Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (09.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունման ամսաթիվ
10.01.1952
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2006

Միջազգային կոնվենցիա

Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին

 

Ներքոստորագրյալները,

լինելով պատշաճ կերպով լիազորված,

հանդիպելով Ժնևում` Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հովանու ներքո,

երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատումը դյուրացնելու նպատակով

 

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Բաժին I

 

Սահմանային կայարանների ստեղծումը և գործունեությունը, որտեղ ստուգումներն իրականացվում են երկու սահմանակից երկրների կողմից

 

Հոդված 1

 

1. Սահմանակից պետությունների իրավասու իշխանությունները սահմանը հատող ցանկացած երկաթուղային գծի վրա, որով զգալի ծավալի միջազգային փոխադրումներ են իրականացվում, ըստ համաձայնագրի, համատեղ ուսումնասիրում են սահմանին մոտ կայարանի նշանակման հնարավորությունը, որում հնարավոր կլինի արդյունավետորեն իրականացնել բոլոր բեռների կամ դրանց մի մասի մուտքի և ելքի` երկու պետությունների օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ ստուգումները:

2. Երբ երկու սահմանակից պետություններն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով նշանակում են նմանատիպ մի քանի կայարաններ, այդ կայարանների քանակը սահմանի ամեն կողմում պետք է հնարավորին չափով հավասար լինի:

3. Այն բոլոր կետերում, որտեղ երկկողմանի երթևեկության ստուգումների համար նման կայարանների հիմնումն անհնար է, Պայմանավորվող կողմերը համատեղ ուսումնասիրում են սահմանի մի կողմի կայարանում մի ուղղությամբ երթևեկության ստուգման և սահմանի մյուս կողմի կայարանում՝ հակառակ ուղղությամբ երթևեկության ստուգման հարմար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը. այս պայմանն անհրաժեշտության դեպքում սահմանափակվում է որոշ արագընթաց միջազգային գնացքներով փոխադրվող բեռների համար:

 

Հոդված 2

 

1. 1-ին հոդվածի համաձայն նշանակված կայարանում ստեղծվում է գոտի, որում նշանակված կայարանին սահմանակից տարածքի պետության (այսուհետ` սահմանակից պետություն) իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալներն իրավունք ունեն ստուգելու ցանկացած ուղղությամբ սահմանը հատող բեռները:

2. Այդ գոտին, որպես կանոն, ներառում է.

ա) կայարանի առանձնացված տարածքը,

բ) բեռնատար գնացքները և գծի այն հատվածը, որտեղ նրանք կանգ են առնում ստուգումների ողջ ժամանակահատվածում,

գ) սահմանակից պետության սահմանի և կայարանի միջև գնացքները:

 

Հոդված 3

 

2-րդ հոդվածի համաձայն ստեղծված գոտում սահմանակից պետության օրենքների և կանոնակարգերի կիրառումը, ինչպես նաև այդ պետության իրավասու մարմինների պաշտոնյաներին և գործակալներին շնորհված իրավասությունները, իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են շահագրգիռ պետությունների իրավասու մարմինների միջև՝ երկկողմ համաձայնագրերով:

 

Հոդված 4

 

1. Շահագրգիռ պետությունների իրավասու մարմինները հատուկ համաձայնագրերով որոշում են նշված գոտու տարածքում սահմանակից պետության ծառայություններին հատկացվող անհրաժեշտ շինությունները և այն պայմանները, որոնցով տվյալ պետության երկաթուղային մարմինը, որի տարածքում գտնվում է կայարանը, նշված շինություններն ապահովելու է կահույքով, լուսավորման, ջեռուցման, մաքրման, հեռախոսային կապի և այլ սարքավորումներով:

2. Սահմանակից պետության ծառայությունների գործունեության համար պահանջվող ցանկացած սարքավորում ներմուծվում է ժամանակավորապես և վերարտահանվում է` ազատվելով մաքսային բոլոր հարկերից և գանձումներից, պայմանով, որ առկա լինի ճշգրիտ հայտարարագիրը: Ներմուծումը կամ արտահանումն արգելող կամ սահմանափակող կանոնակարգերը չեն կիրառվում այդպիսի սարքավորումների նկատմամբ:

 

Հոդված 5

 

1. 2-րդ հոդվածի հիման վրա ստեղծված գոտում սահմանակից պետության ծառայություններին հատկացված կառույցները կարող են արտաքինից տարբերակվել ծանուցմամբ, այդ թվում` տվյալ պետության ազգային գույների խորհրդանշով:

2. Սահմանակից պետության իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալները կրում են ազգային համազգեստ կամ տարբերակիչ նշան` համաձայն այդ երկրի կանոնակարգերի:

3. Սահմանակից պետության իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալները, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված ստուգումներն անցկացնելու համար հրավիրվում են կայարան, ազատվում են անձնագրային ձևակերպումներից: Նրանց պաշտոնական փաստաթղթերի ներկայացումը համարվում է նրանց ազգության, անձի, կոչման և նրանց պարտականությունների բնույթի բավարար ապացույց:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում հիշատակված պաշտոնյաները և գործակալներն իրենց պարտականությունները կատարելիս օգտվում են այն նույն պաշտպանությունից և աջակցությունից, որոնցից օգտվում են կայարանի տեղակայման պետության համապատասխան պաշտոնյաները և գործակալները:

5. Տեղակայման կայարանի պետությունում բնակվող սահմանակից պետության պաշտոնյաները և գործակալները 3-րդ հոդվածով նախատեսված երկկողմ համաձայնագրերի հիման վրա ազատվում են հարկերից և տուրքերից:

6. 3-րդ հոդվածում հիշատակված երկկողմ համաձայնագրերը սահմանում են.

ա) սահմանակից պետության իրավասու մարմինների այն պաշտոնյաների և գործակալների առավելագույն քանակը, որոնք լիազորված են ստուգումներ իրականացնելու 2-րդ հոդվածի համաձայն ստեղծված գոտում,

բ) այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է, որ պահանջվի նրանց վերադարձը, և

գ) այն պայմանները, որոնց դեպքում նրանք կարող են կրել զենք և այն օգտագործել նշված գոտում իրենց պարտականությունները կատարելիս:

 

Հոդված 6

 

1. Մաքսային և շահագրգիռ այլ մարմինները պետք է անեն հնարավոր ամեն բան իրենց երկրների սահմանը հատող բեռների մաքսային և այլ ստուգումների համար պահանջվող ժամանակը նվազագույնի հասցնելու համար, մասնավորապես, հետևյալ դեպքերում.

շտապ բեռների,

միջազգային տարանցիկ փոխադրումների,

շուտ փչացող բեռների, խոշոր եղջերավոր անասունների և այլ բեռների, որոնց համար արագ փոխադրումը կենսականորեն կարևոր է,

արագընթաց միջազգային գնացքներով առաքվող բեռների,

բեռնատար գնացքներով առաքվող խոշոր բեռների:

2. Մաքսային և այլ ստուգումների առավելագույն ժամանակը կարող է սահմանվել 3-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրերով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կատարելու նպատակով երկաթուղային մարմինները մուտքի և ելքի պետությունների իրավասու իշխանություններին ժամանակին տեղեկացնում են միջազգային գնացքների պարբերականության, ժամանակացույցի և կազմի մասին:

 

Բ ա ժ ի ն  II

Միջազգային տարանցման համակարգ

 

Հոդված 7

 

1. Մաքսային և շահագրգիռ այլ մարմինները, համապատասխան երկրների երկաթուղային մարմինների հետ համաձայնագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են հատուկ միջոցներ` ուղղված ստուգումների արագացմանը, մասնավորապես, միջազգային տարանցման մեջ գտնվող բեռների ստուգումների արագացմանը:

2. Շահագրգիռ պետությունների երկաթուղային մարմինների հետ համաձայնագրով մաքսային գերատեսչությունը և նշված պետության շահագրգիռ մարմինները հնարավորության սահմաններում նշված պետության ներսում գտնվող հատկապես խիտ միջազգային երթևեկությամբ կայարաններում ստեղծում են գրասենյակներ բեռների ստուգման և մաքսազերծման համար՝ ինչպես մինչև մեկնելը, այնպես էլ ժամանելուց հետո: Պետության ներսում գտնվող նման կայարանի և ցանկացած ուղղությամբ սահմանային կայարանի կամ երկու պետությունների ներսում գտնվող նման երկու կայարանների միջև նշված բեռները կարող են փոխադրվել սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված միջազգային տարանցման համակարգով:

3. Հաշվի առնելով սույն բաժնի դրույթների կիրառումը.

ա) Պայմանավորվող կողմերը սկզբունքորեն ճանաչում են մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կնիքը՝ պայմանով, որ ցանկացած մաքսային մարմին պահի իր կնիքն ավելացնելու իրավունքը, եթե դա անհրաժեշտ է համարում,

բ) Պայմանավորվող կողմերն ընդունում են միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ  ձև, որը կցվում է սույն Կոնվենցիային,

գ) Միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը տպագրվում է երկու լեզվով` ֆրանսերեն և մեկնման վայրի պետության լեզվով. եթե այլ կերպ նախատեսված չէ, դրա կրկնօրինակը պետք է կազմվի յուրաքանչյուր պետության համար,

դ) բեռն առաքողի հայտարարագիրը լատինատառ է և կազմվում է մեկնման վայրի պետության լեզվով կամ ֆրանսերենով. անհրաժեշտության դեպքում երկաթուղու մարմինը պատասխանատու է դրա թարգմանության համար, և

ե) այս կանոնակարգը չի բացառում մաքսային և երկաթուղային մարմինների կողմից միայն իրենց երկրի ներսում երթևեկության պարագայում այլ լեզվի օգտագործումը թույլ տալու հնարավորությունը, եթե այդ եղանակն ավելի հարմար է:

4. Միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը կարող է փոփոխության ենթարկվել սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված պարզեցված ընթացակարգի համաձայն:

 

Բ ա ժ ի ն  III

Տարբեր դրույթներ

 

Հոդված 8

 

1. Երկաթուղու, մաքսային և շահագրգիռ այլ մարմինների անձնակազմերի աշխատանքային ժամերը մանրամասն հարմարեցվում են գնացքների ժամանակացույցին և երթևեկության պահանջներին:

2. Սահմանային կայարաններում և այն կայարաններում, որտեղ ստուգումներն իրականացվում են երկու սահմանակից պետությունների կողմից, Պայմանավորվող կողմերը հնարավորության սահմաններում միջոցներ են ձեռնարկում փոստի, հեռագրատան և հեռախոսային կետերի բացման ժամերը համապատասխան մաքսային գրասենյակների աշխատանքային ժամերին հարմարեցնելու համար:

3. Այն կայարաններում, որտեղ ստուգումներն իրականացվում են միայն մեկ պետության կողմից, մաքսային մարմինները և այլ շահագրգիռ մարմինները ձեռնարկում են 6-րդ հոդվածում հիշատակված նույն միջոցները մաքսային և այլ ստուգումների համար պահանջվող ժամանակը նվազագույնի հասցնելու համար:

 

Հոդված 9

 

Բոլոր հիմնական մայրուղիներում Պայմանավորվող կողմերը սահմանակից պետության սահմանային կայարանների միջև ստեղծում են երկաթուղային ծառայության ուղիղ հեռախոսային գիծ և միջոցներ են ձեռնարկում անձնական հեռախոսային կապը դյուրացնելու և արագացնելու համար: Երկկողմ համաձայնությամբ ուղիղ հեռախոսային կապի հաստատման իրավունքը կարող է տարածվել այլ հասարակական ծառայությունների վրա:

 

Հոդված 10

 

Մաքսային և շահագրգիռ այլ մարմիններն ու երկաթուղին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկաթուղու ճյուղում ստուգումները հեշտացնելու համար, երբ այդ միջոցները նախատեսված են սպասելու ժամանակը կրճատելու համար, պայմանով, որ նման ստուգումներն ամբողջությամբ համապատասխանում են պահանջներին և վտանգ չեն ներկայացնում անձնակազմի համար:

 

Հոդված 11

 

Մաքսային և շահագրգիռ այլ մարմիններն ու երկաթուղին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում արագ փչացող բեռների ստուգմանն առաջնահերթություն տալու համար, մասնավորապես, երբ դրանք հատում են սահմանը միջազգային տարանցման ընթացակարգով:

 

Բաժին IV Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 12

 

1. Սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո այն բաց է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պետությունների միանալու համար:

2. Միանալու մասին փաստաթղթերը և, անհրաժեշտության դեպքում, վավերագրերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին, որն այդ մասին ծանուցում է սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին:

 

Հոդված 13

 

Սույն Կոնվենցիան կարող է չեղյալ համարվել այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին նախօրոք՝ վեց ամիս առաջ ուղարկված ծանուցմամբ: Վեց ամիսը լրանալուց հետո Կոնվենցիան դադարում է ուժի մեջ լինել չեղյալ հայտարարելու մասին դիմում տված Պայմանավորվող կողմի համար:

 

Հոդված 14

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, երբ 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններից երեքը դառնում են Պայմանավորվող կողմեր:

2. Այն դադարում է գործելուց, եթե ցանկացած ժամանակ Պայմանավորվող կողմերի քանակը պակասում է երեքից:

 

Հոդված 15

 

Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը կողմերը չեն կարող կարգավորել բանակցությունների միջոցով կամ կարգավորման այլ եղանակով, շահագրգիռ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ներկայացվել արբիտրաժային հանձնաժողովի քննարկմանը, որում վեճին մասնակցող յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկական անդամի.  նախագահը, որն ունի վճռական ձայնի իրավունք, նշանակվում է  Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարի կողմից:

 

Հոդված 16

 

1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը ցանկալի է համարում ձևափոխել սույն Կոնվենցիայի հավելված հանդիսացող միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը, նա իր առաջարկած ուղղումը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին, որն այդ մասին տեղեկացնում է բոլոր ստորագրած կամ միացած պետություններին:

2. Ուղղումը համարվում է ուժի մեջ մտած նախորդ կետում նախատեսված տեղեկացումից իննսուն օր անց, եթե մինչև այդ ժամկետի լրանալը ստորագրած կամ միացած պետությունների առնվազն մեկ երրորդը Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին չի ծանուցում ուղղումների վերաբերյալ իր առարկության մասին:

3. Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարն արձանագրում է  հավելվածի ուղղման ուժի մեջ մտնելը և այդ մասին տեղեկացնում է ստորագրող կամ միացած բոլոր պետություններին:

 

Հոդված 17

 

1. Սույն Կոնվենցիայի բնօրինակն ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին, որը դրա հաստատված օրինակը փոխանցում է 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին:

2. Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո լիազորված է գրանցելու այն:

 

Կատարված է Ժնևում հազար ինը հարյուր հիսուներկու թվականի հունվարի տասին, միակ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
 

ՀԱՎԵԼՎԱԾ


 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 9-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան