ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասին և 20-րդ, 21-րդ ու 22-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 188-Ն որոշման
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը:
2. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերը հավաստում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համապատասխանությունը ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին:
3. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազորված մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկին համապատասխան:
II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Սահմանային մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր տեսակի խմբաքանակի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) պետական տեսուչն արտահանող երկրի կողմից տրված արտահանման բուսասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթի (այսուհետ` բուսասանիտարական հավաստագիր)` փաստաթղթային ստուգում, բուսասանիտարական զննում անցկացնելուց, անհրաժեշտության դեպքում փորձանմուշներ վերցնելուց և դրանց փորձաքննությունից հետո` ներմուծման բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է խմբաքանակի ներմուծման բուսասանիտարական հավաստագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 3 հավելվածի՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:
5. Արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում՝ ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության դրական եզրակացության առկայության դեպքում, որը լրացվում է հայերենով, 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը մնում է ծառայության սահմանային հսկիչ կետում, երկրորդը տրվում է որպես ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, իսկ երրորդը տրվում է մաքսային ձևակերպումների իրականացման համար:
6. Եթե բուսասանիտարական հսկողության ենթակա փաստաթղթերն ամբողջական են, և բուսասանիտարական զննման ժամանակ վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, ապա ներմուծման համար բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, և դրա փոխարեն բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագրի պատճենների վրա դրվում է համապատասխան դրոշմ և կնիք: Բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագիրը պատճենահանվում է երկու օրինակից: Բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը մնում է ծառայության սահմանային կետում, իսկ դրոշմված և կնքված երկու պատճենները վերադարձվում են ներմուծողին, որոնցից մեկը տրվում է մաքսային ձևակերպումների իրականացման համար, իսկ մյուսը` որպես բեռն ուղեկցող փաստաթուղթ:
7. Եթե տեսուչը բեռը զննելիս հայտնաբերում է վնասակար օրգանիզմներ, կամ առկա են հիմնավոր կասկածներ, որ բեռում առկա են դրանք, ապա իրականացվում է բեռի նմուշառում, որի վերաբերյալ լրացվում է համապատասխան ակտ` նշելով նմուշառման հիմքերը և կասկածի հարուցման պատճառները: Մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների ստացումը` չի թույլատրվում բեռի ներմուծումը: Լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա`
1) թույլատրվում է բեռը ներմուծել.
2) բեռը վարակազերծվում է և թույլատրվում է ներմուծել.
3) արգելվում է բեռի ներմուծումը: Ընդ որում, այս դեպքում լրացվում է համապատասխան ակտ:
8. Սահմանային հսկիչ կետում մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող բեռների հայտնաբերման դեպքում բեռը ենթարկվում է զննման, փաստաթղթային ստուգման, կատարվում է նմուշառում` լաբորատոր փորձաքննությամբ բեռի անվտանգությունը որոշելու համար: Մինչև ծառայության սահմանային հսկիչ կետի կողմից բեռի նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը` բեռի ներմուծման գործընթացը կասեցվում է, և դրա նկատմամբ որևէ գործողություն չի կատարվում:
9. Բեռի ներմուծման գործընթացը կասեցվում է սահմանային հսկիչ կետի տեսուչի համապատասխան որոշմամբ, որի մասին նա անհապաղ տեղեկացնում է բուսասանիտարիայի պետական ծառայության պետին և 24 ժամվա ընթացքում տրամադրում կասեցման մասին որոշման մեկ օրինակը:
10. Կասեցված բեռի վերադարձման կամ հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:
11. Կասեցված բեռը բաց է թողնվում փորձաքննության դրական եզրակացության հիման վրա` մեկօրյա ժամկետում:
12. Կասեցված բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքում ստացված եզրակացության դեպքում բեռը ենթակա է ոչնչացման կամ վարակազերծման, կամ վերադարձման (վերաառաքման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Ոչնչացման կամ վարակազերծման, կամ վերադարձման (վերաառաքման), դրա հետ կապված բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:
14. Բեռի վերադարձման (վերաառաքման) դեպքում սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են «Ներմուծումն արգելվում է» դրոշմը և սահմանային հսկիչ կետի տեսուչի անվանական կնիքն ու ստորագրությունը:
III. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
15. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված և փակ տրանսպորտային միջոցներում:
16. Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տրանսպորտային միջոցներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:
17. Տարանցիկ փոխադրման դեպքում՝ բեռն ուղեկցող բուսասանիտարական հսկողության անհրաժեշտ փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում չեն փոխարինվում, տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում ծառայում են որպես բեռն ուղեկցող փաստաթղթեր:
18. Բեռների տարանցիկ փոխադրումն իրականացվում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով: Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում բուսասանիտարական հավաստագրի վրա դրվում են «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը և սահմանային հսկիչ կետի տեսուչի անվանական կնիքն ու ստորագրությունը:
19. Սույն կարգի 16-րդ կետում նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխվելու դեպքում բեռների տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`
1) հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ.
2) բացակայում է բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագիրը.
3) չեն ներկայացվել բեռի անվտանգությունը հավաստող այլ ուղեկցող փաստաթղթեր:
20. Տարանցիկ փոխադրումն արգելվելու դեպքում բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագրի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:
III. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
21. Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացվում հայտ, որում նշվում են`
1) արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
2) ներմուծող երկրի անվանումը.
3) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
4) արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները և քանակությունը.
5) ստացման վայրը:
22. Ծառայությունը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 4 հավելվածի:
23. Արտահանման համար բուսասանիտարական հավաստագիրը տրվում է արտահանողի կողմից ներկայացված արտահանվող բեռի վերաբերյալ բուսասանիտարական անձնագրի հիման վրա:
24. Բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` կանաչ թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով:
25. Բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ծառայում է որպես արտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները` մինչև նշանակման վայրն ուղեկցող փաստաթուղթ, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը պահվում է ծառայությունում:
26. Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննումից հետո և անվճար:
IV. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
27. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները մեկ այլ երկիր արտահանելու դեպքում, եթե դրանք բավարարում են ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները:
28. Վերաարտահանումը հավաստագրվում է նաև այն դեպքերում, եթե վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները չեն վարակվել կամ ախտահարվել վնասակար օրգանիզմներով, և դրանք`
1) պահեստավորված են.
2) մասնատված են.
3) համակցված են այլ բեռների հետ.
4) վերափաթեթավորված են:
29. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` դարչնագույն թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 5 հավելվածի:
30. Արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա` սահմանված կարգով վավերացված պատճենը ծառայում է որպես վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ:
V. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
31. Բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը մերժվում է հայտը ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե`
1) ստուգման պահին ներմուծվող կամ վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը բացակայում է կամ թերի է լրացված (բուսասանիտարական հավաստագրում չվավերացված փոփոխություններ կամ ջնջումներ, բուսասանիտարական հավաստագրում տեղեկությունների բացթողումներ).
2) բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները վարակված են կարանտին վնասակար օրգանիզմներով կամ չեն համապատասխանում ներմուծող (արտահանող, վերաարտահանող) երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին:
32. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|