Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/5360/05/09

Վարչական գործ թիվ  ՎԴ/5360/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հրաչիկ Հայրապետյանի ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հրաչիկ Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին տալ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության իրավունքի վկայագիր։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչիկ Հայրապետյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 16-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները և 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված անձինք Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։ Ըստ էության, Դատարանի 27.04.2010 թվականի վճիռը վերաբերում է Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանների իրավունքներին, քանի որ Հրաչիկ Հայրապետյանի հայցի բավարարումը նշանակում է բողոք բերող անձանց սեփականության իրավունքի մի մասից զրկում։ Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր ներգրավել նրանց գործի քննությանը որպես երրորդ անձ։

Դատավարության ընթացքում պարզելով, որ վկայակոչած փաստերի ընդունումը խախտում է այլ անձնաց իրավունքները, Դատարանը չպետք է սահմանափակվեր Հրաչիկ Հայրապետյանի ներկայացրած փաստարկներով և ձեռնարկեր միջոցներ Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյաններին գործի քննությանը մասնակից դարձնելու և նրանց կողմից գործի լուծման համար հնարավոր ապացույցներ ստանալու ուղղությամբ։

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Հրաչիկ Հայրապետյանի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը տրվել է 29.07.2009 թվականին, այսինքն` ժառանգության բացումից` 11.06.2009 թվականից ավելի քան մեկ ամիս հետո, և հաջորդ զննության տարեթիվ է նշվել 28.07.2010 թվականը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 27.04.2010 թվականի վճիռը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չեն խախտվել Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանների իրավունքները և Դատարանի վճռով վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ չի կայացվել, քանի որ Հրաչիկ Հայրապետյանի պահանջը նոտարական գործողությունների վիճարկումն է եղել։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 22.10.1973 թվականին տրված թիվ 51, տոմար 195 գույքային թերթի համաձայն` Երևանի Դ. Վարուժան փողոցի թիվ 12 տան սեփականատերն էր Խաչիկ Միսակի Հայրապետյանը։

2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի 27.10.2009 թվականի ծննդյան վկայականի համաձայն` Խաչիկ Միսակի Հայրապետյանը Հրաչիկ Հայրապետյանի հայրն է (գ. թ. 10)։

3) 12.06.2009 թվականին տրված թիվ ԱԲ 002014 մահվան վկայականի համաձայն` Խաչիկ Հայրապետյանը մահացել է 11.06.2009 թվականին (գ. թ. 9)։

5) Խաչիկ Հայրապետյանի 24.10.2006 թվականի կտակի համաձայն` վերջինս Երևանի Դ. Վարուժան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տունը հողամասի հետ միասին հավասար բաժիններով ամբողջությամբ կտակել է Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյաններին։

6) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի 13.02.2010 թվականի վկայագրի համաձայն` Խաչիկ Հայրապետյանի հավասար բաժիններով ժառանգներ են Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանները։

7) 15.03.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2759125 վկայականի համաձայն` Երևանի Դ. Վարուժան փողոցի 12 տան սեփականատերերն են Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանները։

8) Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանները սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տես` Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմանվորումները տե´ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով))։

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։

Սույն գործով Դատարանի 27.04.2010 թվականի վճռով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանը պարտավորվել է Հրաչիկ Հայրապետյանին տալ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության իրավունքի վկայագիր։ Այնինչ, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Խաչիկ Հայրապետյանի 24.10.2006 թվականի կտակի և Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանների անվամբ 15.03.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2759125 վկայականի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանի 27.04.2010 թվականի վճիռը վերաբերում է վերջիններիս իրավունքներին և պարտականություններին։

Վերոնշյալ ապացույցները Դատարան չեն ներկայացվել այն պատճառով, որ Հրանտ, Մհեր և Արարատ Հայրապետյանները մասնակից չեն դարձվել գործի քննությանը, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ բողոք բերած անձանց փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել վերջիններիս դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում։

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով ՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան