Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0016/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0016/02/09
2010թ.      

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան
Դատավորներ՝                   Ս. Միքայելյան
                                     Դ. Խաչատրյան
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 Մ.ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Խաչատրյանի, Ժենյա Ավետիսյանի և Արմենուհի Խաչատրյանի ընդդեմ Կարինե Գորոյանի` հողամասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արմեն Խաչատրյանը, Ժենյա Ավետիսյանը և Արմենուհի Խաչատրյանը պահանջել են ճանաչել համատեղ սեփականության իրավունքը Երևան քաղաքի Չելյուսկինցիների 7 հասցեում գտնվող 270 քմ հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.08.2009 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.10.2010 թվականի որոշմամբ Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.08.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արմեն և Արմենուհի Խաչատրյանները, Ժենյա Ավետիսյանը ու Կարինե Գորոյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները, 33-րդ հոդվածի 4-րդ կետը, 53-րդ և 78-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացված՝ երրորդ անձանց գործին մասնակից չդարձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկել և բավարարել է իրենց բացակայությամբ` հաշվի չառնելով երրորդ անձանց կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի քննությանը մասնակից չդառնալու հետևանքով, իսկ դրանից հետո պատշաճ ձևով՝ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ չտեղեկացվելով հետագա դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները հնարավորություն չեն ունեցել հայտնելու իրենց դիրքորոշումը սույն գործի վերաբերյալ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նույն հողամասի վրա գտնվող տան մի մասի սեփականատերերն են նաև Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները և տիրապետելով այդ տունը` տիրապետել են նաև դրանով չծանրաբեռնված հողամասը, և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով ձեռք են բերել սեփականության իրավունք փաստացի զբաղեցված շինություններով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, ինչպես նաև ձեռք են բերել համատեղ սեփականության իրավունք իրենց տիրապետման ներքո գտնվող և իրենց կողմից փաստացի օգտագործվող՝ նույն հասցեում շինություններից ազատ հողամասի նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ բողոք բերած անձանց սեփականության իրավունքով պատկանող մակերեսը գտնվում է 2-րդ հարկում, զբաղեցնում է Կարինե Գորոյանին պատկանող տան մյուս հատվածը, այն առանձին մուտքով մեկուսացված է ինչպես հայցվորների, այնպես էլ պատասխանողի բնակելի տնից:

Բացի այդ, բողոք բերող անձանց այդ բնակարանը հատկացվել է վարձակալության իրավունքով, որը հետագայում գործկոմի համապատասխան որոշմամբ սեփականաշնորհվել է նրանց ընտանիքի 9 անձին: Այդ որոշմամբ նրանց հողամաս չի հատկացվել և հողամասի նկատմամբ նրանք որևէ ակնկալիք ունենալ չեն կարող: Սեփականաշնորհումը կատարվել է 30.03.1995 թվականին, երբ 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` հողն արդեն սեփական էր և դրանից հետո անձը հողամասի նկատմամբ սեփականության իրավունք կարող էր ձեռք բերել միայն համապատասխան իրավական ակտի կամ գործարքի միջոցով, որպիսի հանգամանքը բողոք բերող անձանց մոտ բացակայում է:

Բողոք բերած անձինք վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ ինքնուրույն պահանջ չներկայացնող անձինք չեն, իսկ կողմերի միջև հաստատված հաշտության համաձայնությամբ նրանց սեփականության իրավունքը որևէ կերպ չի խախտվել, քանի որ սեփականության իրավունքի պաշտպանության պահանջ ներկայացնելու համար նախ` պետք է ունենալ այդ իրավունքը, իսկ չունեցած իրավունքը պաշտպանելու համար ՀՀ Սահմանադրությանը կամ միջազգային նորմերին դիմելը պարզապես անհիմն է և անիմաստ:

Վճռաբեկ բողոք բերած անձինք սխալմամբ ներգրավված լինելով որպես երրորդ անձինք՝ գործի քննության ընթացքում որևէ պահանջ և հետաքրքրություն չեն ներկայացրել հայցի առարկայի և հիմքերի նկատմամբ, ու երբ հայցվորների միջնորդությամբ ընդհանուր իրավասության դատարանն իրավացիորեն նրանց հանել է երրորդ անձանց կարգավիճակից` քաջ տեղեկացված լինելով այդ մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել իրենց կարծեցյալ իրավունքները պաշտպանելու համար:

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը թույլ չեն տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտում, քանի որ գործում առկա ապացույցները, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ հայցվորի, պատասխանողի և բողոք բերած անձանց սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը գնահատվել են բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ հաշտության համաձայնությունը հաստատվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց, այդ թվում` բողոք բերած անձանց իրավունքները և օրինական շահերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն քաղաքացիական գործով Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները հայցադիմումում ներգրավվել են որպես երրորդ անձինք (հ. 1-ին, գ.թ. 4):

2) Հայցվոր Արմեն Խաչատրյանի ներկայացուցիչը 22.06.2009 թվականին միջնորդել է որպես երրորդ անձ ներգրավված Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյաններին սույն գործի հետագա քննությանը մասնակից չդարձնել (հ. 1-ին, գ.թ. 82):

3) 25.06.2009 թվականին նշանակված նախապատրաստական փուլի դատական նիստին Դատարանը քննարկել է հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը՝ երրորդ անձանց գործին մասնակից չդարձնելու վերաբերյալ, և որոշել է այն բավարարել (հ. 1-ին, գ.թ. 83):

4) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Դատարանի կողմից 25.06.2009 թվականին` ժամը 14:00-ին, նշանակված նախապատրաստական փուլի դատական նիստին սույն գործով ներգրավված երրորդ անձանց՝ Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյաններին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:

5) 30.07.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, անմիջապես անցել է գործի դատաքննությանը: Նույն օրը գործի դատաքննության փուլում կողմերը ներկայացրել են հաշտության համաձայնություն (հ. 1-ին, գ.թ. 100):

6) 30.07.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները դատական ծանուցագրերով չեն տեղեկացվել:

7) 30.07.2009 թվականին գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և վճռի հրապարակման օր է հայտարարվել 05.08.2009 թվականը` ժամը 17:30-ը (հ. 1-ին, գ.թ. 100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ:

Նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց կողմից միջնորդություն ներկայացնելու և դրա դեմ առարկելու իրավունքը մրցակցության սկզբունքի կարևորագույն տարրերից մեկն է:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես՝ Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը), Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ 0351/02/08-(ՇԴ) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները հայցվորների կողմից ներգրավվել են որպես երրորդ անձինք: Հետագայում հայցվորների ներկայացուցչի 22.06.2009 թվականի դիմումի հիման վրա 25.06.2009 թվականին նշանակված դատական նիստին Դատարանը, քննարկելով հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը` երրորդ անձանց գործին մասնակից չդարձնելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Դատարանի կողմից 25.06.2009 թվականին նշանակված նախապատրաստական փուլի դատական նիստին սույն գործով ներգրավված երրորդ անձանց՝ Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյաններին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:

 Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառլեն, Գոհար և Հովհաննես Սարիբեկյանները, 25.06.2009 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ չծանուցվելով և իրենց կարծիքը չարտահայտելով, զրկվել են իրենց գործը Դատարանին արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որով խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված դատավարությունում իրավահավասարության և մրցակցության հիմնարար սկզբունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 04.10.2010 թվականի որոշումը բեկանելու համար։

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկներին, ապա սույն գործով բողոք բերած անձանց գործի քննությանը մասնակից չդարձնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ