիրելու արդյունքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով առկա էին կատարողական թերթ տալու համար օրենքով նախատեսված բոլոր հիմքերը, հետևաբար, Խորհուրդը արձանագրում է, որ Դատարանի դատավոր Գ. Բալյանի կողմից կատարողական թերթ տալը նման պատճառաբանությամբ մերժելն անհիմն է, չի բխում օրենքի պահանջից և խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի իրավունքը` ստանալու վերջնական, պարտադիր ուժ ստացած դատական ակտի կատարում:

Մասնավորապես, Դատարանի դատավոր Գ. Բալյանի կողմից անհիմն ձևով կատարողական թերթ տալը մերժելու հետևանքով Հայցվորները 3 ամսից ավելի ժամկետով զրկվել էին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման ներկայացնելու հնարավորությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը արձանագրում է, որ նշված հիմքով կատարողական թերթ տալը մերժելու արդյունքում Դատարանի դատավոր Գ. Բալյանի կողմից խախտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի, 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կապակցությամբ կատարողական թերթ տալու մասին դիմումը գրությամբ մերժելիս Դատարանի դատավոր Գ. Բալյանը չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, որի արդյունքում թույլ է տրվել դատավորի վարքագծի կոպիտ խախտում:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կոպիտ խախտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Կ. Բաղդասարյան

Տ. Բարսեղյան

Ռ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան