Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ3 /0092/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ3/0092/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի, երրորդ անձինք Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի` գործարքը վավերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վարդան Պետրոսյանը պահանջել է պարտավորեցնել «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանին վավերացնել գրավառու Վարդան Պետրոսյանի կողմից գրավի առարկան` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283 հա հասարակական կառուցապատման հողամասը և 14,60քմ մակերեսով շինությունը գրավատուի անունից օտարելու գործարքը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սպարտակ Խաչատրյանը և Լաուրա Գասպարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Դատարանը սխալ է մեկնաբանել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լիներ ապացուցել, որ Սպարտակ Խաչատրյանը գրավի առարկայի բռնագանձման մասին գրավոր իրազեկվել և տեղեկացվել է, այնինչ 29.01.2010 թվականի ուղարկված փոստային առաքանին նամակատարը հանձնել է ոչ թե հասցեատիրոջը, այլ վերջինիս կնոջը` Լաուրա Գասպարյանին, իսկ վերջինս էլ հրաժարվել է այն ստանալուց այն դեպքում, երբ առաքանին ուղարկվել է առանց ծանուցագրի (ձև CN7)։ Ինչ վերաբերում է մյուս երկու փոստային առաքանիներին, ապա 04.02.2010 թվականի առաքանին ստացել է ոչ թե հասցեատերը, այլ նրա կինը, իսկ 25.03.2010 թվականի առաքանու դեպքում ակնհայտ է, որ Սպարտակ Խաչատրյանը պարզապես չէր կարող ստանալ առաքանին, քանի որ 14.02.2010 թվականից մինչև 09.04.2010 թվականը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 18.05.2010 թվականի վճիռը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 22.12.2006 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03004-4-15 մատյանի 000130 համարի տակ Սպարտակ Սողոմոնի Խաչատրյանի անվամբ գրանցվել է սեփականության իրավունք` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283հա հասարակական կառուցապատման հողամասի և 14,60քմ մակերեսով շինության նկատմամբ, և տրվել է թիվ 2218689 վկայականը (գ.թ. 12-14)։

2) 15.04.2008 թվականին Սպարտակ Խաչատրյանի և Վարդան Պետրոսյանի միջև ստորագրվել և նոտարական կարգով վավերացվել է գրավի պայմանագիր, որի 2-րդ կետի համաձայն` փոխառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում գրավառուն իր պահանջները բավարարում է սույն պայմանագրում նշված գույքով։ Համաձայն նույն պայմանագրի 3.1-րդ կետի` գրավի առարկան իրենից ներկայացնում է շինություն, որի ընդհանուր մակերեսն է 14,6քմ, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում` 0,0283 հեկտար հողատարածքի վրա (գ.թ. 9-10)։

3) 15.04.2008 թվականին Լաուրա Գասպարյանի կողմից տրվել է համաձայնություն, որ իր ամուսին Սպարտակ Խաչատրյանը գրավ դնի իրենց պատկանող` ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283հա հասարակական կառուցապատման հողամասը և 14,60քմ մակերեսով շինությունը (գ.թ. 15)։

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման կողմից 09.04.2010 թվականին տրված թիվ 0212029 միասնական տեղեկանքի համաձայն` թիվ 937 գրավի պայմանագրի հիման վրա գրանցված է Վարդան Պետրոսյանի գրավի իրավունքը ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեում գտնվող 0,0283հա հասարակական կառուցապատման հողամասի և 14,60քմ մակերեսով շինության նկատմամբ (գ.թ. 11)։

5) Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին Սպարտակ Խաչատրյանին ուղարկվել են գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրեր (գ.թ. 19-24)։

6) «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի 10.04.2010 թվականի գրության համաձայն` Վարդան Պետրոսյանի կողմից Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցագիրն ստացվել է 25.03.2010 թվականին, իսկ մյուս նամակներն ուղարկվել են առանց ծանուցագրի, և հնարավոր է, որ Սպարտակ Խաչատրյանի ընտանիքի անդամները ստացած լինեն և չտեղեկացնեն նրան (գ.թ. 16)։

7) Գործում առկա չէ Սպարտակ Խաչատրյանի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրերն ստանալու փաստը հավաստող որևէ ապացույց։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ։ Մասնավորապես, նույն հոդվածով սահմանվում է, որ գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը։ Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ծանուցման վերոնշյալ պահանջը կոչված է ապահովելու գրավատուի մեկ այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն` պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է։ Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետը պետք է կիրառվի` վերոնշյալ նորմերով նախատեսված գրավատուի իրավունքների ապահովման համատեքստում, հակառակ դեպքում օրենսդրությամբ գրավատուին ընձեռված բռնագանձման օրինականությունը վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու իրավունքների իրականացումն արդյունավետ չի լինի։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ։ Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը։

 

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին Սպարտակ Խաչատրյանին ուղարկվել են գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրեր։ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանը 10.04.2010 թվականի գրությամբ Վարդան Պետրոսյանին հայտնել է, որ վերջինիս կողմից Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցագիրը ստացվել է 25.03.2010 թվականին, իսկ մյուս նամակներն ուղարկվել են առանց ծանուցագրի և հնարավոր է, որ Սպարտակ Խաչատրյանի ընտանիքի անդամները ստացած լինեն և չտեղեկացնեն նրան։

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ տվյալ պարագայում գրավառու Վարդան Պետրոսյանը գրավատու Սպարտակ Խաչատրյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավոր իրազեկելու իր իրավունքն իրացրել է պատշաճ։

Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ Վարդան Պետրոսյանի կողմից փոստային ծառայության միջոցով 27.01.2010, 01.02.2010 և 24.03.2010 թվականներին գրավի առարկայի բռնագանձման մասին Սպարտակ Խաչատրյանին ուղարկված ծանուցումները վերջինս չի ստացել։ Այսինքն` սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սպարտակ Խաչատրյանն ստացել է վերոհիշյալ բռնագանձման ծանուցումներից որևէ մեկը։

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Վարդան Պետրոսյանի հայցը մերժել։

2. Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ