Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
ելնելով Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի դրույթներից,
հիմնվելով մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերում միջազգային իրավունքի նորմերի վրա,
մտահոգություն հայտնելով նմանակված (կոնտրաֆակտ) ապրանքների միջազգային տարածման մասշտաբների առնչությամբ, ինչը վնաս է հասցնում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսությանը, օրինական ձեռնարկատիրական գործունեությանը, մշակութային զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին, ինչպես նաև սպառնում է սպառողների անվտանգությանը, կյանքին և առողջությանը,
գիտակցելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանը և նմանակված (կոնտրաֆակտ) ապրանքների միջազգային իրացման հակազդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելիս սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության անհրաժեշտությունը
վստահ լինելով, որ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարում համագործակցությունը կնպաստի սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի դյուրացմանն ու արագացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրում գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստը.
«Կողմերի իրավասու մարմիններ»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ (մաքսային գործի բնագավառում լիազորված մարմիններ), որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար.
«նմանակված (կոնտրաֆակտ) ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ (հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներ, ապրանքային նշաններ, աշխարհագրական նշումներ, ապրանքների ծագման վայրերի անվանումներ), ստեղծվել և (կամ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային սահմանով տեղափոխվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ իրավատիրոջ իրավունքների խախտմամբ.
«մտավոր սեփականություն»՝ պետք է հասկանալ այն ըստ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին՝ 1967 թվականի հուլիսի 14-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի։
Հոդված 2
Սույն Համաձայնագրի առարկան Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցության կազմակերպումն է՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջոցներն իրականացնելու նպատակով։
Հոդված 3
Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության կազմակերպումն ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են հետևյալ ձևով.
տեղեկատվության փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության կազմակերպման մասով իրենց պետությունների օրենսդրության մասին՝ հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ.
ուսումնական, մեթոդական և հատուկ նյութերի փոխանակում.
փորձի փոխանակում մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխարգելման, բացահայտման և կանխման մասով.
տեղեկատվության փոխանակում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների փոխադարձ առևտրում ապրանքների՝ մտավոր սեփականության ասպարեզում օրենսդրության խախտմամբ տեղափոխման բացահայտված փաստերի մասին.
տեղեկատվության փոխանակում այն ապրանքների մասին, որոնց մասով կասկած կա, որ դրանց տեղափոխումը կարող է կատարվել մտավոր սեփականության ոլորտում օրենսդրության խախտմամբ.
կապերի ամրապնդում, համատեղ ուսումնասիրությունների անցկացում և կարծիքների փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ համատեղ համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով.
աջակցություն կադրերի մասնագիտական պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցում, որոնք անցկացվում են ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիմունքներով։
Կողմերի իրավասու մարմինները կարող են փոխադարձ հիմունքներով համաձայնեցնել սույն հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության փոխանակման ձևերը, ծավալները և ժամկետները։
Հոդված 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես Կողմերի իրավասու մարմինների կողմից և միայն սույն Համաձայնագրի նպատակներով։ Այլ նպատակներով այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել միայն այն դեպքում, եթե այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի իրավասու մարմինը դրա համար տվել է իր գրավոր համաձայնությունը։
Հոդված 5
Կողմերի իրավասու մարմիններն իրենց պետությունների զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելման, բացահայտման և կանխման մասով կատարված աշխատանքի դրական փորձը։
Հոդված 6
Կողմերի համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։
Հոդված 7
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագած հնարավոր տարաձայնությունները կարգավորվում են Կողմերի իրավասու մարմինների միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն է կրում սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված ծախսերը։
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից։
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից։
Հոդված 10
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։
Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Հոդված 11
Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից՝ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ։
Կատարված է Աշխաբադ քաղաքում 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության 30 օրվա ընթացքում կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության
|
Ռուսաստանի Դաշնության
|
Հայաստանի Հանրապետության
|
Տաջիկստանի Հանրապետության
|
Բելառուսի Հանրապետության
|
Թուրքմենստանի Կառավարության
|
Ղազախստանի Հանրապետության
|
Ուզբեկստանի Հանրապետության
|
Ղրղզստանի Հանրապետության
|
Ուկրաինայի Կառավարության |
Մոլդովայի Հանրապետության |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
2019թ. մայիսի 31-ի՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ մինչև Հայաստանի Հանրապետության կողմից դրանց ազատումն ու ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` |
Նովրուզ Մամեդով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացվելու առնչությամբ
Ադրբեջանի Հանրապետության կողմից Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության Համաձայնագրի վերաբերյալ վերապահում ներկայացնելու առնչությամբ՝ նշված Համաձայնագրի ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանք է:
Փոխվարչապետ՝ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |