Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ2/0162/05/10

Վարչական գործ թիվ  ՎԴ2/0162/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 2010 թվականի դեկտեմբերի 3-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գեղամ Յարալյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի (այսուհետ՝ ԴԱՀԿ)՝ 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումը վերացնելու և կատարողական վարույթը վերսկսելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գեղամ Յարալյանը պահանջել է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին վերացնել 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումը և վերսկսել կատարողական վարույթը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին վերսկսել թիվ 11-43704 կատարողական վարույթը և ապահովել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի պահանջների կատարումը։ Հայցը մնացած մասով մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի և 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Ըստ էության, հայցի առարկան անմիջականորեն վերաբերում է Լյովա Բեջանյանին և Հենրիկ Միկիչյանին, քանի որ ըստ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի` վերջիններս պետք է վտարվեն ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել Դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռով բավարարվել է Գեղամ Յարալյանի հայցն ընդդեմ Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի` տարածքից վտարելու պահանջի մասին, և վճռվել է պատասխանողներին վտարել ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող, Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից (գ.թ. 6-8)։

2) ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշմամբ հետաձգվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռով Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի վտարումը ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող, Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից (գ.թ. 17)։

3) ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Վ. Հարությունյանի 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշմամբ ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշման հիման վրա թիվ 11-43704 կատարողական վարույթը հետաձգվել է` մինչև դատարանի կողմից հետաձգման որոշումը վերացնելը (գ.թ.25)։

4) Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերն ու պարտապանը։ Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը։ Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից։

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տես` Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տես ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։

Սույն գործի փաստերի համաձայն`ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռից, ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշումից, ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Վ. Հարությունյանի 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումից ակնհայտ է, որ Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը թիվ 11-43704 կատարողական վարույթով պարտապաններ են։ Այնինչ, սույն գործով Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը, որով ԴԱՀԿ-ը պարտավորվել է վերսկսել թիվ 11-43704 կատարողական վարույթը և ապահովել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի պահանջների կատարումը, կայացվել է գործին մասնակից չդարձված անձանց` Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է բողոք բերած անձանց իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ, վերջիններս գործի քննությանը մասնակից չեն դարձվել։

Այսինքն՝ բողոք բերած անձինք զրկվել են իրենց դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջիններիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը։

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան