Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-951
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.424
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16.03.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի հունվարի 26-ին:

Փոխառության համաձայնագրի նպատակը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը (Փոխառու) չորս միլիոն ԱՄՆ դոլար (% և 4.000.000) փոխառություն տրամադրելն է` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրին» աջակցելու համար ֆինանսավորման նպատակով:

Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- Ծրագրի իրականացման համար մասհանել Փոխառության միջոցները` համաձայն Համաձայնագրի 1-ին ժամանակացույցի 2-րդ բաժնի դրույթների,

- վճարել սկզբնական միանվագ միջնորդավճարը, որը հավասար է Փոխառության գումարի մեկ տոկոսի քառորդ մասին (0.25%),

- ապահովել, որպեսզի որպես Փոխառու իր կողմից վճարման ենթակա տոկոսագումարը յուրաքանչյուր տոկոսային ժամանակահատվածի համար համարժեք լինի Փոխառության արժույթի կողմնորոշիչ տոկոսադրույքին` գումարած փոփոխական սպրեդը` պայմանով, որ Փոխառության ամբողջ հիմնական գումարի կամ դրա մի մասի փոխարկման ժամանակ, Փոխառուի կողմից այդ գումարի մասով վճարման ենթակա տոկոսագումարը Փոխարկման ժամանակահատվածի ընթացքում որոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթներին համապատասխան,

- համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` սկսած 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2035թ. փետրվարի 15-ը յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել վճարումներ` մարել Փոխառության ընդհանուր հիմնական գումարը` 3,33% վճարման մասնաբաժնով, իսկ 2035 թվականի օգոստոսի 15-ին` 3,43% վճարման մասնաբաժնով,

- առանց սահմանափակելու Ընդհանուր պայմանների 5.08 բաժնի դրույթները` ժամանակին Բանկին տրամադրել համաձայնագրի II հոդվածի դրույթներին առնչվող այնպիսի տեղեկություններ, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով ժամանակ առ ժամանակ պահանջել,

- ապահովել, որպեսզի Փոխառության միջոցները չօգտագործվեն բացառված ծախսերը ֆինանսավորելու համար, իսկ եթե ցանկացած ժամանակ Բանկը որոշում է, որ Փոխառության որևէ գումար օգտագործվել է բացառված ծախսեր վճարելու նպատակով, ապա Բանկից ծանուցում ստանալով` անհապաղ Բանկին փոխհատուցել նման վճարման գումարին համարժեք գումար,

- Փոխառության հաշվից բոլոր մասհանումները հաշվեգրել Փոխառուի կողմից նշանակված և Բանկի համար ընդունելի հաշվին,

- ապահովել, որպեսզի Բանկի համար ընդունելի հաշվին Փոխառության յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Փոխառուի բյուջեի կառավարման համակարգում` բանկի համար ընդունելի եղանակով:

Համաձայնագիրն ունի հետևյալ վերտառությամբ երկու ժամանակացույցեր` «Ծրագրի գործողություններ, փոխառության միջոցների առկայություն» և «Մարման ժամանակացույց», և Հավելված:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-951