Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.45
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/0610/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0610/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ)` վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 21.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Խառատյանի ընդդեմ Դեպարտամենտի` Դեպարտամենտի ղեկավարի 29.01.2010 թվականի թիվ 40-Ա հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Խառատյանը պահանջել է անվավեր ճանաչել Դեպարտամենտի ղեկավարի 29.01.2010 թվականի թիվ 40-Ա հրամանը և պարտավորեցնել վճարելու հակադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեպարտամենտը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Խառատյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 25-րդ հոդվածը և 26-րդ հոդվածի 4-րդ մասը, չի կիրառել «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատական ծառայողին պաշտոնում նշանակելու և ազատելու լիազորությունը պատկանում է Դեպարտամենտի ղեկավարին, այսինքն` Դեպարտամենտի ղեկավարն է հանդես գալիս որպես գործատու:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև դատական ծառայողի պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը: Դատական ծառայողն ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական: Տվյալ դեպքում օրենսդիրը չի տարանջատել «դատավորին կցված դատական ծառայողներ» և «դատավորին չկցված դատական ծառայողներ» հասկացությունը, այսինքն` վերը նշված նորմն ընդհանուր է և հավասարաչափ վերաբերում է բոլոր դատական ծառայողներին անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ծառայողը կցված է դատավորին, թե` ոչ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 21.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Դեպարտամենտի ղեկավարի 29.01.2010 թվականի թիվ 40-Ա զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանն ընդունվել է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների խախտմամբ, իսկ վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դեպարտամենտի ղեկավարի 22.01.2008 թվականի թիվ 136-Ա հրամանի համաձայն` Արմեն Ռազմիկի Խառատյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում (կցվել է դատավոր Ն. Ավետիսյանին) (գ.թ 7):

2) 11.01.2010 թվականի Դեպարտամենտի ղեկավարը ծանուցել է Արմեն Խառատյանին, որ 16.12.2009 թվականի վերապատրաստման արդյունքների գնահատման քննական հանձնաժողովի եզրակացության համաձայն` վերջինս չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման 29.01.2010 թվականից (գ.թ 56):

3) Դեպարտամենտի ղեկավարի 29.01.2010 թվականի թիվ 40-Ա հրամանի համաձայն` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Արմեն Ռազմիկի Խառատյանը 29.01.2010 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից (գ.թ 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: Դատավորի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

ՀՀ դատական օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար: Դատավորի օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը:

«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները:

Դատական ծառայողի պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանությունը ի թիվս «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ դեպքերի պարզվում է նաև վերապատրաստման գնահատմամբ:

«Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 25.06.2006 թվականի թիվ 06Ն որոշման 26-րդ կետի համաձայն` վերապատրաստման դասընթացների ավարտին կատարվում է դատական ծառայողների գիտելիքների և ունակությունների գնահատում: Նույն որոշման 40-րդ կետի համաձայն` բացասական գնահատական ստացած դատական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է նույն օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում՝ դատական դեպարտամենտի ղեկավարը` տվյալ դատավորի ներկայացմամբ:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Արմեն Խառատյանը պաշտոնից ազատվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից առանց դատավորի ներկայացման, հանգել է այն հետևության, որ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը նախատեսում է պաշտոնից ազատման մեկ կարգ, այն է` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորին կցվող դատական ծառայողին պաշտոնից կարող է ազատել միայն դատավորի ներկայացմամբ, ուստի Արմեն Խառատյանն ազատվել է օրենքի պահանջների խախտմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դատական ծառայողը, իր պաշտոնի անձնագրին չհամապատասխանելու պայմաններում, չի կարող հավակնել դատական ծառայողի պաշտոնին, իսկ տվյալ հանգամանքի հետագա պարզման դեպքում նա ենթակա է ազատման աշխատանքից: Նշված հիմքի առկայությունն ինքնին բավարար է դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

Ինչ վերաբերում է «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին, ապա դրանով սահմանվում է դատավորին կցված դատական ծառայողին պաշտոնից ազատման ընթացակարգը, որի համաձայն` դատական ծառայության պաշտոններից ազատում է դատական դեպարտամենտի ղեկավարը` տվյալ դատավորի ներկայացմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված դատավորի անկախությունը պայմանավորված է նաև իր աշխատակազմով, որի գործունեությունը նպատակ է հետապնդում ապահովելու դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ և բնականոն իրականացումը: Հետևաբար, դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակումը կամ պաշտոնից ազատումը տվյալ դատավորի ներկայացմամբ կատարելու կարգ սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ամրագրել այնպիսի կարգավորում, որպեսզի չխախտվեն դատավորի գործունեության երաշխիքները։ Այսինքն՝ դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակումը կամ պաշտոնից ազատումը դատավորի ներկայացմամբ կատարելու կարգի պահպանումն էական նշանակություն կարող է ունենալ միայն դատավորի համար, նրա գործունեության երաշխիքների տեսանկյունից: Մինչդեռ, սույն գործով առանց իր ներկայացման պաշտոնից ազատելու հանգամանքը դատավորի կողմից չի վիճարկվել։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկա հրամանով դատական ծառայողի որևէ իրավունք չի խախտվել: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ վերապատրաստման արդյունքների գնահատման քննական հանձնաժողովի եզրակացությունը դատական ծառայողի կողմից չի վիճարկվել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մեկնաբանման պայմաններում, այն է` բոլոր դեպքերում դատական ծառայողին պաշտոնից ազատումը միայն դատավորի ներկայացումից կախվածության մեջ դնելը, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ օրինակ` դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող, կամ դատական կարգով անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչված («Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ), կամ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտված («Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ) դատական ծառայողի պաշտոնից ազատման հարցը կախվածության մեջ կդրվի զուտ ընթացակարգային պահանջներից, այն է` դատավորի կողմից ազատման ներկայացումից, որն իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից խոչընդոտներ կհարուցի դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար օրենքով նախատեսված պահանջների պահպանման հարցում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Արմեն Խառատյանի հայցը մերժել:

2. Արմեն Խառատյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ