Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/0099/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0099/05/10 
2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.08.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Նաիրիի հարկային տեսչության (այսուհետ՝ Հարկային տեսչություն)՝ 15.06.2009 թվականի թիվ 1005239 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Հարկային տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Արա Սարգսյանի՝ 8.053.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկային տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1005239 ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Արա Սարգսյանից 8.053.800 ՀՀ դրամ:

Հարկային տեսչությունը 14.05.2010 թվականի միջնորդությամբ հրաժարվել է Արա Սարգսյանից 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջից:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արա Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ, 100-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ստուգման ակտի 2-րդ կետն անվավեր ճանաչելիս Դատարանն անտեսել է, որ ֆիզիկական անձանց վճարումներ կատարելու հանգամանքը հաստատվել է ստուգման ընթացքում՝ Արա Սարգսյանի 2009 թվականի հունիսի 10-ի գրավոր հայտարարությամբ, իսկ 833.100 ՀՀ դրամ հարկի գումարն առաջադրվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 18.08.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետի կիրառման հիմքով՝ հիմնվելով հարկ վճարողի ակտիվների շարժի վրա, քանի որ Արա Սարգսյանը 2008 թվականի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տարեկան եկամուտի մասին հայտարարագիր չի ներկայացրել:

Դատարանը ստուգման ակտի 4-րդ կետն անվավեր ճանաչելիս անտեսել է, որ նշված կետում որոշ գործարքների փաստաթղթավորման բացակայության մասին նշումը վերաբերել է 2008 թվականի 4-րդ եռամսյակում առանց փաստաթղթային ձևակերպումների 47,24 տոննա ցեմենտի օտարման գործարքին, և այդ գործարքին վերաբերող փաստաթղթերի բացակայության պատճառով հարկ վճարողի հարկային պարտավորությունը հարկային մարմինը հաշվարկել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 18.08.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը կիրառելու հիմքով` հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի սկզբնական հաշվառմանն ու գրանցումներին վերաբերող փաստաթղթերը:

Դատարանը հաշվի չի առել, որ ակտում հստակ նշվել են, թե տնտեսավարող սուբյեկտը որ հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշիվների վերաբերյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկություններ չի ներկայացրել, այն է` 2008 թվականի 3-րդ եռամսյակը: Ինչ վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանում ստացված և տրամադրված հարկային հաշիվների գումարները ստուգման ակտում չնշելու հանգամանքին, ապա ակտում արձանագրվել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին դրանց վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացրել: Բացի այդ, դատարանն, էական համարելով նշված փաստի ապացուցման անհրաժեշտությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարող էր պահանջել ներկայացնելու այն հարկային հաշիվները, որոնց վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ չեն ներկայացվել, ինչը սակայն չի արել:

Դատարանը ստուգման ակտի 15-րդ կետն անվավեր ճանաչելիս անտեսել է, որ առանց աշխատանքային պայմանագիր կնքելու 2008 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց աշխատավարձ վճարելու փաստը հիմնավորվել է տնտեսավարող սուբյեկտի 2009 թվականի հուլիսի 10-ի գրավոր հայտարարությամբ:

Բացի այդ, Դատարանն անտեսել է նաև գործում առկա 2009 թվականի հունիսի 23-ի փորձագիտական եզրակացությունը, նյութերի նախապատրաստման ընթացքում Արա Սարգսյանի տված բացատրությունը և համաներման ակտի կիրառման հիմքով վերջինիս վերաբերյալ 2009 թվականի օգոստոսի 10-ին կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որոնցով հաստատվել է ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների իրավաչափ և հիմնավորված լինելու հանգամանքը: Այսինքն՝ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Դատարանը հակընդդեմ հայցը մերժելիս հաշվի չի առել, որ Հարկային տեսչությունը հրաժարվել է 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջից և այդ մասով գործի վարույթը կարճելու մասին վճիռ չի կայացրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.08.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել, հակընդդեմ հայցը 15.06.2009 թվականի թիվ 1005239 ակտով արձանագրված 2.760.600 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բավարարել, իսկ 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասով գործի վարույթը կարճել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Միակ ապացույցը, որն ըստ բողոք բերած անձի կարող էր հիմնավորել այն հանգամանքը, որ Արա Սարգսյանը 2008 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին առանց գրավոր քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու վճարումներ է կատարել ֆիզիկական անձանց, դա Արա Սարգսյանի կողմից իբր ներկայացված ինչ-որ հայտարարություն է, որը, սակայն, Դատարանին չի ներկայացվել: Վիճարկվող ակտի եկամտահարկին և ավելացված արժեքի հարկին վերաբերող կետերում նշվել է, որ հարկ վճարողի կողմից որոշ գործարքներ չեն ստացել համապատասխան փաստաթղթավորում: Բողոք բերած անձը նշել է, որ ակտի 4-րդ կետում որոշ գործարքների փաստաթղթավորման մասին նշումը վերաբերել է 2008 թվականի 4-րդ եռամսյակում 47,24 տոննա ցեմենտի օտարման գործարքին: Նման պարագայում անհասկանալի է դառնում, թե որոնք են նույն ակտի 2-րդ կետում նշված որոշ գործարքները, եթե այդ կետում ցեմենտի օտարման գործարքի մասին նշում չկա: Հարկային մարմնին տեղեկություններ չներկայացնելու առնչությամբ հարկ է նշել, որ եթե հարկային մարմինը չի ունեցել տեղեկություն Արա Սարգսյանի կողմից չներկայացված հարկային հաշիվների մասին, ապա ինչպես է եզրակացրել, որ դրանց արժեքը գերազանցել է 100.000 ՀՀ դրամը:

Ակտի 15-րդ կետին վերաբերող պատճառաբանությունները բողոք բերած անձը փորձել է հիմնավորել Արա Սարգսյանի կողմից 10.06.2009 թվականին տրված հայտարարությամբ, մինչդեռ ակտի նշված կետում որևէ նշում չկա տվյալ հայտարարության մասին: Բացի այդ, այն չի ներկայացվել նաև գործի քննության ժամանակ:

Ինչ վերաբերում է 23.07.2009 թվականի փորձագիտական եզրակացությանը, Կոմիտեի հետաքննության վարչությունում Արա Սարգսյանի տված բացատրությանը, ինչպես նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին 10.08.2009 թվականի որոշմանը, ապա դրանցով չի հիմնավորվում ակտով արձանագրված խախտումները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կոմիտեի նախագահի 27.05.2009 թվականի թիվ 1005239 հանձնարարագրի հիման վրա Արա Սարգսյանի մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Հանձնարարագիրը հանձնվել է 04.06.2009 թվականին (գ.թ. 39):

2) Արա Սարգսյանի 10.06.2009 թվականի հայտարարության համաձայն՝ «2008 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին իմ կողմից վարձակալված տեխնիկայով (3 կամազ, 1 էքսկավատոր) տեղափոխել եմ 3389,92 տոննա կրաքար և 2114,6 տոննա խճաքար «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ին: Խճաքարի տեղափոխման 1 տոննայի համար իմ ծախսերը կազմել է 1.500 ՀՀ դրամ: 1 մեքենան բարձվել է 11,5 տոննա, ընդամենը 17.250 ՀՀ դրամ, որից 12.000 ՀՀ դրամը՝ դիզելային վառելիք, մնացած 5.250 ՀՀ դրամը կազմել է վարորդի ԱՎՈւՄ-ը: Կրաքարի 1 տոննայի տեղափոխման համար վճարել եմ նույն գումարը: «Մեծն Վասակ» ՍՊԸ-ին նույն աշխատանքի համար՝ 782 ՀՀ դրամ: 1 մեքենան բարձվել է 12 տոննա, վարորդների (1 կամազ, 1 էքսկավատոր) ԱՎՈւՄ-ը կազմել է 9.384 ՀՀ դրամ: Կրաքարի տեղափոխման 1 երթի համար բացի ԱՎՈւՄ-ից վարորդին տվել եմ նաև դիզելային վառելիք: Խճաքարը տեղափոխել եմ 2 կամազ մեքենայի միջոցով, կրաքարի տեղափոխմանը մասնակցել է 1 կամազ և 1 էքսկավատոր» (գ.թ. 47):

3) Հարկային տեսչության պետի 09.06.2009 թվականի որոշմամբ ստուգում իրականացնող անձանց թույլատրվել է ստուգման ընթացքում սոցիալական վճարի օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկել ՀՀ կառավարության 24.11.2005 թվականի թիվ 2094-Ն որոշմամբ սահմանված կարգով (գ.թ. 53):

4) Հարկային տեսչության պետի 10.06.2009 թվականի որոշմամբ ստուգում իրականացնող անձանց թույլատրվել է ստուգման ընթացքում հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկել ՀՀ կառավարության 18.08.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով (գ.թ. 51):

5) Ստուգման արդյունքներով 15.06.2009 թվականին կազմված թիվ 1005239 ակտով Արա Սարգսյանին եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջադրվել է 6.758.400 ՀՀ դրամի լրացուցիչ պարտավորություններ` ներառյալ տույժերն ու տուգանքները (գ.թ. 40-46):

6) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.07.2009 թվականի թիվ 23440909 եզրակացությամբ հիմնավորվել է 15.06.2009 թվականի թիվ 1005239 ակտով առաջադրված պարտավորությունները (գ.թ. 84-89):

7) Արա Սարգսյանի կողմից Կոմիտեի հետաքննության վարչությունում 03.08.2009 թվականին տրված բացատրության համաձայն՝ Արա Սարգսյանը բացատրություն է տվել այն մասին, որ «ընդունում եմ իմ կողմից կատարված արարքը, որ չարամտորեն խուսափել եմ հարկերը վճարելուց, ընդունում եմ իմ մեղավորությունը: Խնդրում եմ և չունեմ որևէ առարկություն, որ իմ նկատմամբ կիրառվի ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի համաներում հայտարարելու մասին որոշման դրույթները» (գ.թ. 55):

8) Կոմիտեի հետաքննության վարչության 10.08.2009 թվականի որոշմամբ Արա Սարգսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է (գ.թ. 57-58):

7) Հարկային տեսչությունը 14.05.2010 թվականի միջնորդությամբ Արա Սարգսյանից 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հրաժարվել է հակընդդեմ հայցից (գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է հետևյալ հանգամանքները.

ա. ստուգողների կողմից չի հաստատվել և ապացուցվել այն փաստական հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից 2008 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին առանց գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու ֆիզիկական անձին վճարում է կատարվել, հետևաբար քանի դեռ այդ վճարումը չի կատարվել, ապա չի կարող առաջանալ նաև հարկի պահումը կամ գանձումը,

բ. ակտում չի նշվել, թե որ գործարքները չեն ստացել համապատասխան փաստաթղթավորում,

գ. ակտում չի նշվել, թե տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունները որ ժամանակաշրջանի հարկային հաշիվներին են վերաբերում,

դ. ակտում Արա Սարգսյանի ունեցած աշխատողների առկայության փաստը հիմնավորող ապացույց չի վկայակոչվել:

Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ պարտավորություններն առաջադրվել են իրավական և փաստական հանգամանքների բացակայությամբ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա` Արա Սարգսյանի 10.06.2009 թվականի հայտարարությունը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.07.2009 թվականի թիվ 23440909 եզրակացությունը, Արա Սարգսյանի կողմից Կոմիտեի հետաքննության վարչությունում 03.08.2009 թվականին տված բացատրությունը, Կոմիտեի հետաքննության վարչության 10.08.2009 թվականի որոշումը և չի պատճառաբանել, թե ինչու են այդ ապացույցները մերժվում:

Այսինքն՝ Դատարանը, արձանագրելով, որ Արա Սարգսյանի նկատմամբ պարտավորություններն առաջադրվել են իրավական և փաստական հանգամանքների բացակայությամբ, չի հիմնավորել իր եզրահանգումը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պետք է անդրադառնար գործում առկա ապացույցների հետազոտմանն ու գնահատմանը և պատճառաբաներ այս կամ այն ապացույցը մերժելու կամ ընդունելու հիմքերը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը հակընդդեմ հայցը մերժելիս հաշվի չի առել, որ Հարկային տեսչությունը հրաժարվել է 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջից և այդ մասով գործի վարույթը չի կարճել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն` մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից: Այդ դեպքում դատարանը կայացնում է վճիռ գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջներից, որպիսի պայմաններում դատարանն այն պահանջի մասով, որից հայցվորը հրաժարվել է, կայացնում է գործի վարույթը կարճելու մասին վճիռ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը։

Սույն գործի փաստերի համաձայն` Հարկային տեսչությունը 14.05.2010 թվականի միջնորդությամբ հրաժարվել է հակընդդեմ հայցի` Արա Սարգսյանից 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասից, մինչդեռ Դատարանը կայացրել է հակընդդեմ հայցն ամբողջությամբ մերժելու մասին վճիռ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Հարկային տեսչության կողմից հակընդդեմ հայցի` Արա Սարգսյանից 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հրաժարվելու հիմքով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև հակընդդեմ հայցի հրաժարված մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.08.2010 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել. գործի վարույթը` անհատ ձեռնարկատեր Արա Սարգսյանից 3.997.800 ՀՀ դրամ բռնագանձելու հակընդդեմ հայցի մասով կարճել, իսկ մնացած մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ