Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ5/0953/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ5/0953/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Էդ.Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Շողիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Ասյա Քաղցրիկյանի հայցի ընդդեմ Գյումրու նոտարական գրասենյակի և Շողիկ Գրիգորյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ասյա Քաղցրիկյանը պահանջել է առոչինչ ճանաչել 19.12.1989 թվականին Շողիկ Գրիգորյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողիկ Գրիգորյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ասյա Քաղցրիկյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասը, 561-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ասյա Քաղցրիկյանը ժառանգատու Հարություն Քաղցրիկյանի հարսն է, իսկ Շողիկ Գրիգորյանը դուստրն է, և ժառանգության բացման պահին Շողիկ Գրիգորյանը եղել է երկու տարեկան մանկահասակ երեխա և մինչ ամուսնությունը փաստացի բնակվել է ժառանգատուին պատկանող տանը և տիրապետել այն:

Փաստորեն, Շողիկ Գրիգորյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքի պահանջների պահպանմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Ասյա Քաղցրիկյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա և արձանագրվել է, որ Շողիկ Գրիգորյանի կողմից ժառանգական գույքը փաստացի տիրապետելու, հոր մահից հետո հոր տանը բնակվելու և հոր տնային իրերն օգտագործելու փաստը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում 19.12.1989 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ է։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 21.05.1941 թվականին ծնված Շողիկ Հարությունի Քաղցրիկյանի (Գրիգորյան) հայրը Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանն է, իսկ մայրը` Հռիփսիմե Եղիշի Քաղցրիկյանը (գ.թ. 12)։

2. Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանը մահացել է 06.06.1943 թվականին (գ.թ.12):

3. Շողիկ Հարությունի Քաղցրիկյանը 1964 թվականին ամուսնացել է Սուրեն Գրիգորյանի հետ և կրել Գրիգորյան ազգանունը (գ.թ.8)։

4. Ասյա Ալեքսանդրի Քաղցրիկյանը (մինչ ամուսնական ազգանունը՝ Ամիրխանյան) Ալֆրեդ Հարությունի Քաղցրիկյանի կինն է (գ.թ.48)։

5. Ալֆրեդ Հարությունի Քաղցրիկյանը ժառանգատու Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանի որդին է, իսկ Ասյա Ալեքսանդրի Քաղցրիկյանը՝ հարսը:

6. Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանի մահից հետո ժառանգական գույքի՝ ՀՀ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 145 տնատիրության նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր են ստացել որդին՝ Սարգիս Քաղցրիկյանը 03.06.1977 թվականին, դուստրը՝ Էմմա Քաղցրիկյանը 15.08.1983 թվականին, դուստրը՝ Շողիկ Գրիգորյանը 19.12.1989 թվականին և որդին՝ Ալֆրեդ Քաղցրիկյանը, 10.12.1989 թվականին (գ.թ.13-15, 57)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 535-րդ հոդվածի համաձայն` ըստ օրենքի ժառանգման դեպքում հավասար բաժնով ժառանգներ են հանդիսանում` առաջին հերթին` մահացածի զավակները (այդ թվում` որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեգրողները), ինչպես նաև մեռածի այն երեխան, որը նրա մահից հետո է ծնվել, երկրորդ հերթին՝ մեռածի եղբայրներն ու քույրերը, նրա պապն ու տատը, ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից:

 Երկրորդ հերթի ժառանգներն ըստ օրենքի ժառանգման են հրավիրվում առաջին հերթի ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում միայն, ինչպես նաև այն դեպքում, երբ առաջին հերթի բոլոր ժառանգները զրկված են ժառանգման իրավունքից (նույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրավանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գյումրիի նոտարական գրասենյակի կողմից Շողիկ Հարությունի Գրիգորյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 19.12.1989 թվականին տրվել է օրենքի խախտմամբ, ինչն իր հերթին հանգեցրել է հայցվորի գույքը ժառանգելու իրավունքի խախտմանը, ուստի Շողիկ Հարությունի Գրիգորյանին 19.12.1989թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ենթակա է անվավեր ճանաչման: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետումը պետք է դրսևորվի որոշակի գործողությունների կատարմամբ, այն է՝ ժառանգը պետք է բնակվի ժառանգական տանը, օգտվի մահացածի տնային իրերից և այլն:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` ժառանգատու Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանի ժառանգության զանգվածը կազմել է ՀՀ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 145 տունը: Հոր՝ Հարություն Քաղցրիկյանի մահից հետո (մահացած 06.06.1943 թվականին) նրա դուստրը՝ Շողիկ Հարությունի Գրիգորյանը (ծնված 21.05.1941 թվականին) մինչ ամուսնությունը՝ 1964 թվականը, բնակվել է ՀՀ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 145 տանը: Ասյա Ալեքսանդրի Քաղցրիկյանը (մինչ ամուսնական ազգանունը՝ Ամիրխանյան) 10.06.1967 թվականին է ամուսնացել ժառանգատուի որդու՝ Ալֆրեդ Հարությունի Քաղցրիկյանի հետ: Հետագայում, ՀՀ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 145 տնատիրության 2/9 բաժնի նկատմամբ Շողիկ Հարությունի Գրիգորյանին 19.12.1989 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1949 վկայագիրը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շողիկ Հարությունի Գրիգորյանը (ծնված 21.05.1941 թվականին) մինչ ամուսնությունը՝ 1964 թվականը, բնակվելով ՀՀ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 145 տանը և փաստացի այն տիրապետելով, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածով սահմանած կարգով ընդունել է իր հոր՝ ժառանգատու Հարություն Սարիբեկի Քաղցրիկյանի ժառանգությունը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Դատարանի այն պատճառաբանությունը, որ Շողիկ Գրիգորյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը և ժառանգությունն ընդունել է 45 տարի անց՝ նոտարական գրասենյակ դիմում ներկայացնելու եղանակով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Ասյա Քաղցրիկյանի հայցը մերժել։

2. Ասյա Քաղցրիկյանից հօգուտ Շողիկ Գրիգորյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան